Վլադիմիր Ֆրունզեն «հսկում» է ծառերը եւ փորձում է Երեւան վերադարձնել երաշտահավերին - Mediamax.am

Դեկտեմբեր 01, 2025
exclusive
124 դիտում

Վլադիմիր Ֆրունզեն «հսկում» է ծառերը եւ փորձում է Երեւան վերադարձնել երաշտահավերին


Յանա Շախրամանյանը զրուցում է Վլադիմիր Ֆրունզեի հետ
Յանա Շախրամանյանը զրուցում է Վլադիմիր Ֆրունզեի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Վլադիմիր Ֆրունզեն
Վլադիմիր Ֆրունզեն

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Վլադիմիր Ֆրունզեն
Վլադիմիր Ֆրունզեն

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Վլադիմիր Ֆրունզեն
Վլադիմիր Ֆրունզեն

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Վլադիմիր Ֆրունզեն
Վլադիմիր Ֆրունզեն

Լուսանկարը` Մեդիամաքս

Վլադիմիր Ֆրունզեն
Վլադիմիր Ֆրունզեն

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւանի օդն աղտոտված է, քաղաքի ծառերը հաճախ հատում են առանց որեւէ իրական հիմքի կամ «ճաղատացնում» սխալ էտով, թռչունների երգն էլ մայրաքաղաքում հազվադեպ է լսվում։ Այս թեմաները երբեմն հայտնվում են լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, սակայն կան մարդիկ, որոնք Երեւանի ծառերով զբաղվում են ամեն օր՝ արձանագրելով խնդիրները, ուշադրություն հրավիրելով դրանց վրա եւ փնտրելով լուծումներ։ 

Նրանցից մեկը ծրագրավորող եւ ծառագետ-խորհրդատու Վլադիմիր Ֆրունզեն է։

Վլադիմիր Ֆրունզեն Վլադիմիր Ֆրունզեն

Լուսանկարը` Մեդիամաքս


Վլադիմիրը Երեւան է տեղափոխվել 2022 թվականին՝ Պսկովի մարզից, որտեղ իր համախոհների հետ էկո-գյուղ էր հիմնել։ Այժմ նա փորձում է Երեւան վերադարձնել երաշտահավերին եւ պայքարում է ծառերը «աչքաչափով» հատելու պրակտիկայի դեմ։

Այս ամենի եւ ոչ միայն դրա մասին նա պատմել է Մեդիամաքսին։  


Էկո-գյուղ ստեղծելուց մինչեւ Երեւանի ծառերի քարտեզը

Երեւանում ապրում եմ 2022 թվականից, ամբողջ ընտանիքով այստեղ ենք տեղափոխվել պատերազմի սկսվելուց հետո։ Մասնագիտությամբ ծրագրավորող եմ, իսկ ազատ ժամանակ զբաղվում եմ ծառերով։ 

Տեղափոխվելուց առաջ  ապրում էինք Պսկովի մարզի հարավում։ Այնտեղ լքված մի գյուղ կար, որից մնացել էին միայն ճանապարհը եւ անունը քարտեզի վրա։ Համախոհների հետ տեղափոխվեցինք եւ էկո-գյուղ հիմնեցինք, որտեղ ապրեցի 10 տարի՝ զբաղվելով տարբեր ծառեր աճեցնելով։

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւանի ծառերի խնդրով ավելի ակտիվ սկսեցի զբաղվել Թումանյան փողոցում թեղիների հատման դեմ առաջին հանրահավաքից հետո։ Մենք կազմեցինք թիմ եւ սկսեցինք մտածել՝  ինչ կարելի է անել։ Ծնվեց Երեւանի ծառերի քարտեզի գաղափարը, որի վրա յուրաքանչյուրը կարող էր ավելացնել կամ գտնել ծառ։ 

Այնուհետեւ հաջողվեց ստանալ այն փողոցների ցանկը, որտեղ հետո նախատեսվում էր ծառահատում կատարել: Որոշեցինք նախ հաշվառել այնտեղ աճող ծառերը։ 5-10 հոգուց բաղկացած խմբով հանդիպում էինք շաբաթը մեկ անգամ եւ այդ փողոցներում աճող ծառերն ավելացնում քարտեզի վրա՝ նշելով դրանց բարձրությունը, սաղարթի եւ բնի տրամագիծը։ Դա արվում էր ծառերի իրական վիճակն արձանագրելու համար։
Վլադիմիր Ֆրունզեն Վլադիմիր Ֆրունզեն

Լուսանկարը` Մեդիամաքս


Քաղաքային ծառայությունները հաճախ արդարացնում են ծառահատումը՝ պատճառաբանելով ծառի հիվանդ լինելով, բայց մենք նայում ենք մեր տվյալներն ու տեսնում, որ այն առողջ է։ Քարտեզի սկզբնական նպատակն էր «ապացույցների բազա» հավաքել։ Այժմ այն ընդլայնվել է, եւ քարտեզը երբեմն նույնիսկ օգտագործվում է քաղաքային ծառայությունների կողմից՝ չոր ծառեր գտնելու եւ հեռացնելու համար։ 

Դա լավ է։ Ինչ-որ պահի սկսեցի կիսվել իմ դիտարկումներով նաեւ Instagram-ում եւ արձագանքներ ստանալ մարդկանցից, որոնց համար այս թեման նույնպես կարեւոր է։

Ինչպես երաշտահավերը կարող են փրկել Երեւանի կաղնիները

Թռչունները միջատների բնական թշնամիներն են, իսկ որոշ միջատներ զգալի վնաս են հասցնում ծառերին։ Բնության մեջ դրանց դեմ պայքարում են գիշատիչներն ու մակաբույծ միջատները։ Քաղաքում դրանք չկան, քանի որ չկա լիարժեք էկոհամակարգ։ Արդյունքում, այս միջատներն այստեղ «թշնամիներ» չունեն, եւ դրանց դեմն առնել կարելի է միայն քիմիական մշակման միջոցով, կամ որոշակի թռչունների օգնությամբ։

Լուսանկարը` Մեդիամաքս


Քիմիական մշակումը միշտ չէ, որ արդյունավետ է, քանի որ կա նեղ պատուհան՝ տարեկան մոտ 20 օր, երբ այս միջատները գտնվում են զարգացման որոշակի փուլում եւ հնարավոր է «հասնել» դրանց։ Շատերը կարող են նկատել, որ այս տարի Երեւանի կաղնիները դեղին, ծամածռված տերեւներ ունեին։ Դա պայմանավորված է տերեւների մեջ ապրող միջատների թրթուրներով, եւ քիմիական մշակումն այս դեպքում օգուտ չի տալիս: Այդ թրթուռներին տերեւներից կարող են հանել միայն երաշտահավերը։ Նրանք գիտեն՝ ինչպես բացել տերեւները, հանել թրթուրները եւ այդպիսով նվազեցնել դրանց պոպուլյացիան։

Լուսանկարը` Մեդիամաքս


Զարգացած երկրներում, որոնք առաջնահերթություն են տալիս էկոլոգիային եւ կայուն զարգացմանը, կան թռչուններին, չղջիկներին եւ օգտակար միջատներին գրավելու ծրագրեր: Երեւանում կան երաշտահավեր, բայց նրանք բնադրման տեղեր չունեն, քանի որ վայրի բնության մեջ հիմնականում ապրում են մեծ, հին ծառերի մեջ, փչակներում: Քաղաքում նման ծառ գտնելը մեծ խնդիր է: Ահա այդպես եկա այն մտքին, որ պետք է օգնել երաշտահավերին՝ նրանց համար տնակներ տեղադրելով:

Այժմ փորձնական նախագիծ եմ սկսում եւ քաղաքային իշխանություններից ստացել եմ Արաբկիրի շրջանի երկու այգիներում երաշտահավերի համար 15 տնակ տեղադրելու թույլտվություն: Մեկ տարվա ընթացքում կհետեւեմ իրավիճակին: Եթե երաշտահավերը սկսեն հաստատվել բներում, նշանակում է՝ ծրագիրն աշխատում է եւ այսպես հնարավոր է մեծացնել այս թռչունների պոպուլյացիան:
Վլադիմիր Ֆրունզեն Վլադիմիր Ֆրունզեն

Լուսանկարը` Մեդիամաքս


Յուրաքանչյուր թռչուն ունի իր տնակի չափանիշները, որոնք պետք է խստորեն պահպանվեն: Օրինակ, եթե երաշտահավի համար տնակի մուտքը պահանջվածից մեծ լինի, ներս կմտնեն ճնճղուկներն ու դուրս կքշեն երաշտահավերին, իսկ մեզ դա պետք չէ (ժպտում է – խմբ.): Եթե տնակն անհրաժեշտ չափով խորություն չունենա, թռչնի ձագերին կկարողանան հասնել կատուները: Քանի որ մեր նպատակը կաղնիների պաշտպանությունն է, բնականաբար, տնակները պետք է կախել այդ ծառերին մոտ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Խոշոր քաղաքներում, օրինակ, Լոնդոնում եւ Բեռլինում, իրականացնում են կենսաբանական վնասատուների դեմ հսկողություն, եւ կան բազմաթիվ պատրաստի սխեմաներ: Որեւէ նոր բան հորինելու անհրաժեշտություն չկա։

Ինչո՞ւ են Երեւանի կենտրոնում շատացել ագռավները եւ լա՞վ է դա 

Ագռավները որեւէ լուրջ խնդիր չեն առաջացնում: Նրանք շատ կապված են մարդկանց հետ եւ իրականում օգտակար են այն իմաստով, որ ամենակեր են: Օրինակ՝ մեկը բուրգերի մնացորդ է գցել, ագռավները կգտնեն եւ կուտեն այն: Նրանք կարեւոր մաքրող գործառույթ ունեն: Կաչաղակները դա ավելի քիչ են անում եւ ավելի շատ վնաս են հասցնում մյուս թռչուններին: 

Իսկ աղավնիները քաղաքի ամենամեծ խնդիրներից մեկն են: Նրանք խառնաշփոթ են ստեղծում, ապրում են մեծ երամներով, հիվանդանում են եւ վարակ տարածում: Երեւանում աղավնիները քիչ են, այստեղ հիմնականում տատրակներ են, որոնք, ընդհանուր առմամբ, խնդիր չեն առաջացնում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հիմնական խնդիրն այն է, որ Երեւանում պարզապես չկան այլ թռչուններ: Նշեցի երաշտահավերին, որոնք կարող են շատ օգտակար լինել, բայց սոխակները նույնպես կարեւոր են: Նրանք այլ գործառույթ են կատարում. գարնանը մտնում ես այգի եւ լսում դայլայլը: Երբ այն չկա, մտածում ես՝ «ի՞նչ է պատահել» (ժպտում է - խմբ.):

Լուսանկարը` Մեդիամաքս


Փայտփորիկները նույնպես շատ օգտակար թռչուններ են։ Նրանք հայտնաբերում եւ ոչնչացնում են տարբեր բզեզների եւ թրթուռների, նախքան դրանք անդառնալի վնաս կհասցնեն ծառերին։

«Էտը պետք է ոչ թե ծառերին, այլ՝ մարդկանց»

Այժմ Երեւանում էտի շրջան է, եւ կարեւոր է հասկանալ, որ քիչ ծառեր կարող են դիմանալ խորը, արմատական էտին եւ վերականգնել իրենց սաղարթը։ Դժբախտաբար, մեզ մոտ էտը հաճախ իրականացվում է հենց այդպես: 

Ինչպես մարդը, այնպես էլ ծառն ունի կմախք՝ հիմնական ճյուղեր, որոնք ձեւավորում են այն։ Այս ճյուղերը տարբերակելու եւ չկտրելու համար անհրաժեշտ է մասնագիտական մոտեցում։ Ես դա չեմ տեսնում Երեւանում։

Լուսանկարը` Մեդիամաքս


Քաղաքային ծառերի խնամքի վերաբերյալ ծառագետների համար կան բազմաթիվ դասագրքեր, գործող չափանիշներ: Ճիշտ էտը կատարվում է մասնագետի խիստ հսկողության ներքո, որը գիտի՝ ինչպես հեռացնել ավելորդ ճյուղերը՝ առանց վնասելու ծառի կմախքը: Կարծում եմ՝ Երեւանում հիմնական խնդիրն այն է, որ կանաչապատման ծառայությունը գործում է հնացած մեթոդական ձեռնարկների համաձայն: 

Եվրոպական ձեռնարկներում նշվում է, որ ծառերը, որպես կանոն, էտի կարիք չունեն: Այն պետք է մարդուն, երբ ծառը խանգարում է մեկ այլ ծառի, շենքի կամ էլեկտրահաղորդման գծերի աշխատանքին:

«Սպանե՛լ, ներել չի՛ կարելի»․ե՞րբ է ծառը իսկապես ենթակա հատման

Ծառը հատման ենթակա է, երբ այն մահանում է հիվանդության պատճառով եւ չորանում: Դա վիզուալ տեսանելի է մասնագետի համար: Օրինակ՝ կա հոլանդական թեղիների հիվանդություն, որը ոչնչացրել է այս ծառերը Եվրոպայում: Այն տարածվում է արմատների միջոցով եւ չի բուժվում: Բարեբախտաբար, Երեւանում հիմնականում տնկված են փոքրատերեւ թեղիներ, որոնք այս հիվանդությամբ չեն վարակվում: 

Լուսանկարը` Մեդիամաքս


Տարբեր պատճառներով ծառը կարող է փտել ներսից։ Իրականում, երբեմն դա մահացու չէ՝ Կովկասի ամենամեծ սոսին՝ «Տնջրի ծառը», որն աճում էր Ստեփանակերտի մոտակայքում, ներսից դատարկ էր։ Ցավոք, չհասցրեցի անձամբ տեսնել այն: Այսինքն, միայն այն պատճառով, որ ծառը փտած է կամ ներսից դատարկ, պետք չէ այն հատել։ Օրինակ՝ կաղնու կամ լորենու դեպքում սա նորմալ է։ Բայց եթե խոսքը թեղիի մասին է, ամենայն հավանականությամբ, առկա է նրա ընկնելու վտանգը: 

Իրավիճակը ճիշտ գնահատելու համար անհրաժեշտ է գործիքային վերլուծություն՝ մասնագիտացված սարքավորումների կիրառմամբ։ Դրանք 6000-ից 8000 դոլար արժեն։ Համառորեն առաջ եմ մղում այս թեման, քանի որ քաղաքը դրանց կարիքն ունի։ Բնի ներսում տեղի ունեցող գործընթացները շատ դժվար է գնահատել «աչքաչափով», ուստի ստեղծվել են սարքեր, որոնք թույլ են տալիս խուսափել առողջ ծառերը կտրելուց եւ հեռացնել միայն նրանք, որոնց դեպքում կա ընկնելու վտանգ։

Թումանյան փողոցը, որից «ամեն ինչ սկսվեց» եւ սակուրաները Կասկադում

Շոգ եղանակին ծառերի ստվերը իսկապես ազդում է օդի ջերմաստիճանի վրա։ Դա առասպել չէ։ Այս տարի ինքս փորձարկում արեցի. ամառային շոգին ծառի տակ ասֆալտի ջերմաստիճանը մոտ 25 աստիճան էր, մինչդեռ արեւի տակ 3 մետր հեռավորության վրա այն հասնում էր 60 աստիճանի։

Թումանյան փողոցում, որտեղ կտրվել էին թեղիները, ամռանն իսկապես շատ շոգ է։ 

Ծառերի փոխարինման առաջին տարում փողոցը սարսափելի «մերկ» տեսք ուներ եւ շոգին այնտեղ քայլելն անհնար էր։ Այս տարի իրավիճակն ավելի լավ է։ Մեր ծառերի քարտեզում արձանագրում ենք այստեղ տնկված հուդայածառերի փոփոխությունները, եւ կարծում եմ՝ մոտ հինգ տարի հետո դրանք լիարժեք սաղարթ կունենան։ Հնարավոր է, այս ծառերը նույնիսկ «միաձուլվեն»՝ կանաչ միջանցք ձեւավորելով։
Վլադիմիր Ֆրունզեն Վլադիմիր Ֆրունզեն

Լուսանկարը` Մեդիամաքս


Կասկադի մոտակայքում գտնվող սակուրաները նման էֆեկտ չեն ունենա։ Այժմ դրանք չորանում են։

Սակայն Թումանյան փողոցի հետ կապված եւս մեկ նրբություն կա։ Այնտեղ աճող թեղիները մասամբ ստվերում էին նաեւ ճանապարհի երթեւեկելի մասը։ 

Հուդայածառի դեպքում դա չի լինի, իսկ մենք գիտենք, որ ամռանը ասֆալտը կարող է տաքանալ մինչեւ 70 աստիճան։ Երկու հուդայածառի հետ այստեղ կարելի էր նաեւ մեկ սոսի տնկել, որը ժամանակի ընթացքում կստվերեր նաեւ երթեւեկելի մասը։ Դա կլիներ եւ՛ գեղեցիկ, եւ՛ ֆունկցիոնալ։

Բարդիները քաղաքային միջավայրում. այո, թե՞ ոչ

Բարդինները ոչ միայն արագ են աճում, այլեւ օդն ամենից շատ մաքրող ծառերից են։ Դրանց տերեւները կպչուն նյութ են պարունակում, որը  որսում է օդում առկա մեծ քանակությամբ աղբը։

Այո, բարդու բմբուլը կարող է ալերգիա առաջացնել, սակայն բարդիների բոլոր տեսակները չեն ալերգեն։ Բարդու բմբուլը, ինչպես նաեւ տերեւները, որսում են քաղաքային փոշին, եւ երբ բմբուլը հասնում է շնչառական ուղիներ, արդեն հագեցած է այս ամբողջ կեղտով։ Հենց դա կարող է ռեակցիա առաջացնել։ Ամենայն հավանականությամբ, Նոր Զելանդիայի անտառներում աճող բարդու բմբուլը կարող է պակաս ալերգեն լինել (ժպտում է - խմբ.):

Բարդին իսկապես շատ դիմացկուն ծառ չէ, եւ ունի ընկնելու վտանգ: Քաղաքներում այն սկզբնապես օգտագործվել է առաջնային կանաչապատման համար:
Վլադիմիր Ֆրունզեն Վլադիմիր Ֆրունզեն

Լուսանկարը` Մեդիամաքս


Ծրագիրը հետեւյալն էր. տնկել բարդիներ, որոնք արագ կաճեն, ապա մասամբ փոխարինել դրանք այլ ծառերով՝ կաղնիներով, սոսիներով եւ այլն: Սակայն մինչ երկրորդ կետը ոչ ոք այդպես էլ չկարդաց (ժպտում է - խմբ.), ուստի բոլոր հետխորհրդային քաղաքներում այսօր բազմաթիվ բարդիներ ենք տեսնում: 

«Ամենակարեւորը չլռելն է»

Այսօր քաղաքում դժվար է գործողություններ ձեռնարկել, քանի որ նախաձեռնողականությունը միշտ չէ, որ խրախուսվում է: 

Բայց, օրինակ, բակերը շատ ավելի կանաչապատ են: Սա այն տարածքն է, որտեղ կարող եք ինչ-որ բան անել: Օրինակ՝ ծառ տնկել կամ գազոնապատել: Կարելի է նաեւ թռչնատնակներ պատրաստել եւ կախել բակերում. կարեւորը, որ դրանք պատրաստեք յուրաքանչյուր թռչնի համար նախատեսված չափանիշներով:

Լուսանկարը` Մեդիամաքս


Կարեւորագույն բանը, որ պետք է արվի Երեւանում հիմա, ծառերի խնամքի կանոնակարգերի փոփոխությունն է: Դրանք պետք է լինեն ժամանակակից, ոչ թե խորհրդային 1970-ականներից մնացած: Կրկնում եմ՝ նոր բան հորինելու կարիք չկա, պետք է պարզապես տեղայնացնել ամերիկյան կամ եվրոպական ստանդարտները, որոնք մշակվել են հարյուրամյակների գիտական հետազոտությունների հիման վրա:

Յուրաքանչյուրը կարող է փորձել լսելի դառնալ եւ կարեւոր հարցերը «հասցնել» քաղաքային իշխանությանը: Երաշտահավերի դեպքում  շատերն ինձ ասում էին՝ «նույնիսկ մի՛ փորձիր, անիմաստ է»: Սակայն իմ կարծիքով ամենակարեւորը չլռելն է:

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանիաս




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին