Վերջին 20 տարում Կոթի գյուղում ժամանակ առ ժամանակ ակտիվանում էին խոսակցությունները Վանո Սիրադեղյանի, նրա գտնվելու վայրի մասին: Երբեմն էլ լուրեր էին պտտվում, թե Վանոն մահացել է կամ էլ ծպտված գյուղ է եկել։ Հետո լուրերը մարում էին, ու կոթեցիները մոռանում էին իրենց նշանավոր համագյուղացուն, որի շնորհիվ շատերն իմացան Տավուշի մարզի սահմանամերձ Կոթիի մասին:
- Հեռվում տեսնո՞ւմ եք տունը, որ տանիքից ծուխ ա դուրս գալիս։ Էդ ա: Մենակ չզարմանաք, տուն չի, դղյակ ա,- Վանոյի հայրական տան տեղն է բացատրում գյուղացիներից մեկը:
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս
«Դղյակը» հին, անխնամ, վաղուց չնորոգված մեկհարկանի տունն է, որտեղ Վանոյի մեծ եղբայրը՝ Սերյոժա Սիրադեղյանն է ապրում:
- Ո՞նց կլինի մարդը, որի ախպերը մահացել ա: Թումանյանի ասած՝ ապրում ենք՝ ամեն մեռնողի երանի տալով:
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս
86-ամյա Սերյոժա պապը Երեւան՝ հոգեհանգիստ չէր գնացել, վատառողջ էր: Մեկ օր անց եղբայրները հանդիպելու են գյուղում, երկար բաժանումից հետո։ Հիշում է, հուզվում, հետո.
- Էրեխեք, մենակ մի բան եմ խնդրում: Եթե իմ հալալ ձեռով սարքած մի պատառ բան պիտի ուտեք, ես ձեզ հետ զրուց կանեմ: Եթե չէ, վեր կացեք, սուս-փուս գնացեք:
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս
Տարիքի համար անսովոր արագությամբ ու շարժունությամբ Սերյոժա Սիրադեղյանը սեղան է գցում: Անհավանական, իրար չկպչող իրողություններ են. Երեւանում Վանոյի հոգեհանգիստն է, իսկ Կոթիում՝ նրա հայրական տանը, եղբոր պատրաստած հացն ենք ուտում:
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս
-10 տարեկան էի, գյուղում ջրաղաց ունեինք, ինձ ասացին՝ գնա ջրաղացը, մի քիչ ցորեն կա աղալու: Գնացի, եկա, տեսա զույգ բարուրը մորս կողքին դրած ա՝ Վանիկն ու Անիկն էին:
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս
9 երեխաներից ավագը՝ Սերյոժա Սիրադեղյանն է ծնողների հետ կիսել ընտանիքի հոգսը: Ասում է՝ Վանոյի համալսարան ընդունվելու հարցում էլ մեծ ներդրում է ունեցել։
- Ասեցի՝ իրավաբանական տուր, ասեց՝ ես մարդ չեմ դատի: Ասեցի ժուռնալիստի, գրիչի դատածն ավելի վատ ա, դու գիտես:
Ափսոսանքով է խոսում եղբոր՝ քաղաքականություն մտնելու մասին.
- Իմ ախպերն անկեղծ, զուլալ, հալալ, ընկերասեր մարդ էր: Ես չէի պատկերացնում, որ ընկերներն իրան կծախեն:
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս
Հեռուստացույցի տակի պահարանից հանում է բարակ ալբոմը: Ասում է՝ հին լուսանկարները քիչ են. 1990-ականներին բակում ընկած «Գրադից» տունը կարգին վնասվել էր: Վանոյից մի քանի լուսանկար է մնացել. մեկը՝ երեխա ժամանակ, մյուսը՝ խմբակային նկար, որտեղ երիտասարդ Վանոն ու Լեւոն Տեր-Պետրոսյանն են, ինչպես նաեւ «Ղարաբաղ» կոմիտեի անդամներ Սամվել Գեւորգյանը, Սամսող Ղազարյանը եւ երկու Դավիթներ՝ Հրանտ Մաթեւոսյանի եւ Վանո Սիրադեղյանի որդիները: Լուսանկարը 1988 թվականի սեպտեմբերին արել է Զավեն Խաչիկյանը՝ Մուսա լեռան տոնակատարության ժամանակ:
Երրորդը «Պոլարոիդ» ապարատով արված, համեմատաբար թարմ մի նկար է:
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս
Ալբոմի կողքին Վանոյի՝ վերջերս լույս տեսած «Դուռը» ժողովածուն է:
- Կարդո՞ւմ եք,-հարցնում եմ:
- Ինչի՞ համար կարդամ, իմ ախպորը չե՞մ ճանաչում, որ կարդամ:
Վանոյի եղբորորդուն՝ Մուշեղ Սիրադեղյանին, որը Կոթիի դպրոցի տնօրենն է, օրվա վերջում հանդիպեցինք: Զբաղված էր հոգեհացի պատրաստության հարցերով: Ասում է՝ չէին պատկերացնում, որ բաժանումն այսքան երկար է լինելու, ու հանդիպումը՝ այսքան ցավալի:
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս
Հիշում է, որ հորեղբոր հետ հազվադեպ էին շփվում, կարճ. հասկանում էին նրա զբաղվածությունն ու աշխատանքի կարեւորությունը, անձնական հարցերով չէին ծանրաբեռնում: Ասում է՝ հպարտանում էր, որ ի տարբերություն շատ պաշտոնյաների՝ իր բարեկամները բիզնեսներ չունեին, եղբոր 4 որդիներն ապրում էին ռմբակոծվող Կոթիում:
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս
«Դժվար տարիներն էին, ասացի՝ 4 եղբայր ենք, ինչո՞ւ մի խոսք չես ասում, մեկնումեկիս մաքսատանը աշխատանքի նշանակեն: Մարդիկ երեք ամիս աշխատում, մի մեքենա են գնում: Ասաց՝ էդ քո ասած մարդկանց, որ երեք ամիս աշխատում, հետո մեքենա են գնում, ես 6 ամիս հետո ձերբակալում եմ: Դուք ուզում եք գնաք էնտեղ, որ լեզուս կարճ լինի՞: Գնացեք, ապրեք էնպես, ինչպես ապրում էիք»:
Հիշելով Վանոյին՝ նրա հայրենի գյուղում
Կոթեցիներից նույնիսկ նրանք, որոնք Վանո Սիրադեղյանի մտերիմն ու ընկերը չեն եղել, միեւնույն է, զգացել են Վանոյի համագյուղացին լինելու առավելություններն ու դժվարությունները:
«Միլիցեքը տեսնում էին՝ շոֆերական գրքույկի մեջ Կոթի ա գրած, միանգամից՝ գնացեք: Բա դա վա՞տ էր: Գյուղի համար մեծ պատիվ էր»,-պատմում է Յուրիկ պապը:
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս
Կոթիում Վանո Սիրադեղյանը երկար չի ապրել: Երեւան տեղափոխվելուց հետո էլ գյուղ հաճախ չէր գալիս: Արմենը հիշում է, որ 1980-ականներին իր հարեւան Վանիկին ավելի հաճախ Երեւանում էր հանդիպում՝ կոթեցի ուսանողների հավաքներին:
«1983-85 թվականներն էին, դեռ էն խառը ժամանակները չէին սկսվել, ամեն շաբաթ օր համագյուղացիներով հավաքվում էինք Ավետիք Իսահակյանի այգում: Որպես մեզնից մեծ՝ Վանոն առաջինն էր գալիս: Ազգասիրությունն իր մեջ ի ծնե էր: Նա մեր գյուղի տղա չէր, ամբողջ հայ ժողովրդինն էր»:
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս
Կոթիում Վանոյի հետ անձնական շփումներ, զրույցներ քչերն են հիշում: Ավելի շատ պատմում են այն, ինչը, իրենց խոսքով, մեծ ձեռքբերում էր Հայաստանի համար:
«Էրեւան հարազատներ ունեմ, իրա քաղաքապետ եղած ժամանակ հարցնում էի՝ ո՞նց ա, ասում էին՝ դռան փակիչները հանել ենք, դուռ փակել չկա, գողություն, կոտրել-ջարդել չկա: Վանոն էդ տեսակ ղեկավար էր»,- հպարտությամբ հիշում է Մայիսը:
Կոթեցիներն ասում են՝ Վանոն իր գյուղին լավ էր նայում: Նրա իշխանության եղած ժամանակ գյուղում շատ բան է փոխվել. այն, ինչ շատ գյուղերում չկար, իրենք ունեին:
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս
Վանոյի մասին հակասական խոսակցությունները Կոթի էլ էին հասել: Ինչն էր ճիշտ, ինչը՝ սխալ, չգիտեն, բայց, ասում են, երբ մեր աջակցության կարիքն ուներ, թիկունքին կանգնած էինք:
«Անկախ ճնշումներից՝ մենք կառավարությանը հակառակ գնացինք, իրան դեպուտատ ընտրեցինք, իրա մեջքին կանգնեցինք՝ որպես մեր զեմլյակ մարդ: Ում էլ հարցնես, նույն բանն է ասելու. անկախ իր թերություններից ու դրական կողմերից՝ ինքը մեր գյուղացին ա, մենք իրա համար վիզ ենք դրել, իրա համար ձայն ենք դրել, աշխատանք ենք կորցրել, պետական մարմինների հետ խնդիր ենք ունեցել, բայց ընտրել ենք մեր թասիբի համար»,- ասում է գյուղամիջում կանգնած տղամարդկանցից մեկը:
Վանոյի հեռանալու առեղծվածը
Վանոյի անհետացման պատմությունը կոթեցիների համար առեղծված է եղել ու մնացել։
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս
«Մենք չենք հավատացել, որ ինքը չկա: Որ իրա մայրը մահացավ, ասում էին՝ ինքն էլ է եկել՝ կերպարանափոխված, ակնոցով: Մեկ ասեցին՝ գիշերն եկել, մորը հրաժեշտ է տվել, գնացել, մեկ էլ ասացին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը 70 հոգով եկել էր թաղմանը, ինքն էլ դրանց մեջ շարքով եկել է: Ո՞վ կարա իմանա, ժողովուրդ են, ամեն մեկը մի բան ասում է»,- ոգեւորված պատմում է տիկին Ալիսան:
Կոթիում պատրաստվում են Վանոյին արժանի հրաժեշտի
Կոթիի հանդիսությունների սրահում Վանոյի հոգեհացին էին պատրաստվում:
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս
«Մեր Վանո պապիկն ա, մեր գյուղի հարազատ մարդն ա, մեր լավ տղեն ա: Ուզում ենք Վանոյի պատվին մի քիչ տեսք տանք սրահին, արժանի ձեւով անենք ամեն ինչ»,- ասում է սրահի պատասխանատուն՝ Սերգո Էվինյանը:
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս
Պատրաստություն են տեսնում 200-ից ավելի մարդու համար: Հուղարկավորությանը մասնակցելու համար ով կգա Կոթի, չգիտեն, բայց Լեւոն Տեր-Պետրոսյանին սպասում են, ասում են՝ Վանոյի մոր մահվան առիթով էլ էր եկել:
Սպասված վերադարձ, անսպասելի հրաժեշտ
Կոթիում մեծ ու փոքր 13 գերեզմանոց կա: Դրանցից մեկում, որ գտնվում է բարձունքի վրա, Սիրադեղյանների մոտ 30 շիրմաքար կա:
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս
Հավանաբար՝ ընտանեկանն է: Վանոյինը գերեզմանոցից մի քիչ հեռու՝ լեռան լանջին, բաց դաշտում է: Կոթեցիներն ասում են՝ ճիշտ որոշում էր նրան գյուղում հուղարկավորելը. քաղաքում հազար տեսակ մարդ կա, մեկը նրան սիրում էր, մյուս՝ չէ: Գյուղում ապահով է:
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս
Վանոյին հրաժեշտ տալու են եկել հարյուրավոր մարդիկ, նախկին ու ներկա պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ: Լեւոն Տեր-Պետրոսյանը չկար:
«Սա մեր ամոթն է, որ Վանոն այսպես վերադարձավ իր ծննդավայր, սա մեր եղբոր նկատմամբ մեր ուրացումն է, իմ ուրացումն է, իմ անուժությունն է, սա Երրորդ հանրապետության խոցելիության շատ վտանգավոր դրսեւորում է: Միեւնույն ժամանակ, սա նաեւ մեր ժողովրդի ամոթն է, որովհետեւ իր արժանի, տաղանդավոր որդին է Վանո Սիրադեղյանը, եւ ժողովուրդը պետք է կարողանար պաշտպանել Վանո Սիրադեղյանին»։
Աշոտ Բլեյան
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս
«Այդ մարդը հալածվեց, հետապնդվեց, տարիներ շարունակ օտարության մեջ եղավ: Մարդ, որի չափ Հայաստանը երեւի ոչ մեկ չի սիրել: Ամենամեծ պատիժը, որ մարդ կարող է ունենալ, այն էր, ինչը Վանոյին էր տրվել»։
Արարատ Զուրաբյան
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս
«Քեզ ճանաչելով՝ ես գիտեմ, որ քո նույնիսկ բացակայությամբ դու ներկա էիր ու վտանգ քո՝ Աստծուն վայել անողոք սիրով ասածդ դասի հանդեպ ու համար: Ես գիտեմ, որ քո մահով էլ դու դրանց քթից ես բերում ու բերելու ես, քո կարգն է այդպիսին, բաժանարար ես, փորձաքար, լակմուս: Աճյունդ էլ սարսափելի է շնչավոր էդ մեռելների համար, եւ մահիցդ միայն երկու ամիս անց աճյունդ հասավ Հայաստան: Տես, թե դեռ ինչեր կլինեն հանուն Հայաստանի, հանուն մեզ, ու դեռ ինչ փորձանքներ կբերես դու դրանց գլխին՝ մինչեւ որ վերանան այս երկրից, ու հեռանա պատուհասը»։
Դավիթ Մաթեւոսյան
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս
Դեկտեմբերի 4-ին՝ մահից 51 օր ու Հայաստանը լքելուց 21 տարի անց՝ Վանո Սիրադեղյանը վերադարձավ Կոթի:
Լուսինե Ղարիբյան
Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյանի (հատուկ Մեդիամաքսի համար)
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: