Լռությունից անդին. Հրանտի եւ Արտյոմի ֆիլմը բնիկ եւ նորեկ պոլսահայերի մասին - Mediamax.am

exclusive
786 դիտում

Լռությունից անդին. Հրանտի եւ Արտյոմի ֆիլմը բնիկ եւ նորեկ պոլսահայերի մասին


Լուսանկարը` Mondo79

Արտյոմ Վանյանը
Արտյոմ Վանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սուրբ Սոֆիայի տաճարը
Սուրբ Սոֆիայի տաճարը

Լուսանկարը` Հրանտի եւ Արտյոմի արխիվից

Հրանտ Երիցկինյանը
Հրանտ Երիցկինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Պեզճյան մայր վարժարանը
Պեզճյան մայր վարժարանը

Լուսանկարը` Հրանտի եւ Արտյոմի արխիվից

«Քյոռ Հակոբ» ռեստորանը
«Քյոռ Հակոբ» ռեստորանը

Լուսանկարը` Հրանտի եւ Արտյոմի արխիվից

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի Քնալը կղզում
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի Քնալը կղզում

Լուսանկարը` Հրանտի եւ Արտյոմի արխիվից

Պոլսո Սուրբ Աստվածածին Աթոռանիստ Մայր Տաճար
Պոլսո Սուրբ Աստվածածին Աթոռանիստ Մայր Տաճար

Լուսանկարը` Հրանտի եւ Արտյոմի արխիվից

«Արաս» հրատարակչությունում
«Արաս» հրատարակչությունում

Լուսանկարը` Հրանտի եւ Արտյոմի արխիվից

Տիպիկ տուն Քնալը կղզում
Տիպիկ տուն Քնալը կղզում

Լուսանկարը` Հրանտի եւ Արտյոմի արխիվից

Լուսանկարը` Հրանտի եւ Արտյոմի արխիվից

Պոլսո Ազգային կենտրոնական վարժարանը
Պոլսո Ազգային կենտրոնական վարժարանը

Լուսանկարը` Հրանտի եւ Արտյոմի արխիվից

Հրանտ Դինքի գրասենյակը
Հրանտ Դինքի գրասենյակը

Լուսանկարը` Հրանտի եւ Արտյոմի արխիվից

Արտյոմ Վանյանը
Արտյոմ Վանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հրանտ Դինքի հիշողության» թանգարան
«Հրանտ Դինքի հիշողության» թանգարան

Լուսանկարը` Հրանտի եւ Արտյոմի արխիվից

Հրանտ Երիցկինյանը
Հրանտ Երիցկինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Պոլսո «Սուրբ Փրկիչ» հայկական հիվանդանոց
Պոլսո «Սուրբ Փրկիչ» հայկական հիվանդանոց

Լուսանկարը` Հրանտի եւ Արտյոմի արխիվից

Լուսանկարը` Հրանտի եւ Արտյոմի արխիվից

Լուսանկարը` Հրանտի եւ Արտյոմի արխիվից

Լուսանկարը` Հրանտի եւ Արտյոմի արխիվից


Լսարանում դասախոսը հնչեցնում է առաջադրանքը, որով պետք է ստուգի՝ որքանով են ուսանողները յուրացրել ուսումնական նյութը: Կուրսընկերներ Արտյոմ Վանյանն ու Հրանտ Երիցկինյանը մոդուլի շրջանակում ուսումնասիրված երկրի՝ Թուրքիայի մասին 5-րոպեանոց տեսազրույց նկարահանելու փոխարեն տոմսեր են գնում ու մեկնում Ստամբուլ: Նրանք շրջում են Ստամբուլի հայկական թաղամասերով, զրուցում տեղի հայ բնակչության հետ, եւ ի վերջո, հանձնարարված պարզ առաջադրանքի փոխարեն ստանում վավերագրական ֆիլմ` «Լռությունից անդին. հայերը Ստամբուլում: Հայացք ժառանգությանը» (անգլ.՝ Beyond the Silence: Armenians in Istanbul. A Glimpse into a Legacy):

Ռեժիսոր Հրանտ Երիցկինյանն ու միջազգայնագետ Արտյոմ Վանյանը Մեդիամաքսի հետ զրույցում պատմել են Ստամբուլում իրենց շրջայցի, բացահայտումների ու սպասվող նոր ֆիլմի մասին: 

Կատակից ծնված լուրջ ճամփորդությունը

Ռեժիսոր Հրանտ Երիցկինյանը Կանադայից Երեւան է վերադարձել Հայաստանի ամերիկյան համալսարանի միջազգային հարաբերություններ եւ դիվանագիտություն մագիստրոսական կրթական ծրագրում սովորելու նպատակով: Նույն կրթական ծրագրում է սովորում նաեւ Արտյոմ Վանյանը, որն էլ Մոսկվայից է տեղափոխվել Երեւան: Երկուսն էլ մտադիր են մնալ Հայաստանում:  

Այս տարի կրթական ծրագրի ամենահետաքրքրական մոդուլներից մեկը Կովկասի տարածաշրջանային քաղաքականությունն է, որը Արտյոմի եւ Հրանտի կուրսին դասավանդում է պրոֆեսոր Վահրամ Տեր-Մաթեւոսյանը: Մոդուլի առաջին մասում նրանք մանրամասն ուսումնասիրել են Թուրքիայի Հանրապետության ռազմավարությունը: 

Արտյոմ Վանյանը Արտյոմ Վանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Դասի շրջանակում մեզ տրվեց առաջադրանք՝ նկարահանել 5 րոպեանոց տեսանյութ, որի ընթացքում մենք միմյանց հետ պետք է խոսեինք Թուրքիայի մասին՝ օգտագործելով բանակցելու մեր հմտությունները: Որպես կատակ ասացի Հրանտին՝ արի գնանք Ստամբուլ, ամեն ինչ ցույց կտամ, Հրանտն էլ համաձայնեց, ուստի արագ տոմս գնեցինք ու մարտի 20-ին մեկնեցինք Ստամբուլ»,- հիշում է Արտյոմը: 

Նա միջազգայնագետի իր առաջին կրթությունը ստացել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում՝ միեւնույն ժամանակ գիտական աշխատություններում առավելապես անդրադարձել է Թուրքիային: Այս հանգամանքի եւ Ստամբուլում նախկինում լինելու շնորհիվ՝ Արտյոմը շատ մանրամասն գծագրել էր իրենց 5-օրյա երթուղին: 
Սուրբ Սոֆիայի տաճարը Սուրբ Սոֆիայի տաճարը

Լուսանկարը` Հրանտի եւ Արտյոմի արխիվից


«Արտյոմի գծագիրն իմ գործը՝ որպես ռեժիսորի, շատ հեշտացրեց, միանգամից պատկերացրի՝ ինչ եւ որտեղ եմ նկարելու: Սկզբում միտք ունեի լուրջ նկարահանումներ իրականացնելու, սակայն մի փոքր մտածելուց հետո հասկացա, որ այդկերպ ինքս ոչինչ չեմ տեսնի: Սովորաբար նկարահանումներ անելուց հետո մարդիկ ինձ հարցնում են՝ արդյոք այս կամ այն դրվագը հիշու՞մ եմ, ու իմ պատասխանը լինում է այսպես՝ եթե կադրումս չկա, ուրեմն չեմ հիշում»,- ծիծաղելով նշում է Հրանտը: Ի վերջո, որոշում են անհրաժեշտ նկարահանումներն iPhone-ով անել: 
Հրանտ Երիցկինյանը Հրանտ Երիցկինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ստամբուլում շրջայցի ու տեղի հայերի հետ շփումների ժամանակ Հրանտին անդադար ուղեկցում էր այն միտքը, որ տվյալ դրվագը եւս պետք է նկարահանել. յուրաքանչյուր հաջորդ դրվագն ավելի հետաքրքրական էր թվում ռեժիսորի համար: Հենց այդպես էլ ստացել են լիարժեք վավերագրական ֆիլմի նյութ: 

Քյոռ Հակոբի լեգենդն ու հայերի կղզին

Ստամբուլում լինելու առաջին օրը Հրանտն ու Արտյոմն ուսումնասիրել են Ստամբուլի ոչ հայկական կոթողները, իսկ երկրորդ օրը շրջել Գում Գափու թաղամասում (պատմական Կոնտոսկալիոն)՝ այցելելով Պեզճյան մայր վարժարան, Պոլսո Հայոց Պատրիարքարան, Սուրբ Աստվածածին Աթոռանիստ Մայր Տաճար, ինչպես նաեւ Սուրբ Հարություն եկեղեցի:
Պեզճյան մայր վարժարանը Պեզճյան մայր վարժարանը

Լուսանկարը` Հրանտի եւ Արտյոմի արխիվից


«Գում Գափուն շատ հարուստ հայաբնակ թաղամաս է եղել, սակայն ներկայում բնակեցված է տարբեր երկրներից ներգաղթյալներով»,- պատմում է Արտյոմը: 

Մի հայ ծանոթի են գտել, որն էլ կազմակերպել է նրանց շրջայցը թաղամասով՝ ցույց տալով դրա հայկականությունը: 

«Տեղանքում շատ էին ձկան ռեստորանները: Ըստ մեզ ուղեկցող տեղացի հայի՝ այդտեղ հիմնադրված առաջին ձկան ռեստորանը Քյոռ Հակոբի ռեստորանն էր, ու հենց Քյոռ Հակոբից էլ սկսվել է ձկան ռեստորանների տարածումը: Բայց այս տեղեկատվությունը ճշգրտման կարիք ունի»,- ժպիտով ասում է Հրանտը: 
«Քյոռ Հակոբ» ռեստորանը «Քյոռ Հակոբ» ռեստորանը

Լուսանկարը` Հրանտի եւ Արտյոմի արխիվից


Նավով մեկնել են նաեւ Քնալը՝ Իշխանաց կղզիներից մեկը, որը զուտ հայկական կղզի կարելի է համարել: Արտյոմի խոսքով՝ ներկայում կղզին հիմնական բնակչություն գրեթե չունի, եւ հայերն այդտեղի իրենց տներն օգտագործում են ավելի շատ որպես ամառանոցներ:

«Նավից հենց իջանք, պատահական կերպով առաջինը հայացքներս հառեցինք մի մասնավոր տան պատուհանի եւ տան ներսում կարդացինք շրջանակի մեջ առնված «Փառք Աստծո» գրությունը»,- պատմում է Հրանտը՝ ընդգծելով, որ այդ կադրը ֆիլմում ներառել են: 
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի Քնալը կղզում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի Քնալը կղզում

Լուսանկարը` Հրանտի եւ Արտյոմի արխիվից


«Հետո քայլեցինք Հրանտ Դինքի անվան պուրակով: Ռեստորանի անունը, որում ճաշեցինք, «Ճաշ» էր, հետո անցանք «Սափրիչ» վարսավիրանոցի կողքով: Այցելեցինք նաեւ կղզու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի»,- հավելում է ռեժիսորը: 

«Թուրքերի նոր սերունդը պետք է իմանա՝ ով են հայերը»

Արտյոմի խոսքով՝ իրենց այցելած թաղամասերից յուրաքանչյուրում բազում միջնադարյան եկեղեցիներ կան, որոնցում, ցավոք, հազվադեպ է Պատարագ մատուցվում, քանի որ հայեր քիչ են մնացել: 
Պոլսո Սուրբ Աստվածածին Աթոռանիստ Մայր Տաճար Պոլսո Սուրբ Աստվածածին Աթոռանիստ Մայր Տաճար

Լուսանկարը` Հրանտի եւ Արտյոմի արխիվից


Բեյօղլու թաղամասում (պատմական Պերա) շրջելիս ընկերներն այցելել են «Արաս» հրատարակչություն, որի աշխատանքի կարեւոր ուղղություններից է հայկական գրականությունը թուրքերեն թարգմանելը: 

«Տպագրատանը մի հայ բժշկի հետ ծանոթացանք, նա ֆիլմի հերոսներից մեկը դարձավ: Ասում էր, որ պետք է Թուրքիայի նոր սերունդն իմանա՝ ովքեր են հայերը: Նախորդ սերունդը գիտի հայերին, սովորել է նրանցից, հասկանում է հայերի դերն ու նշանակությունը տեղի հասարակությունում, իսկ նոր սերունդը հայերին չի ճանաչում: Այս իմաստով հրատարակչությունը մեծ աշխատանք է կատարում»,- ասում է Հրանտը: 
«Արաս» հրատարակչությունում «Արաս» հրատարակչությունում

Լուսանկարը` Հրանտի եւ Արտյոմի արխիվից


Ստամբուլում գտնվելիս Հրանտ Երիցկինյանի համար շատ հեշտ էր ներկայանալը, նրա անունը բոլորին քաջ ծանոթ էր: Շրջայցի վերջին օրը նվիրել են Հրանտ Դինք հիմնադրամ եւ Հրանտ Դինքի «23,5» հուշավայր այցելությանը: Այնտեղ նրանք ծանոթացել են հիմնադրամի կողմից կատարվող լայնածավալ աշխատանքներին՝ ուղղված հայկական մշակույթի ներկայացմանն ու Հրանտ Դինքի գաղափարախոսության տարածմանը: 
 
«Ժամանակի» հյուր գիտնականները

Արտյոմի ու Հրանտի այցելության վեջին վայրը «Ժամանակ» օրաթերթի խմբագրությունն էր, որտեղ շրջելուց ու գլխավոր խմբագիր Արա Գօչունեանի հետ ծանոթանալուց հետո, հեռացել են զավեշտալի անակնկալով:
Տիպիկ տուն Քնալը կղզում Տիպիկ տուն Քնալը կղզում

Լուսանկարը` Հրանտի եւ Արտյոմի արխիվից


«Խմբագրությունից դուրս գալիս Արա Գօչունեանն ասաց, որ մի պահ կանգնենք՝ նկարի մեզ: Կարծում էինք՝ մեր հուշերի համար է նկարում: Վերջում, երբ խնդրեցինք թերթի մի համար մեզ տալ՝ որպես հուշանվեր, ասաց. «Վաղվա համարի մեջ դուք կլինեք, դա էլ կվերցնեք»: Սկզբում լավ չհասկացանք, թե ինչ նկատի ունի: Հաջորդ օրն արդեն մեկնում էինք, ուստի վաղ արթնացանք, որ մի կրպակից հասցնենք թերթը գնել: 

Լուսանկարը` Հրանտի եւ Արտյոմի արխիվից


Եվ իրոք, թերթի առաջին էջում մենք էինք՝ «Խմբագրատանս մէջ հիւրեր» գլխագրի ներքո, որում ներկայացված էինք որպես «Գանատայէն եւ Ռուսաստանէն երկու հայ գիտնականներ»,- ծիծաղելով հիշում է Հրանտը՝ հավելելով, որ թեեւ անդրադարձում ամեն ինչ ճիշտ էր գրված, անակնկալի էին եկել նման ուշադրությունից ու «գիտնականներ» բառից: 

Բազմերես առեւտրականները

Ֆիլմի սկզբում խոսող տղամարդն այն հյուրանոցի կառավարիչն է, որտեղ հանգրվանել էին Արտյոմը եւ Հրանտը: Այն, որ այդ մարդը կիսով ադրբեջանցի է, Հրանտն իմացել է միայն նկարահանվող զրույցի ընթացքում: 

«Նա իրեն ստամբուլցու նման էր պահում: Պատմում էր, որ երբ փոքր էր, տատը սովորեցնում էր, որ հայերը թշնամիներ են եւ պատմում, թե իր պապը ոնց է հայերին սպանել: Պատմությունը լավ գիտեր, ասում էր, որ մուսուլմանները եկել են քրիստոնյաներին հանել, բայց այնպիսի ենթատեքստով էր պատմում, ասես ո՞վ նույն կերպ չէր վարվի: Շարադրում էր պատմական փաստերը՝ առանց գնահատականներ տալու»,- հիշում է Հրանտը: 

Արտյոմն էլ հավելում է, որ հայի հետ այդպես է խոսել, գուցե ադրբեջանցու հետ բոլորովին այլ կերպ խոսեր: 
Պոլսո Ազգային կենտրոնական վարժարանը Պոլսո Ազգային կենտրոնական վարժարանը

Լուսանկարը` Հրանտի եւ Արտյոմի արխիվից


«Թուրքիայի առեւտրի ոլորտի մարդիկ թուրքական քաղաքականության նման են գործում: Եթե ռուս է գալիս, ռուսամետ են դառնում, գերմանացի է գալիս, գերմանամետ, հայ է գալիս՝ կամ հայ են դառնում, կամ հայ ընկերներ ունեն եւ այլն»,- ասում է Արտյոմն ու հաճախ հանդիպող մեկ այլ իրավիճակ նկարագրում.

«Սուրբ Սոֆիայի տաճար մտնելու համար տոմս գնելիս տոմսարկղի աշխատակիցը երեւի թե թուրքերենիցս գլխի ընկավ, որ տեղացի չեմ: Սկզբում հարցրեց՝ արդյոք ադրբեջանցի՞ եմ, ասացի՝ ոչ, հետո հարցրեց՝ հա՞յ եմ, դրական պատասխան տվեցի, որից հետո անմիջապես հավելեց, որ իր տատն էլ է հայ: Նման իրավիճակներ հաճախ են լինում, հիմնականում այդպես ասում են վաճառականները, իրենց առեւտուրը հաջողելու համար միանգամից հայ են դառնում: Նման դեպքերում հիմնականում ասում են, որ իրենց իգական կողմն է հայ, ու ոչ ոք հարց չի տալիս՝ տղամարդիկ ու՞ր կորան: Թեեւ խիստ հավանական է, որ այդ մարդկանցից շատերը հայկական արմատներ ունեն, սակայն միշտ պետք է նման արձագանքներին կասկածամտորեն վերաբերվել»: 

Մոխրագույն դաշտում ապրող հայերը

Շրջայցի շնորհիվ Արտյոմն ու Հրանտն իրենց համար հետաքրքիր բացահայտումներ են արել՝ հանդիպելով ու զրուցելով ոչ միայն բնիկ հայերի, այլեւ 1990-ականների սկզբին Հայաստանից Թուրքիա տեղափոխված հայերի հետ: 
Հրանտ Դինքի գրասենյակը Հրանտ Դինքի գրասենյակը

Լուսանկարը` Հրանտի եւ Արտյոմի արխիվից


«Այս մարդիկ Թուրքիա են մեկնել աշխատելու նպատակով: Մեծ մասն առեւտրականներ են: Նրանք որեւէ փաստաթուղթ չունեն ու ապրում են «մոխրագույն գոտում»»,- ասում է Հրանտը: 

Արտյոմ Վանյանի խոսքով՝ Թուրքիայում հայ ներգաղթյալների թիվը երբեմն հիշատակվում է քաղաքական դաշտում՝ հաճախ դառնալով շահարկման գործիք: 

2000 թվականին Թուրքիայի նախկին վարչապետ եւ Թուրքիայի Ազգային Ժողովի պատգամավոր Թանսու Չիլլերը խոսել էր 30 000 հայ ներգաղթյալների մասին՝ ասելով, որ նրանք պետք է արտաքսվեն: 2005 թվականին Թուրքիայի այդ ժամանակվա արտգործնախարար Աբդուլահ Գյուլն էլ հայ ներգաղթյալների մասին խոսելիս հիշատակել էր 40 000 թիվը, իսկ 2007-ին նշել մեկ այլ թիվ՝ 70 000: 
Արտյոմ Վանյանը Արտյոմ Վանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«2010 թվականին Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որն այդ ժամանակ Թուրքիայի վարչապետն էր, սպառնացել էր արտաքսել 100 000 հայ անօրինական ներգաղթյալներին՝ ի պատասխան ԱՄՆ-ի եւ Շվեդիայի օրենսդիր իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւերի ընդունման: Որոշ աղբյուրների համաձայն՝ 100 000 թիվը Էրդողանին փոխանցել էր հայ համայնքի ազդեցիկ անդամ Պետրոս Շիրինօղլուն, որն ավելի ուշ խոստովանել էր տվյալների սխալ լինելն ու ասել, որ Թուրքիայում առանց օրինական հիմքերի գտնվող հայերի թիվն իրականում 20 000 է»,- մանրամասնում է միջազգայնագետը:

Թուրքիայի քաղաքացի բնիկ հայերի թիվը եւս հստակ չէ: 

«Մի շարք փաստերից ելնելով՝ կարելի է ենթադրել, որ Թուրքիայի քաղաքացի, հանրային կերպով հայ-քրիստոնյա նույնականացող մարդկանց թիվը տատանվում է 40-70 000-ի շրջանակում, որոնց գերակշիռ մասն ապրում է Ստամբուլում»:
«Հրանտ Դինքի հիշողության» թանգարան «Հրանտ Դինքի հիշողության» թանգարան

Լուսանկարը` Հրանտի եւ Արտյոմի արխիվից


Արտյոմը եւ Հրանտը 2025թ. հուլիս-օգոստոս ամիսներին նորից են մեկնելու Ստամբուլ՝ նոր նկարահանումներ իրականացնելու հենց այն հայերի մասին, որոնք Թուրքիա են մեկնել Հայաստանի Հանրապետությունից եւ ապրում են այնտեղ առանց որեւէ իրավական կարգավիճակ ունենալու: 

«Այդ մարդիկ ապրում են հայկական տեղեկատվական դաշտում, սակայն կարծես ոչ մի տեղի չպատկանեն: Պոլսահայերի հետ մշակութային տարբերություններ կան, դրա համար համայնքի հետ չեն ինտեգրվել, իսկ Հայաստանում նրանց խեթ հայացքով են նայում՝ Թուրքիայում ապրելու եւ աշխատելու համար: Նրանցից շատերն անգամ չեն կարող վերադառնալ, որովհետեւ դրա համար պետք է տույժեր մուծեն, ինչի հնարավորությունը չունեն»,-պատմում է Հրանտը: Փաստաթուղթ չունենալու 
պատճառով այդ մարդկանց զավակները չեն կարողանում կրթական հաստատություններ դիմել: 
Հրանտ Երիցկինյանը Հրանտ Երիցկինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ստամբուլում մեր շրջայցի ժամանակ տեղեկացանք, որ Հրանտ Դինքի հիմնադրամն օգնել է դպրոցներ ստեղծել, որտեղ նրանք առանց փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության կրթություն են ստանում ՀՀ-ի դպրոցների կրթական ծրագրով, որպեսզի հետագայում հնարավորություն ունենալուն պես կարողանան որեւէ վկայական ստանալ Հայաստանում»,-նշում է նա: 

Արտյոմն ու Հրանտն արդեն գտել են «մոխրագույն դաշտում» ապրող իրենց հերոսներին, որոնց ձայնն ուզում են լսելի դարձնել: Դա անելու են չվնասելու սկզբունքով՝ թաքցնելով նրանց ինքնությունը: 

«Հայաստանում մենք կարծես անտեսում ենք այս մարդկանց գոյությունը: Ես հասկանում եմ, որ դա իրենց որոշումն է, բայց կարծում եմ, որ նրանց մասին պետք է խոսել, նրանց ձայնը պետք է հասցնել Հայաստանին ու աշխարհին, որովհետեւ հիմա այդ հայերը չափազանց խոցելի վիճակում են»,- ասում է Հրանտը: 
Պոլսո «Սուրբ Փրկիչ» հայկական հիվանդանոց Պոլսո «Սուրբ Փրկիչ» հայկական հիվանդանոց

Լուսանկարը` Հրանտի եւ Արտյոմի արխիվից


Ռեժիսորը հայ ներգաղթյալների հետ զրույցներից այնպիսի տպավորություն է ստացել, որ նրանց վախն արտահայտվում է վախ չունենալու մեջ. «Փաստաթուղթ չունեցող մարդու համար շատ վստահ էին խոսում, հաճախ, նաեւ թուրքական կառավարության գովքն էին անում, ասում էին, որ այդտեղ շատ լավ են ապրում: Իհարկե, հասկանալի է, որ այդ դիրքորոշումը ուղղակիորեն բխում է նրանց խոցելի կարգավիճակից»,- ասում է Հրանտը:  

«Նաեւ ինքներս էլ ցանկանում ենք հասկանալ այս մարդկանց, նրանց կյանքը»,- հավելում է Արտյոմը: 



Հրանտի եւ Արտյոմի առաջին ֆիլմը պոլսահայ հերոսները շատ են հավանել, իսկ համալսարանի առաջադրանքի գերակատարման համար գերազանց գնահատական են ստացել: Նկարահանվելիք երկրորդ ֆիլմով Արտյոմն ու Հրանտը կփորձեն շարունակել Ստամբուլի հայերի լռությունից անդին պատմությունները՝ ձեւավորելով երկխոսություն հայկական հիշողության հետ, բայց եւ «օդում կախված» ընթացող կյանքի մասին: 

Գայանե Ենոքյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին