Վեբ մատչելիության խնդիրները պետական համակարգի թվային գործիքներում - Mediamax.am

exclusive
724 դիտում

Վեբ մատչելիության խնդիրները պետական համակարգի թվային գործիքներում


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Աշխարհի մի շարք զարգացած երկրներում հաշմանդամություն ունենալը խոչընդոտ չէ լիարժեք եւ անկախ կյանքի համար, քանի որ թե´ ֆիզիկական, թե´ թվային միջավայրերը նախագծվում են համապատասխան մատչելիության սկզբունքների:

Ֆիզիկական տարածությունում մատչելիություն ասելով հասկանում ենք ուղղորդող նշանների, շոշափական սալիկների, ձայնային ազդանշանների, թեքահարթակների եւ մի շարք այլ բաղադրիչների առկայություն, որոնք օգնում են ազատ եւ ինքնուրույն տեղաշարժվել չտեսնող, չլսող, հենաշարժողական կամ այլ տիպի խնդիրներ ունեցող մարդկանց: Թվային միջավայրը եւս պետք է նախագծված լինի այնպես, որ դրանից կարողանան օգտվել բոլորը՝ այդ թվում հաշմանդամություն ունեցող անձինք:

Վերջին տարիներին Հայաստանի պետական համակարգում ավելանում են թվային գործիքները: Այդուհանդերձ, դրանց նախագծման փուլում ճնշող մեծամասնությամբ անտեսվում է մատչելիությունը, իսկ վերջինիս ապահովումը թողնվում հետագա անորոշ բարելավումներին:

Մեդիամաքսը խնդրել է վեբ մատչելիության փորձագետ Սիփան Ասատրյանին ուսումնասիրել պետական մի քանի կայքեր եւ դրանցում առկա թվային գործիքները՝ ստուգելու, թե արդյոք դրանցից կարո՞ղ են լիարժեք օգտվել հաշմանդամություն ունեցող անձինք:

Վեբ մատչելիության ուղեցույցներ

Սիփան Ասատրյանն արդեն 5 տարի է վեբ մատչելիության փորձագետ է եւ աշխատում է Adobe ընկերությունում: Նա չի տեսնում, սակայն արդեն երկար տարիներ է ապրում է անկախ կյանքով, ծավալում ակտիվ հասարակական եւ աշխատանքային գործունեություն:

Սիփան Ասատրյանի խոսքով՝ գոյություն ունեն վեբ բովանդակության մատչելիության համաշխարհային ուղեցույցներ (WCAG), որոնք պարզաբանում են, թե ինչպես պետք է ստեղծվեն կայքերը, ինչպիսի դիզայն պետք է ունենան եւ այլն:

Ըստ WCAG սկզբունքների՝ վեբ բովանդակությունը պետք է լինի ընկալելի, գործածելի, հասկանալի եւ հուսալի։ Ընդ որում, այս սկզբունքները պետք է գործեն բոլորի համար՝ անկախ ֆիզիկական սահմանափակումներից:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Երբ որ չտեսնող մարդը բացում է կայքը, այն հասկանալու համար ստեղնաշարի միջոցով նավարկում է կայքում: Կայքերը նախագծելիս կարեւոր է հաշվի առնել, որ դրանում հնարավոր լինի նավարկել առանց մկնիկի օգտագործման: Առանցքային է նաեւ կայքը նախագծել այնպես, որ դրա ամբողջ բովանդակությունը հասանելի լինի էկրանի ընթերցիչ սարքերին, որոնցից օգտվում են չտեսնող մարդիկ»,- ասում է Սիփան Ասատրյանը:

Դիտարկված հիմնական խնդիրներ

Փորձագետի խոսքով՝ հայկական թե´ պետական, թե´ մասնավոր կայքերը շատ դժվար գործածելի են:

«Հիմնականում անտեսվում է այն հանգամանքը, որ վեբ տիրույթից օգտվում են նաեւ մարդիկ, որոնք կիրառում են տարբեր աջակցող սարքավորումներ՝ ստեղնաշարներ, էկրանընթերցիչներ, braille display-ներ, հայացքով կամ լեզվով կառավարվող սարքեր եւ այլն: Այսօր աշխարհում կա 1.2-1.5 մլրդ հաշմանդամություն ունեցող անձ, եւ նրանք ցանկացած երկրում ստեղծված վեբ բովանդակության պոտենցիալ սպառողներ են»,-ասում է Սիփան Ասատրյանը:

Հայկական պետական կայքերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանց նախագծման փուլում բացակայում է մարդկային գործոնով մատչելիության ապահովումը: Սիփան Ասատրյանի խոսքով՝ ծրագրավորման ժամանակակից լեզուները արդեն իսկ ներառում են մատչելիության բազային բաղադրիչներ, որոնց շնորհիվ էլ կայքերի որոշ տիրույթներ հաղորդակցվում են էկրանընթերցիչների հետ: Այդուհանդերձ, դա կայքի գործածելիության համար բավարար չէ, եւ անհրաժեշտ է մարդկային ներգործություն:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Երբ ստեղնաշարի «Tab» կոճակի միջոցով փորձում ես նավարկել կայքում, շատ դեպքերում այն բովանդակության վրայով թռչում է աջից ձախ, վերեւից ներքեւ, չկա տրամաբանական նավարկելու հնարավորություն»,- ասում է Սիփան Ասատրյանը:

Մյուս հաճախ հանդիպող խնդիրը մուտքի դաշտերի, կոճակների, հղումների անվանումների բացակայությունն է. դրանք չեն հաղորդակցվում էկրանընթերցիչ սարքերի հետ:

«Կայքի բոլոր կոճակները պետք է համապատասխանեն «Անուն, դեր, արժեք» (Name, role, value) սկզբունքին: Եթե օրինակ տվյալ դաշտում պետք է մուտքագրել ազգանունը, ապա տվյալ դաշտը պետք է նախագծված լինի այնպես, որ էկրանընթերցիչը, հաղորդակցվելով դրա հետ, ընթերցի դաշտի անվանումը, այս դեպքում՝ ազգանուն, դերը՝ մուտքագրման դաշտ, եւ հետո կարող է փոքրիկ հուշում լինել, օրինակ՝ մուտքագրեք ձեր ազգանունը: Իմ կողմից դիտարկված շատ կայքերում լավագույն դեպքում կարդում է «մուտքագրման դաշտ», իսկ թե ինչ է պետք մուտքագրել, մնում է անհայտ, ուստի կայքի գործածումն անհնար է»,- մանրամասնում է Սիփան Ասատրյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայկական պետական կայքերում հաճախ հանդիպող մեկ այլ խնդիր է այն, որ նոր բովանդակության բացվելուն զուգահեռ չի փակվում նախորդող բովանդակությունը:

«Շատ դեպքերում միաժամանակ նոր եւ դրա նախորդ, անգամ նախորդի նախորդ պատուհանի բովանդակությունները մնում են ֆոկուսի դաշտում, որի հետեւանքով էկրանընթերցիչ օգտագործողը կարող է խճճվել հին եւ նոր բովանդակություններն ընկալելիս», - ընդգծում է Սիփան Ասատրյանը:

Transport.yerevan.am` անգործածելի

Ամիսներ առաջ Երեւանի քաղաքապետարանը գործարկեց Transport.yerevan.am կայքը՝ որպես հանրային տրանսպորտի ոլորտում բարեփոխումների բաղկացուցիչ մաս: Այս հարթակը, որտեղից կարելի է գնել տոմսեր եւ անցնել նույնականացում՝ արտոնությունը ստուգելու համար, նախագծվել է առանց վեբ մատչելիության սկզբունքները հաշվի առնելու: Հաշմանդամություն ունեցող անձինք ունեն հանրային տրանսպորտից օգտվելու արտոնություններ, սակայն դրանք ստանալու համար ստեղծված թվային գործիքը նրանց հասանելի չէ:

Սիփան Ասատրյանը, որն արդեն 20 տարի է գործածում է չտեսնողների համար նախատեսված էկրանի ընթերցող սարքեր եւ արդեն 5 տարի է վեբ մատչելիության փորձագետ է, եւս փորձել է օգտվել Transport.yerevan.am համակարգից, սակայն նրան չի հաջողվել ո´չ տոմս գնել, ո´չ էլ ստուգել արտոնությունը:



Պատասխանելով Մեդիամաքսի գրավոր հարցին առ այն, թե ինչու հարթակը նախագծելիս հաշվի չեն առնվել վեբ բովանդակության մատչելիության սկզբունքները, քաղաքապետարանից պատասխանում են. «Տվյալ հարցի լուծումը նախատեսված է կայքի հետագա բարելավումների շրջանակում»: Իսկ մինչ այդ բարելավումների իրականացումը Երեւանի քաղաքապետարանն առաջարկում է հաշմանդամություն ունեցող անձանց օգտվել սպասարկման ծառայություններից, ինչը ենթադրում է Երեւանի ֆիզիկական անմատչելի տարածքով տեղաշարժ դեպի վարչական շրջանների գրասենյակներ կամ «ԹելՍել»-ի սպասարկման կենտրոններ:

«Ցավոք, հայկական իրողությունում նախաձեռնություններն իրականացվում են հապշտապ՝ չմտածելով խորքային խնդիրների մասին: Վերջում ստացվում է, որ այն խնդիրը որը մենք պետք է լուծեինք դրանով, ոչ միայն չլուծեցինք, այլ ավելի շատ խնդիրներ առաջացրինք: Այս իրականությունը բնորոշ է շատ ոլորտներին»,-ասում է Սիփան Ասատրյանը:  

Հայտարարագրման պարտադրանք՝ առանց մատչելիության

Տարիներ առաջ, երբ Սիփան Ասատրյանը Երեւան քաղաքի ավագանու կազմում էր, չէր կարողացել միայնակ լրացնել իր հայտարարագիրը՝ թվային հարթակի անմատչելիության պատճառով: Այսօր, երբ ՀՀ-ն անցել է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման, որը պարտադիր բնույթ է կրում, հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները կրկին անտեսվել են: Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգը մատչելի չէ. առկա են չընթերցվող կոճակներ, մուտքագրման դաշտերի պարագայում հասկանալի չէ, թե ինչ է պետք մուտքագրել եւ այլ բազում խնդիրներ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսի ուղարկած հարցմանն ի պատասխան ՊԵԿ քարտուղարությունից արձագանքում են. «Համակարգը մշակված է հնարավորինս պարզ եւ հարմարավետ, այդուհանդերձ ներկայումս նախատեսվում է իրականացնել համակարգի բարելավում եւ պարզեցում, մասնավորապես նախատեսվում է համակարգում նախատեսել հայտարարագրի լրացում նաեւ հարց ու պատասխանի միջոցով: Միաժամանակ հավելեմ, որ նախատեսվում է իրականացնել նաեւ փոփոխություն, եւ համակարգում ստեղծել հնարավորություն հայտարարագիրը լրացնել լիազորված անձի միջոցով: Վերջինս նախատեսվելու է ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար եւ հաշմանդամություն ունեցող անձանց համար, ովքեր չեն կարող ինքնուրույն լրացնել հայտարարագիրը»:

Ցանկության բացակայություն եւ քարացած մտածելակերպ

Ներկայացված իրավիճակի պատճառներից մեկը, Սիփան Ասատրյանի կարծիքով, նախագծման աշխատանքներում թիրախային խմբին չներառելն է: Ակնհայտ օրինակներից է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության անձի ֆունկցիոնալության գնահատման հարթակի՝ E-disability.am–ի դեպքը:

«Ստեղծվել էր հաշմանդամություն ունեցող անձանց համար թվային գործիք, որն ուներ զրո մատչելիություն այդ հարթակի ուղղակի շահառուների համար: Երբ որ ես առաջին անգամ մուտք գործեցի այդ կայք, ընդհանրապես չկարողացա ստեղնաշարով նավարկել, մյուս խնդիրների մասին էլ չեմ ասում: Հարցը բարձրաձայնեցի, որից հետո նախարարությունը աշխատանքներ սկսեց՝ կայքը մատչելի դարձնելու համար, ես էլ, չնայած որ շատ զայրացած էի այդ աշխատելաոճից, համաձայնեցի ներգրավվել աշխատանքներում»,-պատմում է Սիփան Ասատրյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Նրա խոսքով՝ աշխատանքների ընթացքում դուրս են բերել 160 խնդիր, որոնք լուծելուց հետո հարթակի դիմումների ներկայացման բաժինը լիարժեքորեն մատչելի է դարձել:

«Սա ինձ համար չափանիշ էր, որ կայքը մատչելի դարձնելը հնարավոր է, ու դրա համար շատ մեծ ջանքեր չեն պահանջվում: Խնդիրը կամքի բացակայությունն է եւ այն քարացած մտածողությունը, որով վեբ բովանդակության սպառողին հիմնականում պատկերացնում են «լավ» տեսնող, «լավ լսող» ու «լավ» տեղաշարժվող մարդ»,-ասում է Սիփան Ասատրյանը՝ հավելելով, որ լավ արդյունքի համար այս ուղղությամբ աշխատանքներում պետք է ներգրավվել ինչպես վեբ մատչելիության մասնագետների, այնպես էլ թիրախ խմբի ներկայացուցիչների:

Իրականացվող աշխատանքներ

2023 թվականի հունիսի 8-ին ՀՀ կառավարությունն ընդունել է «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թվականների համալիր ծրագիրը եւ ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» որոշումը, որում ներառված է նաեւ պետական կայքերի մատչելիության ապահովումը: Վերջինիս ուղղությամբ աշխատանքների պատասխանատուն ՀՀ ԲՏԱ նախարարությունն է, որն էլ մշակել է
«Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը նպաստող տեղեկատվության եւ հաղորդակցության, այդ թվում՝ վեբ բովանդակության մատչելիության խթանման եւ իրազեկվածության բարձրացման» ուղեցույցը:

ՀՀ ԲՏԱ նախարարությունից Մեդիամաքսին պատասխանել են, որ պետական կառավարման համակարգի մարմիններն այդ ուղեցույցը կիրառում են կայքերի ստեղծման եւ/կամ արդիականացման ծրագրերի ընթացքում։

«Թվայնացման սկզբունքների եւ վերոնշյալ ուղեցույցի հիման վրա մշակվել եւ գործարկվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Ներքին գործերի նախարարությունների, Փրկարար ծառայության եւ Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանցի պաշտոնական կայքէջերը։ Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թվականների համալիր ծրագրի շրջանակում նախատեսվում է հաստատել Թվայնացման սկզբունքները, որոնցում նկարագրված են մատչելիության չափորոշիչները։ Հաստատված չափորոշիչների հիման վրա կապահովվի թվային ծառայությունների մատչելիությունը»,- նշած է նախարարության պատասխանում:

Գայանե Ենոքյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին