Սեպտեմբերի 27-ին Արցախի եւ Հայաստանի դեմ սանզազերծած ագրեսիայի ընթացքում Ադրբեջանն ակտիվորեն օգտագործում է թուրքական արտադրության «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ): Վերջիններից աշխատանքի համադրումն իրականացվում է F-16 կործանիչների հետ:
Մեդիամաքսը փորձել է փաստեր հավաքել «Բայրաքթարի» մասին եւ մի քանի ուշագրավ բացահայտում է արել:
Ե՞րբվանից եւ ո՞վ է արտադրում «Բայրաքթար» ԱԹՍ-ը
«Բայրաքթար» անօդաչու թռչող սարքը թուրքական Kale եւ Baykar ընկերությունների համատեղ արտադրությունն է:
Անօդաչու սարքեր արտադրող Baykar ընկերությունն ընտանեկան կապեր ունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Թուրքական բանակի մատակարար Baykar ընկերության տնօրենը Էրդողանի փեսա Սելջուկ Բայրաքթարն է, որը Էրդողանի դստեր Սումեյեի հետ ամուսնացել է 2016 թվականին:

Բացառված չէ, որ «Բայրաքթար» ԱԹՍ-ն հենց Էրդողանի փեսայի անունով է կոչվել, չնայած նշվում է, որ բայրաքթար բառը թուրքերեն նշանակում է «դրոշմ» կամ «չափանիշ կրող»:
«Բայրաքթար»-ների առաջին խմբաքանակը Թուրքիայի զինված ուժերին հանձնվել է 2014-ի նոյեմբերին։ «Բայրաքթար» ԱԹՍ-ի երկու տարբերակ կա՝ հետախուզական եւ հարվածային: ԱԹՍ-ի երկու տարբերակներն էլ առկա են Թուրքիայի Զինված ուժերում: Ընդհանուր առմամբ, բաց աղբյուրներում հասանելի է տեղեկատվություն 110 միավորի մասին:
Ինչպե՞ս էր Էրդողանի որդին հայտնվել ԱԹՍ-ների կառավարման խցիկում
2018 թվականի հունվարին մի լուսանկար հրապարակվեց, որտեղ Թուրքիայի նախագահի որդի Բիլալ Էրդողանը պատկերված էր ԱԹՍ-ների կառավարման խցիկում՝ զինվորականների հետ, որոնք ղեկավարում էին սարքերի գործողությունները Սիրիայի տարածքում: Ի դեպ, լուսանկարն իր թվիթերում հրապարակել էր Էրդողանի փեսան՝ Սելջուկ Բայրաքթարը:

Թուրքական ընդդիմադիր կուսակցությունները հարցեր ուղղեցին իշխանություններին՝ պահանջելով բացատրել, թե ինչ իրավունքով է Բիլալ Էրդողանը, որը պաշտոնյա կամ զիվորական չէ, հայտնվել ռազմական օբյեկտում՝ մարտական խնդրի իրականացման ժամանակ:

Որտե՞ղ են կիրառվել «Բայրաքթար»-ները
Թուրքիայի զինուժը օգտագործել է «Բայրաքթար» ԱԹՍ-ի ե՛ւ հարվածային, ե՛ւ հետախուզական տարբերակները PKK-ի (Քրդստանի աշխատավորական կուսակցության) զինյալների դեմ գործողություններում։

Թուրքիան «Բայրաքթար»-ը կիրառել է Լիբիայում. այնտեղ ԱԹՍ-ներն ուղարկվել էին որպես աջակցություն «Ազգային համաձայնության կառավարությանը»։ Հայտնի է, որ Լիբիայում եղել են «Բայրաքթար»-ների խոցման դեպքեր:
2018-ին Սիրիայի ժողովրդավարական ուժերն են հայտնել, որ խոցել են թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ը: Երեք սարքի խոցման մասին էլ հայտնի էր դարձել 2020 փետրվար-մարտ ամիսներին՝ Սիրիայի հյուսիսում:

Ըստ ռուսական աղբյուրների, Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը 7 «Բայրաքթար» անօդաչու թռչող սարք են խոցել:
Պաշտոնապես Ադրբեջանը «Բայրաքթար» ԱԹՍ-ներ Թուրքիայից սկսել է գնել 2020 թվականի ամռանը: 2020թ. հունիսին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել էր, որ իր երկիրը որոշում է կայացրել Թուրքիայի արտադրության անօդաչու մարտական թռչող սարքեր գնել:
Ամալի Խաչատրյան, Արա Թադեւոսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: