Հնարավորություն՝ նախասիրությունները զարգացնելու, դրանցով զբաղվելու, հիմնական աշխատանք դարձնելու համար․ LEAD4Shirak-ն իր տեղական ակտիվ խմբերով (ՏԱԽ) փոքր համայնքների բնակիչներին աջակցելու այս տարբերակն է ընտրել։
Տեղական ակտիվ խմբերի շնորհիվ իրենց գաղափարները կյանքի կոչած մարդիկ Մեդիամաքսին պատմել են սիրելի զբաղմունքը բիզնեսի վերածելու, համայնքում կանանց համախմբելու եւ նոր գործ սկսելու միջոցով անձնական պայքարի տարբերակ գտնելու մասին։
Հոբբին դարձնել բիզնես
Արմինե Խասիկյանն Ամասիայի բնակիչ է։ Մասնագիտությամբ տնտեսագետ է, բայց թվերից զատ իր սիրած ու հաճելի զբաղմունքը՝ թաղիքագործությունը, դարձել է առօրյայի մի մաս։ Այժմ հողաթափեր է պատրաստում։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Եթե մարդ իր սիրած գործով է զբաղվում, ավելի դրական է, հանգիստ, եւ դա ազդում է կյանքի բոլոր ասպեկտների վրա։ Բացի այդ, երբ քո ձեռքով որեւէ բան ես պատրաստում եւ արդյունքը քեզ դուր է գալիս, քեզ բավարարված ես զգում»,- ասել է նա։
Սկզբում թաղիքագործությունը նրա համար հոբբի է եղել, հետո մի քանի փառատոնի է մասնակցել ու նկատել, որ մարդիկ հետաքրքրված են։ Երբ լսել է իրենց բնակավայրում գործող «Հյուսիսային Ուղի» ՏԱԽ-ի աջակցության մասին, ծագել է հոբբին բիզնես դարձնելու միտքը։
««Հյուսիսային Ուղի» ՏԱԽ-ի աջակցությամբ սարքավորումներ եմ ձեռք բերել, որոնք կօգնեն բուրդը մշակելիս։ Ձեռքով աշխատելիս բարդ է, քանի որ տեղական բուրդը դժվար է ենթարկվում, բայց լավն այն է, որ հողաթափերի համար հարմար է, ուշ է մաշվում»,- ասել է Արմինե Խասիկյանը։
Լուսանկարը` Մեդիամաքս
Նա ձեռք է բերել կարի մեքենաներ՝ կաշվե եւ հաստ գործվածքներ կարելու համար։ Ուղղահայաց ծնկավոր մեքենան էլ կօգնի կաշվե դետալներ ավելացնել ու հողաթափերը վերափոխել կոշիկի։
Այս պահին տիկին Արմինեի աշխատասենյակը տան պատշգամբն է, քանի որ արհեստանոցը վերանորոգվում է, ասում է՝ «մի քիչ անհարմար է, բայց աշխատել ստացվում է»։ Բիզնեսն ընդլայնելու նպատակ ունի, հիմա այդ ուղղությամբ է աշխատում։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Սկզբում շյուղագործությունն էր հետաքրքրում, հետո թաղիքագործության մի քանի հոլովակ տեսա Youtube-ում ու սկսեցի դրանով հետաքրքրել, ավելի խորացա։ Բրդե հողաթափեր եմ պատրաստում։ Դրանք առավելություն ունեն, չեն սեղմում, ստանում են ոտքիդ ձեւն ու հաճելի մերսում։ Դրանք հագնում են բոբիկ, այդպես օգտակարությունն ավելի բարձր է։ Բայց հողաթափերով չեմ սահմանափակվում, առաջարկում եմ նաեւ խաղալիքներ, պայուսակներ, իսկ ապագայում պլանավորում եմ արտադրել նաեւ դրսում հագնելու կոշիկներ:
Երբ ՏԱԽ-ի կազմակերպած բիզնես- դասընթացներին էի մասնակցում, ընթացքում եկա այն մտքին, որ այս աշխատանքը շահութաբեր չէ ու սկսեցի մտածել ծրագրից դուրս գալու մասին, բայց մենտորի հետ խոսեցի ու բարկացավ, ասաց՝ «փոխանակ մտածես՝ ինչպես անել, որ շահույթ ստանաս, ուզում ես հրաժարվե՞լ»։ Որոշեցի շարունակել։ Աջակցությունը խորհուրդների տեսքով էլ շատ է եղել, մինչեւ հիմա էլ օգնում են»,- ասել է նա։
Լուսանկարը` Մեդիամաքս
Ծրագրով ձեռք բերված գործիքների մի մասն ապագա արհեստանոցում են՝ սեղան, դարակաշարեր, լվացքի ու կարի մեքենաներ, գոլորշով արդուկ։
«Հիմա շատ ուրախ եմ, այս գործիքներով, ինչ մտքովս անցնի կարող եմ պատրաստել։ Ինձ հետ թաղիքագործության դասընթացներին մասնակցած մյուս կանայք էլ սպասում են արհեստանոցի բացվելուն»,- ասել է Արմինե Խասիկյանը:
Կանանց գյուղում պահող «Լանջիկի հարսները»
Երկու տարի առաջ «Արագած հովիտ» տեղական ակտիվ խմբի անդամներն անտարբեր չեն անցել Լանջիկի կողքով։ Եկել ու ծանոթացել են բնակիչների ու գյուղի խնդիրների հետ, հիմա գյուղը կարի արտադրամաս ունի, որ կոչվում է «Լանջիկի հարսներ»։ Ձեւարանին ու ընդհանուր տարածքին Սուսաննա Պողոսյանն է ծանոթացրել։ Նրա երեխաները քաղաքում են, իսկ ինքը որոշել է մնալ գյուղում ու «մի լավ գործ թողնել»: Նա այս համայնքից ՏԱԽ ծրագրին դիմող առաջին բնակիչներից է, ասում է՝ նպատակն էր, որ գյուղի կանայք աշխատանք ունենան։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Լանջիկի հարսներ» արտադրամասը գյուղի հին մանկապարտեզի տարածքում է, համայնքապետարանն է տրամադրել շահագործման։ Վերանորոգման աշխատանքները կանայք միասին են արել, մաքրել են տարածքը, ներկ գնել ու ներկել պատերը, վարագույրներ ու սփռոց կարել, տնային բույսեր բերել, գեղեցկացրել իրենց շրջակայքը»,- ասել է նա։
Լուսանկարը` Մեդիամաքս
Վերջին տարիների ընթացքում շատերն են լքել գյուղը աշխատատեղ չլինելու եւ տրանսպորտի հասանելիության խնդիրների պատճառով: Տիկին Սուսաննան պատմել է, որ մինչեւ այս Լանջիկում ապրող կանայք կողքի գյուղերում կամ այլ քաղաքներում են փորձել աշխատանք գտնել:
«Ամեն օր ճանապարհ էին կտրում, որ օրվա հացի գումարը վաստակեն։ Նույնիսկ բարձրագույն կրթությամբ կանայք Շիրակից Արմավիրի մարզ էին գնում դաշտերում աշխատելու համար, առավոտյան 4-ից գնում էին, երեկոյան 10-ին վերադառնում։ Ամբողջ օրը տնից կտրվում էին։ Հուսով ենք՝ կարի արտադրամասի հետագա աշխատանքները լավ կընթանան, ավելի մեծ թվով կանայք կկարողանան այստեղ աշխատանք ունենալ»,- ասել է նա:
Վիոլետա Հովհաննիսյանը ՏԱԽ խորհրդի անդամ է, ինքն էլ իր երեխաների հետ գյուղին վաղուց հրաժեշտ տված պետք է լիներ, սակայն «Լանջիկի հարսներ» ծրագրի շնորհիվ մինչ օրս գյուղում է: Ասում է՝ «ովքեր պատրաստվում էին լքել գյուղը, հույսով սպասել են ծրագրի իրագործմանն ու մնացել»:
Լուսանկարը` Մեդիամաքս
«Դեռ սովորում ենք՝ ինչպես ձեւել ու կարել, գոհ ենք մեքենաներից։ Մեր առաջին աշխատանքը սփռոցները եղան` «7 քար» բակային խաղերի փառատոնի տաղավարների համար էին նախատեսված, հետո դրոշներ կարեցինք։ Մանկապարտեզում հանդես պիտի լիներ, ծնողները որոշեցին մեզ դիմել, որ երեխաների համար հագուստ կարենք: Սիրով ընդունեցինք ու մեր ուսուցչի օգնությամբ կարողացանք անել այդ գործը։ Ծնողները շատ գոհ էին, մենք էլ՝ մեր աշխատանքից»,- պատմել է նա։
Լանջիկում կար ու ձեւի դասընթացներին մասնակցում է 15 կին։ Բոլորն էլ նախկինում այս գործից «գլուխ հանել են», ոմանք նաեւ գործում են, բայց դասընթացն օգնում է ունակությունների մեջ ավելի հմտանալ, գրեթե ամեն օր արհեստանոց են գնում, որ որքան հնարավոր է շատ բան սովորեն ու կիրառեն։
Ախուրիկի ուժ տվող լավաշը
Ախուրիկ համայնքում արդեն մեկ տարի է, ինչ հացի արտադրամաս է գործում, հիմնադիրը Վալյա Խաչատրյանն է։ Նրա պայքարը ոչ միայն համայնքում աշխատանք ունենալու, այլ նաեւ եղբորն օգնելու համար է։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Եղբայրս պատերազմում ծանր վիրավորում էր ստացել: Նոր-նոր վերականգնողական փուլ էր անցնում, մենք էլ ամեն կերպ փորձում էինք նրան ինտեգրել կյանքին։ Մտածում էինք՝ ի՞նչ գործունեությամբ զբաղվենք, որ իր համար հեշտ, հարմար լինի, մենք էլ կարողանանք իրեն օգնել: Այսպես, մի օր, երբ գնում էինք հարեւան գյուղից հաց գնելու, հասկացանք, որ մեր գյուղում եւ մոտակա 4 համայնքում փուռ չկա: Որոշեցինք հենց հացի արտադրությամբ զբաղվել, որ եւ՛ մեզ օգտակար լինի, եւ՛ մյուսներին»,- ասել է Վալյան:
Դրամաշնորհներ ստացել են տարբեր հիմնադրամներից, նաեւ իրենց միջոցներով են սարքավորումներ ձեռք բերել: Ընթացքում փորձել են հնարավոր այլ տարբերակներ, ծրագրեր գտնել, որոնց միջոցով կկարողանային ավելի ընդարձակել, ընդլայնել տարածքը: 2023 թվականի հուլիսին իմացել են «Կենտրոնական Շիրակ» տեղական ակտիվ խմբի հայտարարած դրամաշնորհների մասին եւ որոշել են դիմել։ Վալյան այսօր արդեն «Կենտրոնական Շիրակ»-ի անդամ է:
Լուսանկարը` Մեդիամաքս
«Այդ ժամանակ արդեն սկսել էինք աշխատել, գրանցվեցի ու մի ամիս հետո նամակ եկավ, որ անցել ենք հաջորդ փուլ։ Թվում էր՝ շատ դժվար է լինելու ճանապարհը, բայց երբ փաստաթղթային գործընթացն անցանք, հետո ծրագրի մենտորների հետ աշխատեցինք, սկսեցինք ծրագիրը մշակել, ամեն ինչ հստակ դարձավ։ Ընկերներիս հետ էի, երբ դրամաշնորհի հաստատման նամակն ստացա, ուրախությունից գոռում էի, բոլորը զարմացած ինձ էին նայում, թե ինչ է եղել։
Օր օրի պատվերներն ու հաճախորդներն ավելանում են տարբեր համայնքներից, հաճախ նույնիսկ քաղաքի կենտրոնական մասերից ենք հաճախորդներ ունենում, անգամ՝ Վանաձորից»,- ասել է Վալյան։
Նա նշել է, որ հաճախորդներին հացի որակը շատ է գոհացնում, աշխատում են պահպանել, որովհետեւ դրա շնորհիվ են հաջողում։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Մեկ տարի է՝ աշխատում ենք, արդեն հաճախորդների սերն ենք վայելում։ Արտադրամասը կոչվում է «Ախուրիկի լավաշ», բայց դեռ որպես բրենդ գրանցված չենք։ Փորձում ենք ընդլայնել, ավելի ծաղկեցնել բիզնեսը, ի վերջո, եղբորս համար ենք այս ամենն արել։ Այժմ նա տեխնիկական հարցերով է զբաղվում` սարքավորումների վերանորոգմամբ, հումքի մատակարարմամբ, երբեմն՝ նաեւ վաճառքով։ Ամեն անգամ գնորդները հիշեցնում են՝ «հացը սուրբ գործ է, շատ լավ բան եք անում»։ Շնորհակալություն են հայտնում, մենք էլ ընտանիքով ոգեւորված շարունակում ենք աշխատել»,- ասել է Վալյան:
Ընտանիքի անդամներից բացի՝ արտադրամասում եւս 7 աշխատող կա, 3 աշխատատեղ էլ պատրաստվում են բացել, նոր արտադրատեսակներ են ավելացնելու, իսկ դրանք թխելու համար մասնագետներ են պետք։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության եւ Ավստրիական Զարգացման Համագործակցության աջակցությամբ: Հոդվածի բովանդակությունը բացառապես Lead4Shirak ծրագրի պատասխանատվությունն է եւ պարտադիր չէ, որ ներկայացնի Եվրոպական միության եւ Ավստրիական զարգացման համագործակցության տեսակետներ:
Անահիտ Ամիրխանյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: