Գեղեցկությունը սկսվում է ցավից. բալետի անտեսանելի կողմը - Mediamax.am

Դեկտեմբեր 14, 2025
exclusive
127 դիտում

Գեղեցկությունը սկսվում է ցավից. բալետի անտեսանելի կողմը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Տաթեւիկ Բոլշիկյանը
Տաթեւիկ Բոլշիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Սյուզաննա Փիրումյանը
Սյուզաննա Փիրումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սյուզաննա Փիրումյանը
Սյուզաննա Փիրումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սյուզաննա Փիրումյանը
Սյուզաննա Փիրումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Սյուզաննա Փիրումյանը
Սյուզաննա Փիրումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ասում են՝ բալետը գեղեցկություն է, թեթեւություն, շարժում։ Բայց եթե ուզում ես իսկապես հասկանալ այն, բեմին մի նայիր։ Խոնարհվիր ու ականջդ դիր հատակին. այնտեղ է իրական ռիթմը՝ պուանտներում խեղդված կապտուկների շունչը, ճաքած եղունգների ճտոցը, մկանների դիմադրող ճմլոցը։ Գեղեցկությունն ապահովում է լուռ մեխանիզմ, որը միայն փայտե հատակը գիտի։

Լուսանկարը` Մեդիամաքս


Բեմը չի ստում. ամեն երեկո հիշեցնում է՝ թեթեւությունը կառուցվում է ծանրությամբ։ Ցավի ու գեղեցկության սահմանին է սկսվում պարուհու իրական պատմությունը։
Բալետի դպրոցում առաջինն երաժշտությունը չէ, որ լսվում է, այլ ոսկորների կարճ, չոր ճտոցը, երբ տասներկու փոքրիկ աղջնակ փորձում է որքան հնարավոր է ձգել մարմինը։ Երեխան կանգնում է հինգերորդ դիրքում, եւ հոդերն անմիջապես ասում են՝ «սա խաղ չէ»։

Իրական բալետը սկսվում է այն պահին, երբ ինը տարեկան աղջիկը լուռ սրբում է արցունքները, որովհետեւ ափերի ցավն ուժեղ է, իսկ ուսուցչի հայացքն՝ խոսուն։ Երբ դեռահաս պարուհիներն իրար փոխանցում են ցավազրկող քսուքներ այնպես, ինչպես մյուսները՝ օրագրի գաղտնիքները։ Իսկ ցավազրկող հաբերը վաղուց «կոնֆետ» են դարձել։

Լուսանկարը` Մեդիամաքս


Բալետի մասին գրելն էլ մի քիչ անարդար է. խոսում ես երազանքի մասին, բայց պատմում՝ ցավի։ Գրում ես փետուրների մասին, բայց խոսում՝ կոշտացած մաշկից։

Սկզբում բալետը գայթակղում է՝ համոզելով տասը տարեկան աղջկան, որ իր աշխարհը նույնքան սպիտակ է, որքան կարապի փետուրները։ Բայց գալիս է օրը, բացվում է իրականությունը։

Լուսանկարը` Մեդիամաքս


Պարի ստուդիայի դռները բացվում են, ներսից լսվում են ապագա պարուհիների ձայները։ Երեխաների խոսակցությունները հիշեցնում են շարժման մեջ կորած երաժշտություն՝ անկանոն, բայց մի ընդհանուր ռիթմով։

- Ինչի՞ համար եք եկել պարելու։

Փոքրիկ աղջիկն աչքերը փայլեցնելով ասում է․

- Սիրում եմ պարել։ Տանն էլ եմ պարում։

Լուսանկարը` Մեդիամաքս


Ուսուցչուհին ժպտում է՝ չկասկածելով, որ հիմա իրար վրա են թափվելու տասներկու տարբեր պատճառներ՝ բոլորն էլ միաժամանակ լուրջ ու մանկական։

- Իսկ ինչո՞ւ ես ուզում բալետի պարուհի դառնալ։

- Շորերը։

Բոլորը գլխով անում են. այո՛, նախ փայլուն շորերն են, փետուրների շարժումն ու պարզ, անմեղ հմայքը։

Լուսանկարը` Մեդիամաքս


Ուսուցչուհին փորձում է խորացնել հարցը․

- Իսկ բալետի պարերն ինչպիսի՞ն են։

- «Կարապի լիճն» է շատ սիրուն, այնպես է, կարծես մարդիկ չեն կարող անել, պետք է մի քիչ… կիսամարդ լինել։


Հետո հարցը ավելի անձնական է դառնում․

 - Երբ պարում ես, ի՞նչ ես զգում։

 - Երջանիկ եմ։

Յուրաքանչյուրն իր փոքրիկ պատճառն ունի բալետի երազանքի համար։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Բա ոտքերը ցավու՞մ են։

- Ես ոչինչ չեմ զգում… Միայն կհոգնեմ, եթե երկու կամ երեք անգամ անենք։

- Ես՝ հինգից հետո։

- Չորս... կամ երեք։

Չորրորդն ավելացնում է չափազանց մանկական անկեղծությամբ․

- Եթե տասն անգամ անենք, չեմ դիմանա։

Լուսանկարը` Մեդիամաքս


Պատմում են, թե նախորդ դասին որքան էին կրկնել անցումը ու ինչպես էին հետո քայլելիս ոտքերը «փլվում»։ 

Ուսուցչուհին նրանց վերադարձնում է դասի իրականություն.

- Առաջին երկու տարին պետք է պարզապես քայլել ու «ստանոկի» մոտ կանգնել սովորել։ Հետո պուանտները հագնել, հիմա շուտ է։

- Չէ՛ դժվար չէ, -  միաձայն գոռում են։

Մի աղջիկ, բոլորից համարձակ․

- Ինձ համար դժվար է, երբ ոտքս բարձրացնում եմ, ցավում է։

Ուսուցչուհին նայում է․

- Պետք է սովորել։ Պետք է մարմինը սովորի։

Լուսանկարը` Մեդիամաքս


Յուրաքանչյուրը փորձում է ցույց տալ, թե ինչ կարող է՝ ով է արագ վեր կենում, ով է բարդ դիրք ցույց տալիս։ Նրանց համար բալետը դեռ խաղ է՝ երբեմն ցավոտ, բայց միշտ վառ ու ուրախ։ Այդ անկեղծ պահերի մեջ է երեւում ճշմարտությունը, որը տարիներ անց դառնում է բալետի գլխավոր դասը. գեղեցկությունը սկսվում է ցավից, իսկ երեխաներն այդ ցավին դեռ անվանում են «ուրախություն»։
Դասարանի փոքրիկները չեն գիտակցում, որ իրենց երազանքի բալետի պարուհին արդեն գոյություն ունի՝ մեծացել է, անցել նույն ճանապարհով։ 

Լուսանկարը` Մեդիամաքս


Մի քանի ժամից Տաթեւիկ Բոլշիկյանը դուրս է գալու «Մարդուկ-Ջարդուկի» այս տարվա առաջին ներկայացմանը։ Իսկ առավոտյան նա բոլորովին այլ բեմում էր՝ պարարվեստի քոլեջում՝ որպես ուսուցիչ փոխարինում էր գործընկերուհուն։
Տաթեւիկ Բոլշիկյանը Տաթեւիկ Բոլշիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Տաթեւիկի օրը բաժանվում է երեք մասի՝ ուսուցում, փորձ, ներկայացում։ Բայց նա այդ մասին այնքան հանգիստ է պատմում, որ ակամա հասկանում ես՝ սա ծանրություն չէ, այլ նրա բնական ռիթմը։ Եվ հենց այս անցման մեջ պարզ է դառնում՝ եթե երեխաների համար բալետը հեքիաթ է, Տաթեւիկի համար այն կյանք է դարձել։ Հեքիաթը չի խամրել, պարզապես հասունացել է՝ վերածվելով հմտության, կարգապահության ու անթաքույց գեղեցկության։

Լուսանկարը` Մեդիամաքս


Այդ գեղեցկությունը չի ծնվում միայն համառությունից կամ ցավից, այլ պահերից, երբ բեմի վրա ամեն ինչ հոսում է թեթեւ, գրեթե եթերային՝ ինչպես այն զգացողությունը, որի մասին աղջիկները խոսում էին սրահում։

Լուսանկարը` Մեդիամաքս


Տաթեւիկը ժպտում է.

«Այսօր մեր ամենաբարդ օրերից է, բայց նաեւ՝ ամենահաճելիներից, քանի դեռ կարողանում ենք»։

Այդ խոսքերում հոգնածություն չկա։ Կա միայն գիտակցություն, որ բալետի կյանքը կարճ է, եւ ամեն օրը արժեք ունի։

Լուսանկարը` Մեդիամաքս


Տաթեւիկի առաջին մենապարը 17 տարեկանում էր՝ «Դոն Կիխոտում»։ Փորձառու պարուհին չէր կարողացել բեմ դուրս գալ՝ վստահել էին նոր ընդունված Տաթեւիկին։

«Մեկ օր ունեի։ Բախտս բերեց, որ հերթականությունը գիտեի. ընկերուհուս հետ միշտ երազել էինք այդ դերը պարել, ուսումնասիրել էինք, միասին սովորել։ Հենց այդպես էլ ստացվեց՝ առաջին մենապարս պարեցի ու հասկացա՝ սա արդեն ուրիշ մակարդակ է», - պատմում է Տաթեւիկ Բոլշիկյանը։

Լուսանկարը` Մեդիամաքս


Այդ ուղին շարունակեցին «Շոպենիանա»-ն, 11-րդ վալսը, եւ հետո առաջատար դերը։ «Էգիանան այնքան բազմաշերտ է, որ միշտ նոր բան կա նրա մեջ։ Այդ դերը դեռ ավարտված չէ ինձ համար», - անկեղծանում է Տաթեւիկը։

Լուսանկարը` Մեդիամաքս



Առաջատար մենակատար դառնալու առաջին ներկայացումը Տաթեւիկը հիշում է ոչ միայն զգացմունքներով, այլեւ՝ ցավով։

«Ներկայացման ընթացքում ոտքս ոլորեցի։ Վերջում այնքան էր ուռել, որ կոշիկներս չէի կարողանում հագնել։ Մոտ մեկ ամիս գրեթե ոչինչ չէի անում»։

Բայց բալետում մեկ ամիսը շքեղություն չէ. ռիսկ է հետ մնալու։ Տաթեւիկը վերադարձավ՝ նույն դերին, արդեն ավելի ազատ ու վստահ։

Լուսանկարը` Մեդիամաքս


Եթե պարուհու կյանքը բաժանես փուլերի, առաջին դժվարությունը մանկության մոնոտոն ռեժիմն է. «Տասը տարեկան ես, ուզում ես ամեն օր նոր բան, բայց տարիներով նույն վարժություններն ես անում։ Շատերը հենց այստեղ են կոտրվում», - արձանագրում է Տաթեւիկը։

Երկրորդ փուլը թատրոնն է. «Ուսումնարանում ուսուցիչն ամեն օր քեզ է ուղղում, իսկ թատրոնում՝ ինքդ պետք է քեզ հետեւես։ Եթե չշարունակես աշխատել, առաջընթաց չի լինի», - ասում է նա։ 

Երրորդ փուլը թատրոնն ու ընտանիքը համատեղելն է. Տաթեւիկի ձայնը մի պահ լրջանում է. միշտ բարդ է, բայց անտեսանելի մաս՝ այս մասնագիտության կյանքի ներսում։

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանում բալետի արտիստի կարիերան կարճ է. մոտ 20 տարվա ծառայությունից հետո չկա հստակ մեխանիզմ, որ ապահովի նոր մասնագիտության ձեռքբերում կամ անցում։ Թոշակ չկա, աջակցություն՝ նույնպես։

«Գիտենք, որ մի օր պետք է ավարտվի, - ասում է Տաթեւիկը, - Անակնկալ չէ։ Ես դասավանդում եմ, դա իմ ճանապարհներից մեկն է։ Իսկ երբ հարցնում են՝ հետո ի՞նչ, միշտ նույնն եմ ասում. ապրելու եմ, վայելելու, անելու այն, ինչ տարիներով չենք հասցրել»։

Լուսանկարը` Մեդիամաքս


Տաթեւիկը դեռ բեմում է։ Նրա համար բալետը կյանքի ձեւ է, ոչ սովորական աշխատանք։ «Հետոյին» պատրաստվելուց բացի, նա ամբողջությամբ ներկայում է։ 

Այս «հետոյի» մասին պատկերացում տալիս է արդեն բեմը լքած Սյուզաննա Փիրումյանի պատմությունը։
Սյուզաննա Փիրումյանը Սյուզաննա Փիրումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Նրա առաջին բեմը տան գրասեղանն էր.

«Սեղանը բեմ էր, հարազատները՝ հանդիսատես։ Միշտ պիտի հանդիսատես լիներ», - հիշում է նա։
Սյուզաննա Փիրումյանը Սյուզաննա Փիրումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Պարելու ուղին Սյուզաննայի համար զրոյից չի սկսվել. հայրը պարել է, տատիկը՝ երգել։ Հայկական պարերի խմբակից հասել է պարարվեստի ուսումնարան։ Մարմնի տվյալները՝ երկար ոսկորներ, ճկունություն, համաչափություն, հաստատեցին ընտրած ուղին, բայց ամենակարեւոր պահը տվյալների հետ կապ չուներ։ 

Մի օր հայրը, Օպերայի մոտով անցնելիս, ասել է.

«Տեսնես, մի օր այստեղ կտեսնե՞մ՝ «գլխավոր դերում՝ Սյուզաննա Փիրումյան»»։
Տարիներ անց Սյուզաննայի անունը գրվել է պաստառին։  
Սյուզաննա Փիրումյանը Սյուզաննա Փիրումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Առաջին անգամ մեծ բեմում, ըստ նրա, քեզ «մրջյուն» ես զգում.

«Բեմը քեզ կուլ է տալիս։ Կուլիսում բոլորը քեզնից մեծ են թվում»։

Լուսանկարը` Մեդիամաքս


Ժամանակի հետ այդ զգացողությունը փոխվում է.

«Մի պահ գալիս է, որ բեմ դուրս ես գալիս ու քեզ թվում է՝ արեւ ես։ Դա էներգիայի փոխանակում է հանդիսատեսի հետ»։

Սյուզաննայի համոզմամբ՝ բեմը երջանկություն է պահանջում.

«Եթե ես բեմում երջանիկ չեմ, հանդիսատեսն էլ չի լինի»։
Սյուզաննա Փիրումյանը Սյուզաննա Փիրումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ամենադժվար վերադարձը մայրությունից հետո էր. երկու ամիս անց արդեն բեմում էր՝ «Գայանե»-ով։

«Մոտ մեկ ամսում 15 կիլոգրամ նիհարել եմ։ Հիմա ժպիտով եմ պատմում, բայց այն ժամանակ շատ ծանր էր։ Ու միեւնույն է՝ չեմ ափսոսում»։

Բեմից հեռանալու պատճառը ոչ թե անկարողությունն էր, այլ ամեն նոր ներկայացումից առաջ սկսվող դեղերի եւ սրսկումների շրջանը.

«Մի օր հասկացա, որ առավոտները կես ժամ չեմ կարողանում քայլել։ Պետք էր ազնիվ լինել ինքս ինձ հետ։ Կարող էի շարունակել, բայց ճիշտ չէր լինի»։

Խնդիրը միայն ֆիզիկական չէ. համակարգը նույնպես դատարկ է։

«Մեզ մոտ բալետի արտիստի համար կարիերայի ավարտից հետո ոչ մի ճանապարհ չկա։ Շատերն ուղղակի հայտնվում են դատարկության մեջ»։

Լուսանկարը` Մեդիամաքս


Սյուզաննան բացել է իր ստուդիան։ Նրան ամենից շատ անհանգստացնում է դասավանդման ընդհանուր որակը. 

«Մարդիկ կա, որ երկու երկու ամիս պարի են գնում ու իրենց ստուդիա են բացում։ Սխալ են սովորեցնում, երբեմն նույնիսկ վաղ տարիքից պուանտ հագցնում. դա վտանգավոր է»։

Լուսանկարը` Մեդիամաքս


Սյուզաննայի համար կարեւոր երեք հատկանիշ կա՝ աշխատասիրություն, խիզախություն եւ բեմական երջանկություն։

Լուսանկարը` Մեդիամաքս


 «Եթե օրեր կան, որ չես աշխատում, արդեն ազդանշան է։ Խիզախությունը քեզ կարող է վերջին շարքից բերել առաջին գիծ։ Իսկ եթե բեմում երջանիկ չես, պարզապես պետք չէ մնալ այնտեղ»։

Լուսանկարը` Մեդիամաքս


Պուանտների տակ մնացած կապտուկները, լուռ հարվածները, ցավի միջով կոփված շարժումները՝ դրանք են բալետի լեզուն են։ Եթե ուզում ես հասկանալ բալետը, նայիր ոչ միայն բեմին, այլեւ՝ հատակին, որտեղ ամեն օր հիշեցնում են՝ ինչ գնով է ծնվում թեթեւությունը։

Աստղիկ Հովհաննեսով 

Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին