«Ուզում եմ մի երեխայի երջանկություն, լիարժեք կյանքով ապրելու հնարավորություն տալ։ Այսպես ե՛ւ իմ կյանքը կլցվի, ե՛ւ նրա»,- ասում է Ռուզանը (անունը փոխված է), ով խնամատար ծնող դառնալու ճանապարհին է:
Այդ ճանապարհը սկսվում է ցանկությունից, շարունակվում դասընթացով, որին մասնակցում է նաեւ Ռուզանը։
Վարդիթեր ԱվուշյանըԼուսանկարը` Մեդիամաքս
«Այսօր կխոսենք երեխաների կյանքում ճգնաժամային փուլերի հաղթահարումից: Այս փուլերում երեխաների հետ հրամայական տոնով խոսելը երբեք արդյունավետ չի լինում»,- սկսում է դասընթացավար Վարդիթեր Ավուշյանը:
Լսարանում խնամատար դառնալ ցանկացող ութ կին կա եւ նրանցից մեկի ամուսինը:
Յուրաքանչյուրն իր պատմությունն ու մոտիվացիան ունի. մեկը ցանկանում է օգնել երեխային, մյուսը՝ լցնել կյանքը նրա ներկայությամբ, երրորդը՝ ծնողավարության մեջ նոր փորձ ձեռք բերել։ Բայց բոլորին միավորում է նույնը՝ երեխային ապահովել սիրով, հոգատարությամբ եւ կայունությամբ։
Վարդիթեր ԱվուշյանըԼուսանկարը` Մեդիամաքս
«Երեխայի բացը միշտ եղել է իմ կյանքում: Արդեն տասը տարի է ամուսնացած եմ, բայց երեխաներ չունեմ: Երբ իմացա խնամատար ծնող դառնալու հնարավորության մասին, հասկացա, որ դրանով կարող եմ ոչ միայն երեխային օգնել, այլեւ իմ կյանքում նոր իմաստ գտնել։ Փոքրիկին երջանկություն տալ, նրան լիարժեք կյանքով ապրելու հնարավորություն տալ ՝ դպրոց հաճախել, ինձ հետ զբոսնել, գնումների գնալ: Սա է իմ որոշումը»,- կիսվում է Ռուզանը:
Նա ցանկանում է 2-4 տարեկան երեխայի խնամատար դառնալ: Ասում է՝ այդ տարիքի երեխայի հետ իրեն ավելի հեշտ կլինի, կկարողանան միմյանց ճանաչել, սիրել.
«Դեռահասության տարիքում երեխան մի քիչ բարդ հոգեբանական վիճակում է լինում, իսկ ես անփորձ եմ, չեմ կարող այդքան համարձակ քայլ կատարել: Չնայած, մինչ դասընթացին մասնակցելը մտածում էի՝ մայրության մասին ի՞նչ պիտի սովորենք, որ ինքնուրույն անել չենք կարող։ Միայն ընթացքում հասկացա, թե որքան բան կա սովորելու, ինչքան սխալներ կարող էինք աննկատ կրել մեր մեջ, անգամ հիշեցինք մեր ծնողների հետ հարաբերությունները»:
Լուսանկարը` Մեդիամաքս
Ի տարբերություն Ռուզանի՝ Անահիտն (անունը փոխված է) արդեն փորձառու մայրիկ եւ տատիկ է, բայց որոշել է նաեւ երկու դեռահաս աղջիկների խնամատար դառնալ: Նպատակը երեխաներին մանկատանից տուն բերելն ու լավ ապագա տալն է:
«15 տարի ապրել եմ Ռուսաստանում: Երկու աղջիկ ունեմ, հինգ թոռնիկ: Տղաս զոհվել է ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ: Հայաստան տեղափոխվելուց հետո իմացա, որ մեր սանիկները հայտնվել են մանկատանը: Ամուսնուս հետ որոշեցինք, որ նրանց խնամատար ընտանիք է պետք: Վերջին անգամ նրանք ինձ տեսել էին, երբ 3-4 տարեկան էին, հիմա 16-17 տարեկան են: Չուզեցինք երեխաներին թողնել: Պիտի օգնենք, որ ճիշտ քայլեն իրենց կյանքի ճանապարհը, լավ մարդ ու լավ քաղաքացի դառնան: Ես իմ փորձն արդեն ունեմ, իմ երեխաներն ունեմ, բայց դասընթացն օգնում է, որ մեր որոշմանն ավելի պատրաստված գնանք»,- պատմում է Անահիտը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Խնամատար ծնող դառնալու համար հատուկ դասընթացի մասնակցելը եւ համապատասխան հավաստագիր ստանալը իրավական ակտի պահանջ է եւ գործում է 2019 թվականից:
«Եթե անձը որոշում է խնամատար ծնող դառնալ, նա պարտադիր պետք է անցնի այս 48-ժամյա դասընթացը: Մասնակիցները սովորում են ծնողավարություն, ուսումնասիրում են երեխայի սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունները, ինչպես նաեւ կենցաղավարման, տնտեսավարման հմտությունների վերաբերյալ թեմաներ: Մասնակիցները նաեւ նախնական գիտելիք են ստանում այն մասին, թե ինչպես է խնամատարության իրականացվում գործընթացը, կարողանում են խնամատարությունը տարբերել որդեգրման եւ խնամակալության գործընթացից, տեղեկություններ են ստանում երեխայի պաշտպանության օրենսդրության վերաբերյալ փոփոխությունների մասին»,- ասում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Միացյալ սոցիալական ծառայության մեթոդական աջակցության եվ սուպերվիզիայի բաժնի պետ Արմինե Անդրանիկյանը:
Արմինե ԱնդրանիկյանըԼուսանկարը` Մեդիամաքս
Նա նշում է, որ դասընթացներն անցկացվում են ինտերակտիվ ձեւաչափով․ մասնակիցները հնարավորություն ունեն քննարկելու իրենց հուզող հարցերը, բարձրաձայնելու խնդիրները եւ ստանալու մասնագիտական պատասխաններ. «Այն անձինք, որոնք արդեն անցել են պարտադիր ուսուցման փուլը, սակայն ցանկանում են վերականգնել կամ լրացնել իրենց գիտելիքները, կարող են դիմել մարզպետարան կամ քաղաքապետարան եւ վերապատրաստման հայտ ներկայացնել»:
Անդրադառնալով խնամատարության գործընթացին՝ Արմինե Անդրանիկյանը պարզաբանում է.
«Այն մի քանի փուլից է բաղկացած։ Սկզբում անձը գրավոր դիմում է ներկայացնում՝ խնամատար ծնող դառնալու ցանկության վերաբերյալ։ Դիմումն ընդունելուց հետո իրականացվում է կենտրոնացված հաշվառում, կազմակերպվում է դասընթացը: Դասընթացին հաջորդող փուլում դիմում է ներկայացվում մարզպետարանի կամ քաղաքապետարանի աշխատակազմ՝ բազմամասնագիտական խմբի կողմից երեխայի նախնական ընտրության համար։ Դրանից հետո տրվում է եզրակացություն երեխայի խնամքը խնամատար ընտանիքում կազմակերպելու մասին, եւ կնքվում է խնամատարության պայմանագիր, որը կարող է լինել երկկողմ կամ եռակողմ՝ կախված նրանից, թե երեխայի օրինական ներկայացուցիչը, օրինակ՝ կենսաբանական ծնողը, մասնակցում է գործընթացին, թե ոչ։ Խնամատար դառնալ ցանկացող անձը դիմումում կարող է նշել, թե քանի երեխայի է ցանկանում խնամել, ինչ սեռի եւ տարիքային խմբի երեխաների, ինչպես նաեւ՝ խնամատար ընտանիքի որ տեսակն է նախընտրում։
Արմինե ԱնդրանիկյանըԼուսանկարը` Մեդիամաքս
Ընտանեկան օրենսգրքով սահմանված են խնամատար ընտանիքի մի քանի տեսակներ՝ ընդհանուր, մասնագիտացված, ճգնաժամային եւ արձակուրդային։ Վերջին երկուսը նախատեսված են կարճաժամկետ՝ մինչեւ մեկ ամիս ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ, մինչդեռ ընդհանուր խնամատարությունը երկարաժամկետ է։ Մասնագիտացված խնամատարությունը վերաբերում է առողջական խնդիրներ ունեցող երեխաներին եւ կարող է լինել ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ»։
Խնամատարության դեպքում երեխան համարվում է հոգեզավակ, եւ խնամատարը պարտավոր է ապահովել նրա կապը կենսաբանական ծնողների հետ՝ չխոչընդոտելով շփումները։
«Ի տարբերություն որդեգրման, որը կատարվում է դատական կարգով եւ վերաբերում է միայն որդեգրման ենթակա երեխաներին, խնամատարությունը կարող է կիրառվել նաեւ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված այն երեխաների նկատմամբ, որոնց ծնողները ժամանակավորապես չեն կարող խնամք իրականացնել։ Այս դեպքում կնքվում է քաղաքացիաիրավական պայմանագիր՝ ներառելով երկու մաս՝ երեխայի խնամքի եւ դաստիարակության համար նախատեսված միջոցները եւ խնամատարի վարձատրությունը։ Խնամատար ծնողին վճարվում է նվազագույն աշխատավարձի չափով վարձատրություն, ինչպես նաեւ տրամադրվում են լրացուցիչ միջոցներ երեխայի խնամքի եւ դաստիարակության ծախսերի համար։ Խնամատար ծնողների աշխատանքի համար վարձատրությունը միաժամանակ հաշվարկվում է որպես աշխատանքային փորձ, ինչը լրացուցիչ սոցիալական երաշխիք է նրանց համար»,- նշում է Արմինե Անդրանիկյանը։
Լուսանկարը` Մեդիամաքս
Խնամատարության պայմանագրի ամբողջ ընթացքում իրականացվում է վերահսկողություն՝ ոչ միայն տնայցերի, այլեւ հարցազրույցների ու հանդիպումների միջոցով: «Վերահսկողության նպատակը ընտանիքում առկա հնարավոր խնդիրների բացահայտումն է։ Պայմանագրում հստակ նշվում են ոչ միայն խնամատար ծնողի, այլեւ աշխատակազմի եւ երրորդ կողմի՝ երեխայի օրինական ներկայացուցչի իրավունքներն ու պարտականությունները։ Խնամատար ծնողը պարտավոր է չխոչընդոտել վերահսկողության իրականացումը եւ ապահովել երեխայի բարեկեցությունը», - բացատրում է մասնագետը:
Արփի Ջիլավյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի












Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: