Երկու տարի առաջ Երեւանից Գյումրի տեղափոխված Հրաչը որոշել է Գյումրին Երեւանին մրցակից դարձնել: Նա վստահ է՝ մրցակցություն կարող է ստեղծել Գյումրիում ուսանողական կյանքի ակտիվացմամբ: Հրաչը գործուն քայլերի է անցել ամիսները առաջ՝ նախաձեռնելով «ԻմասՏուն» ուսանողի տուն նախագիծը:
«ԻմասՏուն»-ը հյուսիսային մարզերից եւ Ջավախքից ուսանողների հոսքը կուղղի Գյումրի՝ տրամադրելով ֆիզիկական տարածք եւ բարենպաստ միջավայր՝ ինքնակրթվելու, հմտություններ զարգացնելու, մասնագիտական աշխատանք գտնելու եւ ինքնաբավ դառնալու: Հրաչ Մկրտումյանը Մեդիամաքսին պատմել է նախաձեռնության, դրա իրականացման ընթացքի եւ «ԻմասՏուն» տան ստեղծման աշխատանքների մասին:
Ահռելի տարբերությունը՝ առաջին եւ երկրորդ քաղաքների մեջ
Շարժական գրաֆիկայի մասնագետ եմ եւ, քանի որ, աշխատանքի բերումով ընդհանրապես կախվածություն չունեի Երեւանից, երկու տարի առաջ որոշեցի տեղափոխվել Գյումրի ու ապրել այստեղ: Զուգահեռ սկսեցի աշխատել տեղի Թումոյում:
Տեղափոխվելուց հետո ահռելի տարբերություն զգացի Հայաստանի առաջին եւ երկրորդ քաղաքների միջեւ: Երբ գալիս ես Գյումրի որպես զբոսաշրջիկ, ինչպես ես էի անում մինչ այստեղ ապրելը, այդ տարբերությունը չես զգում, այլ է, երբ սկսում ես ապրել:

Լուսանկարը` «ԻմասՏուն»
Կրթական եւ աշխատանքային հնարավորությունների բացակայության պատճառով ամենահաճախը երիտասարդներն են լքում իրենց մարզային համայնքները, բնակավայրերը եւ կենտրոնանում Երեւանում: Սա էլ իր հերթին բերում է մարզային համայնքնում բնակչության, հատկապես երիտասարդների, անհամաչափ բաշխվածություն, ինչը տնտեսական եւ ժողովրդագրական լուրջ մարտահրավեր է։ Եթե միայն համեմատենք Հայաստանի մայրաքաղաքի բնակչության թվաքանակի հարաբերությունը երկրորդ եւ երրորդ քաղաքների նկատմամբ, արդեն ցավալի պատկերի կհանդիպենք։
Մեր նպատակն է Գյումրին մրցակից քաղաք դարձնել Երեւանին, քանի որ ցանկացած ոլորտում, որտեղ մենաշնորհ է, չի զարգանում այն: Ես հավատում եմ, որ կրթության որակում փոփոխություն մտցնելը կարող է քաղաքների մեջ մրցակցություն ստեղծել։
«Իմաստուն»-ը՝ տրանսֆորմացիայի կենտրոն
Այս հարցի լուծման իմ ճանապարհը ուսանողական կյանքի ակտիվացումն է՝ այս դեպքում Շիրակի մարզում: Գյումրիում «ԻմասՏուն» ուսանողի տուն ստեղծելու գաղափարը տեղի ուսանողների շարժն ավելի լավ բացահայտելու ընթացքում եկավ: Բացի Շիրակի համայնքներից՝ ճիշտ է ոչ մեծ թվով, բայց Գյումրի սովորելու են գալիս Լոռիից ու Ջավախքից, անգամ Արագածոտնից:
Ուսանողի տան նախատիպ Երեւանում արդեն կա, ինչը հասցրել է հաջողել: Մաքսիմալ աշխատում ենք այնպես անել, որ «Իմաստուն»-ը հանրակացարանի հետ չասոցացվի: Ճիշտ է, այն տրամադրելու է կացության հնարավորություն, բայց դա լինելու է ընդհանուր ձեւաչափի մոտ 20 տոկոսը: Շուրջ 10 ուսանողի համար նախատեսված սենյակներ են լինելու, որոնք կտրվեն բնակության կարճաժամկետ կտրվածքով, մինչեւ այնտեղ մնացող ուսանողներն ավելի ինքնաբավ կդառնան, աշխատանք կունենան եւ կկարողանան իրենց համար տուն վարձել:

Լուսանկարը` «ԻմասՏուն»
«ԻմասՏուն»-ի դեպքում մեր նպատակն է Գյումրիում սովորող ուսանողներին առաջարկել ինքնակրթության համար նպաստավոր միջավայր, դասընթացներ, փորձի փոխանակում, աշխատանքի հնարավորություններ, կապեր, իրավական եւ մասնագիտական աջակցություն, վերապատրաստումներ, իր ընտրած մասնագիտական ոլորտում մենտորներ գտնելու եւ նրանց հետ աշխատելու, ինչն էլ նրանց կօգնի ֆորմալ կրթությունից զատ՝ այլընտրանքային կրթություն ստանալ, զարգանալ, ավելի արագ աշխատանք գտնել։
Ուսանողի տունն ունենալու է գրադարան, coworking տարածք, միջոցառումների, սեմինարների անցկացման սրահներ: Այս մոդելի միջոցով ուզում ենք ապագա դիմորդների համար Գյումրիում սովորելու գրավչությունը բարձրացնել: Իհարկե, հասկանում եմ, որ Երեւանում կան համալսարաններ, մասնագիտական ուղղվածություններ, որոնց փոխարինողը մարզերում չկա, բայց կան համալսարանների մասնաճյուղեր, ֆակուլտետներ, որոնց տված կրթությունը, ըստ մեր հարցումների, բացարձակ չի զիջում մայրաքաղաքին: Այս դեպքում շատ հաճախ երիտասարդները ընտրում են Երեւանը՝ ժամանցի եւ ավելի գրավիչ ուսանողական միջավայրի համար։ «ԻմասՏուն»-ը փորձելու է այդ բացը լրացնել։

Լուսանկարը` «ԻմասՏուն»
Մեր խնդիրն է շատ ուսանողների վրա ազդեցություն գործել, իրենց համար տրանսֆորմացիայի կենտրոն դառնալ, որ հնարավորինս քիչ լքեն իրենց մարզային բնակավայրերը:
Երբ նախագիծը դեռ միայն գաղափարի փուլում էր, կիսվում էի մարդկանց հետ, որոշները թերահավատորեն էին մոտենում, բայց ոգեւորողներն ավելի շատ էին։ Մենք կենտրոնացանք մեզ հավատացողների վրա, ինչն էլ հիմք վերցրեցինք մեր աշխատանքների համար:
Գաղափարը կիսողները
Գյումրիում նորակառույց բնակելի թաղամաս կա, որտեղ էլ գտնվում է «Իմաստուն»-ը: Այն հայտնի է «Ամերիկյան թաղամաս» անունով: Թաղամասը շահագործող կազմակերպությունը կիսում էր մեր գաղափարը եւ ամբողջությամբ իր ռեսուրսներով կառուցած բնակելի տարածքը տրամադրեց մեզ՝ նախագծի համար վերափոխելու եւ շահագործելու:
Այս պահին շենքի վերանորոգման աշխատանքներն ենք սկսել, ինչի համար էլ reArmenia հարթակում դրամահավաք է մեկնարկել: Վերանորոգման համար անհրաժեշտ բյուջեն 13 մլն դրամ է: Դրամահավաքի առաջին փուլը ավարտել ենք: 1,5 միլիոն դրամ արդեն հավաքվել է, դրանով վերանորոգման նախնական աշխատանքները սկսել ենք: Նախատեսում ենք մինչեւ ամառ ավարտել ողջ աշխատանքը, իհարկե, դա կախված է նաեւ դրամահավաքի հետագա տեմպերից: Դրամահավաքի հարթակում մեր նախագիծն ավելի քիչ գումարով, բայց մեծ թվով աջակիցներ ունի: Սա ցույց է տալիս, թե գաղափարը ինչքան է դուր եկել մարդկանց: Ուզում եմ նաեւ շեշտել, որ մենք փորձում ենք շեղվել բարեգործության ֆորմատից, այսինքն, ցանկացած մարդու նվիրաբերության դիմաց մենք նրան արժեք ենք տալու կամ փոխհատուցելու ենք, երբ կառույցը սկսի գործել՝ սկսած գրադարանից եւ միջոցառումների տարածքներից օգտվելու առավելությունից։

Լուսանկարը` «ԻմասՏուն»
Նախատեսված բյուջեում ներառված չէ տեխնիկա ձեռք բերելը եւ գրադարանը վերազինելը: Սրանք ձեռք կբերենք մեզ աջակից տարբեր կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում: Ի ուրախություն մեզ՝ մեր գաղափարը կիսող կազմակերպություններ կան, որոնք շատ հարցերով պատրաստ են օգնել: Օրինակ Krisp-ն այս պահին աջակցում է տեխնիկա ձեռք բերելու հարցում: Ուսանողի տան ռազմավարական գործընկեր է դարձել Մարզերի երեխաները մարզերում (ՄԵՄ) նախաձեռնությունը, որն էլ վերջերս մեզ բավականին թանկարժեք, մեծ սենսորային էկրան է նվիրել, որը կարող է ե՛ւ էլեկտրոնային գրատախտակ ծառայել, ե՛ւ էկրան՝ պրեզենտացիաների համար:
Կրթական բովանդակությունից շատ չենք շեղվելու
«ԻմասՏուն»-ը նաեւ լրացուցիչ ծառայություններ է ունենալու այն մարդկանց համար, որոնք, օրինակ, շաբաթ կիրակի օրերին ուզում են տարածք վերցնել ինչ-որ սեմինար անցկացնելու համար: Այս դեպքում մենք կարող ենք վարձակալությամբ տարածներ տրամադրել եւ որոշակի ինքնածախս ապահովել։

Լուսանկարը` «ԻմասՏուն»
Իսկ ամռանը՝ արձակուրդների շրջանում, ազատ սենյակները հյուրատան ֆորմատով կարող ենք տրամադրել, օրինակ՝ այլ երիտասարդների, որոնք ցանկանում են ընկերներով գալ Գյումրի, պարապել, նախագծեր քննարկել եւ այլն։ Այսինքն՝ այն բոլոր ծառայությունները, որոնք մենք առաջարկելու ենք, կրթական բովանդակությունից չեն շեղվելու։
«Չկա աշխատանք, դրա համա՞ր են գնում, թե՞ գնում են, դրա համար էլ չկա աշխատանք»
Մարզերում աշխատանք չլինելու հարցը միշտ նմանացնում եմ հավի եւ ձվի պատմությանը՝ աշխատանք չկա, դրա համա՞ր են գնում, թե՞ գնում են, դրա համար էլ չկա աշխատանք։ Կարծում եմ՝ Գյումրին, որպես մեծությամբ երկրորդ քաղաք, այս առումով շատ է անտեսված հիմա։ Մեր նախաձեռնություններով պետք է այնպես անենք, որ Գյումրին դիտարկեն թե՛ ուսանողները, թե՛ աշխատողները։ Կարծում եմ՝ խանգարողը ենթակառուցվածքների պակասն է, որն էլ փորձում ենք լրացնել եւ, կարծում եմ, ապագայում իր արդյունքը կտա:
Հուսադրողն այն է, որ վերջին տարիներին շարժ է նկատվում դեպի մարզեր, մարդիկ են տեղափոխվում այլ համայնքներ ապրելու, մենք էլ փորձում ենք այդ հոսքին օգնել, որ այն չմարի։
Արփի Ջիլավյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: