Վանաձորում ռուսների հիմնած «Շունն ու կատուն» օգնում է կենդանիներին - Mediamax.am

exclusive
4663 դիտում

Վանաձորում ռուսների հիմնած «Շունն ու կատուն» օգնում է կենդանիներին


Լուսանկարը` Վանաձորի «Շունն ու կատուն» կլինիկան

Չեպուխան
Չեպուխան

Լուսանկարը` Վանաձորի «Շունն ու կատուն» կլինիկան

Դինարա Շիֆուլինան
Դինարա Շիֆուլինան

Լուսանկարը` Վանաձորի «Շունն ու կատուն» կլինիկան

Պեչենկան
Պեչենկան

Լուսանկարը` Վանաձորի «Շունն ու կատուն» կլինիկան

Լուսանկարը` Վանաձորի «Շունն ու կատուն» կլինիկան

Յուլիա Կլինովայան
Յուլիա Կլինովայան

Դժվար է գտնել հայի, առավել եւս՝ լոռեցու, որը չի լսել Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» ստեղծագործության մասին: 2024թ.-ի սկզբին, սակայն, Թումանյանի «Շունն ու կատուն» արտահայտությունը եւս մեկ իմաստ է ստացել: Վանաձոր քաղաքում, երջանիկ պատահականությամբ հենց Թումանյան փողոցում, բացվել է մարզի առաջին անասնաբուժական կլինիկան՝ «Շունն ու կատուն»:

Նախագիծն իրականացրել է «Պերսպեկտիվա» հիմնադրամը, որն աջակցում է մարզում սոցիալական ու ձեռնարկատիրական գաղափարների զարգացմանը:

Մեդիամաքսի հետ զրույցում հիմնադրամի տնօրեն Յուլիա Կլինովայան եւ անասնաբուժական կլինիկայի համահիմնադիր Դինարա Շիֆուլինան պատմել են նախագծի մասին, կիսվել կենդանիների պատմություններով, որոնց արդեն հասցրել են օգնել կլինիկայում:

Անասնաբուժական կլինիկա բացելու միտքը

Յուլիա Կլինովայա, «Պերսպեկտիվա» հիմնադրամի տնօրեն, կլինիկայի համահիմնադիր

Վանաձոր ենք տեղափոխվել 2022թ. մարտին: Քաղաքի ընտրությունը պատահական չէր, քանի որ դեռ Մոսկվայից ակտիվ աշխատում էինք այստեղի գործընկերների հետ, իսկ 2021թ.-ից նախատեսում էինք Վանաձորում հիմնադրամի գրասենյակ բացել:

2022թ. փետրվարի 23-ին գրասենյակը բացվեց, իսկ փետրվարի 24-ին տեղի ունեցան հայտնի իրադարձությունները, որոնք ստիպեցին վերանայել առաջնահերթությունները: Հենց այսպես եկանք ու մնացինք Վանաձորում:

Յուլիա Կլինովայան Յուլիա Կլինովայան


«Պերսպեկտիվա» հիմնադրամի նպատակն է աջակցել սոցիալական եւ ձեռնարկատիրական նախագծերի զարգացմանը: Մարզում առաջին եւ միակ անասնաբուժական կլինիկայի բացումը հենց այսպիսի նախագիծ է: Այո, գուցե, այն չի փոխում աշխարհը, բայց միանշանակ հեշտացնում է մարդկանց առօրյա կյանքը:  

2022թ.-ից Վանաձոր ու հարակից բնակավայրեր էին տեղափոխվում բազմաթիվ ռելոկանտներ ու հայրենադարձներ, որոնք իրենց հետ բերում էին նաեւ ընտանի կենդանիներին: Հիանալի է, որ մարդիկ տարբերակ էին գտնում ու գալիս էին չորքոտանի ընկերների հետ, քանի որ շատ էին նաեւ պատմությունները, երբ տերերը լքում էին կենդանիներին:

Այս իրադարձությունների արդյունքում Վանաձորում սկսեց աճել ընտանի կենդանիների թիվը: Իհարկե, անհնար էր չնկատել նաեւ թափառող կենդանիներին, որոնք ապրում էին քաղաքի փողոցներում, առանց տերերի ու խնամքի:

Մեծագույն խնդիր էր հրատապ հարցերի լուծումը: Կենդանին կարող էր անսպասելի հիվանդանալ կամ թափառող շունն ընկնել մեքենայի տակ ու նրան պետք էր շատ արագ հասցնել Երեւան (հեռավորությունը Վանաձորից մոտ 120կմ – հեղ.): Եթե դեպքը տեղի էր ունենում գիշերը, ուրեմն Երեւանում էլ միայն մեկ կլինիկա էր աշխատում: Բացի այդ, պետք էր գտնել տրանսպորտ, իսկ եթե կենդանուն նշանակում էին բուժման կուրս, նրա տերը պետք է Երեւանում մի քանի օր մնալու որեւէ տարբերակ գտներ: Այս ամենը ծախսատար էր ոչ միայն ֆինանսական տեսանկյունից, այլեւ՝ ժամանակի եւ ռեսուրսների:

Եվ, իհարկե, մեծագույն խնդիրն էր հասցնել օգնել հիվանդ կենդանուն:  

Լուսանկարը` Վանաձորի «Շունն ու կատուն» կլինիկան


Ինչ վերաբերում է թափառող կենդանիներին, շատ ցավոտ էր նայել՝ ինչպես են այդ «փռչոտիկները» քաղցած մրսում փողոցներում ու մահանում սարսափելի իրավիճակներում, այդ թվում՝ վիրուսներից, որոնցից ժամանակին չեն պատվաստվում: Դժվար էր տեսնել՝ ինչպես են տարին երեք անգամ ծնվում ձագեր ու մահանում փողոցներում, քանի որ ժամանակին մայր շունը չի ստերջացվել:  

Այո՛, քաղաքային իշխանությունները փորձում են լուծել խնդիրը, բայց բյուջեի միջոցներից բացի, քաղաքին պետք են կադրային եւ տեխնոլոգիական լուծումներ:

Այս պատճառները հաշվի առնելով՝ Վանաձորում անասնաբուժական կլինիկա բացելու միտքն օրակարգում էր:

Հայաստանը հնարավորությունների երկիր է

Յուլիա Կլինովայա

Նախագծի իրականացման համար կազմեցինք բիզնես պլան, հաշվարկեցինք ֆինանսական հարցերն, ու գաղափարի շուրջ շատ արագ համախմբվեցին ինչպես ռելոկանտներն ու հայրենադարձները, այնպես էլ՝ տեղացիները: Արդյունքում հավաքվեց 16 համահիմնադիր, ինչը քիչ հանդիպող երեւույթ է փոքր բիզնեսների դեպքում: Ինքս չեմ հանդիպել հաջողված նախագիծ, որը չորսից ավելի համահիմնադիր ունի: Բայց Հայաստանը հնարավորությունների երկիր է, չեմ կարող չնշել սա (ժպտում է – հեղ.): Համահիմնադիրներից ոմանց համար որոշիչ գործոն էր կենդանասեր լինելը, մյուսների համար էլ կարեւոր էր քաղաքի զարգացումը, քանի որ անասնաբուժական կլինիկան սոցիալական նախագիծ է:

«Փառք Աստծո, որ դուք կաք»

Յուլիա Կլինովայա

Իհարկե, գիտեինք հայ գրող Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» ստեղծագործության մասին ու լավ նշան ենք համարում այն, որ երկար փնտրտուքներից հետո կլինիկայի համար տարածք գտանք հենց Թումանյան փողոցում:

«Շունն ու կատուն» անվանումն առաջարկել է մեր համահիմնադիրներից մեկը: Հետագայում այս տարբերակն ընտրվել է ժողովրդավարական ճանապարհով՝ ձայների մեծամասնությամբ: Ուզում եմ նշել, որ մեր համահիմնադիրները շատ տարբեր ոլորտներից են՝ ուսուցիչներ, բժիշկներ, գրաֆիկ դիզայներներ, իրավաբաններ, ֆինանսների ու հաշվապահության մասնագետներ, ՏՏ համայնքի ներկայացուցիչներ, կառավարիչներ ու այլ բիզնեսների սեփականատերեր:

Լուսանկարը` Վանաձորի «Շունն ու կատուն» կլինիկան


Սկիզբը հեշտ չէր: Դժվարություններ էին լինում ինչպես կլինիկայի գրանցման փուլում, այնպես էլ՝ սարքավորումների տեղափոխման, տարածք գտնելու հարցերում: Բայց արդյունքում մեր բախտը բերեց թե՛ վարձատուների, թե՛ հարեւանների, թե՛ կլինիկայի ու դրա փողոցի անվան հարցում (ժպտում է – հեղ.): Ամենակարեւորն այցելուների արձագանքներն են, որոնք կարելի է միավորել մեկ նախադասության մեջ՝ «փառք Աստծո, որ դուք կաք»:

Հաճելիորեն զարմացրեց Վանաձորում ընտանի կենդանիների թիվը

Դինարա Շիֆուլինա, «Շունն ու կատուն» կլինիկայի համահիմնադիր, նախագծերի ղեկավար

Այսօր կլինիկայի այցելուների թիվը շատ մեծ է, քանի որ այն միակն է ոչ միայն Վանաձորում, այլեւ՝ Լոռու մարզում: Մոտակա անասնաբուժական կլինիկան Դիլիջան քաղաքում է (Վանաձորից մոտ 40 կմ – հեղ.), բայց այն միայն մեկ սենյակ ունի, ինչը շատ քիչ է:
Դինարա Շիֆուլինան Դինարա Շիֆուլինան


Մեզ մոտ գալիս են Դիլիջանից, Իջեւանից ու հարակից մյուս բնակավայրերից: Այցելուների թվում ինչպես ռելոկանտներն են իրենց կենդանիների հետ, այնպես էլ՝ բազմաթիվ տեղացիներ: Առհասարակ, մեզ հաճելիորեն զարմացրել է Վանաձորում ու մարզային այլ բնակավայրերում ընտանի կենդանիների թիվը:

Մինչեւ մեր կլինիկան, քաղաքում կային անասնաբույժներ, բայց նրանք հիմնականում աշխատում էին գյուղատնտեսական նշանակություն ունեցող կենդանիների հետ: Կարծում եմ՝ մեզ մոտ շատ են գալիս նաեւ այն պատճառով, որ հատուկ նախագծի համար Ռուսաստանից Վանաձոր է տեղափոխվել բարձր որակավորում ունեցող անասնաբույժ:

«Զարգացման լուրջ ծրագրեր ունենք»

Դինարա Շիֆուլինա

Քանի որ պետք է կարողանանք օգնել մեծ թվով կենդանիների, զարգացման լուրջ ծրագրեր ունենք: Մասնագետների պատրաստման հարցում նախատեսում ենք համագործակցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ: Հետագայում երիտասարդ մասնագետները կկարողանան գալ եւ պրակտիկա անցնել մեր կլինիկայում: Ցանկանում ենք նաեւ պայմաններ ստեղծել կենդանիների ստացիոնար բուժման համար:  

Լուսանկարը` Վանաձորի «Շունն ու կատուն» կլինիկան


Ինչ վերաբերում է սարքավորումներին, հիմա կլինիկայում կան ուլտրաձայնային հետազոտության եւ վիրաբուժական սարքավորումներ: Ցավոք, դեռ չունենք ռենտգենի հնարավորություն, սակայն տարբերակներ ենք փնտրում այս հարցը լուծելու համար: Բացի այդ, պաշտոնապես համագործակցում ենք Երեւանի Vetexpert կլինիկայի հետ, որը մեզ օգնում է լաբորատոր հետազոտությունների եւ դիագնոստիկայի հարցում: Կարող ենք բոլոր անհրաժեշտ նմուշներն ուղարկել Երեւան եւ նույն օրը ստանալ հետազոտությունների պատասխանները:

Օգնություն թափառող կենդանիներին

Դինարա Շիֆուլինա

Կլինիկայի համահիմնադիրներն ի սկզբանե որոշել էին, որ թափառող կենդանիների դեպքում որոշ միջամտություններ կկատարվեն անվճար: Ինչ վերաբերում է գումարի մնացած մասին, այն վճարում է կամ կենդանուն կլինիկա բերած խնամակալը, կամ հայտարարվում է դրամահավաք: Բացի այդ, դեռ կլինիկայի բացումից առաջ, Յուլիայի նախաձեռնությամբ քաղաքի տարբեր սրճարաններում եւ դեղատներում տեղադրվել են անտուն կենդանիներին օգնելու տուփեր, որոնց մեջ բոլոր ցանկացողները կարող են գումար թողնել:


Մենք փորձում էինք օգնել թափառող կենդանիներին դեռ մինչեւ կլինիկան: Կատարում էինք վիրահատություններ, ստերջացումներ, գտնում էինք ժամանակավոր խնամակալներ ու մշտական տերեր:

Սա շատ ցավոտ հարց է ու հույս ունենք, որ կկարողանանք դրա վրա հրավիրել մարդկանց ուշադրությունը: Գուցե, կդիմենք որոշ դրամաշնորհների, որպեսզի կարողանանք զանգվածային ստերջացում ու պատվաստումներ իրականացնել: Յուլիա Կլինովայան քաղաքապետարանի աշխատանքային խմբի անդամ է եւ մասնակցում է այս հարցի քննարկմանը:

Լուսանկարը` Վանաձորի «Շունն ու կատուն» կլինիկան


Բացի այդ, քանի որ ես ՏՏ ոլորտի մասնագետ եմ, նախատեսում եմ մշակել նաեւ թվային լուծումներ: Օրինակ՝ ցանկանում եմ ստեղծել անտուն կենդանիների հաշվառման բազա, որը արհեստական բանականության ու մեքենայական տեսողության օգնությամբ կկարողանա իդենտիֆիկացնել կենդանուն՝ նրա վրա չիպի կամ որեւէ այլ նշումի առկայությունից անկախ: Սա թույլ կտա հասկանալ՝ երբ եւ ինչ պատվաստումներ է ստացել տվյալ շունը:  

Պեչենկան մեկնում է ԱՄՆ, իսկ Չեպուխան արդեն տուն ունի

Դինարա Շիֆուլինա

Իհարկե, թե՛ կլինիկայի բացման, թե՛ բուն աշխատանքի ընթացքում եղել են բազմաթիվ դժվարություններ, բայց հաճելի ու ջերմ պահերը միեւնույն է ավելի շատ են: Դրանցից մեկը տեղի է ունեցել վերջերս:

Մեկ ամիս առաջ կլինիկա բերեցին շան ձագուկի, որը մինչեւ ոսկոր վնասել էր թաթերը: Մեր բժշկուհին վիրահատություն կատարեց, ժամանակի ընթացքում ձագուկին անվանեցինք Պեչենկա, իսկ Վանաձորի կենդանասերներից մեկը՝ Արմինեն, նրա համար ընտանիք ու տուն գտավ Միացյալ Նահանգներում: Հիմա նախապատրաստվում են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ու շուտով մեր Պեչենկան կմեկնի ԱՄՆ (ժպտում է – հեղ.):
Պեչենկան Պեչենկան


Մի դեպք էլ կար, երբ ռելոկանտ երիտասարդները կատվի ձագի էին գտել, ավելի ճիշտ՝ բառացիորեն փախցրել էին թափառող շների բերանից: Բժշկական օգնությունից հետո սկսեցինք փիսիկի համար տեր փնտրել, իսկ մինչ այդ խնդրեցինք մեր ընկերներից մեկին ժամանակավոր պահել նրան:
Չեպուխան Չեպուխան


Մի քանի օր անց տեր գտանք, սակայն մեր ընկերն այնքան էր սիրել Չեպուխային, այսպես էր նա անվանել ձագուկին, որ հրաժարվեց բաժանվել նրանից:

Պոտենցիալ տիրուհուն չնեղացնելու համար շտապ մեկ այլ կատու գտանք եւ արդյունքում երկու «պոչիկներն» էլ հոգատար, բարի մարդկանց մոտ հայտնվեցին:

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Դմիտրի Կոխանովիչ




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին