Յոնասի ճանապարհը UWC Dilijan-ից Եյլի համալսարան եւ վենչուրային կապիտալի ոլորտ - Mediamax.am

exclusive
6620 դիտում

Յոնասի ճանապարհը UWC Dilijan-ից Եյլի համալսարան եւ վենչուրային կապիտալի ոլորտ


Յոնաս Կավալաուսկասը Եյլի համալսարանի հայ ուսանողների հետ
Յոնաս Կավալաուսկասը Եյլի համալսարանի հայ ուսանողների հետ

Լուսանկարը` անձնական արխիվ

Յոնաս Կավալաուսկասը
Յոնաս Կավալաուսկասը

Լուսանկարը` անձնական արխիվ

Լուսանկարը` անձնական արխիվ


2024 թ. հոկտեմբերին UWC Dilijan քոլեջը տոնում է հիմնադրման 10 տարին: Այս տասնամյակի ընթացքում այն կարողացել է փոխակերպել աշխարհի տարբեր ծայրերից շուրջ հազար շրջանավարտների կյանքի ուղին:

Դիլիջանում միջազգային դպրոց հիմնելու գաղափարը պատկանում է սոցիալական ներդրողներ եւ ձեռնարկատերեր Ռուբեն Վարդանյանին եւ նրա կնոջը՝ Վերոնիկա Զոնաբենդին:

Մեդիամաքսը զրուցել է UWC Դիլիջանի շրջանավարտներից մի քանիսի հետ:

27-ամյա Յոնաս Կավալաուսկասը Լիտվայից է: Նա հիմնադրել է Atlas Academy-ն, որը կրթության ոլորտի խորհրդատվական ընկերություն է, եւ աշխատում է վենչուրային կապիտալի ոլորտում:

Համայնքը՝ լավագույն ձեռքբերում

10 տարի առաջ Յոնաս Կավալիաուսկասը դարձավ UWC Dilijan-ի առաջին շրջանավարտներից մեկը, ինչը առանցքային դեր ունեցավ Յոնասի հետագա կրթությունում եւ կարիերայում։

Յոնասը մեծ հետաքրքրություն ուներ այս տարածաշրջանի նկատմամբ, քանի որ նախկինում երբեք այստեղ չէր եղել:

2016 թվականին UWC Dilijan-ն ավարտելուց հետո Յոնասը ընդունվեց աշխարհի լավագույն համալսարաններից մեկը՝ Եյլի համալսարան ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգում, որտեղ մասնագիտացավ տնտեսագիտության եւ համակարգչային գիտությունների ոլորտներում։

Յոնասը համալսարան ընդունվելու իր հաջողությունում նշանակալի դեր է վերագրում UWC-ի բարձր համբավին, որը շրջանավարտների համար բացում է աշխարհի առաջատար համալսարանների դռները։

«UWC-ի շրջանավարտների մեծ ներկայություն կար Եյլի կամպուսում՝ ավելի քան 40 ուսանող, այնպես որ ես հեշտությամբ համայնքի մասը դարձա: UWC Dilijan-ում կրթություն ստանալու ամենահստակ արդյունքը UWC համայնքին եւ նաեւ հայ համայնքին հեշտությամբ ինտեգրումն է՝ ուր էլ որ գնամ։ Դա հիանալի է»,- ասում է Յոնասը:

Նա ջերմությամբ է հիշում իր օրերը Լոս Անջելեսի հայկական թաղամասում, որը նրան հիշեցնում էր Հայաստանը։

Ֆենոմենալ ուսուցիչները եւ նրանց փորձերը

Յոնասը մեծ սիրով է հիշում UWC Dilijan-ի իր ուսուցիչներին եւ առանձնացնում է երկուսին՝ անգլերեն դասավանդող Դագլաս Արնվայնին եւ պատմության ուսուցիչ Խայմե Նյեմանին։ Ամենեւին էլ պատահական չէ, որ Յոնասի սիրելի առարկաները հենց այս երկուսն էին:

«Թե´ Դագլասը, թե´ Խայմեն մեծ ազատություն էին տալիս ուսանողներին՝ փորձարկումներ անելու եւ ուսումնական ծրագրին մոտեցումը ձեւավորելու հարցում»,- ասում է Յոնասը ։

Նա հիշում է Դագլաս Արնվայնի հետ Ջորջ Օրուելի «1984» վեպի քննարկումը, որի ընթացքում փորձում էին հասկանալ՝ արդյո՞ք ուսանողներին հսկելու միջոցառումները բխում են հենց ուսանողների շահերից։ Նրանք գիտեին, որ անվտանգության նկատառումներից ելնելով ակադեմիական շենքում տեսախցիկներ են տեղադրված:

«Ուսանողների շրջանում զգացողություն կար, որ դպրոցի ղեկավարության վերահսկողությունը, գուցե, չափից շատ է: Դագլասն առաջարկեց փորձարկում անել եւ սեփական փորձով գտնել մեզ հուզող հարցերի պատասխանները: Այդպես տեսախցիկի առջեւ կեղծեցինք ֆիզիկական բռնության դեպք եւ 30 վայրկյանի ընթացքում անվտանգության աշխատակիցներն այդտեղ էին՝ մեր անվտանգությունն ապահովելու համար: Այդկերպ մենք հասկացանք, որ ապահով ենք, բայց միեւնույն ժամանակ նաեւ հսկվում ենք։ Դա լսարանային քննարկումներին մոտենալու հետաքրքիր ձեւ էր»,- ասում է Յոնասը:

Լուսանկարը` անձնական արխիվ


Խայմե Նյեմանի պատմության դասերին եւս փորձարկումները դուրս էին գալիս ավանդական ուսուցման սահմաններից՝ թույլ տալով ուսանողներին վերապրել պատմական իրադարձությունները։

«Մի օր նա ասաց, որ այսուհետ նրան դիմելու ենք «պարոն»-ով, քանի որ նա ուսումնասիրում է ուսումնառության արդյունքները շեշտակի բարելավող մի մեթոդաբանություն՝ հիմնված խիստ, զինվորական կարգուկանոնի վրա», - հիշում է Յոնասը: Ուսանողները մեծ ոգեւորությամբ ներգրավվել էին այդ փորձում՝ անելով այն ամենը, ինչ պատվիրում էր ուսուցիչը. ուղիղ նստել, խոսելուց առաջ ձեռք բարձրացնել եւ այլ ձեւեր, որոնք բնորոշ չեն UWC-ում դասերին:

Շուտով նրանք գաղտնի ազդանշաններ եւ ողջույնի ձեւեր մշակեցին, սկսեցին գաղտնի հավաքներ կազմակերպել, իսկ որոշ ուսանողներ ուսուցիչ Նյեմանի թիկնապահների դերն էին ստանձնել։

«Շուտով նմանվեցինք պաշտամունքային փոքր խմբի: Ցանկացած տիպի ընդդիմացում արագ մերժվում էր։ Ուսանողներից մեկն իր անհամաձայնությունն արտահայտեց դասերի զինվորական կարգուկանոնով ձեւաչափի առնչությամբ, բայց բոլորս նրան լռեցրինք, քանի որ ցանկանում էինք շարունակել ուսուցչի առաջարկած փորձը»,- բացատրում է Յոնասը։

Զինվորական կարգապահությամբ երկու շաբաթ տեւած դասերից հետո Խայմե Նյեմանն ուսանողների համար բացահայտել է փորձի իրական նպատակը, այն է՝ պատրաստել դասարանը 20-րդ դարի կեսերին Եվրոպայում ավտորիտարիզմի ուսումնասիրությանը եւ ցույց տալ, թե ինչպիսին կարող է լինել մարդկանց արձագանքն ավտորիտար գործիչներին:

«Բոլորս ցնցված եւ ապշած էինք, քանի որ հասկացանք, թե ինչպես մարդիկ կարող են իրականում տարվել ծայրահեղ աջական, ավտորիտար շարժումներով»,- նշում է Յոնասը:

Դոն Կիխոտի մասին հիշողությունը

Յոնասի հիշողությունում դեռեւս վառ են դպրոցական միջոցառումները, որոնց ժամանակ Ռուբեն Վարդանյանն ուսանողների հետ կիսվում էր իրենց փորձով եւ տեսակետներով:

«Շատ հաճելի է նրա հետ զրուցելը: Չնայած որ շատ հաջողակ գործարար է, նրա կողքին քեզ երբեք փոքր չէիր զգում. կարծում եմ՝ նա բարձրացնում է բոլոր նրանց, ում հետ զրուցում է»,- ասում է Յոնասը։

Դպրոցի միջոցառումներից մեկի պանելային քննարկման ժամանակ դրա մասնակիցներին հարցրել էին, թե որն է նրանց սիրելի գիրքը: «Ռուբեն Վանդայնանն ասաց, որ իր սիրելի գիրքը Սերվանտեսի «Դոն Կիխոտն» է։ Կարծում եմ՝ նա շառ առումներով նման է Դոն Կիխոտին։ Նա ինձ հիացրել է որպես իդեալիստ, երազող մարդ, բայց նաեւ մեկը, որ կարողանում է իրականություն դարձնել այդ երազանքները», - ասում է Յոնասը:

UWC-ի ներդրումը հետագա կարիերայում

Եյլի տնտեսագիտության եւ համակարգչային գիտության բակալավրի աստիճան ստանալուց հետո Յոնասը հիմնել է Atlas Academy-ն, որի նպատակն է օգնել Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի եւ Գերմանիայի երիտասարդներին ընդունվել ԱՄՆ-ի եւ Արեւմտյան Եվրոպայի լավագույն համալսարաններ։ Աշխատել է նաեւ եվրոպական ընտանեկան հիմնադրամում, որտեղ օգնել է վենչուրային կապիտալի ռազմավարություն մշակել եւ ներդրումներ կառավարել։
Յոնաս Կավալաուսկասը Յոնաս Կավալաուսկասը

Լուսանկարը` անձնական արխիվ


Յոնասը աշխարհից ընտրված 151 անհատների շարքում էր` որոնք 2023 թվականին Schwarzman Scholars-ի կրթաթոշակակիր դարձան՝ մեկ տարի Չինաստանի լավագույն՝ Ցինխուայի համալսարանում ուսանելու համար: «Անցյալ ամառ ավարտեցի ուսումս այնտեղ՝ մագիստրոսի կոչում ստանալով: Դա մեծ փորձ էր»,- ավելացնում է նա:

Այսօր Յոնասը շարունակում է իր կարիերան վենչուրային կապիտալի ոլորտում՝ նպաստելով նորարարական էներգետիկ տեխնոլոգիաների ուղղությամբ աշխատող ստարտափների զարգացմանը։

Սրընթաց փոխակերպումների աշխարհում կրթական համակարգերը բախվում են բարդ մարտահրավերների՝ ժամանակին համընթաց զարգացման համար: Յոնասը հուսով է, որ կրթությունն ավելի մատչելի կդառնա, իսկ ուսանողներն ավելի մեծ ազատություն կունենան ուսման մեջ:

«Ցանկանում եմ, որ շատ երկրներում, այդ թվում՝ Լիտվայում եւ Հայաստանում, ուսուցչի մասնագիտությունը դառնա հեղինակավոր եւ բարձր վարձատրվող եւ մարդիկ ստիպված չլինեն զոհաբերել իրենց բարեկեցությունը հանուն գաղափարի», - ասում է Յոնաս Կավալաուսկասը:

Կարդացեք նաեւ.

UWC Dilijan -ից մինչեւ Airbus. Մարկոս դոս Սանտոսի իրականացված երազանքը

Ֆիլիպ Վոլքի «ուղեւորությունը» UWC Dilijan-ից ՎԶԵԲ

Գայանե Ենոքյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին