Նրան մի միտք էր հետապնդում. գտնել ու պատժել Թալեաթին - Mediamax.am

exclusive
3737 դիտում

Նրան մի միտք էր հետապնդում. գտնել ու պատժել Թալեաթին


Թեհլերյանների ընտանիքը՝ ձախից առաջինը 12-ամյա Սողոմոնն է
Թեհլերյանների ընտանիքը՝ ձախից առաջինը 12-ամյա Սողոմոնն է

Լուսանկարը` ՀՅԴ թանգարան-հիմնադրամ

Սողոմոն Թեհլիրյանը
Սողոմոն Թեհլիրյանը

Լուսանկարը` ՀՅԴ թանգարան-հիմնադրամ

«Հայրենիք»-ի-անդրադարձը
«Հայրենիք»-ի-անդրադարձը

Լուսանկարը` Պետո Դեմիրճյանի

Սողոմոն Թեհլիրյանը
Սողոմոն Թեհլիրյանը

Լուսանկարը` ՀՅԴ թանգարան-հիմնադրամ

Սողոմոն Թեհլիրյանը
Սողոմոն Թեհլիրյանը

Լուսանկարը` ՀՅԴ թանգարան-հիմնադրամ

Թալեաթը՝ կնոջ հետ
Թալեաթը՝ կնոջ հետ
Թեհլիրյանի դատավարությունը
Թեհլիրյանի դատավարությունը

Լուսանկարը` ՀՅԴ թանգարան-հիմնադրամ

Թեհլիրյանի անձնագիրը, որով Փարիզից մեկնել է Նյու Յորք
Թեհլիրյանի անձնագիրը, որով Փարիզից մեկնել է Նյու Յորք

Լուսանկարը` ՀՅԴ թանգարան-հիմնադրամ

Թեհլիրյանների ընտանիքը
Թեհլիրյանների ընտանիքը

Լուսանկարը` ՀՅԴ թանգարան-հիմնադրամ

Անդրանիկի գրությունը Թեհլիրյանին. «Ի հիշատակ իմ ազնիվ զինվորիս»
Անդրանիկի գրությունը Թեհլիրյանին. «Ի հիշատակ իմ ազնիվ զինվորիս»

Լուսանկարը` «Վերհիշումներ» գրքից

Կամավորական Թեհլիրյանը՝ աջից առաջինը
Կամավորական Թեհլիրյանը՝ աջից առաջինը

Լուսանկարը` «Վերհիշումներ» գրքից

Սողոմոն Թեհլիրյանը Փարիզում, 1920թ.
Սողոմոն Թեհլիրյանը Փարիզում, 1920թ.

Լուսանկարը` ՀՅԴ թանգարան-հիմնադրամ


«Նեմեսիս»-ի ամենաքննարկված, հայտնի, բայց նաեւ ամբողջովին չբացահայտված եւ իրարամերժ տվյալներով գործը Սողոմոն Թեհլիրյանինն է:

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթին մահապատժի ենթարկելու հանձնարարությունը հենց 24-ամյա Թեհլիրյանին էր վստահվել:

Իսկ թե ինչպես Սողոմոնը եւ «Հատուկ գործ»-ը գտան միմյանց, կներկայացնենք մեր շարքի այս գլխում՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր ֆոնդապահ, գիտաշխատող Գոհար Խանումյանի օգնությամբ։

Դիլմանի ճակատամարտից մինչեւ Վան

Սողոմոն Թեհլիրյանը ծնվել է 1896 թվականի ապրիլի 2-ին Բագառիճ գյուղում, որտեղից ընտանիքը տեղափոխվել է Երզնկա: Ինչպես շատ հայ տղամարդիկ, նրա հայրը եւս մեկնում է արտագնա աշխատանքի, իսկ 1913-ին Սողոմոնը գնում է Սերբիա նրա մոտ՝ նպատակ ունենալով անցնել Գերմանիա եւ համալսարան ընդունվել: Սակայն ամեն ինչ փոխվում է Առաջին Համաշխարհային պատերազմի մեկնարկով:

Հայերը սկսում են կամավորական խմբեր կազմել ու շտապել հայրենիք, Թեհլիրյանը միանում է նրանց եւ առանց հորը տեղեկացնելու՝ անցնում նախ Ռումինիա, ապա Ռոստով ու Թիֆլիս:

«Հայը, Հայաստանը, հայկական հարցը, պատերազմը... Յոյզերի եւ յոյսերի մի աննախընթաց շրջան էր ապրում կովկասահայութիւնը զգալով իրեն սերունդների փայփայած ազգային երազների իրագործման նախօրեակին»:

Անդրանիկի գրությունը Թեհլիրյանին. «Ի հիշատակ իմ ազնիվ զինվորիս» Անդրանիկի գրությունը Թեհլիրյանին. «Ի հիշատակ իմ ազնիվ զինվորիս»

Լուսանկարը` «Վերհիշումներ» գրքից


Ապրիլին արդեն Սալմաստում էր: Տեղի էր ունենում Դիլմանի հայտնի ճակատամարտը, Թեհլիրյանը կամավորագրվում է Անդրանիկի գնդին եւ Սեպուհի վաշտում մասնակցում Խալիլ փաշայի զորքի ջախջախմանն ու հետապնդմանը։ Նա հասնում է Խանասորի դաշտ, Բիթլիս, ապա Վան: Ռուսների սկսած նահանջից հետո հայ կամավորներն ունակ չեն լինում պաշտպանել ողջ բնակչությանն ու տրվում է գաղթի մեկնարկը:

«Մեր նահանջի գծից այն կողմ թողնում էինք գազազած թշնամուն մի անտեր ժողովուրդ, որից այլեւս մարդ չէր կարող փրկուել...»:

Վերադարձ Երզնկա

Երեւանում նա սկսում է աշխատել գաղթականներին օգնություն տրամադրողների հետ, մասնավորապես, հավաքում է որբ երեխաների ու տեղավորում որբանոցներում: Հաճախ լինում է «Հորիզոն»-ի թղթակից Համազասպ Բարաղամյանի (Համոյի) մոտ, որտեղ հավաքվում էին տարագիրները: Հույս ուներ, որ Երզնկայից եկածներից լուրեր կիմանա իր ընտանիքի մասին:

«Մնում էր մի բան, ինչպէ՞ս կարելի է Պոլիս ընկնել եւ Թալէաթը գտնել: Միայն նրա մահը կարող էր քիչ շատ ամոքել ապրած կսկիծս»:

1916-ին, երբ ռուսական զորքը կրկին սկսում է առաջանալ դեպի Տաճկահայաստան, Թեհլիրյանը մեկնում է Երզնկա, հասնում զինվորական հանրակացարանի վերածված իրենց տուն:

Հայրենիքը կորցնելու գիտակցում

Երզնկայում Թեհլիրյանը ներգրավվում է Սեբաստացի Մուրադի «Մեկ հայ՝ մեկ ոսկի» անունն ստացած որբահավաքի խմբի մեջ ու ազատագրում շուրջ 200 ծնողազուրկ երեխաների: Թեհլիրյանների 85 հոգանոց գերդաստանից այս ճանապարհով փրկվում է Սողոմոնի եղբոր՝ Միսակի 10-ամյա աղջիկը՝ Արմենուհին:
Կամավորական Թեհլիրյանը՝ աջից առաջինը Կամավորական Թեհլիրյանը՝ աջից առաջինը

Լուսանկարը` «Վերհիշումներ» գրքից


Հենց Մուրադի ու Կայծակ Առաքելի ջանքերով են հայ կամավորները զսպում քրդերին ու թուրքերին, ովքեր կրկին փորձում էին ամեն առիթ օգտագործել նոր խժդժություններ սկսելու համար:

«Ռուս միապետութեան վերաբերմունքը դեպի հայերը փոխուել էր: 1916-ի ձմրան այլեւս չէր խօսում Հայկական Ինքնավարութեան մասին»:

Կարճ ժամանակ անց ռուսները թողնում են Երզնկան, հայերը կրկին անցնում են ինքնապաշտպանության: Թեհլիրյանը Մուրադի ջոկատի կազմում միանում է մարտական գործողություններին: Ծանր կռիվներով ու զոհեր տալով նահանջող հայերը հասնում են Ռուսահայաստանի սահմանը:

«Դիտում էի շրջապատը հայրենազուրկ թախիծով: Ես, նախնիքներիս վերջին սերունդի մնացորդներից մեկը, պարզ ու որոշ գիտակցում էի, որ այս պահին մեր հայրենիքը կորցրինք: Ու իմ բաժին պատասխանատվութիւնը նախորդ սերունդների հանդեպ՝ թւում էր խիստ ծանր, դառն ու ահաւոր: Անձնական վշտից ծնունդ առած վրէժի զգացումը դառնում էր իմ մէջ սառն գիտակցութեան պահանջ, իբրեւ մեր սերունդի ինքնարդարացման մի ուղի»:

1918-ի ապրիլին Սարիղամիշի մոտ Թեհլիրյանը վիրավորվում է եւ մեկնում Թիֆլիս: Թեֆլիսից՝ Հյուսիսային Կովկաս, ծանր հիվանդություն, Բաքու մեկնելու եւ Սեբաստացի Մուրադին միանալու ցանկություն...այս ողջ ընթացքում նրան մի միտք էր հետապնդում. գտնել ու պատժել Թալեաթին: Դեկտեմբերին նա արդեն Պոլսում էր:

Ճակատագրական հանդիպում Երանուհի Դանիելյանի հետ

Առաջինն այցելում է «Ճակատամարտ»-ի խմբագրատուն, որտեղ հայտարարություն է տալիս հարազատներին գտնելու համար: Այստեղ էլ կայանում է ճակատագրական հանդիպումը Երանուհի Դանիելյանի հետ՝ «Գունատ մի աղջիկ, որ բոլոր ժամանակ կանգնած ուշադիր լսում էր...»:

Պարզվում է, որ նա Թեհլիրյանի ընկերոջ՝ պոլսեցի Լեւոնի բարեկամուհին է: Դանիելյանը վարժուհի է եղել, լավատեղյակ քաղաքական-հասարակական կյանքին, խրված ազգային գործերի մեջ: Թեհլիրյանը հենց նրանից է իմանում, որ երիտթուրքերի պարագլուխները փախել են Պոլսից:

Նրան մեկ այլ զարմանք է պատճառում, երբ Երանուհին պատմում է Թալեաթի հայ գործակալ, մատնիչ Հարություն Մկրտչյանի մասին: Հենց նա էր կազմել Պոլսի հայ մտավորականների ցուցակը:
Թեհլիրյանների ընտանիքը Թեհլիրյանների ընտանիքը

Լուսանկարը` ՀՅԴ թանգարան-հիմնադրամ


Ըստ Թեհլիրյանի՝ Պոլսի հայերին այդ օրերին չէր զբաղեցնում ոչ մատնիչ Մկրտչյանի, ոչ Թալեաթի, ոչ էլ մյուս փախած ոճրագործների խնդիրը: Սկսում է հետեւել Մկրտչյանին ու մտադրության մասին կիսվել Երանուհու հետ, «որ միակ աջակիցս էր այս գործում»:

Արշավիր Շիրակյանի հուշերից սակայն իմանում ենք, որ Մկրտչյանը եւս, ինչպես այլ հայ մատնիչներ, հետապնդվում էր ՀՅԴ-ի կողմից։ Չի բացառվում, որ Թեհլիրյանը նրան գնդակահարել է նաեւ ՀՅԴ-ի կողմից հրահանգ ստանալուց հետո։

1919-ի փետրվարի մի երեկո Մկրտչյանն առատ սեղանի շուրջ հավաքել էր հյուրերին՝ չիմանալով, թե կարճ ժամանակ անց ինչ է լինելու իր հետ:

«Յուսահատ վազեցի դեպի պատուհանը եւ ինչ տեսնեմ...սեղանին գլուխը, ճիշդ պատուհանին դեմ առ դեմ, բազմել է մատնիչը ու բաժակը ձեռքին ճառում է: Յանկարծ՝ ճարճատիւն ու ահաւոր դղրդիւնով վար թափուեցին ապակիները, մատնիչը մահասարսուռ յետ ընկաւ ու ծալուեց նստած տեղը...»:

Երանուհին «ազգի ճակատէն մուրը սրբած» Սողոմոնին աչքալուսանք է անում, որ հիվանդանոցում գտնվող Մկրտչյանի վիճակը ծանր է: Հաջորդ օրը նա վախճանվում է:

«Սողոմոնի կյանքում հնչակյան Երանուհու լինելու փաստն ապացուցում է, որ «Նեմեսիս»-ը վերկուսակցական գործ է: Բարաղամյանն ու Երանուհին են միջնորդում, որպեսզի Սողոմոնին ներգրավեն այս գործի մեջ ու, այսպես ասած, դառնում են նրա երաշխավորները»,-նշում է Գոհար Խանումյանը։

Թեհլիրյանն ու «Հատուկ գործ»-ը գտնում են միմյանց

Մատնիչի մահը ոգեւորում է Պոլսի հայերին, Թեհլիրյանին տեսնելու ցանկություն է հայտնում Զավեն պատրիարքը: Սողոմոնը խնդրում է պատրիարքին օգնել գտնել Թալեաթի հետքը, սակայն վերջինս հրաժարվում է:

Որոշ ժամանակ անց Դանիելյանը մեկնում է ԱՄՆ ու խոստանում Թալեաթի գտնվելու մասին տեղեկություն ունենալու դեպքում հեռագրել Սողոմոնին: Թեհլիրյանը գնում է Փարիզ:

«Շուրջ մեկ տարի նա Փարիզում էր: Հուշագրությունում ասում է, որ կոշկակարություն էր սովորում, բայց արդյո՞ք միայն դա էր իր զբաղմունքը: Միգուցե Ազգային պատվիրակության կամ Պողոս Նուբարի հետ ինչ-որ կա՞պ պետք է տեսնել, որովհետեւ մեծահարուստները, այդ թվում եւ Պողոս Նուբարը, «Հատուկ ֆոնդ»-ին գումար են փոխանցել ու աջակցել Թեհլիրյանի դատավարության ընթացքին»,-ասում է Խանումյանը:

Ու հանկարծ...  հեռագիր Երանուհի Դանիելյանից, որտեղ գրում էր շտապ մեկնել ԱՄՆ «ինձ յայտնի գործով»: Մեկ այլ նամակ Սողոմոնին գրել էր Համազասպ Բարաղամյանը ու հայտնել, որ ծախսը վերցնելու էր Հանեմյանից, որին արդեն գրել էր Արմեն Գարոն:

«Հատուկ ֆոնդ»-ի ղեկավար Ահարոն Սաչակլյանի արխիվներում պահպանված Հանեմյանի (ՀՅԴ անդամ Արտավազդ Հանումյան-խմբ.) նամակից իմանում ենք, որ 1920-ի օգոստոսին Թեհլիրյանին Ամերիկա տեղափոխվելու համար հատկացված է 1500 ֆրանկ:

«Ընկեր Թեհլիրյանը եկել է Պոլսից, որպեսզի մեկնի ԱՄՆ: Նա եղել է Մուրադի ընկերներից եւ Պոլսում մի շարք ծառայություններ է մատուցել մեզ (կուսակցությանը), որոնց պատճառով հարկադրված լքել է Պոլիսը»,-գրել է Հանումյանը:
Սողոմոն Թեհլիրյանը Փարիզում, 1920թ. Սողոմոն Թեհլիրյանը Փարիզում, 1920թ.

Լուսանկարը` ՀՅԴ թանգարան-հիմնադրամ


Հետաքրքիր է, որ Թեհլիրյանը, ապա նաեւ հետազոտող Ժակ Դեռոժին գրում են, որ նա Փարիզից մեկնել է հոկտեմբերին:

«Փարիզից ԱՄՆ մեկնելու համար նրան անձնագիր է տվել ՀՀ դեսպանատունը: Այստեղ նա ներկայացված է որպես Սողոմոն Թելարյան: Կարծում եմ ազգանվան մեջ միտումնավոր է տառասխալ արվել, որպեսզի հետագայում հետաքննության շղթան չհասնի ԱՄՆ: Դատավարության ժամանակ ոչ մի խոսք չի հնչում ԱՄՆ-ում նրա եղած ժամանակաշրջանի մասին»,- շարունակում է Խանումյանը:
Թեհլիրյանի անձնագիրը, որով Փարիզից մեկնել է Նյու Յորք Թեհլիրյանի անձնագիրը, որով Փարիզից մեկնել է Նյու Յորք

Լուսանկարը` ՀՅԴ թանգարան-հիմնադրամ


Բոստոնում այդ ժամանակ Արմեն Գարոյի գլխավորությամբ մեծ թափով ծավալվում էր «Հատուկ գործ»-ը: «Հայրենիք» օրաթերթի խմբագրությունում Թեհլիրյանը հանդիպում է հին ընկերոջը՝ Բարաղամյանին եւ իմանում, որ Բոստոն կանչելու մղումը տվողը եղել է Երանուհի Դանիելյանը:

Գարոն նրան մանրամասն ներկայացնում է «Հատուկ գործ»-ի նպատակը, տալիս ոճրագործների նկարները, հայտնում, թե ում հետ է աշխատելու Եվրոպայում:
«Կարծում եմ, որ Սողոմոն Թեհլիրյանին «Հատուկ գործ»-ում ընդգրկելու եւ Թալեաթի մահապատիժը վստահելու պայմաններից մեկը եղավ հայ դավաճան Հարություն Մկրտչյանի սպանությունը: Բացի այդ, նա թրծվել էր ազգային-ազատագրական պայքարի մեջ, ուներ մարտական գործողությունների հմտություն, ճանաչում էր թշնամուն, ֆիզիկապես եւ հոգեպես ամուր էր»,- գտնում է Խանումյանը:  

Դեռ ԱՄՆ-ում եղած ժամանակ վրա է հասնում Կարսի անկման լուրը:

Բեռլինում «Նեմեսիս»-ի հետախույզները

Շահան Նաթալին Եվրոպայում արդեն սկսել էր հետախուզական աշխատանքները:

Սողոմոնը, Բոստոնում ստանալով հանձնարարությունները, ուղեւորվում է նախ Փարիզ, ապա Ժնեւ: «Դրօշակ»-ի խմբագրությունում Նաթալիի նամակից իմանում է, որ «Պոլսից ստացած մի նամակի շնորհիւ գտել է իր մօտ ազգականներից մէկի հետքը Բերլինում, ուր եւ մեկնում է: Պէտք է ես էլ աճապարեի, եթէ ուզում էի համալսարան մտնել...»:

Օրեր անց հայկական կողմը կարողանում է Թեհլիրյանի համար Գերմանիայի վիզա ստանալ, նա «մեխանիկայի ֆակուլտետ ընդունվելու համար» մեկնում է Բեռլին:

1920 թվականի դեկտեմբերի 2-ին, երբ Հայաստանը խորհրդայնացվեց, նա հասնում է Բեռլին: Իրադարձությունները սկսում են զարգանալ մեծ արագությամբ: Փետրվարին հայերն արդեն գիտեին, որ թուրքերը ռուսների հետ բանակցություններ են սկսել, որոնք հանգեցնելու են Հայաստանի համար ոչ նպաստավոր պայմանագրի ստորագրմանը:

Մինչ Թեհլիրյանի Բեռլին հասնելն այնտեղ արդեն գործի էին անցել «Նեմեսիս»-ի փաստացի ղեկավարներից մեկը՝ Շահան Նաթալին, որին Սողոմոնը հուշագրություններում չի բացահայտում ու տալիս է «ընկեր» անունը, Հազորը, Վազան եւ Հայկօն: Այս երեքը եւս կեղծանուններ են ու նրանք, ինչպես պարզվել է հետագայում, Հակոբ Զորյանը, Վահան Զաքարյանցը եւ Հայկ Տեր-Օհանյանն են:

Թալեաթի, ինչպես նաեւ երիտթուրք այլ հանցագործների մահապատիժներում կարեւոր դեր է խաղացել նաեւ Հրաչ Փափազյանը: Թեհլիրյանը նրան տալիս է Հրափ ծածկանունը: Փափազյանն «ընկերացել էր» թուրք ուսանողների հետ եւ ներդրվել թուրքական շրջանակներ՝ թանկ տեղեկություններ տալով «Նեմեսիս»-ի անդամներին: Վերջինս իմանում է, որ Թալեաթից բացի Բեռլին է ժամանելու նաեւ Էնվերը:

«Հրափը, ինչպէս պատմեցին, դէմքով, անունով, անաղարտ տաճկերէնով իսկական թուրքից չէր տարբերւում: Բայց ընտիր հայ էր: Զգալի ծառայութիւններ էր մատուցանում մեր դիւանագիտական ներկայացուցչին կարեւոր տեղեկութիւններով»:

ՀՀ փոխհյուպատոս Լիպարիտ Նազարյանցի մոտ խորհրդակցության ժամանակ վերջինս անիմաստ է համարում Էնվերի վրա կենտրոնանալը եւ վերջնական որոշվում է թիրախ ընտրել բացառապես Թալեաթին:

«Կարծում եմ, որ Էնվերը ռիսկի չի դիմի ու չի գա Բեռլին: Բացի այդ, մեծ վտանգ կա, որ երիտթուրքերը ինչ-որ բան են կասկածում ու միգուցե բացահայտեն մեզ: Հարկավոր է թիրախավորել միայն Թալեաթին»,- սա է լինում Նազարյանցի խոսքը:

Նույն համոզմունքն է ունենում նաեւ Նաթալին. «Անգամ մըն ալ, եւ թող վերջինն ըլլա: Թալեաթեն առաջ ոչ ոքիով պիտի սկսի ազգասպան դահիճներու դատաստանը»:

Ընկնավո՞ր էր արդյոք Թեհլիրյանը

Այդ ժողովին, չնայած հիվանդությանը, մասնակցում է նաեւ Թեհլիրյանը: Հետագայում դատավարության ժամանակ պաշտպանության առանցքում դրվում է հենց նրա ընկնավոր լինելու փաստը:

Նաթալին հիշողություններում պատմում է այն օրվա մասին, երբ Սողոմոնը խոստովանում է, որ «ընկնավոր» է եւ այդ փաստը թաքցրել է, որպեսզի «գործը» ձեռքից չվերցնեն:

Չնայած մտահոգությանը՝ Նաթալին այդ քայլին չի գնում, քանի որ Թեհլիրյանը հիվանդությունով հանդերձ Բեռլինում էր ու ստանձնել էր պատասխանատվությունը՝  «Կհայտարարեմ, քեզմե խլող չկա Թալեաթը սատկացնելու փառքն ու պսակը...»:

Ընկնավոր լինելու մասին իմանում ենք նաեւ Թեհլիրյանի հուշերից, նա Բեռլինում մի քանի անգամ ուշաթափություն է ունեցել ու ընկերների խորհրդով այցելել նաեւ բժշկի: Ընկնավոր լինելը դատավարության ժամանակ հաստատում են նաեւ նրա տանտիրուհիները, գերմաներենի ուսուցչուհին ու հայ ընկերները:
Թեհլիրյանի դատավարությունը Թեհլիրյանի դատավարությունը

Լուսանկարը` ՀՅԴ թանգարան-հիմնադրամ


«Կարծում եմ հուշագրության մեջ ընկնավորության մասին գրելով՝ Թեհլիրյանը հիմնավորում է դատարանում տված իր կեղծ ցուցմունքը: Նա նաեւ հիվանդություն ունենալու պատճառով անպարտ ճանաչվեց: Մյուս կողմից հնարավոր է, որ, իսկապես, ընկնավորություն ունեցել է եւ փաստից օգտվել են դատապաշտպաններն ու ճիշտ ուղղությամբ տարել ողջ պաշտպանությունը: Այս դեպքում նրանց օգնել է իր կենսագրությանը շատ լավ ծանոթ մեկը: Ամեն դեպքում հայտնի է, որ Թեհլիրյանը հետագայում այլեւս նման նոպա չի ունեցել»,- ներկայացնում է Գոհար Խանումյանը:

Թալեաթը բացահայտվում է

Տաժանակիր, դժվար ու նյարդային հետապնդումներն արդյունք են տալիս, երբ երիտասարդները հանդիպում են «նոր մարդուն», որին շրջապատած թուրքերը «փաշա» են կոչում: Թեհլիրյանը նրան հետեւելով հասնում է Հայդենբերգ փողոցի համար 4 բնակարան:  

«Երզնկայի նահանջից ի վեր հոգեկան այնպիսի մի խռովք չէի ապրել, ինչպէս այդ գիշեր: Ես գրեթէ համոզուած էի, որ «Նոր մարդը» Թալէաթն է»:

Նաթալուց վերցնելով Թալեաթի նկարը՝ սկսում է քերել բեղերը, ֆեսի վրա եվրոպական գլխարկ նկարում ու համոզվում, որ դա «նոր մարդն» է:
Թալեաթը՝ կնոջ հետ Թալեաթը՝ կնոջ հետ


Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Շոա հիմնադրամի Հայոց ցեղասպանության վկայությունների ցուցակագրող Օսիկ Մոզեսը գերմանական արխիվներում ուսումնասիրել է Սողոմոն Թեհլիրյանի դատավարությանը վերաբերող բազմաթիվ նյութեր: Նա նշում է, որ անգլիական գաղտնի գործակալ Օրբի Հերբերթն իր հուշերում գրել է գերմանական Համմ քաղաքում Թալեաթին հանդիպելու մասին ու փաստել, որ վերջինս անճանաչելիորեն փոխված է եղել:
Սողոմոն Թեհլիրյանը Սողոմոն Թեհլիրյանը

Լուսանկարը` ՀՅԴ թանգարան-հիմնադրամ


«Հատուկ գործ»-ի անդամները եւս կասկածում էին, արդյո՞ք Բեռլինում իրենց բացահայտած անձը Թալեաթն է: Մոզեսը կասկածում է, որ Օսմանյան կայսրության նախկին մեծ վեզիրը երկրից փախչելուց հետո հնարավոր է դիմած է եղել պլաստիկ վիրահատության:

«Հակոբ Զորյան, տրապիզոնցի այդ սքանչելի հայորդին, որ Բեռլինի համալսարանական հայ ուսանողներու խմբակի մը ատենապետն էր եւ իր սպիտակ դեմքով եւ գերմաներեն լեզվով կրնա խաբել ամենեն ճարպիկ լրտեսի թափանցող աչքն անգամ՝ իր հայ ինքնության մասին, արդեն բերած է ինձ լուրը, թե 2-րդ հարկի դռան վրա կա ԱԼԻ ՍԱԼԻՀ անունը՝ արաբական տառերով»,- հիշում է Նաթալին:

Թալեաթը որպես նախկին վաճառական Ալի Սալիհ բեյ անունով ապրում էր հենց այդ տանը: Մարտի 5-ին Թեհլիրյանը Հայդենբերգ 4-ի դիմաց թիվ 37 բնակարանում սենյակ է վարձում, իսկ «Նեմեսիս»-ի բեռլինյան խումբն անցնում է ուժեղացված հսկողության:

«Հրեշի լեշը փռված է մայթին»

«Ցերեկ ըլլա թե գիշեր, փողոցի մեջ թե խանութի, առանձին ըլլա թե ոստիկանի աչքին առջեւ, կպայթեցնես գանգը թիվ 1 ազգասպանին եւ չես փորձեր փախչիլ. կկանգնիս տեղդ, ոտքդ սատակին վրա եւ կհանձնվիս ոստիկաններուն, որ կու գան, կձերբակալեն քեզ: Եւ Բեռլինի դատարանին մեջ, դուն կդառնաս դատախազը եւ Գերմանիո դեմ, հանուն միլիոնավոր մեր զոհերուն»,- սա է լինում Նաթալու պատգամն ընկերոջը:

Մարտի 12-ին Նաթալին Թեհլիրյանին հանձնում է զենքը: Թեհլիրյանի սենյակի բոլոր կասկածելի իրերը վերացնում են՝ պատրաստվելով վերջապես կյանքի կոչել մահապատիժը. «Վաղը ժամը 12-ն հեռախոսե: Եթե պատասխան չստացար, կնշանակե հրեշը տունեն ելած է եւ լեշը փռված է մայթին վրա»,-ասում է նա Նաթալուն:

1921-ի մարտի 15-ի առավոտ: Սողոմոն Թեհլիրյանը պատուհանի առջեւ սպասում է ժամը 10-ին, երբ Թալեաթը սովորության համաձայն դուրս է գալիս ու քայլում դեպի Ուհլատ:

«Մի կարճ տարածութիւն մնացած՝ զարմանալի անդորրութիւն համակեց էութիւնս: Թալէաթը շեշտակի նայեց ինձ. աչքերի մէջ առկայծեց մահուան սարսուռը: Վերջին քայլը բեկուեց. մի քիչ թեքուեց որ խուսափի, բայց զէնքը դուրս քաշելս ու գլխին պարպելս մէկ եղաւ...Բնաւ չէի կարող երեւակայել, որ այդպիսի դիւրութեամբ գետին պիտի փռուի գազանը»:
«Հայրենիք»-ի-անդրադարձը «Հայրենիք»-ի-անդրադարձը

Լուսանկարը` Պետո Դեմիրճյանի


Հայդենբերգ շտրասեի թիվ 17 տան առջեւ տապալվում է Հայոց ցեղասպանության թիվ մեկ կազմակերպիչը՝ Թալեաթ փաշան: Փախչել փորձող Թեհլիրյանի վրա հարձակվում են անցորդներն ու սկսում հարվածել. «Ես՝ հայ, նա՝ թուրք, ոչ մի վնաս Գերմանիայի համար»:

Վրա հասած ոստիկանները ձերբակալում են նրան, իսկ ինքը «Արճիճի պէս վրաս ծանրացած տեւական մղձավանջը չքացել էր յանկարծ: Ամէն բան փոխուել էր կարծես. կաշկանդուած հոգիս ազատ ու լայնարձակ թռչում էր»:


Այդ ժամերին Հազորը, Վազան ու Հայկօն արդեն տեսել էին փողոցում հավաքված ամբոխը, մոտեցել գետնին ընկած Թալեաթին ու նույնիսկ կանգնել Բեհաեդդին Շաքիրի կողքին, որը շտապել էր ստուգելու ստացած լուրը: Իսկ Նաթալին Թեհլիրյանի տանտիրուհուց հեռախոսով արդեն իմացել էր, որ վերջինս դուրս էր եկել ու դեռ չկար: Մի քանի ժամ անց Բեռլինի թերթերը գրում են, որ Թալեաթ փաշան սպանված է. «Վիշապաքաղ աջիդ մատաղ: Ջանեջան Սողոմոն...»:

Գոհար Նալբանդյան

Հոդվածում արվել են մեջբերումներ Մարիան Մեսրոբյան-ՄաքՔարդիի «Sacred Justice; The Voices and Legacy of the Armenian Operation Nemesis», Շահան Նաթալիի «Մեծ ոճրագործին հետքերով» եւ Սողոմոն Թեհլիրյանի «Վերհիշումներ» գրքերից:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին