Խաղից դեպի հավատք. Էջմիածնի մանրանկարները փազլի ձեւով - Mediamax.am

Փետրվար 13, 2026
exclusive
244 դիտում

Խաղից դեպի հավատք. Էջմիածնի մանրանկարները փազլի ձեւով


Ասողիկ աբեղա Կարապետյանը
Ասողիկ աբեղա Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Նիկա Ասատրյանը
Նիկա Ասատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Նիկա Ասատրյանը
Նիկա Ասատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ասողիկ աբեղա Կարապետյանը
Ասողիկ աբեղա Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ասողիկ աբեղա Կարապետյանը
Ասողիկ աբեղա Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Թանգարանում մանրանկարները ցուցանմուշ են, իսկ երեխաների ձեռքերում դառնում են խաղալիք։ Դրանք կարող են պահպանվել ընտանիքում եւ երեխայի համար դառնալ իր առաջին ծանոթությունը մշակութային ու հոգեւոր աշխարհին։ 

Այս մտքով է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների նախաձեռնությամբ, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին թողարկվել թանգարանային փազլների շարքի առաջինը։ Այն նախատեսված է խաղի միջոցով երեխաներին ծանոթացնելու հայկական մանրանկարչությանը, նրա խորհրդանիշներին եւ տոների բովանդակությանը՝ արվեստը դարձնելով հասանելի։

Խաղով լրացնել կրթական բացը

Ասողիկ աբեղա Կարապետյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների եւ Արխիվի տնօրեն 

Միշտ ձգտել ենք մեր թանգարանային գործունեությունը՝ որպես հոգեւոր, մշակութային, կրթական-դաստիարակչական առաքելություն, դուրս բերել թանգարանի սահմաններից։ 

Լուսանկարը` Մեդիամաքս


Տարբեր մեթոդների, ձեւերի փնտրտուքի ընթացքում որոշեցինք այս կերպ եւս մեր մշակույթն ու հոգեւոր գիտելիքը փոխանցել թե մեծերին, թե հատկապես փոքրերին, մանավանդ այն բանից հետո, երբ դպրոցներում արգելվեց «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը, եւ Եկեղեցին սկսեց մտածել այդ բացը լրացնելու այլ ճանապարհների մասին։ 

Այդ ընթացքում, խորհրդակցելով տարբեր անձանց և, մասնավորապես, Նիկա Ասատրյանի հետ, ով ունի նման նախագծերի իրականացման փորձ, որոշեցինք փազլի միջոցով կրթություն եւ հոգեւոր ապրում փոխանցել երեխաներին։
Ասողիկ աբեղա Կարապետյանը Ասողիկ աբեղա Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Նախաձեռնությունը ներկայացվեց Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին եւ նրա օրհնությամբ առաջին փազլը ներկայացրեցինք «Հայոց Սուրբ Ծնունդ» խորագրով հոգեւոր դասական երաժշտության համերգին։ Քանի որ այն առաջինն էր եւ սահմանափակ քանակով՝ 300 օրինակ, որոշեցինք ամբողջությամբ նվիրել թանգարանի ֆեյսբուքյան էջում գրանցված ցանկացողներին, ինչպես նաեւ գործընկեր կառույցներին ու բարեկամ անձանց։

Լուսանկարը` Մեդիամաքս


Արձագանքն անակնկալ էր։ Ոչ միայն ցանկանում էին այն ձեռք բերել, այլեւ սրտանց ողջունում էին նախաձեռնությունը։ Ոգեւորող էր նաեւ սփյուռքից ստացված արձագանքը, տարբեր համայնքներ խնդրել են օրինակներ փոխանցել Հայաստան եկող ծանոթների միջոցով։ 

Մանրանկարը՝ որպես տոնի լեզու

Փազլները կթողարկենք եկեղեցական տոներին համընթաց՝ ընտրելով Մայր Աթոռում պահվող ձեռագրերի հավաքածուի մանրանկարները։ Առաջինը Սուրբ Ծննդյան պատկերն էր՝ ստեղծված 15-րդ դարում Վասպուրականի դպրոցի Աղթամարի վանքում։ Ձեռագիրն ամբողջությամբ չի պահպանվել, միայն առանձին թերթեր, որոնք ուսումնասիրվել եւ թվագրվել են 15-րդ դարով։ Չնայած դրան՝ մանրանկարները բավական լավ են պահպանված, տեսանելի են նաեւ այրման հետքեր, հավանաբար, ցեղասպանության ժամանակ վնասվելու հետեւանքով։ Այդ թերթերը տարիներ առաջ նվիրաբերվել են Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետ Գարեգին Երկրորդին եւ այսօր Մայր Աթոռի ձեռագրական հավաքածուի մաս են կազմում։

Լուսանկարը` Մեդիամաքս


Երկրորդ փազլը նվիրված է Տյառնընդառաջի տոնին, դարձյալ նույն շարքից ընտրված մանրանկարով։ Կարծում ենք՝ տարվա ընթացքում եւս մի քանի մանրանկարներ կօգտագործվեն այդ շարքից, կհաջորդեն Ծաղկազարդին եւ ապա Սուրբ Հարությանը նվիրված փազլները։ 

Յուրաքանչյուր փազլի համար փորձում ենք գտնել հովանավոր, սակայն, քանի որ շատերը ցանկացել են նաեւ գնել, այժմ քննարկում ենք որոշ քանակի վաճառք կազմակերպելու հարցը, որպեսզի ստացված միջոցներով հնարավոր լինի իրականացնել հաջորդ թողարկումները։

Լուսանկարը` Մեդիամաքս


Փազլին կից նախատեսում ենք հավելել նաեւ փոքրիկ բացատրական քարտեր։ Թեեւ պատկերները խոսում են ու ներկայացնում պատմությունը, առաջին փորձից եւ արձագանքներից պարզ դարձավ, որ մարդիկ ցանկանում են հավելյալ բացատրություններ, որպեսզի դրանք հենց տուփի մեջ լինեն եւ իրենք առանձին չփորձեն տեղեկություն որոնել Սուրբ Ծննդյան կամ պատկերագրության մասին։ 

Այդպես, տեսնելով պատկերը եւ կարդալով համառոտ պատմությունը, մարդը կարող է ավելի ամբողջական ապրել այդ տոնը եւ նրա խորհուրդը։

Երկխոսություն՝ փազլի միջոցով

Նիկա Ասատրյան, նախագծի համակարգող

«Հայորդաց» տներում գործում են արվեստանոցներ, որտեղ երեխաները աշխատում են մանրանկարների հետ, եւ միտք առաջացավ՝ այդ արվեստը ավելի մոտ դարձնել նաեւ մյուս երեխաներին։ Ցավոք, մանրանկարները մեր առօրյայում գրեթե չեն հանդիպում, եւ դրանք հիմնականում պատկերացնում ենք թանգարանային միջավայրում։ Կան տաղանդավոր երեխաներ, որոնք նույնիսկ չեն բացահայտում իրենց մանրանկարչական կարողությունները, քանի որ երբեք չեն առնչվել այս ուղղությանը, իսկ մյուսները, թեկուզ չունենալով նկարելու առանձնահատուկ կարողություն, միեւնույն է պետք է ճանաչեն իրենց մշակութային ժառանգությունն ու պատմությունը եւ կարողանան այն պահպանել ու շարունակել։
Նիկա Ասատրյանը Նիկա Ասատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Փազլը դարձավ այն լուծումը, որը սիրո միջոցով երկխոսություն է ստեղծում։ Սկզբունքային էր, որ ստեղծվող արտադրանքը լիովին հայկական լինի՝ գաղափարից մինչեւ պատրաստի տեսք։ Այն ամբողջությամբ մշակվել եւ արտադրվել է Հայաստանում՝ հայկական տպարաններում եւ արտադրամասերում՝ առանց ներմուծված բաղադրիչների։ Այս մոտեցումը ոչ միայն արժեքային ընտրություն էր, այլեւ աջակցություն երկրի ներսում աշխատող մարդկանց, որոնք այդպիսով նույնպես մասնակից են դառնում երեխաներին ուղղված գործին։

Լուսանկարը` Մեդիամաքս


Արտադրանքը պլաստիկ կամ վնասակար նյութեր չի պարունակում։ Անվտանգությունն ապահովելու համար հաշվարկվել են փազլի մասնիկների չափերը, որպեսզի երեխան չկարողանա դրանք կուլ տալ։ Սակայն նպատակը պարզապես անվտանգ խաղալիք ստեղծելը չէր, այն դիտարկում ենք որպես պահպանվող արժեք՝ հուշանվեր, որը նախատեսված է երկար պահպանվելու համար։ Փայտից պատրաստված լինելու շնորհիվ այն չի մաշվում եւ չի կորցնում իր տեսքը։ 

Ընտանիքից դեպի սերունդներ

Այս աշխատանքը պարզապես մասնագիտական գործունեություն չէր, այլ ծառայություն՝ արված սիրով եւ գիտակցությամբ, եւ հենց այդ վերաբերմունքն է փոխանցվել մարդկանց։ Գաղափարի հիմքում նաեւ ընտանեկան արժեքներն են։ 

Հավատքի առաջին զգացողությունը երեխան ստանում է ընտանիքում՝ ծնողների միջոցով, այդ պատճառով արտադրանքը ստեղծվել է այնպես, որ հնարավոր լինի պահել եւ փոխանցել սերունդներին։ Տարիներ անց այն կարող է դառնալ հայրենիքի հիշողություն՝ մի առարկա, որը բերվել է Հայաստանից եւ պահպանվել ընտանիքում։
Նիկա Ասատրյանը Նիկա Ասատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երկրորդ թողարկումը եւս կլինի շուրջ 300 օրինակով, իսկ հետագայում, հնարավորության դեպքում, քանակը, գուցե, մի փոքր կավելացվի, բայց զանգվածային մեծ արտադրության չի վերածվի։ Յուրաքանչյուր թողարկում սահմանափակ է եւ որոշ չափով բացառիկ։ Այդպիսով՝ այն չի դառնում լայն սպառման առեւտրային ապրանք, այլ մնում է արժեքային առարկա եւ յուրատեսակ կապ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու թանգարանների եւ յուրաքանչյուր հավատացյալի կամ ապագա այցելուի միջեւ։

Անի Խչոյան

Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի



Մեր ընտրանին