Տիկին Անթառամի գետնին չթողած երազանքներն ու «Ձեռքդ տուր»-ի գույները - Mediamax.am

Մարտ 01, 2026
exclusive
87 դիտում

Տիկին Անթառամի գետնին չթողած երազանքներն ու «Ձեռքդ տուր»-ի գույները


Լուսանկարը` Մեդիամաքս

Անթառամ Պետրոսյանը
Անթառամ Պետրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Անթառամ Պետրոսյանի կտավը

Անթառամ Պետրոսյանը
Անթառամ Պետրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարիամ Հակոբյանը
Մարիամ Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարիամ Հակոբյանն ու Անթառամ Պետրոսյանը
Մարիամ Հակոբյանն ու Անթառամ Պետրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարիամ Հակոբյանը
Մարիամ Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարիամ Հակոբյանն ու Սոֆյա Սարյանը
Մարիամ Հակոբյանն ու Սոֆյա Սարյանը
Անթառամ Պետրոսյանը
Անթառամ Պետրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


72 տարեկանում առաջին անգամ թռնել զիփլայնով, թանգարանում գիդ լինել ու վաճառել առաջին կտավը։ Անթառամ Պետրոսյանն ամբողջ կյանքում համարձակ է եղել, իսկ հիմա էլ ավելի վճռական է դարձել երազանքների իրականացման հարցում։

«Եթե երազանքներիդ հետեւից չգնաս, կմնան գետնի վրա։ Բարձրություն շատ եմ սիրում։ Սպասում եմ օրերը տաքանան, որ պարապլանով էլ թռնեմ»,- Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի վերելակում պատմում է նա։ 

Տիկին Անթառամը մեզ համար թանգարանում փոքրիկ շրջայց է անում։ Երկու ամիս առաջ առաջին անգամ այս թանգարան եկել է ոչ թե որպես այցելու, այլ որպես կամավոր՝ օգնելու այցելուներին ավելի լավ հասկանալ ցուցադրված կտավները։

Անթառամ Պետրոսյանը Անթառամ Պետրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Վերելակից դուրս ենք գալիս, մտնում սրահ ու քայլում մինչեւ վերջ՝ դեպի «Հայաստան» պաննոն։ Սա նրա սիրելի գործերից է։

«Նկարի գույները, լեռների ջերմությունը, արեւի շունչը դեպի Սարյանի պատկերած Հայաստան են տանում։ Այս գործը դպրոցական դասագրքերից եմ հիշում՝ հատվածներ կային տպված, ամբողջականն առաջին անգամ այստեղ եմ տեսել։ Բացեցի այս սրահի դուռն ու առաջինը աչքիս հենց սա ընկավ»,- ասում է նա։

Տիկին Անթառամն այցելում է «Ձեռքդ տուր» սոցիալ-կրթական հասարակական կազմակերպություն, այնտեղից էլ առաջարկել են թանգարանում ժամանակավոր գիդ լինել։ Կենտրոնի մյուս այցելուների հետ հերթապահություն են սահմանել ու անցել գործի։
Անթառամ Պետրոսյանը Անթառամ Պետրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Յուրաքանչյուրս շաբաթվա մեջ մեկ հերթապահություն եմ ունեցել։ Այդ օրերին հիմնականում դպրոցականների ու օտարերկրացիների եմ հանդիպել։ Այցելուները շատ չէին լինում, բայց ամեն հանդիպում իր պատմությունն ու հետաքրքրությունն ուներ։ 

Գիդի աշխատանքը շատ եմ սիրել։ Արվեստի գործը ինքդ էլ կարող ես հասկանալ, բայց գիդը կօգնի դրա մասին ավելի խորը պատկերացնել»,- պատմում է տիկին Անթառամը։

Նա մասնագիտությամբ տնտեսագետ-հաշվապահ է, երկար տարիներ չի աշխատել, բայց պարապ էլ չի մնացել՝ գործել է, կարել, ուլունքագործությամբ զբաղվել։

«Ձեռքերս միշտ զբաղված են եղել, բայց մտքովս չի անցել, որ մի օր վրձնով կնկարեմ։ Նկարելու տաղանդս էլ «Ձեռքդ տուր» կենտրոնում եմ բացահայտել։ Անցած տարվա դեկտեմբերի 20-ին այս թանգարանում կենտրոնի այցելուների ցուցահանդես-վաճառքն էր։ Պատկերացրեք՝ որքան մեծ էր զարմանքս, երբ իմ «Աստղալից գիշեր» կտավն առաջինը վաճառվեց։ Փաստորեն ամբողջ կյանքում նկարելու իմ տաղանդը ինչ-որ տեղ թաքնված է մնացել»,- ասում է նա։

Լուսանկարը` Անթառամ Պետրոսյանի կտավը


Տարիքը խոչընդոտ չէ՝ ասում է տիկին Անթառամն ու հիշում զիփլայնով թռիչքը. 

«Երբ իմացան, որ 72 տարեկան եմ, չէին թողնում թռնել, վերջը համոզեցի, գրություն թողեցի ու թռա»։

«Ձեռքդ տուրը» մեծ փոփոխություններ է բերում մարդկանց կյանքում՝ բարձրացնում է ինքնավստահությունը, զարգացնում հմտությունները, ձեւավորում սոցիալական կապեր։ Շատերը բացահայտում են իրենց տաղանդները։ Կան մարդիկ, որոնք սկսել են իրենց աշխատանքները վաճառել եւ առաջին անգամ կյանքում գումար են վաստակել իրենց ստեղծած աշխատանքով։

«Շաբաթը երկու օր այցելում ենք կենտրոն, բայց դա էլ շատ քիչ է (ժպտում է - հեղ.)։ Տան ու կենցաղի շրջանակում փակվելու փոխարեն նկարչության, կավագործության աշխարհն ենք բացահայտում, կենտրոնի այցելուներով ֆուտբոլ նայելու ենք գնում, բոուլինգ խաղալու, օպերա, թատրոն ու կինո։ Այստեղ կյանքը փոխելու միասնական կամք կա։ Ամեն մեկն էլ եթե տանը մնար, կուզեր որեւէ տեղ գնալ, բայց կհետաձգեր, ինչպես ես եմ արել հաճախ։ 

Երբ կողքիդ մարդիկ կան, սկսում ես ապրել ավելի ակտիվ ու հետաքրքիր։ Միասին արտթերապիաների ենք մասնակցում, հանդիպում ենք գրողների հետ, բացում մեզ համար նոր աշխարհներ։ Պարզվում է՝ կյանքը միշտ էլ կարող է նոր գույներ ունենալ՝ անկախ տարիքից»,- ասում է Անթառամ Պետրոսյանը։
Անթառամ Պետրոսյանը Անթառամ Պետրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ձեռքդ տուր» սոցիալ-կրթական հասարակական կազմակերպության մասին զրույցը շարունակում ենք Մարիամ Հակոբյանի հետ։

«Կենտրոնի մյուս համահիմնադիրը Տաթեւիկ Էվինյանն է։ Նա ապրում է Ֆրանսիայում, եւ նրա շնորհիվ մեր ծրագրում կա հայ-ֆրանսիական համագործակցության բաղադրիչ։ Փորձում ենք այնտեղի փորձը բերել կենտրոն, եւ դա օգնում է, որ իրականացվող աշխատանքները դուրս լինեն ստանդարտ մոտեցումներից։ Մեզ մոտ պարզապես արտթերապիայի կամ նկարչության չեն գալիս, փորձում ենք ստեղծել միջավայր, որտեղ մարդիկ զարգանում են, ստեղծագործում ու վերագտնում իրենց»,- ասում է նա։
Մարիամ Հակոբյանը Մարիամ Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարիամը մասնագիտությամբ լոգոպեդ է։ Մինչ կազմակերպությունը ստեղծելն աշխատել է հատուկ կարիք ունեցող երեխաների հետ, հետո որոշել է ավելի լայն դիտարկել առողջապահական եւ սոցիալական խնդիրներն ու ընդունվել Երեւանի պետական բժշկական համալսարան՝ հանրային առողջության կառավարման բաժին։

««Ձեռքդ տուր» ծրագիրը ծնվեց Ֆրանսիայում գտնվելու ժամանակ, երբ տեսա տարեցների կյանքի որակը՝ ակտիվությունը, արժանապատիվ ծերանալը։ Մտածեցի, որ ես էլ եմ ուզում այդպես ծերանալ, բայց Հայաստանում։ Այդ ժամանակ դա պարզապես գաղափար էր, որը թվում էր իմ ուժերից վեր։ Համալսարանում ուսումնասիրել էի Երեւանում տարեց բնակչության ապրելակերպն ու պարզել, որ շատերը չեն աշխատում, չունեն զբաղվածություն, ունեն սոցիալական մեկուսացման եւ հոգեբանական խնդիրների մեծ ռիսկ։ Հասկացա, որ հենց այս ոլորտում է պետք աշխատել։ Հետազոտության ընթացքում պարզ դարձավ, որ այն կենտրոններում, որտեղ մարդիկ հիմնականում սնունդ ստանալու համար էին գալիս, նրանց մեծ մասն ասում էր, որ իրենց համար ամենակարեւորը շփումն է։ Սա ինձ համար ուժեղ ազդակ էր։ Երբ մարդը չունի հետաքրքրություն, զբաղվածություն եւ սոցիալական միջավայր, դադարում է երազել, եւ դա ազդում է առողջության վրա»,- ասում է կենտրոնի ղեկավարը։
Մարիամ Հակոբյանն ու Անթառամ Պետրոսյանը Մարիամ Հակոբյանն ու Անթառամ Պետրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ծրագիրը կանխարգելիչ նպատակներ ունի։ Կենտրոնում չեն սպասում, որ մարդը հիվանդանա կամ ունենա խնամքի կարիք, այլ փորձում են աջակցել, որպեսզի նա չհասնի այդ վիճակին։ Մարիամ Հակոբյանի խոսքով՝ եթե մարդը 55 կամ 60 տարեկանից ունի զբաղվածություն, սոցիալական կյանք եւ հոգեբանական բալանս, դա ուղղակիորեն ազդում է առողջության վրա։ Այդ պատճառով ցանկանում են ծրագրում ներգրավել նաեւ 55+ մարդկանց, սակայն այս պահին հիմնականում աշխատում են 60+ տարիքային խմբի հետ։

Ծրագիրն ունի կանոնավոր դասացուցակ եւ մասնագետներ՝ նկարչուհի, արտթերապեւտ, հոգեբան, անգլերենի եւ ձեռագործության մասնագետներ, ներգրավված են նաեւ կամավոր երիտասարդներ, որոնք օգնում են ապահովել սերունդների կապն ու սովորեցնում տարեց մարդուն թվային գործիքներ օգտագործել։

««Ձեռքդ տուրը» նաեւ առողջ ծերացման մասին է։ Մենք ձեւավորում ենք առողջ սովորություններ, օրինակ՝ մարդիկ սկսում են նախաճաշել, որովհետեւ գիտեն, որ մի քանի ժամ մնալու են կենտրոնում։ Այս փոփոխությունները ժամանակի ընթացքում դառնում են կենսակերպ։ Կարեւոր է նաեւ «գեղեցիկ ծերանալու» գաղափարը։ Մարդը պետք է ցանկանա ակտիվ մնալ, հոգ տանել իր մասին, պահպանել հետաքրքրությունները։ Տարեց լինելը պետք է ընկալվի որպես արտոնություն, ոչ թե բեռ»,- ասում է նա։
Մարիամ Հակոբյանը Մարիամ Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Կենտրոնն իր աշխատանքը սկսել է փոքր խմբով։ Սկզբում տարեց կանանց հրավիրել են թոռների հետ մասնակցելու նկարչության դասերին, որպեսզի իրենց ավելի հանգիստ զգան։ Հետագայում նրանք հասկացել են, որ կարող են նաեւ ինքնուրույն ստեղծագործել, ինչը փոխել է իրենց վերաբերմունքը սեփական հնարավորությունների ու «Ձեռքդ տուր»-ի նկատմամբ։ Այսօր կենտրոնն ունի շուրջ 26 մշտական շահառու եւ սպասողների ցանկ։ Շահառուների մեծ մասը կանայք են, սակայն նպատակներից մեկն է նաեւ տղամարդկանց ներգրավվածության բարձրացումը։

«Ձեռքդ տուրը» համագործակցում է թատրոնների, թանգարանների եւ այլ մշակութային կենտրոնների հետ՝ հնարավորություն տալով շահառուներին ավելի ակտիվ մասնակցել մշակութային կյանքին։ Կազմակերպվում են մշակութային այցեր, իսկ որոշ դեպքերում նրանք ներգրավվում են նաեւ կամավորական աշխատանքում։

«Մեզ համար շատ կարեւոր փուլերից մեկը դարձավ համագործակցությունը Սարյանի տուն-թանգարանի հետ։ Մեր հերթական թանգարանային շրջայցերից մեկի ընթացքում Սարյանի տուն-թանգարան էինք գնացել։ Այնտեղ զրույց ունեցանք տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ, Սարյանի թոռնուհի Սոֆյա Սարյանը հետ, ներկայացրինք մեր ծրագրի գաղափարն ու խոսեցինք նաեւ այն մասին, որ մեր շահառուները կարող են ներգրավվել թանգարանում կամավորական աշխատանքում։ Գաղափարը հետաքրքրեց նրան»,- ասում է Մարիամ Հակոբյանը։
Մարիամ Հակոբյանն ու Սոֆյա Սարյանը Մարիամ Հակոբյանն ու Սոֆյա Սարյանը


Նրա խոսքով՝ մտադիր են ընդլայնել ծրագիրը, զարգացնել սոցիալական ձեռնարկատիրությունը, ներգրավել ավելի շատ մասնակիցների եւ ստեղծել նոր կրթական ծրագրեր։ Նա նաեւ ասում է, որ բաց են համագործակցության համար եւ ուրախ են, երբ մասնագետները գալիս են ու իրենց գիտելիքները փոխանցում շահառուներին։ 

««Ձեռքդ տուր» անվանումը խորհրդանշում է փոխադարձ աջակցություն։ Այն ոչ միայն տալու, այլ նաեւ վերցնելու, միասին ստեղծելու մասին է։ Անվան մեջ նաեւ սերունդների կապի գաղափարն է՝ այն շղթան, որը փոխանցվում է մեկից մյուսին։ «Ձեռքդ տուր»-ը նշանակում է միասին անել, իրար փոխանցել փորձը, էներգիան, արժեքները եւ լինել այդ նույն շղթայի մասը։

Ուզում ենք ձեւավորել համայնք, որտեղ մարդիկ օգնում են միմյանց, աջակցում եւ զարգանում միասին։ Շատ դեպքերում շահառուները դառնում են փոխօգնության խմբեր՝ հատկապես այն կանայք, որոնք ունեն կյանքի ծանր փորձառություններ։ «Ձեռքդ տուր»-ը մեզ համար պարզապես ծրագիր չէ։ Դա համայնք է, որտեղ մարդիկ վերագտնում են իրենց, իրենց արժեքը, իրենց երազանքները եւ կյանքի նկատմամբ հետաքրքրությունը»,- ասում է Մարիամ Հակոբյանը։

Անի Խչոյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի



Մեր ընտրանին