«Ամենակարող» ինքնությունը կամ՝ Արցախը եւ մենք - Mediamax.am

Փետրվար 16, 2026
exclusive
96 դիտում

«Ամենակարող» ինքնությունը կամ՝ Արցախը եւ մենք


Թաղավարդում 2022 թվականի ամռանը
Թաղավարդում 2022 թվականի ամռանը

Լուսանկարը` Անի Ռափյան/Մեդիամաքս

Թաղավարդում 2021 թվականին
Թաղավարդում 2021 թվականին

Լուսանկարը` REUTERS

Թաղավարդում 2021 թվականին
Թաղավարդում 2021 թվականին

Լուսանկարը` REUTERS

Թաղավարդում 2022 թվականի ամռանը
Թաղավարդում 2022 թվականի ամռանը

Լուսանկարը` Անի Ռափյան/Մեդիամաքս


Երբ Անիին՝ 10 տարվա ընկերուհուս, հարցրի իր արցախյան ինքնության մասին, այսպես պատասխանեց. «Ավելի միկրո մակարդակում՝ Մարտունու ցեխոտ փողոցների ու եղեւնիների հանդեպ սիրով, բայց եւ Աղդամի ավերակների հանդեպ միշտ ինչ-որ անհասկանալի, տարօրինակ զգացումով։ Ինքնության կարեւոր բաղկացուցիչը բարբառն է, որով միշտ հաճույքով խոսել եմ»։ 

Նոր Հաճնում ծնված եւ մեծացած Անիից մի փոքր տարբե՞ր են Մարտունիում, Հադրութում, Ստեփանակերտում ծնված եւ մեծացած իր տարեկիցների զգացումները։ Տարբեր են։ Բայց եւ բոլորին միավորում է մեկ բան՝ «մենք ամեն ինչ կարանք»-ի զգացումը։ 

Արդյո՞ք արդար էր «ստիպել» ու ակնկալել որ հայության մի ամբողջ խումբ պիտի կրի «ամեն ինչ կարանք»-ի բեռը։ Արդյո՞ք Արցախում մտածում էին, որ «ամեն ինչ կարանք»-ը ինքնության մաս դարձնելը ենթադրում է գոնե պատերազմի «պլան Բ» ունենալը։ Արդյո՞ք իրավունք ունեինք մի ամբողջ միկրո ինքնություն եւ մեր երկրի մի ամբողջ հատված այդպես «խարջելը» (Արցախի բարբառով՝ ծախսել, վատնել)։

Ինչպես կասեին Հադրութում՝ գիդաս չըմ…     

Տուն գնացող ճանապարհը

2020-ի պատերազմը ավարտվել էր Թաղավարդում։ Այն կիսատ էր թողել այս գյուղը, որի գերեզմանները մնացել էին «այն»՝ ադրբեջանցիների կողմից օկուպացված կողմում։ Թաղավարդում, սակայն, շարունակում էին ապրել, երեխաներ էին ծնվում, ավելին՝ տներ էին նորոգվում։ 


Գայանեի տունը գտնվում էր գյուղի ամենածայրում՝ Թաղավարդը կիսած «փշալարից» մի քանի մետր այս կողմ։ Թաղամասում ջուրը սկսել էին այլ աղբյուրներից բերել, իրենցը Հին Թաղավարդից՝ ադրբեջանցիների ձեռքում մնացած տարածքից էր գալիս։ Վախենում էին։ Բա որ թունավորա՞ծ լինեն։ 

Ես շատ էի սիրում Թաղավարդը։ Սիրում էի մարդկանց, որոնք երբեք չէին վհատվում, եւ երեւի զգացողությունը, որ ի հեճուկս շատ մոտ գտնվող վտանգի, մենք այսքանից հետո կարող ենք ինչ-որ բան փոխել։ Երմոնյա տատը, ով ձմեռվա համար չորացրած իր ամբողջ սալորաչիրը տվեց ինձ, ադրբեջանցի դիպուկահարներից մի քանի հարյուր մետր այս կողմ գեղեցկության սրահ բացած Լուսինեն, կիսված գյուղի մեջտեղում կանգնած ժամկետային զինծառայողը, ով չէր ուզում վերցնել մեր բերած քաղցրն ու խնդրում էր տալ այն փոքրիկներին։ Այդ ամենը Թաղավարդն էր որ կար։ 


Գայանեի՝ իմ ընկերուհի Նինայի քրոջ տուն պարտադիր պետք է մտնեի։ Գայանեն իմ տարիքին էր, թեեւ արդեն երկու երեխա ուներ եւ սպասում էր երրորդին։ Փոքրիկի սպասմանը զուգահեռ ակտիվորեն նորոգվում էր նրանց տան երկրորդ հարկը։ Ես, որպես պատվավոր հյուր, իրավունք ունեի քնելու այդ սենյակներից նրանում, որը հավանեի։ Տան բակի ճոճանակը երբեմն նույնպես եսասիրաբար գրավում ու գիրք էի կարդում։ Երբեմն էլ ուղղակի քայլում էի ու մտածում՝ եթե նորից մի բան պայթի՝ ինչպե՞ս, ո՞ր ճանապարհով էին փախչելու Գայանեն եւ իր փոքրիկները։ Թաղավարդը շրջափակված էր երեք կողմից, եւ միայն մեկ գյուղական ճանապարհ էր նրանց կապում Արցախի մնացյալ հատվածների հետ։ 


Իմ վերջին այցը Թաղավարդ շատ էր նման հարազատ մարդու՝ կյանքից հեռանալուց առաջ անսպասելի հրաժեշտին, որը երբեք չենք գիտակցում։ Ես էլ չգիտեի, որ վերջին անգամ եմ սիրելի գյուղում։ Բլոկադան արդեն սկսվել էր, բայց Ազատի մեքենայում վառելիք կար։ Բարձրացանք դիրքեր, տղաները նեղսրտված էին։ Ռուս խաղաղապահները հերթական անգամ չէին թողել ծանր զենք բարձրացնել դիրք։ Ասել էին՝ "А мы тут зачем"?․․․ Հավի շնիցել ու տանը մնացած վերջին թահինով թխված քաղցրավենիք տարանք նրանց, նայեցինք հարեւան օկուպացված Զարդարաշենին, մյուս կողմից՝ նույնպես անցյալում մնացած Շեխերին, վառարանների ծխի մեջ կորած Թաղավարդին։ Լուսինեի ամուսինը՝ Արցախը, ասաց՝ «Սենց չեղավ, պոստից իջնեմ՝ մի խոզ մորթեմ, Մհերի հետ կկյաք, Սոֆի»։ 
Թաղավարդում 2021 թվականին Թաղավարդում 2021 թվականին

Լուսանկարը` REUTERS


Մենք այդպես էլ չգնացինք իմ ու Մհերի սիրելի Թաղավարդ, որը նրան հիշեցնում էր դեպի Հադրութ՝ տուն գնացող ճանապարհն ու մասամբ հարազատ լեռներն ու անտառները, իսկ ինձ՝ պատկանելիության զգացումը, որը մենք՝ հին գաղթականների թոռներս երեւի ի ծնե չենք ունեցել։ 

Ընտրությունը

Ես երբեք չկարոտեցի բլոկադան եւ վստահաբար երբեք չեմ ասի՝ երանի այնտեղ լինեինք՝ թեկուզ շրջափակված։ Այսօր էլ, երբ երկու տարի անց Արցախի, նրա պարզության ու մեզ տված վստահության, նրա մայրական սիրո ու մեր այնտեղ ապրված իսկապես երազային կյանքի հանդեպ կարոտը ոչ միայն չի նահանջում, այլեւ ավելի է խորանում, ես միեւնույնն է՝ չեմ կարոտում այդ ծանր օրերը, մարդկանց արժանապատվության տրորումը ադրբեջանցիների ու բլոկադայի նորմալիզացումը մեզ «հերոսներ» անվանող հայերի կողմից եւ պատրաստ չեմ վերադառնալ այդ կարգավիճակին Արցախ վերադառնալու գնով։

Պատմության խուճուճ եւ բարդ ոլորապտույտները 20-րդ դարի վերջին ու 21-ի սկզբում Արցախը դրեցին մեր գիտակցության այն կետում, որտեղ նա կարող էր ասոցացվել մնայունության, բնիկության ու բացառիկ մնացած տոհմիկության հետ։ Այս մարդիկ երբեք չէին գաղթել եւ Հայկական աշխարհում սյունեցիների հետ միասին միակն էին այդպիսին մնացել։ Հետաքրքիր է, որ այն զանգվածները, որոնք շատ հեշտությամբ մեղադրեցին նրանց «մեկ օրում փախչելու» մեջ երեւի չեն էլ երեւակայում, որ ստորացման երկար ու ձիգ ամիսները շուրջ 100 000 արցախցի կրեցին իրենց ուսին երկու բանի համար. «թա քի կռիվ չինի» եւ «թա քի մեր տանը ինինք»։  
Թաղավարդում 2021 թվականին Թաղավարդում 2021 թվականին

Լուսանկարը` REUTERS


Մյուս կողմից՝ արցախցիների վզին խեղդող պարանի պես փաթաթված այս գաղափարը՝ մեր հազարամյա բոլոր հիասթափությունների ու սպասումների քողով հանդերձ, կարծես ծնում էր մեկ այլ ծայրահեղություն, որը գրեթե երբեք թույլ չի տվել մեզ առողջ ու անաչառ դատել Արցախում կատարվող լավ ու վատ ամենը։ Վարդագույն ակնոցով Արցախը հեռվից սիրողների՝ Արցախի ինստիտուտների, արցախցու եւ նրա հետ կապված ցանկացած բանի շուրջ կառուցողական քննադատությունից ակնհայտ խուսափումները արցախցուն մատուցեցին «արջի ծառայություն», եւ այդ մասին խոսելը գուցե արդեն ուշ է։ 

Ի վերջո՝ ինչի՞ մասին է Արցախն ու արցախյան ինքնությունը․ հազար տարուց ավելի ապակենտրոնացած եւ պետականություն չունեցած ազգի տուն ունենալու զգացողությա՞ն, անընդհատ խոսվող, բայց օրեցօր մութ միֆի նմանվող միասնությա՞ն, թե՞… 

Որպես սերունդ, ով հնարավոր բոլոր կողմերից տառապեց Շարժման բոլոր փուլերում, եկեք, ամեն դեպքում, հարցնենք. մարդիկ, որոնք 1988-ին առաջին անգամ դուրս եկան «Միացում» բղավելու չէի՞ն կարող մնալ իրենց հողում նաեւ 2023-ին։ Կարող էին։ Չէի՞ն կարող 1988-ից մինչեւ 2023-ն ընկած երկար ժամանակահատվածի որեւէ փուլում ընդունել Ադրբեջանի պայմաններն ու այսօր լինել իրենց տանը։ Կարող էին։ Չէի՞ն կարող քայլել Հեյդար Ալիեւի պողոտայով ու ձեւացնել, որ ոչինչ չի եղել։ Իհարկե՝ կարող էին։ Եվ ի վերջո՝ չէի՞ն կարող մինչեւ «Միացում» սկսելը պարզապես լուռ հավաքվել ու գնալ։ Կարող էին։ 
Թաղավարդում 2022 թվականի ամռանը Թաղավարդում 2022 թվականի ամռանը

Լուսանկարը` Անի Ռափյան/Մեդիամաքս


Փաստորեն՝  Արցախում կարեւոր էր ոչ միայն ապրելն, այլեւ հայկական ինքնությամբ ապրելը եւ սա էր մարդկանց ընտրությունը 1988-ից ի վեր։ Փաստորեն՝ եթե զոհվել ենք՝ սրա համար ենք զոհվել, եթե կառուցել ենք՝ սրա համար ենք կառուցել, եթե պարտվել ենք՝ սրանում ենք պարտվել։ 

Այսպիսով՝ ինձ համար արցախյան ինքնությունը հայ մնալու ընտրության մասին է։ Ցավում եմ, որ եղել են օրեր, երբ այս մասին կարիք է եղել հիշեցնելու թե՛ Արցախից դուրս, թե՛ դրա ներսում։

Կարդացեք նաեւ.

Չընդհատված Հայաստանը

Արմատը, կինը եւ Արցախը

Լրագրողն ու բլոկադան կամ՝ «կամուրջը», որն այդպես էլ չանցանք

Սոֆիա Հակոբյան



Մեր ընտրանին