Այս ամիս լրանում է 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցը: 2020 թվականի ու դրան հաջորդած ողբերգական իրադարձությունների թողած ծանր վերքերը դեռ երկար պետք է ամոքվեն, ու հասարակության ապաքինման համար դեռեւս շատ ջանքեր են պետք: Միեւնույն ժամանակ մեր կողքին ապրում են անհատներ, որոնք իրենց բաժին հասած դժվարություններից ավելի ուժեղ դառնալու հնարավորություն են կերտել եւ փորձում են իրենց օրինակը վարակիչ դարձնել:
25-ամյա Սուրեն Դիլբարյանը 2020 թվականի պատերազմի 44-րդ օրը ծանր վիրավորում է ստացել, որի հետեւանքով կորցրել է ձեռքը, անցել ապաքինման երկար ու բարդ փուլերի միջով:
Դեռեւս 2021 թվականին Մեդիամաքսին տված հարցազրույցում, երբ ընդամենը մի քանի ամիս էր, ինչ դուրս էր գրվել հիվանդանոցից, Սուրենն արդեն պատմում էր իր առջեւ դրած նոր նպատակների մասին: Այսօր այդ նպատակներն իրականացել են ու շատ ավելի լավ ձեւով, քան նա կարող էր պատկերացնել 4 տարի առաջ:
Մարզչի կարիերան՝ զրոյից
Դեռ փոքրուց Սուրենի կյանքում ֆուտբոլն առաջնային տեղ ուներ, սակայն ավտովթարից հետո ստացած ոտքի վնասվածքը ստիպել էր մի կողմ թողնել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու երազանքը: Պատերազմում վիրավորվելուց հետո էլ որոշել էր սպորտային լրագրությամբ զբաղվել, սովորում էր ֆուտբոլային մեկնաբանի մասնագիտությունը, սակայն հետո կոկորդի վիրահատության պատճառով այս ճանապարհը եւս կարծես թե փակվեց: Թվում էր, թե խնդիրները նրան շարունակաբար հեռացնում են սիրելի ոլորտից, սակայն կյանքն այլ անակնկալ ուներ Սուրենի համար: Հիմա նա ֆուտբոլի պրոֆեսիոնալ մարզիչ է ու օրվա մեծ մասն անցկացնում է դաշտում:

Լուսանկարը` Մեդիամաքս
2022 թվականին, երբ Սուրենը դեռ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ուսանող էր, տեսավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտարարությունը ՈՒԵՖԱ-ի մարզչական C կարգի արտոնագրի դասընթացի ընդունելության մասին: Որոշեց դիմել:
«Հիշում եմ, որ քննության օրն ուշացա՝ քնած էի մնացել, բայց ընդառաջեցին ու հետո ամեն ինչ բարեհաջող անցավ: 6-ամսյա վերապատրաստումից հետո սկսեցի մարզչական գործունեությունս: Աշտարակում թիմ հավաքեցի, սկսեցի 5-6 աշակերտից, հետո հասցրի 70-ի: Նախորդ տարի էլ «Նոա» ֆուտբոլային ակումբից առաջարկ ստացա ու արդեն մեկ տարի է այնտեղ մանկապատանեկան խմբերի հետ եմ աշխատում»,- պատմում է Սուրենը:
Հիշում է, որ սկզբում մարզչական աշխատանքը շատ անսովոր էր, հատկապես այն պատճառով, որ երկար ժամանակ ֆուտբոլով չէր զբաղվել, բայց ինչպես ինքն է ասում՝ չլինող ոչինչ չկա:
«Եթե նպատակ ես դնում, աշխատասիրության միջոցով դրան մի օր անպայման կհասնես: Ինքս ինձ վրա շատ եմ աշխատել, մարզիչ ընկերներս եւս շատ են օգնել: Հիմա էլ անդադար շարունակում եմ կրթվել, գաղափարներս զարգացնել: Երեխաներին օգնելն իմ առաքելությունն եմ համարում»,- ասում է Սուրենը:

Լուսանկարը` Մեդիամաքս
Դժվարանում է բառերով ասել, թե մարզվողներին ինչպես է ոգեւորում խաղում, սակայն խոստովանում է, որ ֆուտբոլում խիստ էմոցիոնալ է: Նաեւ վստահեցնում է, որ լավ սերունդ է մեծանում. «Հայաստանում ֆուտբոլի ապագան լավն է լինելու»:
«Կարեւորը՝ դաշտից լավ մարդ դուրս գաս»
Մարզչական կարիերայի սկզբում Սուրենը հաճախ է նկատել իրեն ուղղված թերահավատ հայացքներ ոլորտի մարդկանց, նաեւ երեխաների ծնողների կողմից, սակայն կարծում է, որ իր աշխատանքի արդյունքներով կարողացել է փոխել մարդկանց կարծիքը:

Լուսանկարը` Մեդիամաքս
«Չեմ ուզում գլուխ գովել, բայց նախորդող մեկ տարվա ընթացքում արդյունքներն ակնհայտ են»,- համեստ ժպիտով ասում է Սուրենը: «Դաշտում շատ խիստ եմ, որովհետեւ այնտեղ նպատակը հստակ է՝ պարապմունքի ժամանակ գիտելիք ստանալ ու հետո այդ գիտելիքը խաղում իրագործել»:
Երեխաների հետ շատ է զրուցում՝ թե´ դաշտում, թե´ դաշտից դուրս: Ասում է, որ թեկուզ 30 մարզվողից միայն մեկը դառնա պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, իր համար առաջնային է, որ 30-նն էլ դաշտից լավ մարդ դուրս գան: Առաջին հերթին հենց դա է փորձում հասցնել երեխաներին:

Լուսանկարը` Մեդիամաքս
Սուրենը վստահ է, որ յուրաքանչյուր մարդ իր սիրելի գործով պետք է զբաղվի եւ դրան տարբեր ֆիզիկական խնդիրները չեն կարող խանգարել:
«Ինձ առաջարկում են նաեւ գրասենյակային աշխատանք, թեկուզ նորից ֆուտբոլի ասպարեզում, բայց միեւնույն է, իմը դաշտն է՝ թեկուզ տանջանք է: Ֆուտբոլը չի հարցնում ոչ կիզիչ արեւ, ոչ անձրեւ, ոչ էլ ձյուն. եղել է՝ հեղեղի ժամանակ եք պարապել, մեզ ոչինչ չի կարող խանգարել»:
«Այս կյանքում ոչ ոք հենց այնպես չի մնում»
Սուրենը պատերազմի մասնակից բազում ընկերներ ունի, որոնցից շատերը տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել, բայց շարունակում են պայքարել:

Լուսանկարը` Մեդիամաքս
«Բայց մարդիկ էլ կան, որ շատ հուսահատ վիճակում են: Ես անընդհատ փորձում եմ խոսել նրանց հետ ու ասել՝ պետք չէ այդպես, եթե դու ողջ ես մնացել՝ հատկապես այդքանից հետո, երբ դու տեսել ես, թե որտեղից ես կարողացել դուրս գալ, ուրեմն մի առաքելություն դեռ ունես այս կյանքում»,- ասում է Սուրենը:
Ինքն էլ պատերազմից հետո իրեն շատ է նույն հարցը տվել՝ ինչու՞ Աստված պահեց իրեն: Հիշում է, որ հատկապես երբ ցավերը խեղդում էին, նույն հարցն անդադար կրկնում էր ու հուսահատ մտքեր ունենում:

Լուսանկարը` Մեդիամաքս
«Մի օր պարզապես հասկացա, որ պետք է երկար մտածել. եթե Աստված քեզ պահել է, ուրեմն մի նպատակ ունես, այս կյանքում հենց այնպես չես մնացել: Բոլորն այս կյանք եկել են իրենց առաքելությունը կատարելու ու գնալու համար: Պարզապես շատ մարդիկ չեն ուզում իրենց նեղություն տալ, չարչարվել, հատկապես մեր երկրում շատ են մարդիկ, որ չեն աշխատում, որովհետեւ այս կամ այն գործն իրենց «հագով» չէ:
Բայց ամեն ինչ մարդուց է գալիս: Ես իմ առաջ նպատակ դրեցի ու հիմա այս գործն եմ անում՝ փորձելով առավելագույնս օգտակար լինել, նախ ինքս զարգանալ, հետո նպաստել մյուսների զարգացմանը, ու այդ ամենօրյա ջանքում ես էլ չեմ նայում՝ արեւ է, անձրեւ, թե ձյուն»:
«Կյանքը քեզ համար միշտ անակնկալներ ունի»
Կյանքում մարդը շատ խոչընդոտների կարող է բախվել, դրանք կարող են լինել ինչպես ֆիզիկական խնդիրներ, այնպես էլ ֆինանսական, ընտանեկան ճգնաժամեր եւ այլն: Սուրենը իր կյանքի փորձությունները հաղթահարելով եկել է համոզման, որ երբեք պետք չէ հանձնվել, որովհետեւ կյանքը մշտապես շատ անակնկալներ ունի յուրաքանչյուրի համար:

Լուսանկարը` Մեդիամաքս
«Ես սիրում եմ փորձություններ: Ինչքան էլ որ փորձությունը կարող է քեզ ժամանակավոր կոտրել, թեւաթափ անել, բայց միայն այդպես ես կոփվում: Մարդը պետք է ուղղակի փափուկ չապրի, պիտի կարողանա դժվարության միջից դուրս գալ՝ առաջին հերթին մարդ մնալով, ու հետո փորձի իր կյանքի փորձով օգնել մյուսներին»:
Գայանե Ենոքյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: