«Նաիրի» ճամբարի տարածքում քոչարիի հնչյուններ էին տարածվել: Ճամբարականները Կարնո քոչարի էին պարում՝ արդեն բավականին հստակ ու համաչափ: Ճամբարում գտնվելու ընթացքում ուսուցիչների օգնությամբ այս տարի էլ շատ երեխաներ հասցրեցին սովորել պարի կանոնները:
Հանքավանում գտնվող «Նաիրի» ճամբարը Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) մարդասիրական ծրագրերից մեկն է: Արցախյան երկրորդ պատերազմում նահատակված, գերի ընկած, վիրավորված, անհետ կորած հերոսների զավակների, քույրերի եւ եղբայրների, ինչպես նաեւ Արցախից տեղահանված երեխաների համար ճամբարն անցկացվել է արդեն երրորդ տարին:
Լուսանկարը` ՀԲԸՄ
Ճամբարում ազգային երգ ու պարից բացի՝ երեխաները ձեռքի աշխատանքի դասընթացների, սպորտային, ինտելեկտուալ եւ ուսուցողական խաղերի, էքսկուրսիաների ու արշավների են մասնակցում, հոգեբանների հետ աշխատում:
Մեդիամաքսը հյուրընկալվել էր ճամբարում, ծանոթացել նրա եռամյա պատմությանը. զրուցել ճամբարականների առօրյայի մասին:
Ճամբարները՝ ՀԲԸՄ մարդասիրական ծրագրերի առանցքում
ՀԲԸՄ-ն 1906թ.-ից ի վեր իր մարդասիրական օգնության ծրագրերով հայ ժողովրդի կողքին է եղել՝ աջակցելով Ցեղասպանություն, պատերազմ, տարածաշրջանային անկարգություններ, սով եւ դժվարություն տեսած հայրենակիցներին:
Մարդասիրական օգնության ծրագրերում առանցքային են ՀԲԸՄ կազմակերպած գիշերօթիկ եւ ցերեկային ճամբարները, որոնց սկիզբը դրվել է դեռ 1963 թվականին: Դրանցից են, օրինակ, «Նուբար» (ԱՄՆ), «Հայ լեռ» (Բուլղարիա), Colonie de Vacances (Ֆրանսիա), «Անդրանիկ» սկաուտական ճամբար (Հայաստան), ճամբարները, որոնք ամեն տարի հարյուրավոր երեխաների եւ երիտասարդների են միավորում տարբեր երկրներից:
Լուսանկարը` ՀԲԸՄ
«Նուբար» ճամբարը երիտասարդներին առաջարկում է լավ մշակված ծրագրեր, որոնք ներառում են արշավներ, նավային զբոսանքներ, ձիավարժություն, արվեստ եւ ձեռային աշխատանքներ: «Հայ լեռ» ճամբարում 4-18 տարեկան ճամբարականները ծանոթանում են հայկական մշակույթին, սովորում բնության պահպանման ու բացօթյա պայմաններում գոյատեւման կանոնները, ինչպես նաեւ ուժեղացնում են իրենց մտավոր ու ֆիզիկական հմտությունները: Colonie de Vacances-ը գտնվում է Ֆրանսիայի հարավ-արեւելյան Hautes-Savoie-ում, որտեղ երեխաներն իրենց օրերն անցկացնում են ֆուտբոլ, թենիս եւ վոլեյբոլ խաղալով, այցելում են տեղի գյուղերը, մասնակցում սպիտակ ջրային ռաֆթինգ էքսկուրսիաների:
Իսկ ահա «Անդրանիկ սկաուտական բանակումը» Միության առաջին սկաուտական ճամբարն է Հայաստանում, որն ամեն տարի հարյուրավոր երիտասարդների է միավորում տարբեր երկրներից՝ Արգենտինայից, Հայաստանից, Իրաքից, Լիբանանից, Սիրիայից, Միացյալ Նահանգներից եւ Ուրուգվայից՝ միասին արկածներով լի հետաքրքրաշարժ օրեր անցկացնելու:
Լուսանկարը` ՀԲԸՄ
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմից անմիջապես հետո ՀԲԸՄ-ն ձեռնամուխ եղավ «Նաիրի» ամառային ճամբարի հիմնադրմանը, որտեղ երեխաներն անցկացնում են ուրախ եւ ակտիվ ժամանց, բնության գրկում վայելում ամառային արձակուրդները, ձեռք են բերում նոր ընկերներ, ծանոթանում են հայ ազգային երգ ու պարին, զարգացնում ստեղծագործելու, մտածելու եւ նորը ստեղծելու ունակությունները, ինչպես նաեւ մասնակցում են հոգեբանական, վերականգնողական միջոցառումների:
Ճամբարն անցկացվում է երկու փուլով՝ 7-13 տարեկան երեխաների համար: Յուրաքանչյուր փուլին շուրջ 120 երեխա է մասնակցում:
«Նաիրի» ճամբարը եւ առաջին տարվա դժվարությունները
«Նաիրի» ճամբարի տնօրեն Հերմինե Դուզյանը պատմել է, որ ճամբարի առաջին տարին այդքան էլ հեշտ ու հարթ չի ընթացել:
«Առաջին տարին ճամբարը կազմակերպեցինք երկու փուլով, բայց 10-ական օրով, քանի որ չգիտեինք՝ ինչպես կընթանար: Սկիզբն իրականում շատ դժվար էր: Հայաստանի երեխաների եւ ծնողների հետ աշխատելու փորձ չունեի, իսկ այդ ժամանակ երեխաների եւ մայրերի հոգեկան վիճակն ամենածանրն էր: Պատերազմից դեռ մեկ տարի չէր անցել: Ճամբարում երեխաներ կային, որ քնի մեջ հայրերին էին կանչում, երեխային ուրախացնում էինք, խաղում էր, ցրվում էր, միջավայր էինք ստեղծում, որ նա իրեն լավ զգա, զբաղված լինի, բայց միանգամից կարող էր գետնին նստել եւ լացել, չէինք կարողանում որեւէ բանով մխիթարել՝ չնայած որ հենց առաջին օրից այստեղ հոգեբաններ էին աշխատում նրանց հետ»,- պատմել է ճամբարի տնօրենը:
Լուսանկարը` ՀԲԸՄ
Նրա խոսքով՝ դժվարություններ եղել են նաեւ ճամբար հաճախող մայրերի հետ աշխատանքում.
«Նրանք չէին ընդունում, որ իրենք տանը սգի մեջ են, իսկ երեխաները ուրախ են այստեղ: Խոսում էի, փորձում բացատրել, ներկայացնում ճամբարի կարեւորությունը երեխաների համար, նրանց հետ զբաղվելը»:
Ճամբարի կազմակերպման 2-րդ եւ 3-րդ տարում դրական փոփոխություններն ակնհայտ են եղել թե՛ երեխաների, թե՛ ծնողների մոտ:
Երկրորդ տարվանից սկսած՝ ճամբարի օրերը դարձել են 12: Ճամբարին մասնակցում են Հայաստանի տարբեր մարզերից, մինչեւ այս տարին՝ նաեւ Արցախից:
Լուսանկարը` ՀԲԸՄ
Այս տարի շրջափակման պատճառով Արցախից երեխաները չեն կարողացել գալ Հանքավան, բայց, չնայած դժվարություններին, արցախցի ջոկատավարների հետ այնտեղ են ճամբար նախաձեռնել: 5-օրյա ճամբարն անցկացվել է մի փոքր այլ ծրագրով՝ հարմարվելով ներկա իրավիճակին, ինչը երեխաներին չի խանգարել մասնակցել, հին ընկերներին տեսնել եւ նորերը ձեռք բերել: Ճամբարային օրերի ընթացքում նրանց համար կազմակերպվել են տարբեր աշխատարաններ, մարզական, ինտելեկտուալ, ուսուցողական խաղեր, հայկական ազգային երգ ու պար, ֆիլմերի դիտումներ եւ քննարկումներ։
Լուսանկարը` ՀԲԸՄ
Շահառու ընտանիքներին գտնելու եւ նրանց հետ ավելի արդյունավետ աշխատելու համար ՀԲԸՄ-ն այս տարվանից սկսել է համագործակցել նաեւ Զինապահ հիմնադրամի հետ:
Հատուկ ծրագիրը եւ ջոկատավարները
«Նաիրի» ճամբարում երեխաների հետ աշխատելու հատուկ գրաֆիկ եւ ծրագիր ունեն. երգ, պար, ձեռքի աշխատանք, հոգեբանական դասընթացներ, տարբեր խաղեր, դիմակահանդես, օլիմպիական եւ ջրային խաղեր, խմբային մեծ խաղեր: Ճամբարի տարածքում գործում է բացօթյա լողավազան, ֆուտբոլի դաշտ, բասկետբոլի, վոլեյբոլի, սեղանի թենիսի խաղահրապարակներ, ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխանող բացօթյա կինոթատրոն:
Ինչ վերաբերում է ջոկատավարներին՝ նրանց հետ նախապատրաստական շատ կարեւոր աշխատանք է ընթանում, մինչեւ կստանձնեն այս պատասխանատու աշխատանքը:
Առավելագույնը տալ երեխաներին
Ճամբարի այս տարվա երկու փուլին շուրջ 250 երեխա է մասնակցել։ Նրանցից շատերը նախորդ տարիներին արդեն մասնակցել էին ճամբարին։
«Ես առաջին անգամ եմ այստեղ։ Սկզբում ճամբարային գրաֆիկն ինձ համար անսովոր էր, բայց արագ հարմարվեցի ու սիրեցի: Նախկինում գնացածս ճամբարներին նման չի, այստեղ ավելի լավ է: Ծրագրով նախատեսված ամեն ինչն էլ սիրում եմ, բայց ամենաշատը ֆուտբոլ խաղալու ժամերն եմ սիրում»,- ասել է 13-ամյա Անդրանիկը:
Լուսանկարը` ՀԲԸՄ
12-ամյա Էգդարն առաջին անգամ էր «Նաիրի» ճամբարում: Երեխաների ու ջոկատավարների հետ այնքան արագ էր ընկերացել, որ թվում է՝ այնտեղ բոլորին վաղուց ծանոթ է։
Ի տարբերություն ընկերների՝ Մանեն արդեն երկրորդ տարին էր եկել ճամբար. «Նախորդ տարվանից արդեն ընկերներ ունեմ այստեղ, բայց նոր երեխաների հետ էլ եմ հեշտ ընկերացել: Օրն այստեղ սկսում ենք առավոտյան 8-ից։ Գրաֆիկը շատ հագեցած է՝ դասեր, ձեռագործություն, խաղեր։ Հոգեբանների հետ զրույցներն էլ եմ սիրում, օրինակ՝ պատմում ենք, թե ինչպիսին ենք տեսնում մեր ապագան, ինչպիսի միջավայրում կցանկանայինք ապրել, իսկ եթե ինչ-որ բան էլ մեզ համար ծանր է, կիսվում ենք, որ թեթեւանանք»:
Լուսանկարը` ՀԲԸՄ
Երեխաները խոստովանել են, որ ճամբարային ուտելիքը եւ իրենց ջոկատավար ընկեր Հենոյին շատ են սիրում։
«Իմ անունն իրականում Անրի է, ոչ թե Հենո, բայց, քանի որ, որոշ երեխաներ դժվարանում են Անրի ասել, թողել եմ, որ ընկեր Հենո ասեն»,- զրույցին միանալով՝ ասում է խմբի ջոկատավարը։
22-ամյա Անրիի խոսքով՝ ճամբարի մասին իմացել է ընկերոջից, ով նախկինում աշխատել է այստեղ․
«Ես էլ ուզեցա աշխատել ու օգնել երեխաներին: Մասնագիտությամբ հոգեբան եմ, դեռ սովորում եմ, երեխաների հետ աշխատելով՝ փորձ եմ ձեռք բերում: Ամբողջ օրս անցնում է նրանց հետ, շատ պատասխանատու գործ է եւ մեր պարտականությունն է՝ ինչպես եկել են ճամբար, դրանից էլ ավելի լավ ուղարկենք նրանց տուն: Մենք իրավունք չունենք նույնիսկ մեկ րոպեով թողնել նրանց»:
Լուսանկարը` ՀԲԸՄ
Խմբի մյուս ջոկատավարը՝ Հասմիկն արդեն երկրորդ տարին է ճամբարում։ «Երբ իմացա ճամբարի նպատակի մասին, թե ինչ խոցելի խմբի է ուղղված, որոշեցի որքան հնարավոր է իմ ուժերի չափով պետք է օգտակար լինեմ: Փորձում եմ առավելագույնը տալ, որ իրենց մեջ ինչ-որ բան փոխեմ դեպի դրականը»,- նշել է նա:
Ճամբարականների հետ աշխատած հոգեբաններն ասում են, որ կորուստ ապրած երեխաների հետ աշխատանքը միանշանակ առանձնանում է։ Երեխաներին փորձում են ե՛ւ անհատական, ե՛ւ խմբային մոտեցում ցուցաբերել: Ճամբարը երեխաներին օգնում է այնքանով, որ իրենք տեսնեն, որ բոլորը նույն խնդիրներն ունեն:
Հոգեբանները նաեւ նշել են, որ իրենց նպատակն է երեխաներին մղել ապագա ծրագրերի կազմմանը, տեսնել, թե առաջիկայում ինչ կարող են անել, ինչպես կարող են իրենց կարողություններն օգտագործել:
Լուսանկարը` ՀԲԸՄ
Ճամբարին մասնակցած եւ արդեն ընկերացած երեխաների համար ՀԲԸՄ-ն բացի 12-օրյա ծրագրից՝ տարվա ընթացքում եւս առիթներ նախաձեռնում է՝ մեկ հարկի տակ հավաքվելու եւ միասին ժամանակ անցկացնելու համար:
Արփի Ջիլավյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: