«ռեԱրմենիա»-ի գաղափարներն ու համայնքը եռապատկելու արշավը - Mediamax.am

exclusive
200 դիտում

«ռեԱրմենիա»-ի գաղափարներն ու համայնքը եռապատկելու արշավը


Լուսանկարը` ռեԱրմենիա

Լուսանկարը` ռեԱրմենիա

Լուսանկարը` ռեԱրմենիա

Ջուլի Սիմոնյանը
Ջուլի Սիմոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` ռեԱրմենիա

Լուսանկարը` ռեԱրմենիա

Լուսանկարը` Մեդիամաքս


Աշխարհի տարբեր ծայրերից համախմբված 18 հազար հոգանոց համայնք, 4,5 միլիոն դոլար նվիրաբերություն, 180-ից ավելի իրագործված նախագիծ, 22 հազարից ավելի փոխված կյանք. «ռեԱրմենիա» տեխնոլոգիական հարթակի 4-ամյա կենսագրությունը թվերով այս տեսքն ունի:

Թվերի հետեւում մարդիկ են, պատմություններ, թիմային աշխատանք, միասնականություն, հաջողված ու նպատակին հասած նախագծեր:

«ռեԱրմենիա» համայնքի համակարգող Ջուլի Սիմոնյանը հաջողված նախագծերի օրինակով Մեդիամաքսին պատմել է տեխնոլոգիական հարթակի աշխատանքի, համայնքի ծավալների մեծացման, գաղափարների իրագործման եւ «ռեԱրմենիա» ակադեմիայի մասին:

«ռեԱրմենիա»-ն ապացուցել է, որ հայերը համագործակցող են

«ռեԱրմենիա»-ն համագործակցության հարթակ է, որը միավորում է նախագիծ, գաղափար ունեցող եւ դրանց իրագործմանը օգնել ցանկացող մարդկանց՝ աշխարհի ցանկացած ծայրից։

Թյուրիմացությունից խուսափելու համար ասեմ, որ, չնայած՝ մենք բարեգործական հիմնադրամ ենք, սակայն «փող բաժանողի» գործառույթ չունենք: «ռեԱրմենիա»-ն որպես տեխնոլոգիական հարթակ ծառայում է հայությանը՝ իրականացնելու դրամահավաք և համագործակցություն: Հարթակում տեղադրվում է միայն նախագծի իրագործման կամ որեւէ խնդրի լուծման դրամահավաքի արշավը, որից հետո նախագծի հեղինակը և իր թիմը կատարում են նաև մարքեթինգային արշավ, գովազդ, որպեսզի որքան հնարավոր է շատ մարդ իմանա տվյալ նախագծի մասին եւ միանա դրան:

Լուսանկարը` ռեԱրմենիա


Հարթակը գործարկվել է 2021 թվականին եւ այս ընթացքում հասցրել է ապացուցել իր հաջողությունը: Ապացուցել է նաեւ, որ հայերը իսկապես կարող են միավորվող, համագործակցող հոգատար համայնք դառնալ: Այն, որ հաճախ ասում են՝ «շատերը միայն իրենց դռան դիմացի սալիկն են կարևորում», այդպես չէ:



«ռեԱրմենիա»-ի միջոցով այս տարիների ընթացքում 4,5 միլիոն դոլար է հավաքվել, 18 հազար հոգանոց համայնք է ձեւավորել, որի մեջ մտնում են մեր փորձագետները, նվիրաբերողները, նախագծի հեղինակները: Ունենք 180-ից ավելի հաջողված նախագիծ, 22 հազարից ավելի փոխված կյանքեր՝ շահառուներ, որոնք իրագործված նախագծերն իրենց վրա կրողներն են:

Երբ միավորվում են նույն խնդիրը լուծել ցանկացող տարբեր մարդիկ

«ռեԱրմենիա» հարթակի միջոցով իրագործված հաջողված ու առաջին նախագծերից է «Մունք» տեխնոլոգիական դպրոցը, որը ծնվել է Արցախում, տեղահանումից հետո եկել Հայաստան: «Մունք»-ի շուրջ հավաքվեց 600 հայ ու բոլորն իրենց խնդիրը համարեցին տեխնոդպրոց ստեղծել Արցախի Հաղորտի գյուղի երեխաների համար:

Կարճ ժամկետում շատ տպավորիչ արդյունքներ գրանցվեցին: Տեխնոդպրոցի ստեղծման համար բացված նվիրաբերությունների առաջին փուլով հավաքվեց շուրջ 70 միլիոն դրամ, Հաղորտի և շրջակա 4 գյուղերից՝ 100 հոգանոց աշակերտական կազմն ու գործարկվեց դպրոցը:
Ջուլի Սիմոնյանը Ջուլի Սիմոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«ռեԱրմենիա» հարթակի մասնագետների համայնքից շատերը ևս սկսեցին միանալ «Մունք»-ին։ Դրա գրավիչ ու աչք ծակող օրինակ է Սան Ֆրանցիսկոյում Google-ի աշխատակից Մարիամի մենտորությամբ Հաղորտեցի տեխնոդպրոցի աշակերտ, 16 ամյա Դավիթի՝ UI/UX դիզայն սովորելը։ Երկու հայ, մեկը՝ Սան Ֆրանսիսկոյից, մյուսը՝ Հաղորտի գյուղից, գտնում են իրար մեր համայնքում ու Դավիթը դառնում է UI/UX դիզայներ Մարիամի փոխանցած գիտելիքով ու հմտություններով։ Այժմ Դավիթը «ռեԱրմենիա»-ի թիմակից է՝ արդեն որպես մասնագետ:

«Մունք»-ը հիմա Տաշիրում է գործում և որպես բրենդ ծավալվում է ամբողջ Հայաստանում, շուտով մասնաճյուղեր կլինեն նաեւ Վանաձորում, Կապանում։ Ամեն մասնաճյուղ բացելուց մեր հարթակում դրամահավաքի նոր արշավ է սկսում եւ հաջողությամբ առաջ գնում:

Լուսանկարը` ռեԱրմենիա


Մեր հաջողված մեգանախագծերից մեկն էլ «Մետագեյթն» է, որին մարդիկ միանում են զինվորի կողքին լինելու համար, նաեւ՝ նախագծի հաջողությունը կիսելու համար։

Մետագեյթի շուրջ հավաքվել է 1000 անհատ եւ կազմակերպություն, սա կարեւոր ցուցանիշ է: Կարեւոր է նաեւ այն, որ անհատից բացի՝ միանում են նաեւ ընկերություններ, ընդ որում՝ մրցակից ընկերություններ, որոնց ոչ մի ուրիշ տեղ միասին չէինք տեսնի (ծիծաղում է, խմբ.): «Մետագեյթը» գաղափար էր, որի շուրջ հավաքողները ոչ մի բանի չէին նայում, տեսնում էին կա օրհասական խնդիր, կան դրա հասցեատերերը, որոնց շուրջ ուղղակի պետք էր հավաքվել եւ հավաքվեցին։

«ռեԱրմենիա» ակադեմիան

Այն հմտություններն ու գիտելիքը, որ մեկտեղվել էր «ռեԱրմենիա»-ում, հավաքել ենք, բերել կրթական մոդելի եւ 2024 թվականին գործարկել «ռեԱրմենիա» ակադեմիան, որի նպատակը գործ անելով սովորելն է։ Մարդկանց՝ դրամավահաք կազմակերպելու կրթական կարողությունները բարելավելը, հմտությունները զարգացնելն է:

Լուսանկարը` ռեԱրմենիա


Ակադեմիայում ընդունելությունը միայն նախագծով է։ Շատ հաճախ մենք ասում ենք մասնակից նախագիծը՝ առանց նշելու նախագծի հեղինակի անունը, արդեն նախագծերի անուններով ենք ճանաչում մեկս մյուսին։ Ակադեմիայի դասընթացը գերազանց ավարտած համարվում է դրամահավաքը գրագետ և հաջողությամբ իրականացված նախագիծը, դրանով զբաղվող թիմը։

Այդպիսի օրինակ է «Արբանյակային պատկերներ հետազոտող լրագրողների համար» նախագիծը, որը ակադեմիայի առաջին կուրսի մասնակիցներից էր ու բարեհաջող հասավ իր նպատակին։ Առաջին փուլով հավաքեց 10 միլիոն դրամ եւ ձեռք բերեց այնպիսի գործիք, որը հնարավորություն կտա ձեռք բերել Planet հարթակի արբանյակային պատկերների մեկ տարվա բաժանորդագրություն, եւ կօգնի Հայաստանում զարգացնել փաստերի ստուգումն ու դրա վրա հիմնված որակյալ լրագրությունը։

«ռեԱրմենիա» համայնքին միանալը եւ հարթակը տարածելը

«ռեԱրմենիա» համայնքին միանալու մի քանի դերեր կան: Կայքում գրանցվելիս մարդուն առաջարկվում է այդ տարբերակները, որոնցից հիմնականներն են՝ նվիրաբերող, «ռեԱրմենիա» դեսպան, փորձագետ:

Եթե կան մարդիկ, ովքեր կարևորում են, ուզում են դրական ազդեցություն բերել միանգամից մի քանի նախագծերի տարբեր ոլորտներից, բայց չգիտեն՝ ինչպես, ապա կարող են որպես նվիրաբերող բաժանորդագրվել հենց «ռեԱրմենիա» հարթակի ամսական դրամահավաքին 3000 դրամով՝ օգնելով ծառայեցնել այն շատ ավելի շատ մարդու, նախագծերի, գաղափարների։  

Լուսանկարը` ռեԱրմենիա


Եթե մարդն ընտրում է «ռեԱրմենիա»-ին միանալ որպես փորձագետ, նա կարող է նշել, որ շաբաթական այսքան ժամով պատրաստ է իր ունեցած հմտությունները, գիտելիքները փոխանցել դրա կարիքն ունեցող մարդուն։ Սա շատ լավ հնարավորություն է եւ դրանից օգտվելը բաց է, ոչ միայն նախագծերի հեղինակների, այլեւ բոլորի համար: Ցանկացած մարդ կարող է հանգիստ օգտվել հարթակին միացած փորձագետների համայնքից։ Պարզապես հարթակում անցնում են փորձագետների դաշտով, տեսնում ովքեր կան աշխարհի տարբեր կետերից միացած, որ ընկերություններում են աշխատում եւ ընտրում են իրենց համար մենտոր, որը միացել է հարթակին՝ բացառապես իր մասնագիտական հմտություններով, գիտելիքներով կիսվելու համար: Որքան կարեւոր է ամսական նվիրաբերությունով հարթակին օգտակար լինելը, նույնքան կարեւոր է որպես փորձագետ միանալը մեր համայնքում, ոչ պակաս ազդեցիկ գործ է:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեր գլխավոր ուղերձն է, որ «ռեԱրմենիա» հարթակը յուրաքանչյուր հայի միջոցով տարածվի, ամենատարբեր խնդիրները լուծել ցանկացողները համախմբվեն եւ մեր 18 հազարանոց համայնքը նվազագույնը եռապատկվի այս տարի:

Արփի Ջիլավյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին