Armenian Folk in Motion. ավանդական պարերի վերածնունդը սփյուռքում - Mediamax.am

Դեկտեմբեր 28, 2025
exclusive
278 դիտում

Armenian Folk in Motion. ավանդական պարերի վերածնունդը սփյուռքում


Լուսանկարը` Armenian Folk in Motion

Լուսանկարը` Armenian Folk in Motion

Լուսանկարը` Armenian Folk in Motion

Լուսանկարը` Armenian Folk in Motion

Լուսանկարը` Armenian Folk in Motion


Վերջերս Մյունխենում տեղի ունեցավ Armenian Folk in Motion նախաձեռնության չորրորդ համաեվրոպական հավաքը՝ A Tribute to Resistance խորագրով։ 

Նախաձեռնությունը գործում է մոտ երկու տարի եւ արդեն մեծ հետաքրքրություն է առաջացրել եվրոպաբնակ հայերի, հատկապես երիտասարդության շրջանում՝ վերակենդանացնելով երկար ժամանակ սփյուռքի մշակութային կյանքից բացակա ավանդական պարերը եւ վերադարձնելով դրանք կիրառական դաշտ՝ որպես ինքնության կենսական բաղադրիչ։

Ինչպե՞ս սկսվեց

Armenian Folk in Motion-ը համատեղ ջանքերի արդյունք է։ Գաղափարն առաջացել է ժնեւաբնակ ճարտարապետ Լեռնա Պաղջեանի մոտ, ով հայկական խորեոգրաֆիկ պարերին ծանոթ է դեռ 3 տարեկանից՝ Ժնեւի հայկական դպրոցում դասերի հաճախելով։ Բայց միայն 17 տարեկանում, Երեւանում եղած ժամանակ, հասկացել է տարբերությունը ավանդական պարերի եւ իր սովորած, այսպես կոչված «հայկական բալետի» միջեւ, որը տարածված է սփյուռքում։ Լեռնային առաջարկել էին դիտել «Կարին» խմբի ելույթների ձայնագրությունը՝ ասելով, որ ազգային պարերի լավագույն խումբն է։ 

«Միացրեցի DVD-ն, տեսա, թե ինչպես էն պարողները հինգ րոպե կրկնում նույն շարժումները եւ չհասկացա․ ակնկալում էի շոու տեսնել։ Նույն օրը երեկոյան ընթրեցինք խմբի անդամների հետ։ Նրանք նոր էին վերադարձել Դիարբեքիրից, որտեղ փառատոնի էին մասնակցում։ Գագիկ Գինոսյանն ու իր խմբի անդամները սկսեցին պարել։ Ինձ նույնպես առաջարկեցին միանալ։ Ոչ մի կերպ չէր ստացվում հետեւել նրանց պարաքայլերին. կարծես միանգամայն այլ բան էին պարում։ Այդ պահից սկսած էլ սկսեցի ուսումնասիրել, ու մտածեցի, որ անհրաժեշտ է սփյուռքում ինչ-որ բան փոխել։ Չնայած որոշ խմբեր արդեն իսկ գիտեին այս պարերը, սակայն մասշտաբները շատ սահմանափակ էին», - պատմում է Լեռնան: 

Պարագետ, բանահավաք Գագիկ Գինոսյանի կողմից ստեղծված «Կարին» խումբը ավելի քան 20 տարի զբաղվում է ավանդական պարերի հանրայնացմամբ՝ ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը «Մեր պարերը եւ մենք» խորագրով ազգային պարերի բաց դասեր անցկացնելով Կասկադում կամ «Նարեկացի» արվեստի միությունում։ Գործում է նաեւ «Կարին» գիտական կենտրոնը, որի նպատակը հայ պարագիտության վերածնունդն է՝ պարերի ծագումնաբանության, պատմության ուսումնասիրությամբ։ Այս տարիների ընթացքում շատերի մոտ են փոխվել պատկերացումները հայկական պարերի մասին՝ դրանք բեմից տեղափոխելով առօրյա։ 

Լուսանկարը` Armenian Folk in Motion


Գագիկ Գինոսյանը երկար տարիներ բանահավաքությամբ է զբաղվել՝ այցելելով բնակավայրեր, ուսումնասիրելով, գրառելով տարբեր գավառների պարերը (Հայաստան, Ջավախք, Ախալցխա, Արցախ, Արեւմտյան Հայաստանի այն հատվածները, որտեղ ծպտյալ հայեր կան, Բեյրութ, Պարսկահայք եւ այլն)։ Նրա բնորոշմամբ՝ «սովետական տարիներին հայկական պարը մտցվեց խորեոգրաֆիկ կաղապարների մեջ»։ Գինոսյանի աշխատանքի նպատակն էր գտնել ու մոռացությունից փրկել օրիգինալ պարերը, որ ստեղծվել էին ոգեշնչվելով առօրյա կյանքից, կատարվել էին հենց առօրյայում (օրինակ՝ Վանա ձկնորսը, տարատեսակ ռազմապարերը, ծիսական պարերը), իսկ այնուհետեւ դրանք կրկին վերադարձնել առօրյա՝ այս անգամ արդեն ժամանակակից մարդկանց առօրյա։ 

«Հետո, երբ Հայաստանում վեց ամիս պրակտիկա էի անցնում, սկսեցի ավանդական պարի դասերի հաճախել, - շարունակում է պատմել Լեռնան։ - Ուսուցիչն ասաց․ «Լավ է, արագ ես սովորում, բայց պիտի մոռանաս այն ամենը, ինչ մինչեւ հիմա սովորել ես»։ Հասկացա, որ մոտեցումը արմատապես տարբերվում է մինչ այդ իմ սովորածից․ ոչ թե արտիստիկ ներկայացում ստեղծել, որի նպատակը հանդիսատեսին էմոցիաներ փոխանցելն է, այլ ինքդ քեզ համար ապրել այդ էմոցիաները՝ խմբի միասնական էներգիայի միջոցով»։ 

Հենց այս մոտեցումն էր անհրաժեշտ ներկայացնել սփյուռքում՝ ոչ թե հանդիսատես - արտիստ ֆորմատով, այլ նախ եւ առաջ սովորելու եւ փոխանցելու միջավայր։

Կարեւորագույն կետերից է ոչ միայն սովորել շարժումները, այլեւ իմանալ տվյալ պարի ծագումը, պատմությունը, ամեն շարժումի նշանակությունը․ դա օգնում է նորովի ընկալել մշակութային ժառանգությունը: 

Ինչպե՞ս իրականացվեց

Բրյուսելում գործող ավանդական պարի մի խմբի հետ նախնական կապ հաստատելուց հետո նախաձեռնությունը որոշ ժամանակ դադար ունեցավ, ապա նոր թափ ստացավ 2023 թ․ հոկտեմբերին՝ Գորիսում Սիփանա Չաքերյանի հետ հանդիպումից հետո՝ Արցախի հայերի բռնի տեղահանության համատեքստում։ 

Նրանցից մեկը հնագետ, մյուսը՝ ճարտարապետ, երկուսն էլ նյութական եւ ոչ նյութական ժառանգության նկատմամբ զգայուն եւ այս պարերին քաջածանոթ, մշակութային փոխանցումը դիտարկեցին որպես ճգնաժամին արձագանքելու կենսական միջոց՝ իրենց հնարավորությունների սահմաններում գործելու ձեւ։

«Ազգային ճգնաժամի կոնտեքստում ինքնաճանաչումը, մեր պատմության ու ավանդույթների ճանաչողությունը առաջին քայլն է դեպի միասնություն եւ ապագայի ապահովագրում», - բացատրում է Լեռնան։

Լուսանկարը` Armenian Folk in Motion


Առաջին հավաքը տեղի ունեցավ Փարիզում՝ 2024 թ․ մարտի 24-ին, 80 մասնակցով (Ֆրանսիայից, Բելգիայից եւ Շվեյցարիայից)։ Երկրորդը Բրյուսելում էր՝ 2024 թ․ դեկտեմբերի 8-ին, 130 մասնակցով (եւս երեք երկիր միացավ՝ Գերմանիա, Հոլանդիա, Լյուքսեմբուրգ)։ Երրորդը Ժնեւում էր՝ 2025 թ․ մայիսի 4-ին, 240 մասնակցով (եւս մեկ երկիր՝ Իսպանիա, ինչպես նաեւ նոր քաղաքներ Ֆրանսիայից ու Շվեյցարիայից)։ Չորրորդ հավաքը Մյունխենում էր՝ 2025 թ․ նոյեմբերի 8-ից 9-ը, 350 մասնակցով, արդեն՝ 12 եվրոպական երկրներից։ 

Մյունխենի հավաքի ընթացքում շեշտը դրվել էր ռազմապարերի վրա՝ հաշվի առնելով ընտրված ամսաթիվը։ Հյուրընկալ կողմը Մյունխենի «Խոյակ» խումբն էր՝ ի դեմս հիմնադիր Անի Ազնաուրյանի, ով Հայաստանում եղել է «Այբ» դպրոցի կինետոգրաֆիայի ծրագրի անդամ։ Կինետոգրաֆիան պարաքայլերի գրառման մեթոդն է, որի հայկական տարբերակը կոչվում է կաքավագիր եւ ստեղծվել է 1940 թ. ազգագրագետ, արվեստաբան Սրբուհի Լիսիցյանի կողմից։ 

Բոլոր հավաքների ծրագիրը նույն կառուցվածքն ունի։ Այն միշտ ընդգրկում է տեսական հատված եւ գործնական՝ դասախոսություններ եւ բաց դաս։ Նաեւ ընթրիք է լինում՝ հյուրընկալ երկրի ու հայկական մոտիվներով։ Այս անգամ Հայաստանից հրավիրվել էր «Կարին» գիտական կենտրոնի ղեկավար, հետազոտող եւ ուսուցիչ Գարեգին Մասուրյանը։ Դասախոսություններ եղան «Ավանդական պարերի հետազոտությունը մեր օրերում», «Պարի դերն ու ազդեցությունը ռազմական կրթության մեջ» թեմաներով։ 

Լուսանկարը` Armenian Folk in Motion


Կազմակերպչական թիմը կազմված է տարբեր քաղաքների հինգ խմբերի ներկայացուցիչներից․

Ֆրանսիա՝ Avand (Փարիզ)՝ Մելինե Ասատրյան, Անի Ոսկանյան
Բելգիա՝  Nemrut (Մխելեն)՝ Լիանա Յաղունյան, Gandzak (Բրյուսել)՝ Տիգրան Ֆահրադյան, Արգիշտի Դաշյան 
Շվեյցարիա՝ Gamar (Ժնեւ)՝ Լեռնա Պաղջեան
Գերմանիա՝ Khoyak (Մյունխեն)՝ Անի Ազնաուրյան

Կազմակերչական առումով գլխավոր մարտահրավերներից է որակի ու քանակի միջեւ հավասարակշռությունը պահելը։ Կարեւոր է, որ մասնակիցները գիտակցեն, որ սա ոչ միայն շփվելու ու լավ ժամանակ անցկացնելու առիթ է, այլ նախ եւ առաջ՝ ինքնաճանաչման, մշակութային ժառանգության փոխանցման։ «Երգել ու պարել հաճույքի համար լավ է, բայց է՛լ ավելի լավ է դա անել՝ գիտակցելով, որ վերակենդանացնում ենք դարեր շարունակ կիրառվող ավանդույթները այն տարածքներում, որտեղից մեզ վտարել են», - ասում է Լեռնան։ 

Ինչպե՞ս կշարունակվի

Աճող հետաքրքրությունը կազմակերպիչների համար եւ՛ ոգեւորիչ է, եւ՛ պարտավորեցնող։ Ծավալների մեծացմանը զուգընթաց բազմաթիվ հարցեր են առաջանում։ Դրանք քննարկվում են տարբեր հետազոտողների հետ, որպեսզի կարողանան մշակութային ժառանգությունը լավագույնս փոխանցել ժամանակակից կոնտեքստում եւ բազմաշերտ սփյուռքում։ Մյունխենում կիրակի օրվա բաց դասին ներկաների 50%-ը որեւէ խմբի անդամ չէին, պարզապես տեղեկացել եւ հետաքրքրվել էին։ Մասնակիցների բազմազանությունը շատ լավ է, բայց դրդում է հաճախ վերանայել, թե ով է գլխավոր թիրախը։ 

Մասնակիցները բազմազան կենսափորձերով են՝ եւ՛ Եվրոպայում վաղուց հաստատված դասական սփյուռքի ներկայացուցիչները, եւ՛ Հայաստանից վերջին տարիներին տեղափոխվածները։ Ձեւավորվում է եւս մեկ կատեգորիա՝ Armenians by Choice (ABC), որոնք ոչ մի հայկական արմատ չունեն, բայց խորապես հետաքրքրված են մեր մշակույթով։ 

Ոմանք հայերենին չեն տիրապետում, այդ պատճառով կարեւոր տեղեկությունները հասանելի են նաեւ անգլերեն լեզվով։ Հավաքների ժամանակ կարելի է լսել արեւմտահայերեն, արեւելահայերեն, անգլերեն, ֆրանսերեն: Այնուամենայնիվ, կազմակերպիչները այն կարծիքին են, որ հավաքները պետք է հնարավորինս ծառայեն նաեւ հայերենի պահպանմանը։

Նախաձեռնությունը ներառում է ոչ միայն հավաքների կազմակերպումը, այլեւ ցանցի ստեղծում՝ մշտապես կապի մեջ լինելով Եվրոպայում, ինչպես նաեւ Հայաստանում գործունեություն ծավալող տարբեր խմբերի, հետազոտողների հետ։ Նաեւ ցանկանում են նպաստել նոր խմբերի ստեղծմանը, նոր կամուրջներ ստեղծել սփյուռքի ու Հայաստանի միջեւ։

Լուսանկարը` Armenian Folk in Motion


2026 թվականին մտադիր են կենտրոնանալ ուսուցիչների համար նախատեսված թեմատիկ սեմինարներ կազմակերպելու վրա, ինչպես նաեւ ավելի փոքր մասշտաբի հավաքների, որպեսզի շեշտը դրվի որակի վրա, եւ, իհարկե, մեծ հավաքի կազմակերպման վրա։ Նախատեսվում է զարգացնել համագործակցությունները Հայաստանում գործող հետազոտողների հետ, որպեսզի նրանց աշխատանքի արդյունքները ներկայացվեն միջազգային ասպարեզում։ 

Կենդանի պահելով պարերի կենսաշրջանը

Շարժումը կենսունակության ապացույցն է, հատկապես երբ ամեն շարժումի ետեւում կա փիլիսոփայություն։ Օրինակ՝ թռիչքները հայկական պարերում խորհրդանշում են մարմնի միջոցով հոգին դեպի աստվածայինը տանելու գաղափարը, իսկ ոտքով հարվածները գետնին ունեն «չարխափան»՝ չարին չեզոքացնող նշանակություն։ Մարդը, ապրելով երկնքի ու երկրի՝ Աստծո ու սատանայի միջեւ, շարունակական երկընտրանքի առաջ է։ Այս պարզ շարժումները ցույց են տալիս այդ ընտրությունը։

Երբ մարդկանց բազմությունը միաժամանակ կատարում է միեւնույն շարժումները, հնարավոր է դառնում զգալ միասնականության էներգիան՝ դարերի փորձությունն անցած պարերի միջոցով։ 

Պարի կենսաշրջանն ունի չորս փուլեր, որոնց անխափան աշխատանքն ապահովում է կենսապտույտի շարունակականությունը.

1.    Պարի գրառում ժողովրդից
2.    Վերլուծություն եւ հրապարակում
3.    Բեմականացում եւ բեմական կատարում
4.    Իմաստավորված եւ կատարելագործված պարի վերադարձ ժողովրդին

Սփյուռքին եւս այս կենսապտույտի մեջ ներառելն էլ Armenian Folk in Motion նախաձեռնության առաքելությունն է։

20-րդ դարի մեծագույն հայ մտածողներից Կոստան Զարյանն այս թեմայով գրում է.
 
«Ցեղը գերազանցապես ռիթմ է: Մեր մարմնի բնազդական շարժումների մեջ գոյություն ունեն անմիջական կապակցություններ, որոնց շարունակականությունը կազմում, գոյացնում է ռիթմը եւ մեր հոգեկան կյանքի ձեւահայտնությունը: Ռիթմն է, որ գոյացման վիճակի է հասցնում ոգին, ուղղություն տալիս նրան, շեշտավորում, ներդաշնակում եւ մանավանդ պահում է այն տեւականը, այն անմիջականը եւ այն ինքնուրույնը, որ կազմում են մարդու կամ ցեղի հոգեկան դիմագիծը: Եվ երբ պատահում է, պարագաների բերումով, որ ցեղը կամ ժողովուրդը կորցնում է, մոռանում է իր կշռույթային ինքնուրույնությունը,- նա դառնում է խառնածին քանակ, բոլոր հոսանքներն ընդունող եւ ոչ մի հոսանքին պատկանող, բոլոր պարերը պարող, բայց հոգեպես մերկ եւ մշտնջենապես անպար:

Ամեն անգամ, երբ մարդ կորցնում է անհատական խորությունը, մտնում է դրսից եկող հոսանքի մեջ, թողնում ինքն իրեն, որ ապրի, ընդունում է առանց դիմադրության պարտադրած լինելիության ձեւը եւ կերպը, հարմարվում, կապիկ դառնում. ստեղծվում է քաոս: Մանավանդ, երբ այդ պատահում է ժողովուրդների հետ: Քաոսի քանդիչ բնույթը հենց դրանումն է կայանում, – նա իմը չի, նա ես չեմ, ուստի անկարող եմ նրան ենթարկել իմ ստեղծագործական կամքին: Քաոսը վերջ է գտնում, երբ ժողովուրդը հիանալի ճիգով վերադառնում է իր պարին: Դառնում է ինչպես մանուկ, վերադառնում է իր ռիթմը»:

Էլիզա Սարգսյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին