«Հայաստանում գտել եմ տունս. «ռուս Օլյայի» պատմությունը - Mediamax.am

exclusive
336 դիտում

«Հայաստանում գտել եմ տունս. «ռուս Օլյայի» պատմությունը


Լուսանկարը` ընտանեկան արխիվից

Սարգիս ու Սիրուշ Չաքրյանները
Սարգիս ու Սիրուշ Չաքրյանները

Լուսանկարը` ընտանեկան արխիվից

Օլգա Գավրիլովան
Օլգա Գավրիլովան

Լուսանկարը` Մեդիամաքս

Օլգա Գավրիլովան
Օլգա Գավրիլովան

Լուսանկարը` Մեդիամաքս

Օլգա Գավրիլովան ամուսնու հետ
Օլգա Գավրիլովան ամուսնու հետ

Լուսանկարը` семейный архив

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` ընտանեկան արխիվից

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` ընտանեկան արխիվից

Լուսանկարը` Մեդիամաքս


Օլգա Գավրիլովան ընտանիքի հետ Սոչիից Հայաստան է տեղափոխվել 2023թ. սեպտեմբերին: Ուղեկցորդ, բլոգեր եւ էքսպատ. այսպես է Օլգան բնութագրում ինքն իրեն բլոգում, որը սկսել է վարել տեղափոխությունից հետո

Օլգայի նախապապը՝ Սարգիս Չաքրյանը, համշենահայ է: 18 տարեկանում հրաշքով է փրկվել Ցեղասպանությունից եւ հասնելով Աբխազիա՝ հաստատվել այնտեղ, ընտանիք ստեղծել: Նրա դուստրը՝ Օլգայի տատիկը, ամուսնացել է ռուսի հետ, ինչպես եւ հետագայում Օլգայի մայրը: Այսպես նա հայ է ծնվել միայն մեկ քառորդով, բայց հենց այս արմատներն են արդյունքում կանխորոշել նրա ճակատագիրն ու ինչպես ինքն է ասում՝ փակել շրջանը: 

Հիմա Օլգան ապրում է Հայաստանում՝ ամուսնու հետ, որը ծնունդով Արցախից է: Նրանք կազմակերպում են զբոսաշրջային տուրեր եւ դաստիարակում են երեխաներին: Ավագ որդուն ընտանիքը կոչել է Սարգիս՝ նախապապի անունով: 

Օլգա Գավրիլովան Օլգա Գավրիլովան

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսի հետ զրույցում Օլգան կիսվել է ընտանիքի պատմությամբ, պատմել Հայաստան տեղափոխվելու մասին եւ բացահայտել «գաղտնիքը»՝ ինչպես է «ռուս Օլյան» այդքան լավ խոսում հայերեն: 

«Ջարդերից խուսափելով՝ նախապապս նստել է փոքրիկ նավակ ու դուրս եկել բաց ծով»

Մայրիկիս պապը՝ Սարգիս Չաքրյանը, ծնունդով Համշենից էր: Երբ սկսվել են հայերի ջարդերը, նա 18 տարեկան էր: Փրկվելու համար նախապապս երկու այլ պատանիների հետ նստում է փոքրիկ նավակ եւ գիշերով դուրս գալիս բաց ծով: Փրկվելու հնարավորությունները չափազանց քիչ էին, բայց հրաշք է լինում, եւ նրանք հասնում են Աբխազիայի ափերին: Հաստատվելով այստեղ՝ Սարգիս Չաքրյանն ամուսնանում է հայուհու հետ, որի ողջ ընտանիքը սպանվել էր Ցեղասպանության ժամանակ: Ծնվում են երեխաներ, այդ թվում՝ տատիկս, որը հետագայում մեծ դեր է խաղում իմ դաստիարակության հարցում: 
Սարգիս ու Սիրուշ Չաքրյանները Սարգիս ու Սիրուշ Չաքրյանները

Լուսանկարը` ընտանեկան արխիվից


Չնայած Աբխազիայում տատիկս հաճախել է հայկական դպրոց, նա վատ էր խոսում գրական հայերենով, քանի որ շրջապատում բոլորի համար կիրառելի էր հարազատ Համշենի բարբառն, իսկ այն շատ է տարբերվում հայերենից: 

Տարիներ անց ընտանիքը տեղափոխվում է Սոչի, որտեղ տատիկս, իսկ հետագայում նաեւ մայրս ամուսնանում են ռուսների հետ: Եվ ահա ծնվում եմ ես՝ 25 տոկոս հայկական արմատներով (ժպտում է – հեղ.): Հիշում եմ՝ սկզբում ինձ հայ չէի համարում, նույնիսկ ինչ-որ չափով ընդդիմանում էի դրան: Տատիկը հաճախ էր խոսում բարբառով, եւ ես քիչ թե շատ սովորել էի այն: Բայց ընտանիքի մասին քիչ էր պատմում: Ակնհայտ էր, որ նրա համար շատ ցավալի էր սեփական հայրենիքից հեռու լինելը: 
Օլգա Գավրիլովան Օլգա Գավրիլովան

Լուսանկարը` Մեդիամաքս


Սոչիում հաճախում էի հայկական պարերի խմբակ: Ինչ-որ պահից մեզ միացավ մեկ այլ հայ աղջիկ, որն ընդհանրապես ռուսերեն չէր խոսում: Աղջիկը տարիքով մեզնից մեծ էր, եւ բոլորը ցանկանում էին ընկերանալ նրա հետ, այդ թվում՝ ես: Համարելով, որ հայերենի իմացությունը կարող է դառնալ իմ առավելությունը, սկսեցի շփվել նրա հետ: Իհարկե, հիմա գիտակցում եմ, որ նա ինձ հասկանում էր առավելապես ժեստերով (ծիծաղում է – հեղ.): Հիշում եմ՝ մի օր զատիկ նկատեցի ու ցանկացա ցույց տալ այդ աղջկան: Սկսեցի մտածել՝ եթե ռուսերեն այն կոչվում է «божья коровка», իսկ «корова»-ն մեր բարբառով «գով» է, ուրեմն կարող եմ նրան այդպես անվանել: Աղջիկն էլ զարմանքով ասաց՝ «բայց սա կով չէ»: 

Սյս շրջանում ինձ մոտ ոչ միայն վերացավ հայկական արմատներս ժխտելու մոտեցումը, այլեւ՝ մեծ հետաքրքրություն առաջացավ հայոց պատմության, մշակույթի ու հայերենի նկատմամբ: Արդյունքում կրթությունս շարունակեցի պարարվեստի ոլորտում եւ դարձա հայկական պարերի պարուսույց՝ զուգահեռ ուսումնասիրելով զարդանախշերն ու տարազները: 

Հարսանիք Արցախում եւ տեղափոխություն Հայաստան 

Միշտ զգում էի, որ ընտանիք եմ կազմելու հայի հետ (ժպտում է – հեղ.): Ամուսինս ծնունդով Արցախից է, ծանոթացել ենք Սոչիում, որտեղ նա եկել էր աշխատանքի բերումով: Նա նույնպես պարուսույց է եւ կարճ ժամանակ դասավանդել է ինձ: 

Մեր հարսանիքն Արցախում էր՝ Ստեփանակերտում, հետո 12 տարի ապրել ենք Սոչիում: 

Հայաստան տեղափոխվելու միտքը միշտ եղել է, բայց տարբեր պատճառներով՝ հետաձգվել: 2023թ. սեպտեմբերին գիտակցեցինք՝ ժամանակը եկել է: 
Օլգա Գավրիլովան ամուսնու հետ Օլգա Գավրիլովան ամուսնու հետ

Լուսանկարը` семейный архив


Ես եւ երեխաները Երեւան եկանք ինքնաթիռով՝ սեպտեմբերի 28-ին: Ամուսինս եկավ մեքենայով՝ իր հետ բերելով որոշ իրեր: Հիշում եմ՝ թռիչքից մեկ օր առաջ Սոչիի օդակայանին ԱԹՍ էր հարվածել եւ տեղում սարսափելի խառնաշփոթ էր, իսկ Երեւան գալով՝ ականատես եղանք Արցախում տեղի ունեցած իրադարձությունների սարսափելի հետեւանքներին: Հենց այս օրերին բացվեց շրջափակման շղթան, ու մարդիկ, կորցնելով ամեն ինչ, գալիս էին Հայաստան: 

Ամուսնուս ընտանիքն արդեն Ստեփանակերտում չէր ապրում: 25 տարի դասավանդելուց հետո նրանք գնացել էին թոշակի եւ տեղափոխվել Թալին (ՀՀ Արագածոտնի մարզ – հեղ.), քանի որ ամուսնուս մայրը ծնունդով այստեղից է: Այնուամենայնիվ, Արցախում դեռ ապրում էին բազմաթիվ հարազատներ, որոնք հազարավոր այլ մարդկանց հետ դարձել էին փախստական:

Լուսանկարը` Մեդիամաքս


Այնպես որ, մեր տեղափոխությունը բարդ էր թե՛ էմոցիոնալ, թե՛ կենցաղային առումով: Դեռ Սոչիում նայել էինք Երեւանում բնակարանի վարձակալության գները: Դրանք մեզ համար ընդունելի էին, բայց արդեն տեղում հասկացանք՝ ո՛չ այդ գները կան, ո՛չ էլ բնակարանների մեծ ընտրություն:

Նախատեսում էինք գալ ամուսնուս ծնողների մոտ, Թալինում որոշ ժամանակ շունչ քաշել եւ Երեւանում բնակարան վարձակալել: Այնտեղ մնացինք մի քանի ամիս: 
Ոտքի կանգնելու համար անընդհատ աշխատում էինք: Հասել էինք շատ դժվար փուլի, որից էլ սկսեցինք կառուցել մեր նոր կյանքը: 

Երեւանում կա ամեն ինչ, բայց մարզերն էլ ունեն առավելություններ

Տեղափոխությունից առաջ պարբերաբար գալիս էինք Հայաստան, բայց մի բան է գալ հյուրի կարգավիճակով, մեկ այլ բան՝ սկսել կյանք կառուցել: 

Մենք նախատեսում էինք, որ երեխաները կգնան ռուսական դպրոց՝ ավելորդ սթրեսից խուսափելու համար, քանի որ, ցավոք, հայերեն չէին խոսում: Հասկանալով, որ Թալինում երկար ենք մնալու, նրանց ուղարկեցինք տեղի հայկական դպրոցներից մեկը: Բարդ էր, քանի որ շատ բան նոր էր ոչ միայն իրենց, այլեւ՝ ինձ համար, օրինակ՝ դպրոցներում սննդի կազմակերպումը, որոշ կանոններ եւ այլն: Հետաքրքիր փորձ էր, միեւնույն ժամանակ՝ բարդ: Բարեբախտաբար, որդուս բաժին հասավ հիանալի ուսուցիչ, որի շնորհիվ Սարգիսը կարճ ժամանակում սկսեց հայերեն խոսել: Աղջկաս դեպքում որոշ դժվարություններ եղան: Երեւան տեղափոխվելուց հետո էլ մերը գտնելու համար ստիպած էինք մի քանի դպրոց փոխել (ժպտում է – հեղ.): 

Լուսանկարը` Մեդիամաքս


Համեմատելով կյանքը Հայաստանի մարզերում եւ Երեւանում՝ Թալինի մասին շատ դրական բաներ կարող եմ ասել: Երեւանը չափազանց շատ եմ սիրում՝ ընդունելով այս քաղաքի բոլոր թերությունները (ծիծաղում է – հեղ.): Այն ասես իրարից տարբեր, բազմագույն ծաղիկների փունջ լինի, որտեղ կարող ես գտնել ամեն ինչ՝ ժամանց, մարդիկ, հետաքրքիր միջոցառումներ տարբեր լեզուներով: 

Միեւնույն ժամանակ, մարզերում էլ կա դրականը, որը, գուցե, ավելի հասանելի է բնակչությանը: Օրինակ՝ Թալինում շատ մթերքներ ավելի էժան են, քան՝ Երեւանում: Վերջերս Գորիսում էինք եւ տեղի խանութում նկատեցի եվրոպական մթերքներ, որոնք չէի տեսել Երեւանի ոչ մի խոշոր սուպերմարկետում: Այո՛, մարզերում կյանքն ուրիշ է եւ դրան պետք է սովորել: Թալինում առավոտյան գալիս էր միրգ-բանջարեղեն վաճառող մեքենա, միացնում էր ազդանշանն ու դու գնում էիր համեղ մրգեր՝ ցածր արժեքով: Մի բան էլ զրուցում էիր վաճառողի հետ, ասես հին բարեկամներ լինեք: 

Լուսանկարը` ընտանեկան արխիվից


Այնտեղ երեխաներս հաճախում էին տարբեր խմբակներ եւ դրանց համար մենք վճարում էինք շատ փոքր գին, որով Երեւանում չես կարողանա նույնիսկ մեկ պարապմունքի հաճախել: Թալինն անվտանգ է, բոլորը բոլորին ճանաչում են, եւ տեղափոխվելուց որոշ ժամանակ անց երեխաները հանգիստ դուրս էին գալիս միայնակ: Երեւանում բազմաթիվ մեքենաներ կան, անցումները վտանգավոր են, շատ տեղերում մայթեր չկան:  

«Մենք պատասխանատու ենք տպավորությունների համար, որոնք մարդիկ ստանում են մեր երկրից»

Արվեստը միշտ կարեւոր դեր է ունեցել իմ կյանքում: Ես նաեւ կերպարվեստի եւ կիրառական արվեստի ուսուցիչ եմ: Երկար տարիներ զբաղվել եմ նկարչությամբ ու կտավի առաջ անցկացրել եմ շաբաթական մոտ 10 ժամ: 

Տեղափոխության ամենացավալի դրվագներից մեկը կտավներիցս ու ներկերիցս բաժանվելն էր: Այստեղ չէի ցանկանում ամեն ինչ նորից գնել, քանի որ չգիտեի՝ ինչ կլինի հետո: 

Հիշում եմ՝ 2023թ.-ի վերջին օրերին՝ Ամանորից առաջ, թղթի վրա գրում էի այն ամենն, ինչ ունեմ կյանքում եւ ինչի պակասը զգում եմ (ժպտում է – հեղ.): Հենց այդ պահին էլ գիտակցեցի, որ արվեստն ուղղակի վերացել է կյանքիցս: 

Լուսանկարը` Մեդիամաքս


Որոշեցի, որ բլոգը կարող է դառնալ ինքնաարտահայտման միջոց: Սկզբում մի քանի տեսանյութ հրապարակեցի մեր տեղափոխության, Հայաստանում կյանքի մասին: Ինչ-որ պահի հայերենով պատմեցի մեր պատմությունն, ու հետեւորդների մեծ մասն ինձ միացան հենց այդ տեսանյութից հետո: Ի դեպ, մարդիկ հաճախ զարմանում են, որ խոսում եմ հայերեն: Ուրախ է լինում հատկապես տաքսիներում, երբ վարորդները համոզված են, որ իրենց մեքենան նստել է «ռուս Օլյան», եւ հանկարծ ես սկսում եմ պատասնխանել հայերենով (ծիծաղում է – հեղ.): 

Լուսանկարը` Մեդիամաքս


Բլոգից բացի, ամուսնուս հետ մտածում էինք՝ ինչով զբաղվել այստեղ: Ինչ-որ պահի տուրեր կազմակերպելու միտք առաջացավ: Նման փորձ ունեինք. Սոչին զբոսաշրջային քաղաք է եւ երբեմն ամռանը կազմակերպում էինք տուրեր, այդ թվում՝ Հայաստանից եկող պարային խմբերի համար: 

Վերլուծելով տեղական շուկան՝ տպավորություն ստացանք, որ մեքենա ունեցող երկու հայից մեկն անպայման կազմակերպում է տուրեր (ժպտում է – հեղ.): Այնուամենայնիվ, որոշեցինք փորձել՝ որպես առավելություն օգտագործելով այն, որ լավ ծանոթ ենք ռուսական մենթալիտետին եւ կկարողանանք լավ համագործակցել հատկապես ռուս զբոսաշրջիկների հետ: Ընտրեցինք ձեւաչափ եւ մեր նախագիծը կոչեցինք Lav Tour: Ոչ թե «Love» (սեր – անգլ.), այլ՝ «Լավ»: Բայց այստեղ, իհարկե, բառախաղ կա: Այդպես էլ մտածված էր (ժպտում է – հեղ.): 

Լուսանկարը` ընտանեկան արխիվից


Հիմնականում մեզ դիմում են ռուսները: Լինում են նաեւ ռուսախոս զբոսաշրջիկներ Եվրոպայից: Ի սկզբանե, տուրերի համար ընտրել էինք ուղղություն, որին լավ ծանոթ ենք: Մարդկանց տանում էինք Թալին, Դաշտադեմի ամրոց եւ տեղի բազմադարյա եկեղեցիներ: Հիմա արդեն ճամփորդում ենք ամբողջ Հայաստանով: Վերջերս գնել ենք ամենագնաց մեքենա, որպեսզի կարողանանք հյուրերին բարձրացնել նաեւ լեռներ՝ ամպերը «շոշափելու»: 

Մեր նախագիծը շատ եմ սիրում: Ասես երրորդ երեխաս լինի (ծիծաղում է – հեղ.): 

Կարծում եմ՝ մենք պատասխանատու ենք տպավորությունների համար, որոնք հյուրերը ստանում են՝ գալով մեր երկիր: Ասում եմ մեր, որովհետեւ Հայաստանն իսկապես իմն է դարձել, արդեն նաեւ պաշտոնապես, քանի որ արմատներից բացի, ստացել եմ քաղաքացիություն: 

«Հայաստանն այն վայրն է, ուր ցանկանում եմ վերադառնալ»

Իմ եւ Հայաստանի միջեւ իրական, անկեղծ սեր է: Այստեղ ինձ զգում եմ տանը: Հետ նայելով՝ գիտակցում եմ, որ երբեւէ, որեւէ տեղ նման զգացում չեմ ունեցել: Հիմա շատ ենք ցանկանում ճամփորդել, տեսնել աշխարհն ու ես վերջապես գտել եմ այն վայրը, ուր միշտ ցանկանում եմ վերադառնալ: 

Մեր ընտանիքը հիմա տուն չունի, բայց ունի երազանք/նպատակ: Մի օր մենք հող կգնենք Հայաստանի գեղեցիկ շրջաններից մեկում ու կկառուցենք մեր սեփական տունը: 

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի 




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին