2025թ. փետրվարին Հայկական աշխարհագրական նախագծի (Armenian Geographic) խումբը Մեքսիկայում էր՝ «7 հրաբուխ» նախագծի շրջանակում բարձրանալու Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր հրաբուխը՝ Օրիսաբան (5636 մ):
Բավականին վտանգավոր վերելքի, մեքսիկական ճամփորդության եւ նախագիծը շարունակելու պլանների մասին ArmGeo-ի հիմնադիր Տիգրան Վարագը պատմել է Մեդիամաքսին:
Օրիսաբա. Յոթ գագաթից չորրորդը
«7 հրաբուխ» նախագծի իրականացումը սկսեցինք, երբ արդեն վերելք էինք կատարել դրա ծրագրում ընդգրկված երկու գագաթ՝ Դեմավենդն (Իրան) ու Էլբրուսը: Դեմավենդն Ասիայի ամենաբարձր հրաբուխն է:

Լուսանկարը` ArmGeo
Աշխարհի լեռնագնացների շրջանում կա առավել հայտնի՝ «7 գագաթ» նախագիծը, որն իրականացնողները վերելք են կատարում բոլոր աշխարհամասերի ամենաբարձր գագաթները, այդ թվում՝ Էվերեստը: Սա շատ բարդ ծրագիր է:
«7 հրաբուխը» ստեղծվել է նույն սկզբունքով, բայց ավելի ուշ՝ 2011թ.-ին: Դրանով նախատեսված է բարձրանալ բոլոր աշխարհամասերի ամենաբարձր հրաբուխները:
Առաջին երկու վերելքից հետո որոշեցինք շարունակել նախագիծն ու մեկնեցինք Աֆրիկա՝ բարձրանալու այստեղի ամենաբարձր՝ Կիլիմանջարո հրաբուխը:

Լուսանկարը` ArmGeo
«7 հրաբխի» չորրորդ գագաթը հենց Մեքսիկայում էր, ուր էլ մեկնեցինք այս տարվա սկզբին՝ բարձրանալու Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր հրաբուխը՝ Օրիսաբան (5636 մ):
Այս պահի դրությամբ «7 հրաբուխ» ծրագրի 7 գագաթից 4-ն արդեն բարձրացել ենք:
«Մեխիկոն նմանեցնում էի Թեհրանին»
Հայաստանից Մեքսիկա մեկնեցինք 17 հոգով, Միացյալ Նահանգներից մեզ միացավ եւս 3 մասնակից: Խմբում մարդիկ էին, որոնք մեզ հետ մշտապես արշավում են եւ միասին գնացել ենք Դեմավենդ, Էլբրուս, Կիլիմանջարո:
Մեքսիկան գունավոր ու շատ երաժշտական երկիր էր: Դրսում բազմաթիվ երաժիշտներ կային: Մեխիկոն շատ էի նմանացնում Թեհրանին:

Լուսանկարը` ArmGeo
Գնացել ենք նաեւ մայաների բուրգերը տեսնելու: Մեկնել ենք Պուեբլա քաղաք, որտեղից կլիմայավարժեցման վերելք ենք կատարել Մալինչե հրաբուխ (4500 մ): Բարձրացել ենք նաեւ Սիերա Նեգրա (4580 մ) հրաբուխը, ինչից հետո միայն տեղի է ունեցել Օրիսաբայի վերելքը:
Վերելքն ու եղեւնիների անտառը 4100 մ բարձրության վրա
Բուն վերելքն Օրիսաբա բավականին բարդ է, քանի որ ուղեկցվում է պարբերական քարաթափումներով: Արահետ որպես այդպիսին չկար:

Լուսանկարը` ArmGeo
Վերելքը սկսվում է 4100 մ բարձրությամբ ճամբարից, որտեղ հասնում եք մեքենայով: Այդ բարձրության վրա կլիման մոտավորապես այնպիսին էր, ինչպես մեզ մոտ Սեւանի ափին (ժպտում է – հեղ.): Այս բարձրության վրա նախկինում երբեք եղեւնիների անտառ չէի հանդիպել, մեզ մոտ առհասարակ 2000 մ-ից բարձր հիմնականում ծառ չի աճում:

Լուսանկարը` ArmGeo
Վերելքի ընթացքում 5 տեղացի ուղեկցորդ ունեինք: Օրիսաբան ընդհանրապես «բանուկ» լեռ չէր: Մեր խմբից բացի, ոչ մի այլ խումբ կամ մարդ լեռան վրա չենք հանդիպել, ի տարբերություն, օրինակ, Դեմավենդի, Կիլիմանջարոյի կամ էլբրուսի:
Մեքսիկայում սիրելի Ֆրիդա Կալոն
Ճամփորդությունից ծիծաղելի պատմություն էլ է մնացել՝ կապված Ֆրիդա Կալոյի թանգարանի հետ: Նա այնքան հայտնի ու սիրված է, որ երկիր այցելողն անպայման պետք է այցելի Կալոյի թանգարան:
Պահելով այս ավանդույթը՝ մենք էլ Մեխիկո հասնելուն պես հենց հաջորդ օրվա համար ամրագրել էինք թանգարանի տոմսերը:

Լուսանկարը` ArmGeo
Նախատեսված ժամից փոքր-ինչ շուտ արդեն տեղում էինք ու որոշել էինք թանգարանի դիմաց գտնվող կրպակ մտնել՝ հուշանվերներ գնելու: Այդ ամբողջ ընթացքում մեկս մյուսին շտապեցնում էր՝ «շուտ արեք, հանկարծ նշված ժամից չուշանանք», մինչեւ խմբից մեկը նորից նայեց տոմսերին ու ասաց՝ «մի շտապեք, հանգիստ գնումներ արեք, միեւնույն է՝ մեր ամսաթվին դեռ մեկ ամիս պետք է սպասենք»: Պարզվում է՝ անուշադիր ենք եղել ու մեր տոմսերը փետրվարի փոխարեն գնել ենք մարտի 14-ի համար (ժպտում է - հեղ.):
Նախագծի հինգերորդ գագաթը՝ Օխոս-Դել-Սալադո
«7 հրաբուխ» նախագծով հաջորդ վերելքը պլանավորում ենք Չիլիում: Այստեղ է Օխոս-Դել-Սալադո (6893 մ) գագաթը՝ Հարավային Ամերիկայի եւ աշխարհի ամենաբարձր հրաբուխը: Նախնական որոշմամբ՝ դա կանենք 2026թ. հունվարին:

Լուսանկարը` ArmGeo
Նախագծով հաջորդ գագաթը Գիլուվեն (4368 մ) է՝ Ավստրալիայի եւ Օկեանիայի ամենաբարձր հրաբուխը, որը Նոր Գվինեայում է:
Վերջում կմնա Սիդլեյը (4181 մ), սա ամենաբարձր հրաբուխն է Անտարկտիդայում ու այստեղ գնալը բավականին ծախսատար է:
Միգուցե, եթե լինի մարդ, որը կբարձրանա նախագծի մյուս 6 գագաթը, գտնվի որեւէ հովանավոր, որը կաջակցի Սիդլեյի վերելքի կազմակերպման հարցում:

Լուսանկարը` ArmGeo
Այդպիսով Հայաստանում «7 հրաբուխ» նախագիծն ամբողջությամբ իրականացրած մարդ կունենանք: Աշխարհում այս նախագիծն իրականացրած մարդկանց թիվը չի անցնում 100-ը:
Յանա Շախրամանյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: