Շառլը, որն այս «անսովոր» աշխարհը լցնում է գույներով եւ սիրով - Mediamax.am

Հունվար 31, 2026
exclusive
140 դիտում

Շառլը, որն այս «անսովոր» աշխարհը լցնում է գույներով եւ սիրով


Շառլ Սահակյանը
Շառլ Սահակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նանե Գեւորգյանը
Նանե Գեւորգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Շառլ Սահակյանը
Շառլ Սահակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Շառլ Սահակյանը եւ Նանե Գեւորգյանը
Շառլ Սահակյանը եւ Նանե Գեւորգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Շառլ Սահակյանի ցուցահանդեսից
Շառլ Սահակյանի ցուցահանդեսից

Լուսանկարը` անձնական արխիվից

Նանե Գեւորգյանը «Շառլ»-ի շարֆերից մեկով
Նանե Գեւորգյանը «Շառլ»-ի շարֆերից մեկով

Լուսանկարը` «Շառլ»

Շառլ Սահակյանի ցուցահանդեսից
Շառլ Սահակյանի ցուցահանդեսից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` «Շառլ»

Լուսանկարը` անձնական արխիվից

Շառլը եւ արտթերապեւտ Արմինե Առաքելյանը
Շառլը եւ արտթերապեւտ Արմինե Առաքելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Շառլ Սահակյանը
Շառլ Սահակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


15-ամյա Շառլ Սահակյանն ունի իր յուրահատուկ աշխարհը՝ գունեղ, զգայական եւ անկեղծ։ Թեեւ նա չի խոսում, իր փոխարեն դա անում են կտավները՝ փոխանցելով տրամադրություն, հույզեր, հյուսելով պատմություններ։ Շառլի համար արվեստը կամուրջ է՝ իր ներաշխարհի եւ շրջապատող աշխարհի միջեւ։

Այսօր արդեն նրա ստեղծած «պատմությունները» հնարավոր է տեսնել ոչ միայն կտավների, այլեւ՝ «Շառլ» ապրանքանիշի շարֆերի, դեկորատիվ բարձերի, տարատեսակ աքսեսուարների վրա։ Ապրանքանիշի արտադրանքի վաճառքից գոյացող գումարը Շառլի ընտանիքն ուղղում է առանձնահատուկ կարիքներ ունեցող այլ երեխաների աջակցությանը, հատկապես՝ ադապտիվ սպորտի զարգացմանը։ 

Շառլ Սահակյանը Շառլ Սահակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Շառլի մայրը՝ Նանե Գեւորգյանը, Մեդիամաքսի հետ կիսվել է պատմությամբ, որ լի է նվիրումով, ներքին պայքարով եւ բացարձակ սիրով։ 

«Շառլն արվեստը վերադարձրեց իմ կյանք»

Հիմնական մասնագիտությամբ ապահովագրող եմ, աշխատում եմ հենց այս ոլորտում։ Դրան զուգահեռ, զբաղվում եմ Շառլի կտավների հիմքով ստեղծված «Շառլ» ապրանքանիշի արտադրանքի հետ կապված բոլոր հարցերով։ Կարծում եմ՝ արվեստի հետ այս կապը պատահական չէր, քանի որ պատանեկության տարիներին երազում էի դաշնակահար լինել եւ բավականին լավ նվագում էի։ Բայց 90-ականներն էին, եւ հայրս, լինելով հեռատես մարդ, խորհուրդ տվեց ստանալ այլ մասնագիտություն եւս, որով հետագայում կկարողանամ աշխատել։ Այդպես էլ արեցի եւ արվեստն ինչ-որ փուլում երկրորդ պլան անցավ, բայց Շառլն արվեստը վերադարձրեց իմ կյանք (ժպտում է – հեղ.)։
Նանե Գեւորգյանը Նանե Գեւորգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Նանե Գեւորգյանի հետ զրուցում ենք Երեւանի սրճարաններից մեկում, մինչ Շառլը նկարում է արվեստանոցում։ Երբ սկսում է պատմել որդու համար Շառլ անունն ընտրելու որոշման մասին, սրճարանում սկսում են հնչել Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները։ 

Նման սիմվոլիկ պահեր հաճախ են լինում (ժպտում է – հեղ.)։ Հիշում եմ՝ որդի ունենալու դեպքում նրան Շառլ անվանելու մասին երազում էի դեռ ուսանողական տարիներին։ Բնականաբար, ընտրությունը կապված էր Շառլ Ազնավուրի կերպարի հետ, բայց կար եւս մեկ, ավելի անձնական ասոցիացիա։ Պապիկիս միշտ նմանացրել եմ Ազնավուրին եւ այս կապն ինձ համար շատ կարեւոր էր։ 

Ապրել իրատեսական ակնկալիքներով

Շառլի առանձնահատկությունը սկսեց բացահայտվել 2,5 տարեկանում։ Որպես մայր՝ ավելի շուտ էի նկատում. խոսքը քիչ էր։ Սա երկար ճանապարհի սկիզբն էր, որի ընթացքում փորձեցինք գրեթե ամեն ինչ։ Դիմեցինք բոլոր հնարավոր մասնագետներին Ռուսաստանում, Եվրոպայում, Միացյալ Նահանգներում։ Աուտիզմ ախտորոշումը վերջնականապես հաստատվեց, երբ Շառլը 6 տարեկան էր։ 
Շառլ Սահակյանը եւ Նանե Գեւորգյանը Շառլ Սահակյանը եւ Նանե Գեւորգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ինձ համար սա լրիվ նոր իրականություն էր. քիչ բան գիտեի եւ անդադար կարդում էի, ուսումնասիրում, զրուցում մասնագետների հետ։ 

Հիշում եմ՝ լոգոպեդներին անընդհատ հարցնում էի՝ «իսկ ե՞րբ կխոսի»։ Բայց մի օր հանդիպեցի շատ լավ մասնագետի, որն ինձ «իրականություն վերադարձրեց»՝ ասելով՝ «Եթե երբեւէ որեւէ մասնագետ քեզ ասի, որ Շառլը երեք ամսից կամ մեկ տարուց հաստատ խոսելու է, փախի՛ր նրա մոտից»։ Այս նախադասությունը ցավոտ էր, բայց շատ օգտակար, որովհետեւ, ի վերջո, թույլ տվեց, որ ձեւավորեմ իրատեսական ակնկալիքներ ու չապրեմ պատրանքներով։

Լուսանկարը` Մեդիամաքս


Սկսեցինք տարբեր թերապիաներ, որոնք աուտիզմի դեպքում շատ օգտակար են։ Շառլի մոտ հիանալի ստացվում էր ամեն ինչ՝ լող, ձիավարություն։ Հետո դպրոցն էր։ Սկսեց հաճախել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, որտեղ կան տարբեր հարակից առարկաներ։ Այստեղ էլ բացահայտվեց խոհարարության տաղանդը։ Այսօր Շառլը գրում է, կարդում, բավականին ուժեղ է մաթեմատիկայից, բայց, ցավոք, չի խոսում։ Կամ, ինչպես շատերն ու ես ինքս եմ ինձ ուղղում, խոսում է գույներով եւ իր նկարներով (ժպտում է – հեղ.)։

«Գույներից ու պատկերներից կարելի է հասկանալ՝ Շառլն ինչ տրամադրություն ունի»

Գրեթե միշտ, երբ որեւէ տեղից տուն էինք վերադառնում, Շառլն անմիջապես վերցնում էր գրիչը եւ սկսում նկարել։ Առաջին նկարներից մեկը Փոքրիկ Իշխանն էր։ Կարդում էի գիրքն իր համար, իսկ նա թղթին էր փոխանցում իր երեւակայության ստեղծած Փոքրիկ Իշխանին։ Հետո հերթը գունավոր մատիտներինն էր, որոնք այդքան էլ չսիրեց, իսկ ջրաներկով սկսեց պարզապես ապրել։ Ներկի մեջ թաթախում էր ձեռքերը, նկարում պատերին։ 

Լուսանկարը` Մեդիամաքս


Թողնում էի, որ անի այն, ինչ իրեն դրական էմոցիա է պարգեւում, վայելի գույներն ու զգացողությունները։ Նկատել եմ, որ առանձնահատուկ շատ սիրում է փիրուզագույնը, նարնջագույնը, բայց երբեք չի կենտրոնանում մեկ գույնի վրա։ Միշտ խառնում է ներկերը, ստանում իր գույնը եւ փոխանցում կտավին։

Մի յուրահատուկ նկար ունի, որ ստեղծել է հենց այդ շրջանում։ Ջրաներկը հաճախ հոսում էր կտավով, եւ մասնագետը խորհուրդ էր տվել պարզապես անձեռոցիկով մաքրել ավելորդ ներկը։ Մի օր Շառլն այդպես էլ արեց, բայց տեսնելով՝ ինչ հետաքրքիր պատկեր է ստացվում, երբ անձեռոցիկը մնում է կտավին կպած, սկսեց այն ներկել, ավելացնել նոր գույներ ու նոր անձեռոցիկներ։ 
Շառլ Սահակյանի ցուցահանդեսից Շառլ Սահակյանի ցուցահանդեսից

Լուսանկարը` անձնական արխիվից


Ավելի ուշ, Շառլի ցուցահանդեսներից մեկի ժամանակ Նկարիչների միության ներկայացուցիչներն ասացին, որ սա ժամանակակից արվեստի շատ հետաքրքիր նմուշ է եւ պետք է տեղափոխվի Ժամանակակից արվեստի թանգարան։ Բայց խնդրեցինք՝ մի քիչ էլ մեծանա, հետո (ժպտում է – հեղ.)։

Գույներով եւ պատկերներով Շառլը փոխանցում է իր էմոցիաները։ Նկարին նայելիս միանգամից կարելի է հասկանալ՝ ինչ տրամադրություն ունի։

«Երազում էի, որ մարդիկ ճանաչեն Շառլին, ինչպես ես»

Երեք տարեկանից Շառլը հաճախում էր արտթերապիայի։ Նկարները գնալով կատարելագործվում էին եւ շատանում։ Որպես մայր՝ բոլորն էլ սիրում էի, ինձ համար դրանք շքեղ էին, բայց կարեւոր էի համարում լսել նաեւ մասնագետներին։ Շառլի ութերորդ տարեդարձի առիթով որոշեցինք կազմակերպել նրա առաջին ցուցահանդեսը։ 
Շառլ Սահակյանի ցուցահանդեսից Շառլ Սահակյանի ցուցահանդեսից

Լուսանկարը` անձնական արխիվից


Հրավիրեցինք նաեւ ուսուցիչներին, դասընկերներին, ծնողներին, որպեսզի նրանք Շառլին բացահայտեն նոր տեսանկյունից, ճանաչեն այնպես, ինչպես մենք։ Մարդիկ նայում էին, հիանում, փորձում գտնել տարբեր պատկերներ եւ հերթով բացականչում՝ «Շա՛ռլ, ինչքա՜ն տաղանդավոր ես»։ Իմ երազանքն էր, որ մարդիկ տեսնեն, ճանաչեն այն Շառլին, որին ես էի տեսնում։ Այն իրականացավ։ 

«Շառլ» ապրանքանիշի ստեղծումը

Առաջին ցուցահանդեսից հետո Շառլի ձեռագիրը փոխվեց, հասունացավ։ 

Պատկերները դարձան ավելի հետաքրքիր, գույներն՝ ավելի վառ։ Նա մասնակցում էր տարբեր մրցույթների ու փառատոնների։ 2020թ.-ին նախատեսում էինք կազմակերպել երկրորդ անհատական ցուցահանդեսը, բայց հայտնի պատճառներով այն չկայացավ։ Երկրորդ ցուցահանդեսը եղավ 2021թ.-ին՝ Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում, երբ Շառլի կտավների թիվն արդեն մոտենում էր 400-ի։
Նանե Գեւորգյանը «Շառլ»-ի շարֆերից մեկով Նանե Գեւորգյանը «Շառլ»-ի շարֆերից մեկով

Լուսանկարը` «Շառլ»


Այդ շրջանում միտք եղավ, որ նկարները կարող են ապրել ոչ միայն կտավի, այլեւ, օրինակ, շարֆերի վրա։ Համագործակցության առաջարկով դիմեցի մի քանի արտադրողի, բայց ստացա միայն մերժումներ։ Դրանց համար հիմա ինչ-որ առումով շնորհակալ եմ, որովհետեւ սա ուժ տվեց, որ ավելի լայն մտածեմ՝ ստեղծելով սեփականը։ Երկրորդ ցուցահանդեսին ընդառաջ նրա 100 կտավով տպագրեցի 100 շարֆ։ Կասկածներն ու վախերը շատ էին, բայց երբ դրանք սպառվեցին ցուցահանդեսի մեկնարկից ընդամենը 20 րոպե անց, հասկացա՝ ճիշտ ճանապարհին ենք։ Սա դարձավ «Շառլ» ապրանքանիշի ստեղծման առաջին քայլը։ 

Լուսանկարը` «Շառլ»


Այսօր արդեն «Շառլ»-ի տեսականին ներառում է տարբեր չափսի շարֆեր, դեկորատիվ բարձեր, թեւնոցներ, վզնոցներ, սփռոցներ, անձեռոցիկներ, թաշկինակներ։ Դրանք ներկայացված են Հայաստանի մի քանի խանութում, իսկ հիմնական վաճառքն իրականացվում է սոցիալական ցանցերի միջոցով։ Փոքր քանակով վաճառք կա նաեւ Հունաստանում, Ֆրանսիայում եւ Ռուսաստանում։

Լուսանկարը` անձնական արխիվից


«Շառլ» ապրանքանիշի վաճառքից գոյացող գումարն ուղղվում է առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաների համար իրականացվող ծրագրերին՝ հիմնականում ադապտիվ սպորտի զարգացմանը։ Ֆիզիկական ակտիվությունը չափազանց կարեւոր է այս երեխաների համար։

«Լսել, ճանաչել, ընդունել եւ սիրել»

Մարդիկ հաճախ տեսնում են դիմացինի կյանքի միայն գունավոր կողմը, բայց իմ, մեր ճանապարհը շատ բարդ էր։ Երբեմն ինքս եմ զարմանում՝ որտեղից եմ ուժ գտնում առաջ գնալու։ 
Շառլը եւ արտթերապեւտ Արմինե Առաքելյանը Շառլը եւ արտթերապեւտ Արմինե Առաքելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Վերջերս Շառլի հետ արժանացել ենք «Մեր ժամանակների հերոս» մրցանակին, եւ այն ստանալիս այնքան հուզված էի, որ գրեթե ոչինչ չասացի։ Բայց շատ էի ուզում խնդրել՝ այս երեխաներին վերաբերվեք սովորական ձեւով, զննող հայացքով մի՛ նայեք նրանց սրճարաններում, մի՛ քննադատեք, երբ ինչ-որ գործողություն ձեր ակնկալածից ավելի դանդաղ են անում։ Նրանք երեխաներ են, սովորական երեխաներ իրենց համար շատ անսովոր այս աշխարհում։ Նրանք կարող են շատ ավելին, եթե պարզապես հնարավորություն ստանան։ 

Ես երկար ժամանակ պատրաստ էի տալ ամեն ինչ, միայն թե Շառլը «փոխվի», մինչեւ հասկացա՝ նրան պետք է պարզապես լսել, ճանաչել եւ ընդունել այնպիսին, ինչպիսին կա։ Սա կարող է շատ բարդ լինել, բայց պարտադիր է։ 

Իսկ իմ Շառլը շատ քաղցրակեր է (ժպտում է – հեղ.), իրական գուրմանի նման գիտի՝ որ սրճարանում են մատուցում Երեւանի ամենահամեղ տիրամիսուն։ Սիրում է լողն այն աստիճան, որ ծովից նրան հանելն իրական մարտահրավեր է եւ դե ինչպե՞ս առանց խորոված։

Լուսանկարը` Մեդիամաքս


Մի զրույց կա, որից տասը տարի է անցել, բայց միշտ հիշում եմ։ Արտերկրում հերթական մասնագետի մոտ հերթում ինձ մոտեցավ մի հայրիկ ու հարցրեց՝ ինչո՞ւ եմ հուզված։ Ոչինչ չկարողացա պատասխանել, թվում էր՝ պատճառը պարզ է. ես այստեղ եմ, այս խնդրով։ Բայց նա հանդարտ նայեց ինձ ու ասաց. «Ես հինգ երեխա ունեմ։ Նրանցից մեկը շատ լավ երգում է, մյուսն՝ ուժեղ է մաթեմատիկայից, երրորդն աուտիզմ ունի, իսկ չորրորդն էլ կատարյալ պարուհի է։ Ո՞վ է ձեզ ասել, որ այս աշխարհում բոլոր երեխաները պետք է միանման լինեն։ Նրանք տարբեր են եւ մենք նրանց սիրում ենք հենց այդպիսին»։ Այս խոսքերն ինձ ուժ են տալիս առ այսօր։ Պետք է ճանաչել նրանց, ընդունել ու այս կյանքն ապրել սիրով։ 

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի եւ «Շառլ» ապրանքանիշի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին