2020թ.-ին Արարատի մարզի Արեւշատ գյուղում տուն կառուցելու նպատակով հող գնած Անահիտ Գեւորգյանի բոլոր ծրագրերը փոխվեցին, երբ սկսվեց պատերազմը:
Դաշնակահար, անգլերենի թարգմանիչ եւ ՏՏ ընկերություններից մեկում մարդկային ռեսուրսների կառավարիչ Անահիտի եւ նրան վստահողների ջանքերով նախ վերանորոգվեց Արեւշատի երաժշտական դպրոցը, ապա՝ հարեւան համայնքի դպրոցի մարզադահլիճը: Արդյունքում իրականացվող նախագծերը ոչ միայն միավորվեցին «Արի գյուղ, գյուղում կյանք կա» անվան ներքո, այլեւ ընդլայնվեցին եւ դարձան առավել բազմաշերտ:

Լուսանկարը` «Արի գյուղ, գյուղում կյանք կա»
2025թ.-ի սեպտեմբերին Անահիտ Գեւորգյանը որոշեց, որ ի թիվս այլ նախագծերի, համայնքներ պետք է հասցնել նաեւ որակյալ երաժշտությունը: «Մենք ասում ենք ռաբիսը լավ չէ, բայց համայնքների երիտասարդներին, երեխաներին պետք է ցույց տալ այլընտրանքը», - ասում է Անահիտը:
Հոկտեմբերի 19-ին «Արի գյուղ, գյուղում կյանք կա» նախաձեռնության ջանքերով Արեւշատում տեղի ունեցավ «Ethno Colors» խմբի համերգը, որին մասնակցեցին նաեւ հարակից 5 համայնքների բնակիչներ:
Մեդիամաքսի հետ զրույցում Անահիտ Գեւորգյանը պատմել է նախագծի մասին եւ կիսվել է ապագա ծրագրերով:
«Պետք է տալ այլընտրանք, որ մարդիկ չլսեն այն, ինչ ունեն, ինչ հասանելի է»
«Արի գյուղ, գյուղում կյանք» կա նախաձեռնությունը սկսեցի 2020թ.-ին՝ պատերազմից մեկ շաբաթ անց։ Այս ընթացքում իրականացրել ենք կրթական ծրագրեր, վերանորոգել Արեւշատ համայնքի երաժշտական դպրոցը, հարակից Աբովյան գյուղի դպրոցի մարզադահլիճը։ Բացի այդ, նախաձեռնության շրջանակում համայնքներ ենք հրավիրել ճանաչված մարդկանց, որոնք իրենց անցած ճանապարհով եւ հաջողության պատմությամբ կիսվել են երեխաների հետ։ Նման հանդիպումները կարեւոր են, քանի որ ոչ միայն մոտիվացնում են, այլեւ՝ ցույց տալիս, որ հաջողության հասնելու ճանապարհը միշտ չէ հարթ եւ հեշտ լինում: Պետք է խոսել նաեւ ձախողումների մասին, ցույց տալ, որ դրանք ընթացքի բնականոն մաս են եւ ասել՝ «ես կարողացել եմ, դուք էլ կկարողանաք»:

Լուսանկարը` «Արի գյուղ, գյուղում կյանք կա»
Ինչ-որ փուլում միտք առաջացավ, որ համայնքներ պետք է որակյալ երաժշտություն «բերել»: Մենք ասում ենք՝ ռաբիսը վատ է, բայց իրավիճակը փոխելու համար մարդուն պետք է ցույց տալ այլ օրինակներ, այլ երաժշտություն:

Լուսանկարը` «Արի գյուղ, գյուղում կյանք կա»
«Ethno Colors» խմբին բացահայտեցի սեպտեմբերի 4-ին՝ իրենց համերգի ժամանակ, եւ միանգամից մտածեցի, որ հիանալի կլինի խմբին գյուղ հրավիրել: Նույն համերգին հանդիպեցի մեր սիրելի մաեստրո Արա Գեւորգյանին, ով տարիներ առաջ արդեն եկել էր Արեւշատ՝ լսելու մեր երեխաների համերգը: Ողջույնից հետո մաեստրոյին հարցրեցի՝ «ի՞նչ եք կարծում, չարժի՞ «Ethno Colors»-ին գյուղ տանել»։ Ժպտաց, հայացքով կարծես ասաց՝ «էլի խենթություն ես անում» ու արդեն մի քանի ժամ անց ինձ փոխանցեց խմբի կոնտակտային տվյալները: «Ethno Colors»-ի հետ զրուցեցինք, պայմանավորվեցինք ու հստակ գիտակցեցի՝ ինչ ծավալի աշխատանք է ենթադրում համերգի կազմակերպումը:
Գիտակցման հետ եկավ նաեւ կասկածը՝ իսկ պե՞տք է որ, իսկ մարդկանց կհետաքրքրի՞:

Լուսանկարը` «Արի գյուղ, գյուղում կյանք կա»
Կասկածներս ցրվեցին, երբ օրեր անց վերադառնում էի Խուստուփի վեցերորդ վերելքիցս, որն իրականացրեցի Հայաստանի Անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին։ Ճանապարհին՝ մեքենայում, թիմի ղեկավարը տարբեր երաժշտություն էր միացնում, որը բառապաշարային ինձ, դասական դաշնակահարիս, այնքան էլ դուր չեկավ (ժպտում է – հեղ.)։ Հարցրեցի՝ «ուզում եմ հասկանալ, նորմա՞լ է, որ սա ենք լսում»։ Արձագանքեցին՝ «լսում ենք այն, ինչ կա, ինչ ունենք»։ Այդ պահին էլ ավելի ամրացա որոշմանս մեջ՝ որակյալ երաժշտությունն անպայման պետք է հասցնել համայնքներ, որպեսզի այստեղ էլ երեխաները, երիտասարդները չլսեն այն, ինչ կա, ինչ հասանելի է:
«Կամավորության մշակույթը ծնվում է կայացած լինելուց»
«Ethno Colors» խմբի համերգը տեղի ունեցավ հոկտեմբերի 19-ին՝ Արեւշատ համայնքի իմ հողատարածքում: Հրավիրել էինք նաեւ հարակից համայնքների՝ Աբովյան գյուղի, Կանաչուտի, Դիտակի, Դեղձուտի միջնակարգ դպրոցների ուսուցիչներին եւ աշակերտներին, ինչպես նաեւ՝ Արտաշատի երաժշտական դպրոցի սաներին։

Եթե բոլոր արձագանքներն ամփոփեմ, կարող եմ ասել՝ էմոցիաներն անչափ շատ էին: Մեծերն ասում էին՝ «երաժշտությունն այնքան լավն էր, որ հոգիներիս յուղ կպավ», իսկ աշակերտները կլանված ու մեծ ոգեւորությամբ էին հետեւում համերգին:
Կարեւոր է, որ երեխաներին ընդգրկեցի նաեւ նախապատրաստական կամավորական աշխատանքում։ Արեւշատի միջնակարգ դպրոցի սաները տեղափոխում եւ դասավորում էին խոտի տուկերը, հյուրասիրությունը պատրաստում:

Լուսանկարը` «Արի գյուղ, գյուղում կյանք կա»
Սկզբում ամաչում էին, բայց բացատրեցի, որ օգնելը, համայնքի համար ինչ-որ բան անելը ոչ թե ամոթ է, այլ՝ հպարտանալու առիթ: Այգում կազմակերպված փոքրիկ հյուրասիրությունն ամբողջությամբ երեխաների ձեռքի գործն էր եւ եթե սկզբում ասում էին՝ «վա՜յ ամոթ է, մենք կադրերում չերեւանք», երբ խմբի մեներգչուհին նկարներ էր հրապարակել իր սոցցանցերում եւ մեծ լսարանին պատմել՝ ինչպես են երեխաներն իրենց դիմավորել, աշակերտները չափազանց ոգեւորվել էին։

Լուսանկարը` «Արի գյուղ, գյուղում կյանք կա»
Արդյունքում ոչ միայն որակյալ երաժշտություն վայելեցինք, այլեւ մի փոքր զարգացրեցինք կամավորության մշակույթը, որը ծնվում է կայացած լինելուց, սիրուց համայնքիդ հանդեպ: Մի կարեւոր կետ էլ կա, կամավորության մեջ չի աշխատում՝ «գնա՛, արա» սկզբունքը: Երեխան քայլ կանի այն ժամանակ, երբ տեսնի, որ իր հետ հավասար տեղափոխում ես խոտի տուկերն ու իր չափ ցեխոտվում: Մենք այդպես էլ արեցինք (ժպտում է – հեղ.): Ես իրենց անընդհատ ասում էի՝ «սա իմը չէ, ձե՛ր նախագիծն է», եւ այս սեփականության զգացումն է նվիրվածություն եւ ոգեւորություն առաջացնում:
Առաջիկա նախագծերն ու տունը, որ ի վերջո կառուցվեց
Արդեն պայմանավորվածություն կա առաջիկա համերգի վերաբերյալ: Այն կկայանա նոյեմբերի 5-ին, ընդ որում՝ մեզ հյուր կգա շատ հայտնի արտիստ, եւ 5 հարակից համայնքների երաժշտական դպրոցների աշակերտները նրա հետ կկատարեն երգերի մի մասը, ինչպես նաեւ՝ կներկայացնեն սեփական կատարումներ:

Լուսանկարը` «Արի գյուղ, գյուղում կյանք կա»
2020թ.-ի աշնանը՝ պատերազմից կարճ ժամանակ առաջ, Անահիտ Գեւորգյանը Արեւշատ համայնքում հողատարածք էր գնել, որպեսզի տուն կառուցի: Պատերազմի հետ եկած ցավը, սակայն, փոխել էր ծրագրերն ու գործելու, ինչ-որ բան փոխելու մղում առաջացրել: Նախ՝ համայնքի երաժշտական դպրոցի վերանորոգումն էր, հետո՝ հարեւան գյուղի մարզադահլիճի, նոր անելիքներ, ծրագրեր եւ հերթը սեփական տանն այդպես էլ չէր հասնում: Զրույցի վերջում Անահիտին հարցնում եմ՝ իսկ ձեր տո՞ւնը:

Լուսանկարը` «Արի գյուղ, գյուղում կյանք կա»
- Կառուցել եմ, իհարկե, վրան դեռ շատ անելիքներ կան, բայց տունն արդեն կա, - ժպտում է ու ավելացնում, որ հոկտեմբերի 19-ին տեղի ունեցած համերգի ժամանակ նույնիսկ լուսանկարվել է իր տան «հետ»: Տուն, որը կառուցվեց ուշացումով, բայց հիմք դարձավ ասելու մարդկանց՝ «եկե՛ք գյուղ, գյուղում կյանք կա»:
Յանա Շախրամանյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: