Արցախյան «ամառային անձրեւները» հիշողություններով կլցնեն Երեւանի աշունը - Mediamax.am

Նոյեմբեր 09, 2025
exclusive
73 դիտում

Արցախյան «ամառային անձրեւները» հիշողություններով կլցնեն Երեւանի աշունը


Լուսանկարը` Մեդիամաքս

«Եռ-Ակի թատրոն»-ի փորձը
«Եռ-Ակի թատրոն»-ի փորձը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ժաննա Կրիկորովան
Ժաննա Կրիկորովան

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

«Թատերական դիմակներ»-ն ու «երեք կռանը»
«Թատերական դիմակներ»-ն ու «երեք կռանը»

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այս ամառային անձրեւները...» ներկայացման պաստառը
«Այս ամառային անձրեւները...» ներկայացման պաստառը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Վերոնիկա Տոնյանը
Վերոնիկա Տոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարտա Ալթունյանը (ձախից) եւ Զոյա Սարկիսյանը (աջից)
Մարտա Ալթունյանը (ձախից) եւ Զոյա Սարկիսյանը (աջից)

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւանի «Իլիկ» արտ-սրճարանի դռնից ներս 80-ականների Ստեփանակերտն է: Տեղացի պատանիները դուրս են եկել կինոյից եւ, կատակներ փոխանակելով, քայլում են քաղաքային ստադիոն: Այստեղ հերթը կիթառինն ու անկեղծ զրույցներինն է՝ սիրո, ընկերության եւ իրական ասպետների մասին...

Արտ-սրճարանի «բեմին» արցախյան նորաստեղծ «Եռ-Ակի թատրոն»-ի (Театр трех ключей) փորձն է, որը նոյեմբերի վերջին Երեւանում խաղալու է առաջին ներկայացումը:

«Եռ-Ակի թատրոն»-ի փորձը «Եռ-Ակի թատրոն»-ի փորձը

Լուսանկարը` Մեդիամաքս


Թատրոնի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Ժաննա Կրիկորովան ասում է՝ «Եռ-Ակի թատրոն»-ը նոր սկիզբ է, բայց միաժամանակ շարունակություն՝ դեռ 2013 թվականին փետրվարին Արցախում ստեղծված «Թափառող շուն» արտ-ստուդիայի: Այն փակվեց 2020թ. պատերազմից հետո, իսկ Ժաննա Կրիկորովան առաջարկ ստացավ ղեկավարել Ստեփանակերտի նորաստեղծ ռուսական դրամատիկական թատրոնը: 

Մեդիամաքսի հետ զրույցում նա եւ թատրոնի դերասանները վերհիշել են անցած ճանապարհը, պատմել բլոկադայի ընթացքում հույս ստեղծելու կարեւորության, նոր թատրոնի ձեւաչափի եւ սիրելի քաղաք Ստեփանակերտի մասին: 

«Ծնվեց «Թափառող շուն» արտ-ստուդիան» 

Ամեն ինչ սկսվեց 2013թ.-ին, երբ դասավանդում էի Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում: Մասնագիտությամբ բանասեր եմ եւ համոզմունք ունեմ, որ ուսանողները կհասկանան ու կսիրեն գրականությունը, եթե այն մատուցվի առավել պատկերավոր: Ինքս էլ հաճախ դասը վարում էի որպես մոնոներկայացում (ժպտում է – հեղ.): 
Ժաննա Կրիկորովան Ժաննա Կրիկորովան

Լուսանկարը` Մեդիամաքս


Այդ շրջանում ուսանողներին առաջարկեցի բեմադրել պոետիկ, փորձարարական ներկայացում: 2013թ. փետրվարի 19-ին առաջին անգամ բեմ բարձրացանք: Իսկ հետո հանդիսատեսը «ստիպեց» խաղալ նաեւ երկրորդ, երրորդ, չորրորդ անգամ... 
Այսպես ծնվեց «Թափառող շուն» երիտասարդական արտ-ստուդիան, որն այդպես անվանեցինք խաղացած առաջին ներկայացման պատվին: 

«Պատերազմից հետո մարդկանց պետք էր հույս»

Մենք ապրում էին, ստեղծագործում, մասնակցում փառատոնների, այդ թվում՝ միջազգային: Այս գեղեցիկ, ջերմությամբ լի, յուրահատուկ աշխարհը փլուզվեց, երբ սկսվեց 2020թ.-ի պատերազմը: Ապրում էի Շուշիում եւ կորցրեցի ամեն ինչ: Հիշում եմ՝ քաղաքից դուրս էի գալիս վստահությամբ, որ վերադառնալու եմ երեք օր անց: 

Արդյունքում պատերազմի ավարտից հետո մեկ տարի ապրեցի Երեւանում, քանի որ Արցախում պարզապես վերադառնալու տեղ չունեի: 

Լուսանկարը` Մեդիամաքս


Եկան ռուս խաղաղապահները, տեղում ռուսական համայնքի ղեկավար նշանակվեց Ալեքսանդր Բորդովը եւ որոշեց՝ Ստեփանակերտում պետք է հիմնել ռուսական դրամատիկական թատրոն: Ինձ առաջարկեցին ստանձնել գեղարվեստական ղեկավարի պաշտոնը: Սիրով համաձայնեցի, քանի որ Արցախ վերադառնալու հնարավորություն էի փնտրում: Ստեփանակերտում բնակվող ընկերուհիս մեծ տուն ուներ, որտեղ ընդունել էր Հադրութում ամեն ինչ կորցրած հարազատներին: Հենց այդ շրջանում նրանք հեռացան, եւ ընկերուհիս ինձ ասաց՝ «վերադարձի՛ր, տեղը կա»:

Երբեք չեմ մոռանա զգացողությունը, երբ Երեւանից հասա Ստեփանակերտ, իրերս թողեցի նրա տանն ու անմիջապես դուրս եկա քայլելու: Քաղաքն անսահման կարոտել էի։ 

Լուսանկարը` Մեդիամաքս


Ճանապարհիս ամբողջ ընթացքում հանդիպում էի ծանոթների, որոնք ոգեւորված բացականչում էին՝ «ի՜նչ լավ է, եթե վերադարձել եք, ուրեմն թատրոն կլինի»։ Շատ հուզիչ էր տեսնել՝ ինչպես են մարդիկ տեղի ունեցած սարսափներից հետո փնտրում գոնե փոքրիկ հույս, որ սովորական կյանքը նորից հնարավոր է: 

2022թ. հունիսին Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը բեմ բարձրացրեց առաջին ներկայացումը: Խաղում էինք լիրիկական կատակերգություն։ Շատ էի մտահոգվում, թե ստեղծված իրավիճակում մարդիկ ինչպես կարձագանքեն: Առաջին իսկ օրը ցույց տվեց՝ սա հենց այն է, ինչ պետք էր։ 

«Գուցե, «մուսաները» չեն կարող դադարեցնել թնդանոթների կրակը, բայց նաեւ չպիտի լռեն»

Թատրոնը չդադարեց գործել նույնիսկ բլոկադայի պայմաններում: Շարունակում էինք փորձերն ու չորս ներկայացում բեմադրեցինք: 

Դուք հարցնում եք՝ ինչպե՞ս, այդ հարցին դժվար է հստակ պատասխան տալ: Շատ ցուրտ ձմեռ էր, չէր գործում հանրային տրանսպորտը, չկար վառելիք: Երիտասարդները գալիս էին փորձի եւ հետո մութ գիշերով տուն գնում ոտքով: Գարնանը սննդի եղած ոչ մեծ պաշարները գրեթե լիովին սպառված էին, դերասանները սարսափելի նիհարել էին, բայց մենք շարունակում էինք, որովհետեւ թատրոնը ելք էր, փախուստ ու փրկություն։ 

Լուսանկարը` Մեդիամաքս


Ինձ համար ճիշտ չէ պնդումը, որ «երբ կրակում են թնդանոթները, մուսաները լռում են»: Գուցե, «մուսաները» չեն կարող դադարեցնել թնդանոթների կրակը, բայց նաեւ չպիտի լռեն։ Մարդկանց հույս է պետք, վայր ու զգացողություն, որ սովորական կյանքը չի դադարել, այն կա եւ կվերադառնա, եթե պայքարես ու անցնես տեղի ունեցողի միջով։ 

Միշտ հիշում եմ մի երեկո: Լույսն անջատվեց հենց այն պահին, երբ պետք է սկսվեր ներկայացումը։ Հայտնի չէր՝ երբ կվերականգնվի։ Այլ տարբերակ չկար. դուրս եկա բեմ, լեփ լեցուն դահլիճից ներողություն խնդրեցի եւ առաջարկեցի հեռանալ՝ մեկ այլ օր ներկայացումը կրկնելու պայմանով: 

«Ոչ մի տեղ չե՛նք գնա, կմնանք ձեզ հետ ու կսպասենք որքան պետք է», - արձագանքեցին դահլիճի տարբեր անկյուններից: Բարեբախտաբար, լույսը «վերադարձավ» 45 րոպե անց: Ոչ ոք չէր հեռացել։ Մենք համոզված էինք՝ հանձնվելու իրավունք չունենք։ Տանը նստելը, ձեռքերը ծալելն ու համակերպվելը կլիներ «не по-карабахски, не по-армянски»: 

Լուսանկարը` Մեդիամաքս


Արցախում վերջին ներկայացումը խաղացինք 2023թ. հուլիսին: Բլոկադայի այդ փուլում սնունդը գրեթե լիովին բացակայում էր։ Որոշ մրգեր կային ու մի քիչ ընդեղեն։ 

«Տեղահանումից հետո մարդիկ լուծում էին բաժակ-ափսե ունենալու հարցն ու զուգահեռ՝ մտածում թատրոնի մասին»

2023թ. սեպտեմբերին Արցախից տեղահանումից հետո թատրոնի կազմով պահում էինք կապը: Մեզ վաղուց արդեն միայն արվեստը չէ, որ միավորում էր: Այդ շրջանը բնորոշելու ամենահամապատասխան բառը խորը, անծայր դատարկությունն է։ 

Լուսանկարը` Մեդիամաքս


Որոշ ժամանակ անց ինձ հետ կապվեց Ալեքսանդր Բորդովը՝ հորդորելով, որ չցրվենք։ «Մենք շարունակելու ենք», - ասաց նա։ Մինչ այդ ընկերացել էի ռեժիսոր, դերասան Պյոտր Նեմոյի հետ, որն արդեն մի քանի տարի ապրում էր Հայաստանում։ Գիտեր մեր թատրոնի մասին եւ ամեն կերպ աջակցում էր։ Քիչ-քիչ սկսեցինք հավաքվել: Սկզբում տարածք տրամադրեց «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն, որտեղ Նեմոյն անցկացնում էր վարպետության դասեր։ Հետո մոսկովյան «Դիալոգ» կազմակերպությունը պատրաստակամություն հայտնեց մեկ տարով աջակցել թատրոնին եւ 2024թ. հունվարին առաջին ներկայացումը խաղացինք Երեւանում՝ «Բոհեմ» թատրոնում։ 

Փորձերն անում էինք այն շրջանում, երբ թիմի մեծ մասը դեռ չգիտեր՝ որտեղ է ապրելու: Մարդիկ տարրական կենցաղային իրերի՝ բաժակների, ափսեների, անկողնու պակաս ունեին, բայց միաժամանակ մտածում էին թատրոնի մասին: 

Լուսանկարը` Մեդիամաքս


Մինչեւ 2025թ. փետրվար «Դիալոգ»-ի աջակցությամբ Երեւանում բեմադրեցինք հինգ ներկայացում՝ դրանցից յուրաքանչյուրը խաղալով մի քանի անգամ։ Բայց աջակցության ժամկետն ավարտվեց եւ թատրոնը մնաց առանց միջոցների։  

Ստեփանակերտի սիրելի վայրի սիմվոլիզմը՝ նոր թատրոնում     

Ալեքսանդր Բորդովն ամեն կերպ փորձում էր ֆինանսավորում գտնել, իսկ դերասանները շարունակում էին գալ փորձերին՝ չակնկալելով որեւէ վարձատրություն։ Իրավիճակը ձգձգվում էր, եւ որպես ելք առաջարկեցի փոխել թատրոնի ձեւաչափը, փորձել մեզ կամերային ներկայացումներում, որոնք չեն պահանջում մեծ ծախսեր ու թանկարժեք դեկորացիաներ։ Ալեքսանդր Բորդովը, սակայն, ցանկանում էր, որ Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը շարունակի առավել դասական, ակադեմիական ուղին։ Որոշեցի հեռանալ, եւ ինձ միացան դերասաններից շատերը, քանի որ թատերական ուղին սկսել էինք միասին դեռ «Թափառող շուն» արտ-ստուդիայում։ 

Լուսանկարը` Մեդիամաքս


Մտածում էի, որ այսպիսով կավարտեմ գործունեությունս թատրոնի աշխարհում, բայց իրենց քայլով դերասանները «ստիպեցին» ստանձնել պատասխանատվություն, որին այդ փուլում հոգեպես պատրաստ չէի։ Խնդրեցի, որ ինձ հանգստի ժամանակ տան եւ ինքնուրույն մտածեն՝ ինչ են ուզում անել։ Այլեւս թատրոն չկար, որտեղ մենք բեմադրում էինք կամ խաղում։ Նոր թատրոնը պետք է ստեղծեինք ինքներս։ Արդյունքում ծնվեց ձեւաչափը, որն ունենք այսօր։ Մնում էր միայն անվանումը, որի շուրջ երկար էինք մտածում։ Առաջին միտքն էր վերադարձնել հարազատ «Թափառող շուն»-ը։ Հետո հասկացանք՝ այն չափազանց դիպուկ է բնորոշում իրավիճակը, որում այսօր ապրում ենք, հետեւաբար շատ զգայուն է ու ցավոտ։ Ինչ-որ պահի քննարկումների ժամանակ հիշեցինք Ստեփանակերտի թատրոնի բակում գտնվող երեք աղբյուրը, որը ժողովուրդն անվանում է «երեք կռան»։ 
«Թատերական դիմակներ»-ն ու «երեք կռանը» «Թատերական դիմակներ»-ն ու «երեք կռանը»

Լուսանկարը` Մեդիամաքս


Այս աղբյուրները շատ հին են, իսկ 1970-ականներին քանդակագործ Արմեն Հակոբյանը դրանց վրա ստեղծել է «Թատերական դիմակներ» հրաշալի կոթողը։ Թատրոն, թատերական դիմակներ ու Ստեփանակերտի բոլորիս սիրելի վայրերից մեկը՝ «երեք կռանը». այս ամենում մեծ սիմվոլիզմ կար, ինչից էլ ծնվեց մեր նոր թատրոնի անունը՝ «Театр трех ключей» («Եռ-Ակի թատրոն»)։ 

Պիես-հիշողություն՝ պատանեկության, առաջին սիրո ու սիրելի քաղաքի մասին

Թատրոնի ձեւաչափը հստակեցնելուց հետո մեզ սպասում էր եւս մեկ հարց՝ իսկ ի՞նչ ենք խաղալու։ Դերասանները որոշեցին՝ պետք է պատմենք մեր մասին, Ղարաբաղի, բայց առանց ցավի ու կորուստների։ Ինձ հանձնարարվեց գրել այդ պիեսը (ժպտում է – հեղ.)։ 

Ուզում էի, որ արդյունքում կարողանանք հանդիսատեսին տանել դեպի ամենաջերմ հիշողություններ, առաջացնել ծիծաղ ու կարոտ, ապրեցնել եղած մեծ սերը։ Արդյունքում ծնվեց «Այս ամառային անձրեւները...» պիեսը՝ պատանեկության, առաջին սիրո եւ 80-ականների Արցախի տրամադրությամբ։ Այն դժվար է դասել գրական որեւէ ժանրի։ Սա պիես-հիշողություն է, պիես-կարոտ։  
«Այս ամառային անձրեւները...» ներկայացման պաստառը «Այս ամառային անձրեւները...» ներկայացման պաստառը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ներկայացումն առաջին անգամ խաղալու ենք նոյեմբերի վերջին՝ «Իլիկ» արտ-սրճարանում։ «Իլիկ»-ը մեզ տրամադրում է անվճար հարթակ, մի բան էլ՝ հյուրասիրում փորձերի ու քննարկումների ողջ ընթացքում (ժպտում է – հեղ.)։ Այս աջակցության համար անչափ շնորհակալ ենք։ Միշտ ասում եմ՝ դժվար պահերին ճանապարհիդ ճիշտ մարդիկ են հանդիպում։ 

Այնուամենայնիվ, թատրոնի հետ կապված կան այլ ծախսեր եւս, որոնք չնայած հարազատների, ընկերների մեծ օգնությանը, պետք է հոգալ։ Ի սկզբանե որոշել էինք կազմակերպել ներկայացման տոմսերի նախավաճառք, դրան զուգահեռ՝ դիմելով տարբեր հիմնադրամների եւ անհատների։ Արդյունքում օրեր առաջ «Տաշիր» հիմնադրամի ներկայացուցիչները հայտնեցին, որ պատրաստ են աջակցել թատրոնին։ 

«Սա վայր է, ուր սովորում ենք սիրել. այստեղ դու տանն ես՝ անկախ գտնվելուդ տեղից»

Դեռ «Թափառող շուն» արտ-ստուդիայի տարիներից, հետո՝ Ստեփանակերտի դրամատիկական, իսկ հիմա արդեն «Եռ-Ակի թատրոն»-ում միշտ ասում ենք՝ սա վայր է, ուր սովորում ենք սիրել։ Կարծում եմ՝ սիրելը գլխավոր հմտությունն է, որ մարդը պետք է ձեռք բերի իր կյանքի ընթացքում։ 

Լուսանկարը` Մեդիամաքս


Այս աշխարհում քիչ տեղեր կան, որտեղ կարող ես լիովին անկեղծ լինել ինքդ քո եւ քեզ շրջապատող մարդկանց հետ։ Լինել զայրացած, երջանիկ, հիասթափված, սպառված կամ լցված։ Մեր թատրոնում բեմից դուրս չենք խաղում դերեր եւ իրար հետ ունենք անբացատրելի կապ, որը դժվար է բնորոշել մեզ ծանոթ հասկացություններով։ 

Վերոնիկա Տոնյան, թատրոնի դերասանուհի (2017թ.-ից)

Թատրոնն իմ տունն է։ Կարծում եմ՝ տունը զգացողություն է եւ այստեղ, այս մարդկանց հետ ինձ զգում եմ տանը՝ անկախ գտնվելու վայրից։ Երբ հավաքվում ենք, աշխատում նոր ներկայացման վրա, տպավորություն է, թե ամեն ինչ նույնն է։ Ուր որ է՝ կգա մեր մշտական հանդիսատեսը, համատեղ ջանքերով կկարենք բեմական հագուստն ու կհավաքենք դեկորացիաները։ Այս զգացողությունն ուզում ես պինդ պահել։  
Վերոնիկա Տոնյանը Վերոնիկա Տոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Տեղի ունեցածը շատ է ազդել բոլորիս վրա, բայց ամեն կերպ փորձում ենք բառացիորեն «մազերից բռնած» հանել մեզ այդ մտքերից, ոտքի կանգնեցնել ու փորձել վերապրել տեղի ունեցածը խաղալով ու ստեղծագործելով։ Կարող է թվալ՝ պաթոսային բան եմ ասում, բայց գոնե ինձ համար սա լավագույն թերապիան է։ 

Մարտա Ալթունյան, թատրոնի դերասանուհի (2013թ.-ից)

Ինձ համար մեր թատրոնը հինավուրց ծառ է։ Տարիքն այնքան էլ մեծ չէ, բայց արմատները խորն են։ Դրանք ուժ են ստանում հողից ու ծառին անընդհատ նոր ճյուղեր ու տերեւներ տալիս։ Այսօր մեզ հետ է հանդիսատեսը, որին մշտապես տեսնում էինք Ստեփանակերտում։ Մեզ աջակցում են բազմաթիվ նոր մարդիկ արդեն այստեղ՝ Երեւանում։ 

Մեծ հույս ունեմ, որ ինչպես անտառում է մարդը հանդարտություն, առօրյա դժվարություններից փրկություն գտնում, այնպես էլ մեր «ծառը» կկարողանա փոխանցել նրան այդ զգացողությունները։ 

Զոյա Սարկիսյան, թատրոնի դերասանուհի (2013թ.-ից)

Այս պահին մի կետում ենք, երբ հստակ որոշել ենք՝ պետք է շարունակել գործել։ Մենք ստեղծագործական ճանապարհի, կյանքի ու Արցախի մասին բազմաթիվ պատմություններ ունենք, որոնք չեն կարող լռել։ Անկախ ամենից՝ պետք է բեմ բարձրանանք եւ դառնանք այն նոր աշխարհի մասնիկը, որտեղ հիմա ենք։ 
Մարտա Ալթունյանը (ձախից) եւ Զոյա Սարկիսյանը (աջից) Մարտա Ալթունյանը (ձախից) եւ Զոյա Սարկիսյանը (աջից)

Լուսանկարը` Մեդիամաքս


Տեղահանության պատմությունը դեռ շատ ցավոտ է, դժվար է «բացել» այն, խոսել ու կիսվել, բայց վստահ եմ՝ մի օր դրան էլ կանդրադառնանք։ 
Իսկ մինչ այդ կարեւորը, որ միասին ենք։ Արցախից հեռանալուց հետո մեզ համար ակնհայտ դարձավ մի պարզ ճշմարտություն՝ պետք է գերազանցենք ինքներս մեզ, մարդուն տրված կյանքի սահմանափակ ժամանակահատվածում անենք ավելին, քան՝ նույնիսկ հնարավոր է՝ թողնելով մեր հետքը։ 

«Կողքի ականջով» լսած հետգրություն 

Զրույցից հետո թատրոնը շարունակում է արցախյան «ամառային անձրեւների» շնչով ներկայացման փորձը։ Ըստ սցենարի՝ պատանիները Ստեփանակերտի ստադիոնում են։ 

Ժաննա Կրիկորովան խնդրում է դերասանուհիներից մեկին ինչ-որ բանով զբաղեցնել ձեռքերն այդ տեսարանի ընթացքում, օրինակ՝ «խաղալ» խոտածածկի հետ։ 

- Կարող եմ ծաղիկներից պսակ գործել, - արձագանքում է դերասանուհին։ 

-Բայց ստադիոնի խոտածածկին ի՞նչ ծաղիկ, - ասում է տղաներից մեկը։ 

-Կային։ Ստեփանակերտի ստադիոնում լի՜քը խատուտիկ կար, - միջամտում է դերասանուհիներից մեկ ուրիշը։ 

-Ու շատ մանր «ռամաշկաներ»։ Նկատել եմ, որովհետեւ պապիկի ու մեր շան հետ սիրում էինք զբոսնել այնտեղ, - ավելացնում է մյուսը։  

Լուսանկարը` Մեդիամաքս


«Թաքուն», կողքի ականջով լսած այս զրույցը նախ սեղմող կարոտ, իսկ հետո՝ անբացատրելի ջերմություն է փոխանցում։ Լինում է չէ՞, երբ լավ երազի ժամանակ գիտակցում եք՝ իրական չէ, բայց արթնանալ էլ չեք ուզում։ 

Ու թվում է՝ ամեն ինչ առաջվանն է. կա սիրելի քաղաքը, ստադիոնն՝ իր «ռամաշկաներով», «երեք կռանից» հոսում է սառը ջուրն, իսկ շենքից շենք ձգվող պարաններին չորանում է այցեքարտ դարձած լվացքը։ 

Ու կան այս պատանիները, որ դուրս են եկել կինոյից, իսկ նրանց  սրտում ու մտքում միայն առաջին սերն է, կինոն ու կիթառով երեկոները։ 

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի 




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին