ArmGeo-ի անկրկնելի տեսարաններով վերելքը Սիս եւ Բարդող - Mediamax.am

Սեպտեմբեր 28, 2025
exclusive
100 դիտում

ArmGeo-ի անկրկնելի տեսարաններով վերելքը Սիս եւ Բարդող


Լուսանկարը` ArmGeo

Տիգրան Վարագը
Տիգրան Վարագը

Լուսանկարը` ArmGeo

Լուսանկարը` ArmGeo

Լուսանկարը` ArmGeo

Լուսանկարը` ArmGeo

Լուսանկարը` ArmGeo

Լուսանկարը` ArmGeo

Լուսանկարը` ArmGeo


Հայաստանի Անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին, «Հայկական աշխարհագրական նախագծի» (Armenian Geographic) խումբը վերելք է կատարել Սիս (3925 մ), իսկ հաջորդ օրը՝ սեպտեմբերի 22-ին, կանգնել նաեւ Հայկական պար լեռնաշղթայի ամենագեղեցիկ լեռներից մեկի՝ Բարդողի (2562 մ) գագաթին: 

Լուսանկարը` ArmGeo


Սահմանային գոտուն մոտ լինելու պատճառով Սիսը երկար տարիներ «փակ լեռ» է եղել եւ արշավականների համար հասանելի է դարձել միայն անցյալ տարի: 

Վերելքների, ինչպես նաեւ Սիսի եւ Բարդողի առանձնահատկությունների մասին Մեդիամաքսին պատմել է Armenian Geographic-ի ղեկավար Տիգրան Վարագը: 

«Ամբողջացնել» Արարատի վերելքն ու տեսնել Մասիսը Սիսից

«Արարատ լեռ ասելիս միշտ պատկերացնում ենք ուրվագիծը, որին սովոր ենք՝ Սիսն ու Մասիսը միասին: Հիմա, բարձրանալով նաեւ Սիս, ասես, ամբողջացրեցինք Արարատի վերելքը», - ժպտալով ասում է Տիգրանը: 

Նրա եւ խմբի անդամների մեծ մասի համար սա առաջին վերելքն էր Սիս: 
Տիգրան Վարագը Տիգրան Վարագը

Լուսանկարը` ArmGeo


«Այս գագաթը երկար ժամանակ փակ էր վերելքների համար: Սահմանին մոտ լինելու պատճառաբանությամբ Թուրքիայի իշխանությունները ոչ մի խմբի թույլ չէին տալիս  բարձրանալ Սիս: Անցյալ տարվանից դա հնարավոր դարձավ՝ նախապես ստացվող թույլտվություններով ու պարտադիր տեղացի ուղեկցորդի մասնակցությամբ», - ասում է Տիգրան Վարագը: 

Սիսի վերելքը մեկօրյա է, ճանապարհին կանգառի կամ ճամբարների կարիք չկա. 

Լուսանկարը` ArmGeo


«Վերելքի արահետը շատ սիրուն էր, իսկ գագաթից դեպի Մասիս բացվող տեսարանը՝ չափազանց տպավորիչ»: 

Լեռանն ամենամոտ քաղաքն Իգդիրն է, բայց խումբը գիշերակացն անցկացրել է Բայազետում, որտեղից էլ մեքենաներով հասել մինչեւ թումբ, որով միանում են Սիսն ու Մասիսը: 

«Սիս վերելքի երթուղին սկսվում է այդ թմբից: Լեռան լանջը բավականին թեք է, ավելի, քան Մասիսի դեպքում է: Ռելիեֆը հիմնականում հողային է: Ստորոտին մոտ կա որոշակի բուսականություն, որը բարձրություն հավաքելուն զուգահեռ պակասում է: 

Լուսանկարը` ArmGeo


Սովորաբար սեպտեմբերին Սիսի գագաթին մոտ ձյուն չի լինում, բայց մեր վերելքը համընկավ եղանակի փոփոխության հետ: Արդյունքում շատ ցուրտ էր՝ ձյուն, ուժեղ քամի, վատ տեսանելիություն եւ կարելի է ասել՝ վերելքը ձմեռային ստացվեց», - պատմում է Տիգրանը: Գագաթից իջնելիս եղանակն, այնուամենայնիվ, «բացվել է»՝ հասանելի դարձնելով Մասիսի անմոռանալի եւ անկրկնելի տեսարանը. 

Լուսանկարը` ArmGeo


«Հայաստանի կողմից Մասիսին նայելիս այն մի քիչ փռված տեսք ունի՝ սահուն իջնող լանջերով: Սիսից Մասիսը շատ ավելի բարձր է թվում՝ կտրուկ լանջերով: Այս տեսարանն իսկապես շատ ազդեցիկ է: Սիսը Մասիսին նայելու լավագույն դիտակետերից է»: 

Բարդողը, որ հատկապես գեղեցիկ է Երեւանից՝ մայրամուտի ժամերին

«Սիսից բացի, սեպտեմբերի 22-ին վերելք կատարեցինք Հայկական պար լեռնաշղթայի ամենասիրուն լեռներից մեկը՝ Բարդողը (2562 մ): Այն շատ լավ երեւում է Երեւանից եւ հատկապես տպավորիչ է մայրամուտի ժամերին», - ասում է Տիգրանը: 

Լուսանկարը` ArmGeo


Armenian Geographic-ի խումբն առաջին անգամ վերելք է կատարել Բարդող 2018թ.-ին՝ դառնալով հայկական առաջին խումբը, որ կանգնել է այս գագաթին.

«Դեպի Բարդող ճանապարհի մի մասն անցնում է մեքենայով, իսկ բուն վերելքը տեւում է 1,5-2 ժամ: Թվում է՝ կարճ ժամանակ է, բայց այդ ընթացքում մարդիկ անփոխանցելի զգացողություններ են ունենում, քանի որ լեռան սուր, ժայռային վերելքը ստիպում է տեղ-տեղ բարձրանալ գրեթե մագլցելով: Երթուղին պետք է շատ լավ իմանալ, հակառակ դեպքում՝ կարող ես անանցանելի ժայռերի հանդիպել»: 

Լուսանկարը` ArmGeo


Տիգրան Վարագի խոսքով՝ այս գագաթից բացվող տեսարանը նույնպես շատ ազդեցիկ է. 

Լուսանկարը` ArmGeo


«Գագաթից լավ տեսանելի է Հայաստանն ու հատկապես տպավորիչ է վայրը, ուր միախառնվում են Ախուրյան եւ Արաքս գետերը»: 

Յանա Շախրամանյան 





Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին