Ռուբեն Գեւորգյանցի խաչերի հավաքածուն ու փրկված ընտանեկան ժառանգությունը - Mediamax.am

exclusive
2418 դիտում

Ռուբեն Գեւորգյանցի խաչերի հավաքածուն ու փրկված ընտանեկան ժառանգությունը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


«Պոնչիկանոցի» շենքին հուշատախտակներ կան՝ այստեղ ապրած կինոգործիչների անուններով։ 1950 թվականին շահագործման հանձնված շենքը նախատեսված էր կինեմատոգրաֆիստների համար։ Այստեղ է մանկությունն ու պատանեկությունն անցկացրել կինոռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցը՝ կինոռեժիսոր Ստեփան Կեւորկովի որդին։

Կյանքի վերջին տարիները, սակայն, Գեւորգյանցն ապրել է Մաշտոցի պողոտայի նորակառույց շենքերից մեկում։ Թեեւ տարիքի հետ աղմկոտ, մարդաշատ միջավայրերից խուսափում էր, բայց հյուրեր ընդունում էր միշտ։

Լուսանկարը` Մեդիամաքս


«Երեկո չկար, որ հյուր չլիներ՝ առնվազն 2-4 հոգի․ կա՛մ տանն էին լինում, կա՛մ սրճարանում՝ նստած։ Եթե ուզենայի երեկոյան երեխաների հետ գնալ ծնողներիս տեսնելու, պիտի գրանցվեի։ Ձմռան ամիսներին հայրս ու մայրս գնում էին եղբորս մոտ՝ Ամերիկա։ Նույնը նաեւ էնտեղ էր՝ լիքը հյուրեր, հանդիպումներ՝ տանը, դրսում»,-պատմում է որդին՝ ռեժիսոր Վահե Գեւորգյանցը։

Կեւորկովների ազնվական տոհմի պատմական լուսանկարը

Գեւորգյանցների տանը արժեքավոր ու պատմություն ունեցող շատ իրեր կան։  Ընտանիքն առանձնահատուկ խնամքով է պահում Կեւորկովների գերդաստանի լուսանկարը՝ արված 1908 թվականին։

Լուսանկարը` Մեդիամաքս


Կեւորկովները Ռուսաստանում հայտնի տոհմ էին, ունեին իրենց առեւտրի տունը, գործարանը։ Երբ թագավորը նրան շնորհում է ազնվականի կոչում, ամբողջ գերդաստանը հավաքվում է ընտանիքին պատկանող մոսկովյան հսկայական առանձնատանն ու պատմական լուսանկար անում։

«Հեղափոխությունից հետո, բնականաբար, տունն իրենց ձեռքից վերցրին, իսկ լուսանկարում պատկերված մարդկանց գրեթե 90 տոկոսին գնդակահարեցին։ Մնացին  3-4 հոգի, որոնք սերունդներ տվեցին»,- պատմում է Վահե Գեւորգյանցը։

Լուսանկարը` Մեդիամաքս


Այս նկարի կրկնօրինակները հիմա կախված են ժառանգների տներում։ Բայց երկար տարիներ դրա գոյության մասին ոչ ոք չգիտեր. այդ տարիներին այս մի նկարը ընտանիքի փրկված անդամների համար կարող էր կյանք արժենալ։  

«Ռուբիկի պապան նկարը տարիներ շարունակ պահում էր, որովհետեւ իր մեջ վախ կար։ Մենք այս նկարի գոյության մասին նույնիսկ չգիտեինք, Ռուբիկը պատահաբար է գտել»,- հիշում է Անահիտ Սահակյանը՝ Ռուբեն Գեւորգյանցի կինը։

Կեւորկովների՝ Մոսկվայի կենտրոնում գտնվող առանձնատան մի մասը խորհրդային տարիներին հանձնվել է նախարարություններից մեկին, մյուս մասը՝ 17 ընտանիքի։ Հետագայում ժառանգները փոխհատուցում ստանալու, տունը վերադարձնելու կամ այն երկու երկրների բարեկամության թանգարան դարձնելու նպատակով նամակներ են գրել Ռուսաստանի իշխանություններին, բայց՝ ապարդյուն։

Լուսանկարը` Մեդիամաքս


«Երբ Մոսկվայում էի, գնացի այդ տունը տեսնելու։ Հիմա այն լրիվ լքված է, քանդված, դուռ-պատուհան չկա։ Բարձրացա երկրորդ հարկ՝ այն դահլիճը, որտեղ արվել է այս  նկարը։ Ոչինչ չէր պահպանվել, բացի՝ առաստաղից, որի վրա տոհմի զինանշանն էր։ Դա միակ բանն էր, որը տեսնելուց հետո ես ինձ զգացի այդ ամենի տերը, որովհետեւ մանկուց այդ զինանշանը տեսել եմ մեր տան արծաթե ամանների, սպասքի վրա։ Այդ պահին շունչս կտրվեց. փաստորեն սա իրականություն է»,-պատմում է Վահե Գեւորգյանցը։

Հեղափոխությունից «փրկված» կահույքը

Տարիների անց Ռուբեն Գեւորգյանցի տանն է հանգրվանել մոսկովյան առանձնատնից բերված կահույքը՝ ավելի քան 150 տարվա սեղանները, բազկաթոռը, կոմոդը։

Լուսանկարը` Մեդիամաքս


Գեւորգյանցի հորաքույրը երկար տարիներ համոզում էր, որ արժեքավոր այս իրերը Մոսկվայի իր կոմունալ բնակարանից տեղափոխեն Հայաստան։ Տիկին Անահիտը հիշում է՝ մի օր լուր ստացան, որ 80-ն անց հորաքույրը կահույքը կոնտեյներով ուղարկել է Հայաստան։

Լուսանկարը` Մեդիամաքս


Ընտանեկան պատմության մա է կազմում նաեւ «ԳԲ» հայերեն սկզբնատառերով սպասքը։

Լուսանկարը` Մեդիամաքս


Խաչերի հավաքածուն

Վահե Գեւորգյանցն ասում է, որ հայրը կենցաղի, իրերի նկատմամբ անտարբեր էր։ Միայն տանը նկարների ու խաչերի տեղը որոշելու հարցում ոչ ոքի չէր վստահում։

Ռուբեն Գեւորգյանցը խաչերի մեծ հավաքածու ուներ։ Սկզբում ինքն էր բերում տարբեր երկրներից, հետո սկսեցին նաեւ նվիրել։

Լուսանկարը` Մեդիամաքս


«Եթե նոր խաչ էր գնում կամ նվեր ստանում, 2-3 ամիս դնում էր մի տեղ, ասում էր՝ պիտի հասունանամ, որ տեղը գտնեմ։ Մի քանի անգամ եղել է, որ խաչը վերցրել, բայց չի կախել։ Ասում էր՝ էդ մարդու էներգետիկան այս խաչի հետ կապ չունի»,- պատմում է որդին։

Առաջին խաչը 1970-ականներին է բերել՝ Լեհաստանից։

Լուսանկարը` Մեդիամաքս


«Այդ տարիներին տանը խաչ կախել ընդունված չէր։ Բայց ինքը բերեց ու սկզբունքորեն ասաց՝ իմ տանը պիտի խաչ լինի։ Հետո նաեւ երկրորդը բերեց, ու ես հիշում եմ, որ երկար տարիներ այդ երկուսը կախած էին մեր տանը։ Այնուհետեւ սկսեց հավաքել։ Ինքը հիշում էր բոլորի պատմությունը՝ որտեղից է բերված, ով է նվիրել»։

Հավաքածուում տարբեր մշակույթների խաչեր են։ Փամփուշտից պատրաստվածը զինվոր է նվիրել՝ Արցախից։

Լուսանկարը` Մեդիամաքս


Կան նաեւ ինքնաշեն խաչեր, թոռնիկների պատրաստածը՝ տարբեր տարիքում, տարբեր նյութերից։

Լուսանկարը` Մեդիամաքս


«Այս սեւ խաչ-թզբեհը բանտից է ուղարկված։ Պապան մի գործընկեր ուներ, որին, որպես այլախոհի, հակասովետական քարոզչության համար նստեցրել էին։ Հարցաքննության ժամանակ քննիչը նրան ծեծել էր, ու երկու ատամ բերանից դուրս էր թռել։ Ինքը դրանք պահել ու բանտում թզբեհ էր սարքել, ուղարկել պապային՝ նվեր»։

Լուսանկարը` Մեդիամաքս


Իմանալով հավաքածուի մասին՝ խաչելության մի պատկեր էլ Հակոբ Հակոբյանն է նվիրել։

Լուսանկարը` Մեդիամաքս


Վահե Գեւորգյանցն ասում է՝ հայրը հավատացյալ էր, բայց դա միայն հավատքի հարց չէր. անաստվածության համատարած քարոզչության պայմաններում հավատքը նաեւ ազատության դրսեւորման ձեւ էր։

«Ռուբիկը Աստվածաշունչ էր կարդում, հավատում էր, որ մահից հետո կյանք կա։ Ես միշտ ասում էի՝ նախանձում եմ քեզ, որովհետեւ երբ մեր մտերիմների մեկը հեռանում էր կյանքից, ասում էր՝ դու էդքան մի տխրի, էնտեղ կյանք կա», - պատմում է տիկին Անահիտը։

Փարաջանովի եւ Գայանե Խաչատրյանի հետ հանդիպումը

Տանը Գեւորգյանցի մի քանի դիմանկար կա։ Տիկին Անահիտն ասում է, որ նկարիչները սիրում էին նրան նկարել։ Այս մեկի համար Ֆելիքս Եղիազարյանը նախագահի մրցանակ է ստացել։

Լուսանկարը` Մեդիամաքս


Այս լուսանկարում ամուսնության 30-ամյակն են նշում․ ամառանոցում հյուրերին են սպասում։

Լուսանկարը` Մեդիամաքս


Գեւորգյանցի աշխատասենյակում Փարաջանովի եւ Ստեփան Կեւորկովի նկարն է։

«Իրենք վաղեմի ընկերներ էին, հետո Ռուբիկը դարձավ իր ընկերը։ Երբ Փարաջանովը բանտից ազատվեց, Ռուբիկն ընկերոջ՝ ռեժիսոր Լեւոն Գրիգորյանի հետ իրենց կոլեգաներից գումար էին հավաքել, գնացել Թիֆլիս։ Պիտի հյուրանոցում մնային, բայց Փարաջանովը թույլ չէր տվել, իր տանն էր պահել»,- պատմում է տիկին Անահիտը։

Լուսանկարը` Մեդիամաքս


«Այդ ժամանակ էր, որ Փարաջանովը պապային ասել էր՝ էստեղ շատ խեղճ, երիտասարդ, լրիվ խելառ նկարչուհի կա, ոչ ոք նրան չի ընդունում, կարո՞ղ ես իր մասին կինո նկարել»։

Նկարչուհին Գայանե Խաչատրյանն էր, որը հետո դարձավ հայտնի ու որի նկարները ցուցադրվեցին Հայաստանում ու արտերկրում։

Լուսանկարը` Մեդիամաքս


Իր մասին արված «Երկնագույն քամին եւ նշի բույրը» ֆիլմի համար նա մի նկար նվիրեց Ռուբեն Գեւորգյանցին, որը մինչեւ հիմա կախված է նրանց տանը։

Ֆիլմերի համար ստացած մրցանակները

Տիկին Անահիտն ամուսնու մրցանակներն է ցույց տալիս՝ ցուցադրվածն ընդամենը մի մասն է։ Հիշում է, որ եկավ մի պահ, երբ Գեւորգյանցը որոշեց՝ այլեւս ֆիլմ նկարելու ամեն առաջարկ չի ընդունելու։

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ինձ ասաց՝ համաձա՞յն ես։ Ասացի՝ համաձայն եմ։ 8 ամիս մնացինք առանց աշխատավարձի։ Բայց շատ ուրախ-զվարթ, շատ լավ կյանք ենք արել։ Միշտ մարդաշատ, միշտ ընկերների հետ, կապ չուներ՝ ունենք-չունենք։ Եթե չէինք կարողանում ինքներս մեզ ապահովել, մի օր գնում էինք իմ մամայի տուն՝ ճաշելու, մյուս օրը՝ իր մամայի տուն»։

Լուսանկարը` Մեդիամաքս


Վահե Գեւորգյանցն առանձնացնում է մի քանի մրցանակ, որ հայրը ստացել էր «Սպասում» ֆիլմի համար։

«Ծերանոցի մասին պատմող 16 րոպեանոց ֆիլմ է, որը աղմուկ հանեց ամբողջ Խորհրդային միությունում։ Դա առաջին սոցիալական ֆիլմն էր, որը մասնակցեց Միության տարբեր փառատոնների, մրցանակներ ստացավ, բայց չթողեցին Սովետից դուրս գար. չէր կարելի խնդիրները դուրս հանել։
[[galler20]]
Նկարահանումներից գալիս ու էնպիսի բաներ էր պատմում. մեկը մանկատանը մեծացել, ծերանոցում մահանում էր, բայց այդ ճանապարհին 3 երեխա, 8 թոռ ուներ։ Երբ ֆիլմը նայեցի, այդ պատմությունները չկային։ Հարցրեցի՝ ինչո՞ւ։ Ասաց՝ այսքանը բավարար է, որ մարդկանց ուժեղ զգացմունք փոխանցես։ Եթե ֆիլմը 3 րոպե երկարեր, զգացմունքը թույլ կլիներ։ Այդ օրը ես հասկացա, թե ինչ բան է վավերագրական կինոն»։

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին