Թեո Թրավիսի սրտից սիրտ զրույցն աշխարհի հետ՝ հայկական դուդուկի միջոցով - Mediamax.am

exclusive
5973 դիտում

Թեո Թրավիսի սրտից սիրտ զրույցն աշխարհի հետ՝ հայկական դուդուկի միջոցով


Լուսանկարը` Mariia Korneeva

Լուսանկարը` Թեո Թրավիսի անձնական արխիվ

Լուսանկարը` Սթիվեն Վիլսոնի անձնական արխիվ

«Էլեոս» ալբոմի շապիկը
«Էլեոս» ալբոմի շապիկը
Թեո Թրավիսն ու Սթիվեն Վիլսոնը
Թեո Թրավիսն ու Սթիվեն Վիլսոնը

Լուսանկարը` Joe del Tufo

Թեո Թրավիսը եւ Սթիվեն Վիլսոնը
Թեո Թրավիսը եւ Սթիվեն Վիլսոնը

Լուսանկարը` Diana Seifert

Լուսանկարը` Mariia Korneeva


Հայկական դուդուկի հնչողությունն առանձնանում է թախծոտ երանգներով եւ մարդու հոգու խորքը թափանցելու բացառիկ ունակությամբ: Տարիներ առաջ, երբ բրիտանացի կոմպոզիտոր Թեո Թրավիսը սկսել էր հմտանալ դուդուկի նվագում, նա չէր կարող պատկերացնել, որ դուդուկի իր իմպրովիզացիոն երաժշտությունը՝ նախատեսված մեդիտացիայի կամ հանգստի համար, միլիոնավոր ունկնդիրներ կունենա աշխարհով մեկ:

Լսարանի դրական արձագանքը երաժշտին ոգեշնչեց Սթիվեն Վիլսոնի հետ համատեղ ստեղծելու «Էոլոս» (Aeolus) ալբոմը, որը մեկժամյա դուդուկի մեդիտացիոն իմպրովիզացիա է: Մեդիամաքսը զրուցել է Թեո Թրավիսի հետ սեպտեմբերին թողարկվելիք ալբոմի եւ դուդուկի մոգական հնչողության մասին:

Ձայնը, որ բխում է հոգու խորքից

Սաքսաֆոնահար, ֆլեյտահար եւ կոմպոզիտոր Թեո Թրավիսը առավել հայտնի է որպես Soft Machine բենդի անդամ եւ որպես Gong-ի նախկին անդամ: Աշխատել է այնպիսի հայտնի երաժիշտների հետ, ինչպիսիք են Ռոբերտ Ֆրիպը, Դեյվիդ Սիլվիան, Դէվիդ Գիլմորը եւ ուրիշներ: Որպես փողային գործիքների հմուտ երաժիշտ, որը սիրում է էկզոտիկ ֆլեյտաներ ուսումնասիրել, Թեոն 2017 թվականից սկսել է նաեւ դուդուկով հետաքրքրվել:  

Ոգեշնչվելով դուդուկի հայ վարպետ Ջիվան Գասպարյանից եւ այլ տաղանդավոր հայ դուդուկահարների նվագից, նաեւ որոշ դասեր առնելով Արսեն Պետրոսյանից, նա շարունակաբար կատարելագործել է իր հմտությունները՝ կերտելով ուրույն ոճ: Վերջին տարիներին Թեոն իր յութուբյան ալիքում սկսել է դուդուկով մեդիտատիվ երաժշտություններ տեղադրել, որոնք հետզհետե մեծ լսարան են ձեռք բերել:

Լուսանկարը` Mariia Korneeva


«Մի քանի տարի առաջ դուդուկով մեկժամյա հանգիստ երաժշտություն ձայնագրեցի՝ մեդիտացիայի համար: Այն անվանեցի «Հնագույն հոգին ներկա ժամանակներում»: Մեկ-երկու տարում մեղեդին մեծ հետաքրքրության արժանացավ ոչ միայն բրիտանական, այլեւ բազում այլ երկրներից ունկնդիրների շրջանում՝ գրանցելով ավելի քան 1,2 մլն դիտումներ միայն յութուբում: Մարդիկ այն լսում էին մեդիտացիա անելիս, ընթերցանության ժամանակ, սովորելիս կամ պարզապես հանգստանալու, աշխատանքային օրվա ավարտին լարվածությունը թոթափելու համար»,- պատմում է երաժիշտը:

Թեո Թրավիսին շատ հուզել էին նաեւ մարդկանց թողած մեկնաբանությունները, որոնք վկայում էին` հեղինակի սրտից բխած մեղեդին իր արձագանքն է գտել շատերի սրտում՝ անկախ ազգությունից ու մշակույթից:

Լուսանկարը` Թեո Թրավիսի անձնական արխիվ


«Հետաքրքրական էր, որ շատ մեկնաբանություններում մարդիկ օրհնում էին Հայաստանը՝ աշխարհին պարգեւելու համար նման հրաշալի գործիք, որը դիպչում է հոգուն այնպես, ինչպես չի կարող ոչ մի այլ գործիք»,- ասում է Թեո Թրավիսը:

Մոգական մեղեդու ստեղծումը

Դուդուկով մեդիտատիվ երաժշտությանը նման դրական արձագանքից հետո Թեոյի մոտ նոր ալբոմ թողարկելու միտք է ծագել, որն այս անգամ կմշակվի տարածական տարբերակով՝ հնարավորություն տալով ունկնդիրներին ամբողջապես խորասուզվելու բազմաչափ երաժշտության մեջ:

Դրա համար Թեոն դիմել է իր լավ ընկերոջն ու բարձրակարգ պրոֆեսիոնալ Սթիվեն Վիլսոնին:

Լուսանկարը` Սթիվեն Վիլսոնի անձնական արխիվ


«Ես վստահ էի, որ հրաշալի համադրություն կստացվի դուդուկի մոգական ձայնի, մեդիտատիվ ֆոնային ձայնապատկերի ու դրանց մշակման Սթիվենի բացառիկ ունակությունների մեկտեղմամբ: Նա մեծ ճանաչում ունի Dolby Atmos տեխնոլոգիայով ալբոմների ռեմիքսներ իրականացնելու շնորհիվ այնպիսի հայտնի ռոք խմբերի համար, ինչպիսիք են King Crimson-ը, Jethro Tull-ը, Hawkwind-ը, Gentle Giant, ինչպես նաեւ ժամանակակից երաժշտության ռեմիքսներով՝ Chic, Nile Rodgers, Guns N' Roses եւ այլն: Գաղափարը նրան շատ դուր եկավ եւ սկսեցինք ալբոմի ձայնագրությունը»,- պատմում է Թեո Թրավիսը:

Սկզբում Սթիվենը ստեղծել է հարուստ հնչողությամբ ֆոնային երաժշտությունը՝ օգտագործելով Թեոյի ալտ ֆլեյտայի հնչյուններն եւ զարգացնելով հնչողությունը լրացուցիչ շերտերի համադրմամբ ու ձայնի մշակման այլ տեխնոլոգիաներով: Այդ ձայնապատկերի հիման վրա էլ Թեոն ձայնագրել է իր դուդուկով իմպրովիզացիան:
Թեո Թրավիսն ու Սթիվեն Վիլսոնը Թեո Թրավիսն ու Սթիվեն Վիլսոնը

Լուսանկարը` Joe del Tufo


«Ամեն ինչ ինքնաբուխ ստացվեց: Մեդիտատիվ երաժշտությունը պետք է սրտից բխի եւ խոսի հոգու հետ, եւ այդ հարցում ֆոնային ձայնապատկերը եւս շատ կարեւոր է: Իհարկե, ես էլ պետք է ճիշտ տրամադրված լինեի՝ անդորրի եւ հանգիստ զգացողությամբ»,-ասում է երաժիշտը:

Ալբոմի համար Թեոն հոգեւոր թեմայով անուն էր ուզում ընտրել: Ի վերջո կանգ է առել հունական դիցաբանության քամիների աստծո՝ Էլեոս անվան վրա: Հետաքրքրական է, որ երբեմն իսկապես քամու ձայնում կարելի է դուդուկ լսել:
«Էլեոս» ալբոմի շապիկը «Էլեոս» ալբոմի շապիկը


«Ես շատ գիտակցված  եմ լսում քամու ձայնը ու սիրում եմ այն: Երբ որոշ մարդիկ ասում են, որ հոգնել են քամոտ ու անձրեւոտ եղանակից ու արեւ են ուզում, ես ասում եմ, որ սիրում եմ քամու ձայնը, քանի որ դու կարող ես լսել ծառերը, լսել խոտածածկը, եւ դա մոգական է»,-ասում է Թեոն:

Սպասվող թողարկումն ու հետագա ընթացքը

«Էլեոս»-ի ձայնագրման ու ձայնի մշակման աշխատանքների ավարտից հետո Թեոն ցանկանում էր այն պարզապես տեղադրել համացացնում, սակայն Panegyric ձայնագրման լեյբլի հետ խորհրդակցելուց հետո համատեղ որոշում են կայացրել ալբոմի ֆիզիկական թողարկման վերաբերյալ՝ CD եւ Blu-ray սկավառակներով (Dolby Atmos, DTS-HD MA 5.1 ձայնի համընդգրկունությամբ, 24/96 բարձր լուծաչափի ստերեո տարբերակով Blu-ray սկավառակում եւ ստանդարտ 16/44 աուդիո զուգակցող CD սկավառակում):

Ալբոմի թողարկումը նախատեսված է 2024թ. սեպտեմբերի 6-ին: Թեոն դրանում ներառել է նաեւ նախորդ՝ համացանցում արդեն հայտնի մեկժամյա իմպրովիզացիան: Թեոյի յութուբյան ալիքում արդեն հասանելի է ալբոմի թրեյլերը:



«Ես մի շարք փողային գործիքների եմ տիրապետում, սակայն դուդուկը յուրահատուկ է: Դուդուկով մեդիտատիվ երաժշտության առանձնահատկություններից մեկն այն է, որ դա բոլորի համար է: Անգամ եթե մարդը ոչինչ չգիտի այդ գործիքի մասին, դուդուկի ձայնը, միեւնույն է, անմիջապես հասնում է սրտին եւ հոգուն»,-ասում է երաժիշտը:


Թեեւ կարող է թվալ, որ դուդուկը շատ պարզ գործիք է՝ պարզապես փայտե գլանակ, որ մատների համար նախատեսված անցքեր ունի, սակայն Թեո Թրավիսը շարունակաբար բացահայտում է գործիքի լայն հնարավորություններն ու նվագի տեխնիկայի նրբությունները:  

«Ինձ շատ է դուր գալիս այդ բացահայտման գործընթացը: Չնայած որ դուդուկը պահանջում է սրտով զգալ, սակայն հենց տեխնիկայի կատարելագործումն է, որ թույլ է տալիս հասնել այդ զգացմունքային հնչողությանը»,- ընդգծում է բրիտանացի դուդուկահարը:

Առաջիկայում Թեո Թրավիսը իր Soft Machine բենդի հետ շրջագայություններ է ունենալու ԱՄՆ-ում, իսկ հետո նաեւ սկանդինավյան երկրներում: Ծրագրում է նաեւ շարունակել դուդուկով այլ իմպրովիզացիաներ ձայնագրել՝ իր յութուբյան ալիքի համար:

Գայանե Ենոքյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին