Գիլադ Սադեի կորսված դրախտի դիմանկարը. լեռների մարդիկ ու Արցախի ձայները - Mediamax.am

exclusive
5968 դիտում

Գիլադ Սադեի կորսված դրախտի դիմանկարը. լեռների մարդիկ ու Արցախի ձայները


Գիլադ Սադեն՝ 2020թ. պատերազմի օրերին
Գիլադ Սադեն՝ 2020թ. պատերազմի օրերին

Լուսանկարը` Gilad Sade

Լուսանկարը` Gilad Sade

Լուսանկարը` Gilad Sade

Լուսանկարը` Gilad Sade

Լուսանկարը` Gilad Sade

Լուսանկարը` Gilad Sade

Լուսանկարը` Gilad Sade

Լուսանկարը` Gilad Sade

Լուսանկարը` Gilad Sade

Լուսանկարը` Gilad Sade

Լուսանկարը` Gilad Sade

Լուսանկարը` Gilad Sade

Լուսանկարը` Gilad Sade

Լուսանկարը` Gilad Sade

Լուսանկարը` Gilad Sade

Լուսանկարը` Gilad Sade

Լուսանկարը` Gilad Sade

Խանձաձորի երեխաները
Խանձաձորի երեխաները

Լուսանկարը` Gilad Sade

Վերջին նկարը Հադրութի շրջանի Տումի գյուղից
Վերջին նկարը Հադրութի շրջանի Տումի գյուղից

Լուսանկարը` Gilad Sade

Լուսանկարը` Gilad Sade


«Արցախում լինելն ինձ օգնեց հասկանալ, թե ինչու է այն այդքան կարեւոր հայերի համար: Անցնելով բարձրադիր լեռներով ու հինավուրց եկեղեցիներով՝ ես կարողացա տեսնել՝ ինչքան ամուր են հայերը կապված այդ հողին»,- պատմում է իսրայելցի վավերագրող լուսանկարիչ Գիլադ Սադեն, որ 2015 թվականից ի վեր բազմիցս եղել է Արցախում:

Իր բացառիկ լուսանկարները, տեսագրություններն ու գրառումները ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմող Արցախի մասին, նա պատրաստվում է լույս ընծայել առանձին գրքով՝ ցույց տալով աշխարհին «Կորսված դրախտի դիմանկարը» (անգլ.՝ “Portrait of Paradise Lost”):


Մեդիամաքսը զրուցել է Գիլադ Սադեի հետ Արցախում անցկացրած օրերի ու սպասվող գրքի մասին:

Ազատ Արցախի ողջույնը՝ թոթի արաղով

«Երբ առաջին անգամ լսեցի Արցախի մասին, ինձ շատ հետաքրքրեց: Մի օր ընկերներիցս մեկին հանդիպեցի, որը «Մետաքսի ճանապարհ»-ի ուղղությամբ էր ճանապարհորդում: Նա պատմեց, որ Հայաստանում ավտոստոպով երթեւեկելիս մի ավտոբուս է նստել՝ Լեռնային Ղարաբաղից ուղեւորներով: Հարցրի այդ ի՞նչ տեղ է, որտե՞ղ է գտնվում: Նա պատասխանեց, որ Լեռնային Ղարաբաղը հակամարտության գոտի է Կովկասում: Դրանից հետո ես սկսեցի համացանցում տեղեկատվություն փնտրել, ու այն պատկերը, որը գտա Արցախի մասին, բավականին բացասական էր: Ուզում էի իմ աչքով տեսնել»,- պատմում է Գիլադ Սադեն:

2015 թվականի ամռանը, երբ Գիլադը Հայաստանում էր, հանդիպեց հադրութցի մի աղջկա: Նա էլ ուղեկցեց Գիլադին դեպի Արցախ՝ վստահեցնելով, որ իր հայրենիքն անվտանգ է: Գիլադի համար սա իսկապես բացառիկ փորձառություն էր, որից զրկված էին սովորական տուրիստները:

Լուսանկարը` Gilad Sade


Ճանապարհին Գիլադը հիանում էր լեռներով ու սպասում, որ շուտով կհանդիպի Կալաշնիկովի ավտոմատով զինված սահմանապահներին, որոնք պետք է ստուգեն իրեն: Բայց ամեն ինչ սպասվածի պես սովորական չէր լինելու:

«Սահմանին հանդիպեցինք մի քանի տղամարդկանց: Նրանք հետաքրքրությամբ ու զարմանքով էին նայում ինձ, ասես այլմոլորակային էին տեսել: Առաջին բանը, որ հարցրին, այն էր, թե արդյոք ուզու՞մ եմ թոթի արաղ ... Այդ անցակետը ես լքեցի միանգամայն հարբած, եւ հենց այսպիսին էր իմ առաջին «Բարի գալուստ»-ը»,-ծիծաղով հիշում է իսրայելցի լուսանկարիչը:

«Նրանք անգամ իրենց չունեցածը տալիս են քեզ»

Որոշ ժամանակ Արցախում մնալուց հետո Գիլադը ստիպված էր վերադառնալ, բայց նա զգում էր, որ այդ մեկ այցը բավարար չէր Արցախը ճանաչելու համար: Նույն տարվա հոկտեմբերին նա կրկին Արցախում էր: Դրան հաջորդող 5 տարիներին իսրայելցի լուսանկարիչը պարբերաբար Արցախ էր գալիս, փորձում հնարավորինս շատ մնալ այնտեղ եւ զբոսնել այնպիսի թաքնված անկյուններում, որտեղ գուցե տեղացիներն էլ չէին լինում:

Լուսանկարը` Gilad Sade


Լուսանկարչի համար Արցախում հազվագյուտ ու հետաքրքիր դրվագները շատ էին: Երբ գյուղեր էր գնում, տեղացիները մշտապես հյուրընկալում էին նրան, գիշերակացն ապահովում: Նրա մոտ հիացմունք էր առաջացնում այն, որ ճանապարհով քայլելիս իրեն միշտ տուն էին հրավիրում ու խնդրում իրենց հետ հաց կիսել:

Լուսանկարը` Gilad Sade


«Ինձ հիացնող երեւույթներից էր նաեւ այն, որ մարդիկ միայն իրենց այգու բարիքներով էին ապրում, կամ գուցե հարեւանից ինչ-որ բան խնդրեին: Օրինակ՝ մեկն ուզում է կորկուտ պատրաստել, մի հավ է տանում հարեւանին, փոխարենը դդում բերում, այգուց հավաքում այն, ինչ անհրաժեշտ է ու պատրաստում նախաճաշ կամ ճաշ: Հրաշալի է տեսնել, որ նման մշակույթը դեռեւս պահպանվել ու մնացել է անձեռնմխելի»,- պատմում է Գիլադն ու թվարկում անմոռանալի դարձած դրվագները՝ թթի բերքահավաքը, պոպոքի մուրաբան, երգ ու նվագով կարպետագործությունը, գետի ափին խորովածի արարողությունը եւ բոստանը, որն այդքան շատ սիրեց:

Լուսանկարը` Gilad Sade


«Ամբողջն այնքան ուրիշ է: Մարդիկ տալիս են քեզ ամեն ինչ, անգամ իրենց չունեցածը: Դու ուղղակի թակում ես տան դուռը ու նրանք միշտ հյուրընկալում են քեզ, բացում իրենց սիրտը»:

«Այս երեխաները միայն ազատություն գիտեն»

Գիլադի ամենասիրելի գյուղերից մեկը Խանձաձորն է, որը 2020 թվականի պատերազմի հետեւանքով անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո: Նա հաճախ լուսանկարում էր հատկապես երեխաներին:
Խանձաձորի երեխաները Խանձաձորի երեխաները

Լուսանկարը` Gilad Sade


«Արցախցի երեխաները այնքան երջանիկ են: Նրանք չունեն սմարթֆոններ, ոչինչ չունեն, դուրս են գալիս ու ծառ բարձրանում: Երբեմն նրանք կարծես երկնքից հայտնվեն, ուղղակի քայլում ես գյուղով, մեկ էլ հանկարծ մի թփից թռնում են դիմացդ: Նրանք ունեն այն, ինչ վերջին տարիներին կորցրել ենք համակարգիչների ու սմարթֆոնների պատճառով: Այս երեխաները տարբերվում են Թել Ավիվի երեխաներից, անգամ հիմա, երբ Լեհաստանում Ուկրաինայի փախստականներին առնչվող դրվագներն եմ վավերագրում, տեսնում եմ փոքր երեխաների՝ հեռախոսը ձեռքներին: Եվ ինձ համար իսկապես հաճելի էր նայելը, թե ինչպես են երեխաները խաղում Արցախում: Արցախցի ընկերներիցս մեկը մի անգամ ասաց, որ իրենք Սովետական Միության տարիներին են ծնվել, ու չգիտեն, թե ինչ է ազատությունը, մինչդեռ այս երեխաները՝ ծնված ազատ լեռներում, միայն ազատություն գիտեն: Նայելով նրանց խաղին՝ ես դա լիարժեք ընկալում էի»:

Լուսանկարը` Gilad Sade


Գիլադը շարունակում է կապ պահպանել այն ընտանիքների հետ, որոնք իրեն մտերիմ էին դարձել: Սակայն հեռավար շփումն այնքան էլ հեշտ չի տրվում, հատկապես երբ կան լեզվական խնդիրներ: Նախկին զգացողությունները բոլորովին այլ էին:

Լուսանկարը` Gilad Sade


«Գյուղերում անհնար էր գտնել անգլերեն խոսող մարդկանց, սակայն ինձ օգնում էր այն, որ մի քիչ հայերեն ու մի քիչ էլ ռուսերեն գիտեմ: Մեր շփումը երեք լեզուների խառնուրդ էր, նաեւ նոթատետրերի վրա նկարում էինք կամ թարգմանչական հավելվածներ կիրառում: Իրար լավ հասկանալը կախված է նաեւ նրանից, թե դա որերորդ կենացն է: Ինչքան շատ կենացներ, այնքան զրույցն ավելի ընկալելի է դառնում: Իսկ առավոտյան էլ ոչինչ չէիր հիշում»,- կատակում է հայկական կենացների մշակույթին արդեն քաջ ծանոթ Գիլադը:

«Էլի լույս էր, էլի կյանք կար»

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Գիլադը Եվրոպայում էր, երբ իմացավ, որ Արցախը ռմբակոծվում է: Նույն պահին էլ նա սկսեց իրերը հավաքել, որ անհապաղ մեկնի՝ ճանապարհին պատվիրելով տոմսերը: Ընկերների, ծանոթների օգնությամբ գործընթացը արագ կազմակերպվեց ու նա հասավ Ստեփանակերտ:

Լուսանկարը` Gilad Sade


«Ստեփանակերտը կարծես ուրիշ լիներ: Մարդկանցից այլ վերաբերմունք էի ստանում, լրագրողների աշխատանքի կազմակերպման պատասխանատուները երբեմն աշխատանքս սահմանափակում էին, եւ դա հավանաբար իմ Իսրայելի քաղաքացի լինելու հետեւանքն էր: Ես եկել էի այդտեղ պատմությունը ներկայացնելու համար եւ իմ քաղաքացիությունը չէր փոխելու իմ վերաբերմունքը»,- պատմում է Գիլադը:
Գիլադ Սադեն՝ 2020թ. պատերազմի օրերին Գիլադ Սադեն՝ 2020թ. պատերազմի օրերին

Լուսանկարը` Gilad Sade


Պատերազմի օրերին ամենաթեժ կետերում է եղել: Տեսել է՝ ինչպես են հայերը նահանջում Հադրութից ու վերջին անգամ լուսանկարել այն ընտանիքի տունը, որին հետեւում էր դեռեւս 2015 թվականից:
Վերջին նկարը Հադրութի շրջանի Տումի գյուղից Վերջին նկարը Հադրութի շրջանի Տումի գյուղից

Լուսանկարը` Gilad Sade


Գիլադը տեսել է՝ ինչպես է ադրբեջանական զորքը փակել Բերձորի ճանապահը, եղել Շուշիի ճանապարհին, երբ արդեն հայկական տանկերը կրակում էին Շուշիի ուղղությամբ: Իրականությանը տեղում ականատես դառնալուն զուգահեռ նրան տխրեցնում էր պաշտոնական լրահոսը, որ բոլորովին այլ բանի մասին էր:


«Հիշում եմ, որ երբ պատերազմից օրեր անց Ստեփանակերտում էի, որտեղ նախորդ ամբողջ ընթացքում էլեկտրականությունն անջատված էր, հանկարծ փողոցները լուսավորվեցին: Էլի լույս էր, էլի կյանք կար: Աննկարագրելի պահ էր՝ եւ´ երջանիկ, եւ´ տխուր: Տխուր, որովհետեւ շատ բարձր գին էր վճարվել դրա համար, բայց եւ ուրախ, որովհետեւ այդ ամբողջը կարող էր ընդհանրապես չլինել»,- ասում է նա:

«Պատերազմը միշտ կարող է գալ»

Գիլադի խոսքով՝ իր համար ակնհայտ էր, որ պատերազմ լինելու է, սակայն մարդիկ չէին հավատում դրան: Ինքն էլ չէր սպասում, որ այդքան շուտ կլինի, ու գիրքը դեռեւս ավարտած չի լինի:

Լուսանկարը` Gilad Sade


«Ես հակամարտությունում եմ մեծացել, գիտեմ, թե դա ինչի է նման: Չեմ հավատում, որ պատերազմում ստատուս-քվո գոյություն ունի: Եթե հակամարտությունը լուծված չէ, բայց դու կարծում ես, որ ստատուս-քվոն կպահպանվի, ապա կառերեսվես դաժան իրականությանը: Իրավիճակն ինձ հիշեցնում էր 1973 թվականի արաբա-իսրայելական պատերազմը: Այդ ժամանակ էլ ոչ ոք չէր հավատում, որ արաբները կհարձակվեն, բայց մենք ունեցանք շատ ծանր պատերազմ, որը շատ կյանքեր խլեց: Այդ ժամանակից ի վեր, մենք մտքներումս պահում ենք այն, որ պատերազմը միշտ կարող է գալ, ու դա միշտ անակնկալ կլինի: Երբ խոսում էի արցախցիների հետ, նրանք ձգտում էին բացատրություններ գտնել, որ դա նույն դեպքը չէ: Ինձ համար շատ դժվար էր նրանց հետ խոսել այդ թեմայով, եւ միեւնույն ժամանակ հասկանում էի՝ ոչ ոք չէր ուզում հավատալ, որ մի օր ամեն ինչ կարող է կորցնել»,- հիշում է նա:

Արցախահայությունը՝ թշնամական քարոզչության ստվերում

Տարիներ շարունակ վավերագրական նյութեր հավաքելուց հետո Գիլադը որոշեց դրանք գրքի վերածել: Գաղափարը Արցախի կյանքը ցույց տալն էր՝ հակադրելով դա արցախցիներին ապամարդկային ներկայացնող համացանցում առկա պատկերին, որ կերտվել է Ադրբեջանական հայատյաց քաղաքականության արդյունքում:

Լուսանկարը` Gilad Sade


Իսրայելցի լուսանկարչի խոսքով՝ թեեւ յուրաքանչյուր հակամարտություն երկու կողմ ունի, Արցախի պարագայում միջազգային մամուլի լուսաբանումը խիստ միակողմանի է: Ոչ ոք չգիտի արցախցիների մասին, եւ դրա համար էլ ոչ ոքի այս հարցը չի մտահոգում:

«Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես անգամ հայերը չեն բարձրաձայնում այդ մասին, իրենց դիվանագիտությամբ ոչինչ չեն անում՝ ցույց տալու երկրորդ կողմը: Լինելով Արցախում՝ տեսնում էի հազվագյուտ մի բան՝ միանգամայն մեկուսացված բնակավայր: Իսկ հիմա այն էլ ավելի մեկուսացված է: Երբ որ չկա բավականաչափ տեղեկատվություն, հոդվածեր, մարդիկ չեն ուզենա ընկղմվել տեղացիների իրական կյանքի մեջ:

Լուսանկարը` Gilad Sade


Նրանք չեն գնա սարի գագաթ՝ մասնակցելու մատաղի արարողությանն ու 7 անգամ եկեղեցու շուրջը չեն պտտվի: Մինչդեռ ինձ հենց դա էր հետաքրքրում՝ ճանաչել կյանքն Արցախում, հասկանալ, թե ինչ են զգում այնտեղի մարդիկ, ինչպես են անցկացնում իրենց առօրյան: Դրա համար էլ կենտրոնացա այս թեմայի վրա՝ սրտումս ունենալով այն վախը, որ իմ տեսած այդ դրախտը կարող է մի օր կորսվել»:

Լուսանկարը` Gilad Sade


Լսել Արցախը, զգալ Արցախը

2022թ. մարտի սկզբից մեկնարկել է «Կորսված դրախտի դիմանկարը» գրքի ֆոնդհայթայթման արշավը: Հեղինակը հույս ունի, որ գրքի պատվիրատուներն իրենց օրինակները կկարողանան ստանալ նախքան այս տարվա սեպտեմբերի 27-ը՝ նախքան 44-օրյա պատերազմի տարելիցը:


«Շատերը կարծում են, որ Արցախը պարզապես տեղանք է, որ հայերը գողացել են ու նախկինում երբեք այդտեղ չեն եղել: Նրանք չգիտեն, որ հայերն այդտեղ շատ վաղուց են, այնքան վաղուց, որ անգամ թվագրությունը հիշատակելն իմաստ չունի: Հայկական եկեղեցիները կովկասյան ալբաններին վերագրելով՝ փորձել հայերին անհետացնել այդ տարածքից պարզապես անհեթեթություն է: Մարդիկ չգիտեն այս մասին, եւ դրանով է, որ Արցախի ռմբակոծումը լեգիտիմացվում է: Ես հավատում եմ, որ յուրաքանչյուր հակամարտություն լուծում ունի, եւ դա չի կարող լինել էթնիկ զտումը: Ինձ համար կարեւոր է, որ մարդիկ տեսնեն հայերի գոյությունն այս տարածքներում»,- ասում է իսրայելցի լուսանկարիչը:


Գիլադն այս գրքով ցանկանում է նաեւ ցույց տալ, թե ինչ է հակամարտությունը. Դու ապրում ես քո սովորական կյանքով, որն այնպիսին է, ինչպիսին ուզում ես, բայց մի օր ամեն ինչ կարող է փոխվել: Ըստ լուսանկարչի՝ կան ավելի մեծ ուժեր, որոնք հրահրում են պատերազմները, իսկ մարդիկ դառնում են դրա զոհը: Նա հուսով է, որ նման վավերագրական աշխատանքները կարող են խթանել խաղաղության մեջ ապրելուն:

Լուսանկարը` Gilad Sade


Գիրքը ներառում է Արցախի ու արցախահայության լուսանկարներ, հեղինակի գրառումները, որոնք օգնում են պատկերացում կազմել՝ ինչպիսին է կյանքն Արցախում: Գիլադի համար շատ կարեւոր էր նաեւ, որ մարդիկ ոչ միայն կարողանան գրքով տեսնել Արցախը, այլ նաեւ լսել, զգալ ու հնարավորինս մոտ պատկերացում կազմել դրա մասին: Սա հնարավոր դարձնելու համար էլ նա ընդգրկել է փոդքասթներ, որոնք գիրքն ունեցողը կարող է ներբեռնել հատուկ QR կոդի միջոցով:

Լուսանկարը` Gilad Sade


«Ընթերցողը կարող է ոչ միայն տեսնել մարդուն, գյուղը, սարերը, կարդալ նրանց մասին, այլեւ լսել արցախցու ձայնը, ունկնդրել, թե ինչպես է նա պոետիկ հայերենով պատմում լեռան մասին, լսել, թե տանն ինչ մթնոլորտ է: Այդ տներից շատերն այլեւս չկան, եւ մարդիկ գուցե սա երբեք էլ չունենան: Անգամ եթե ենթադրենք, որ ադրբեջանցի զինվորները չեն քանդել տները, ենթադրենք թե ներս չեն մտել ու եղածն ավերել, միեւնույն է, այդ տների իրական պատկերն այլեւս չկա: Ես ուզում եմ պատմել այն մարդկանց մասին, որ այդ տարածքների հոգին են: Դրա համար էլ գիրքը կոչեցի այդպես՝ «Կորսված դրախտի դիմանկարը», եւ կարծում եմ, որ այն կկարողանա մոտեցնել ընթերցողին այն կյանքին, որ կար Արցախում նախքան պատերազմը»:

Գրքի լույսընծայմանը կարող եք աջակցել նվիրատվություն կատարելով հետեւյալ հղումով:

Գայանե Ենոքյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին