«Վերեւ». Վիգենի եւ Թովմասի մշակած հոգեւոր զբոսաշրջության նոր ուղին - Mediamax.am

exclusive
431 դիտում

«Վերեւ». Վիգենի եւ Թովմասի մշակած հոգեւոր զբոսաշրջության նոր ուղին


Լուսանկարը` Ժաննա Բեքիրյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Ժաննա Բեքիրյան/Մեդիամաքս

Թովմաս Առաքելյանը
Թովմաս Առաքելյանը

Լուսանկարը` Ժաննա Բեքիրյան/Մեդիամաքս

Վիգեն Մնոյանը
Վիգեն Մնոյանը

Լուսանկարը` Ժաննա Բեքիրյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Ժաննա Բեքիրյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Ժաննա Բեքիրյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Ժաննա Բեքիրյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Ժաննա Բեքիրյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Ժաննա Բեքիրյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Ժաննա Բեքիրյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Ժաննա Բեքիրյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Ժաննա Բեքիրյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Ժաննա Բեքիրյան/Մեդիամաքս


«Ինչո՞ւ, լինելով աշխարհում առաջին քրիստոնյա երկիրը, մենք չունենք կրոնական զբոսաշրջություն»: Այս հարցը միավորեց լուսանկարիչ Վիգեն Մնոյանին ու ուրարակիր (եկեղեցական կոչում) Թովմաս Առաքելյանին։ Նրանք սկսեցին ուխտագնացություններ կազմակերպել։

«Վերեւ» ուխտագնացության առաջին ուղղությունն Էջմիածինն էր։

Շաբաթ է, առավոտյան ժամը 9-ը։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու զանգերը հնչում են, մի խումբ ուխտավորներ աղոթում են ու ճանապարհ ընկնում Էջմիածին։ Սա դեպի Մայր Աթոռ վեցերորդ ուխտագնացությունն է։

Լուսանկարիչն ու ուրարակիրը միավորվեցին

Թովմաս Առաքելյանին մեծամասամբ ճանաչում են սոցիալական հարթակներից․ ներկայանում է «Հայոց եկեղեցում ձեր օնլայն գիդը» ու պատմում Առաքելական եկեղեցու, Աստծո եւ քրիստոնեության մասին։

Թովմաս Առաքելյանը Թովմաս Առաքելյանը

Լուսանկարը` Ժաննա Բեքիրյան/Մեդիամաքս


«Քրիստոնեության մասին մարդկանց ինտենսիվ պատմելու իմ առաջին փորձը բանակում էր։ Գեւորգյան հոգեւոր ճեմարանն ավարտելուց հետո գնացի ծառայության, իսկ բանակում զինվորները երբեմն զրուցելու շատ ժամանակ են ունենում։ Կրթությանս շնորհիվ կարողանում էի պատասխանել հարցերին։ Զորացրվելուց հետո որոշեցի խոսել նաեւ համացանցով, եւ այդպես ծնվեցին սոցցանցերում իմ էջերը։ Լսարան հավաքվեց, մարդիկ հետաքրքրված էին, ու հասկացա, որ ուզում եմ օնլայն շփումը դարձնել օֆլայն»,- պատմում է Թովմասը։

Ուխտագնացության գիդը Թովմասն է. պատմում է, բացատրում, հարցերին պատասխանում, իսկ Վիգենը լուսանկարում է։
Վիգեն Մնոյանը Վիգեն Մնոյանը

Լուսանկարը` Ժաննա Բեքիրյան/Մեդիամաքս


«Կրոնական զբոսաշրջությունը միայն եկամուտի աղբյուր չէ, այլեւ երկրի անվտանգության ու միջազգային ճանաչման հարց է։ Իմ ու Թովմասի համար այս ուխտագնացությունները գումար աշխատելու միջոց չեն, մեր այլ զբաղմունքներից ավելի շատ ենք վաստակում։ Սա ավելի շուտ հանգիստ խղճով գիշերը քնելու մասին է․ իմ պարտքն եմ համարում ինչ-որ բան անել մեր երկրի համար», - ասում է Վիգենը։

Սկզբում մտածում էին տեսանյութեր նկարել ու տեղադրել համացանցում, բայց հետո մտափոխվեցին ու որոշեցին խմբեր հավաքել, գնալ ուխտագնացության, տեղում մարդկանց ցույց տալ ու պատմել։

«Կարող է լինել տուր, որի ընթացքում այցելում ենք 7 եկեղեցի, բայց եթե այն կրոնական կամ հոգեւոր բովանդակություն չունի, այն ընդամենը զբոսաշրջություն է։ Օրինակ՝ ասել, որ այս վանքը կառուցվել է այս թվականին, մյուսն՝ ավերվել այն թվականին, բավարար չէ։ Մենք փորձում ենք ապահովել հոգեւոր կապը, ուզում ենք մարդիկ վերեւ նայեն»,- ասում է Թովմասը։

Կրոնական զբոսաշրջությունն Էջմիածնում

Երեւանից Էջմիածին ճանապարհին Թովմասը պատմում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասին։ Էջմիածնում արեւոտ, տաք օր է։ Մայր Աթոռի տարածքը մաքուր է, կոկիկ ու մարդաշատ։

Թովմասի կյանքի չորս տարին անցել է Մայր Աթոռում, ուխտավորներին նաեւ իր հիշողություններից է պատմում։ Թովմասի պարզ, հասկանալի, տեղ-տեղ հումորով խոսքը գրավիչ է։

Լուսանկարը` Ժաննա Բեքիրյան/Մեդիամաքս


Առաջին կանգառը Սուրբ Աստվածածին եկեղեցին է։ Այստեղ է վարդապետական ձեռնադրություն ստացել Կոմիտասը։ Հաջորդը հենց նրա արձանի մոտ ենք կանգնում, Թովմասը պատմում է Կոմիտասի՝ թանգարաններում եւ Մայր Տաճարի մատենադարանում պահվող նամակների մասին։

Երթուղու մյուս կանգառը Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցին է, ճարտարապետական ոճով նման Կասկադին։ Հիմքում բարերարների դամբարանն է։

Տարբեր վայրերից բերված խաչքարերին ծանոթանալով՝ հասնում ենք Մայր Աթոռ։ Ամեն կանգառում ուխտավորների խմբին նոր մարդիկ են միանում, ականջ դնում Թովմասի խոսքին, ապա գնում իրենց գործերով։ Մենք էլ մեր գործին մտնում ենք Մայր Աթոռ։ Վերանորոգված Տաճարի ներսում որմնանկարներ են, որոնք ստեղծված են եդեմական պարտեզի նմանությամբ։ Ծառերի ու ծաղիկների արանքից ծիկրակում են սերովբեները՝ վեցթեւանի հրեշտակները։ Այս որոշմնանկարներով Մայր Աթոռը տարբերվում է մյուս եկեղեցիներից։

Լուսանկարը` Ժաննա Բեքիրյան/Մեդիամաքս


«Խրիմյան» թանգարանում ցուցադրություն է՝ սակավաթիվ նմուշներով։  Հիմնական նմուշները Գանձատանն են, որտեղ վերանորոգման աշխատանքներ են հիմա, փակ է։

Լուսանկարը` Ժաննա Բեքիրյան/Մեդիամաքս


Ճաշը Մայր Աթոռի տարածքում գտնվող 1655-ին կառուցված «Ագապէ» սեղանատանն է։ Այն ժամանակին ոտքով եկած ուխտավորների համար քարվանսարա էր։

Լուսանկարը` Ժաննա Բեքիրյան/Մեդիամաքս


Խորհրդային տարիներին օգտագործվել է որպես հուշանվերների խանութ, իսկ 2012 թվականից շենքը վերածվել է հասարակական սեղանատան։

Լուսանկարը` Ժաննա Բեքիրյան/Մեդիամաքս


«Սկզբում ճաշի համար այլ վայր էինք նախատեսել, բայց հետո Թովմասի հետ քննարկեցինք ու մտափոխվեցինք․ մի կողմից Մայր Աթոռի տարածքում ենք, մյուս կողմից՝ մեր ամենահին սեղանատունն է սա»,- ասում է Վիգենը, որը նաեւ ուխտագնացության կազմակերպչական հարցերով է զբաղվում։

Վերեւ նայող էակը

Վերջին երեք կանգառը Գայանե, Շողակաթ, Հռիփսիմե եկեղեցիներն են։ Պսակադրություններ են, եկեղեցիները մարդաշատ են ու աղմկոտ։

Լուսանկարը` Ժաննա Բեքիրյան/Մեդիամաքս


Սուրբ Գայանե եկեղեցու ճանապարհին զրուցում եմ ուխտավորներից մեկի՝ Գայանե Բադալյանի հետ։

«Երեք անգամ պլանավորել էի գալ, բայց միշտ ինչ-որ բան խանգարում էր ։ Նախկինում էլ եմ Էջմիածնին եկել, բայց այս ուխտագնացությունն ուրիշ էր՝ ավելի շատ ճանաչողական, քան աղոթական էր։ Եթե շաբաթ օրերին չաշխատեի, ավելի հաճախ կմասնակցեի. ուխտագնացությունները ընթացքում հանգստանում եմ»։

Ուխտագնացությունն, իրոք, ճանաչողական է։ Միայն առավոտյան համատեղ աղոթք եղավ, հետո ողջ ընթացքում Թովմասն է պատմում, ապա մի քանի րոպեով մենակ թողնում, որ ով ցանկանա, աղոթի, հետո շարունակենք։

Լուսանկարը` Ժաննա Բեքիրյան/Մեդիամաքս


«Գայանեն ինձ համար տատիկի է նման՝ միայն Մայր Աթոռից է երեւում, վիզուալ փոքր է։ Հռիփսիմեն իր տեսքով, կարծես, ջահել աղջիկ լինի՝ չորս կողմից երեւում է, պարիսպներով շրջապատված է, բայց ինքը դրանցից բարձր է»,- ասում է Թովմասը՝ Հռիփսիմեի մասունքների մոտ։

Պատմում է՝ ինչպես են որոշել ուխտագնացության անունը․ «Հին հույները մարդուն անվանում էին «անտրոպոս», ինչը նշանակում է «վերեւ նայող էակ»։

Աստվածայինի ու հոգեւորի մասին մարդկանց պատկերացումը միշտ եղել է բարձրից իջնող լույսի տեսքով, դրա համար ընտրեցինք «Վերեւ» տարբերակը»։

Խոստովանում է, որ տարբերակները ChatGPT-ն էր առաջարկել։ Վիգենը միջամտում է․ «Բայց մենք ենք որոշել», - ու ծիծաղում են։ Ծիծաղի ձայնը մետաղադրամի զրնգոցն է կտրում։ Մոտ 9-10 տարեկան տղա է գանձատուփի մեջ մետաղադրամ գցում։

- Ապրես, - նրան դիմում է Թովմասը, - Անունդ ի՞նչ է։
- Կարեն։
- Ուխտդ ընդունելի լինի, Կարեն։

Ուխտագնացությունը նման էր դասախոսության՝ 3-րդ դարից մինչեւ 21-րդ դար «գնալ-գալով»։ Զրույցը հասնում էր Գրիգոր Լուսավորչից մինչեւ Կոմիտաս, քննարկվում էր մարմնի ու հոգու, արժեքի ու դրա դրսեւորման, վանականի ու հոգեւորականի տարբերությունները։

«Իմ գործը տեսնելն ու ֆիքսելն է։ Մարդկանց էմոցիաները շարունակ փոխվում են՝ կախված այն պատմություններից, որ պատմում է Թովմասը․ Հայաստան կարտոֆիլ առաջինը բերած կաթողիկոսից մինչեւ քարկոծված Հռիփսիմեի պատմություն՝ տարբեր զգացումներ են առաջանում։ Ես նկարում եմ, որ հետո մարդիկ նայեն ու հիշեն։ Սելֆիում էմոցիաները չկան․ պետք է կողքից աչք լինի, որը պահը կբռնի, կֆիքսի»,- ասում է Վիգենը, որը ողջ ընթացքում նկարում էր ուխտավորներին։

Լուսանկարը` Ժաննա Բեքիրյան/Մեդիամաքս


Մարինե Բաբայանն ուխտագնացությանը մասնակցում էր աղջկա հետ։ Երկուսն էլ բժիշկներ են.

«Պահքի մեջ ենք, այս շրջանում կարեւոր է ուխտագնացության գնալ, հոգեւոր շփում ունենալ»,-ասում է նա։

Մոտ վեց ժամ տեւած ուխտագնացությունն ավարտվում է համատեղ լուսանկարով։

Լուսանկարը` Ժաննա Բեքիրյան/Մեդիամաքս


- Շնորհակալություն, ձեր կյանքը տասնապատիկ այս օրհնությունն առատացնի, ձեր ընտանիքներին, հարազատներին էլ մաս ու բաժին տանեք։ Կհանդիպենք Տավուշում՝ մեր հաջորդ ուխտագնացության ժամանակ, – ասում է Թովմասը։

Հենման կետեր են պետք

«Դաշտը շատ բաց է, խոսքը չի գնում միայն հոգեւորի մասին։ Մարդիկ ինտելեկտուալ բովանդակության կարիք ունեն։ Հիմա մարդիկ հենման կետեր չունեն. ինչին հենվեցին՝ փլվեց։ Մեր փորձը ցույց է տալիս, որ մարդիկ ուխտագնացություններից հետո սկսում են եկեղեցի գնալ, պատարագներին մասնակցել։ Առաջիկայում մենք պետք է գտնենք մարդկանց, որոնց որպես գիդ կպատրաստենք, եւ նրանք վանքերի հոգին կփոխանցեն, ոչ թե եկեղեցիների մասին Վիքիպեդիայում գրածը կպատմեն»,- ասում է Թովմասը ու հավելում, որ պլանավորում է ընդունվել Երեւանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի կրոնական զբոսաշրջություն բաժին։

Թովմասն ու Վիգենն արդեն պլաններում են հաջորդ ուխտագնացությունը, նոր ուղղություններ են լինելու՝ Տավուշ, Սյունիք, հետո նաեւ Հայաստանից դուրս՝ Երուսաղեմ ու Վատիկան։

Տեքստ եւ լուսանկարներ՝ Ժաննա Բեքիրյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին