ԱՄՆ արդարադատության նախարարության կայքում հրապարակված «Էփշտեյնի ֆայլերի» ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Հարավային Կովկասը եւ, մասնավորապես, Ադրբեջանը որոշակի հետաքրքրություն են ներկայացրել ֆինանսիստի համար։
Ջեֆրի Էփշտեյնը ձերբակալվել էր Նյու Յորք նահանգի իրավապահ մարմինների կողմից 2019 թվականի հուլիսի 6-ին։ Դատախազությունը հայտնել էր, որ 2002-2005 թվականներին նա կազմակերպել էր տասնյակ անչափահաս աղջիկների այցելություններ Մանհեթենում գտնվող իր տուն, որոնցից ամենակրտսերը 14 տարեկան էր։ Էփշտեյնի ընկերների եւ ծանոթների շարքում մեծ թվով գործող եւ պաշտոնաթող պաշտոնատար անձինք էին ոչ միայն ԱՄՆ-ից, այլեւ շատ այլ երկրներից (այդ թվում՝ պետությունների նախկին ղեկավարներ), խոշոր գործարարներ եւ շոու-բիզնեսի աստղեր։
Ֆինանսիստի նկատմամբ քրեական հետապնդումն ԱՄՆ-ում դադարեցվեց 2019 թվականի օգոստոսին, երբ նա ինքնասպանություն գործեց իր բանտախցում։ Էփշտեյնի ծանոթների թվում էին ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը եւ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ադրբեջանի նախագահն իմ լավ ընկերն է»
2011 թվականի սեպտեմբերի 18-ին Ջեֆրի Էփշտեյնը էլեկտրոնային նամակ է գրում Սուլթան բին Սուլայեմ անունով հասցեատիրոջը.
«Դեռ ծրագրո՞ւմ ես ԱՄՆ գալ։ Բաքվից ի՞նչ տպավորություն ստացար»։
Սուլթան բին Սուլայեմը պատասխանում է հաջորդ օրը.
«Բաքուն ֆանտաստիկ է»։
Նույն օրը, պատասխանելով Էփշտեյնի մեկ այլ նամակին, բին Սուլայեմը ուշագրավ տեղեկություններ է հայտնում Ադրբեջանի նախագահի հետ իր հարաբերությունների մասին.
«Բաքուն շատ գեղեցիկ քաղաք է, Փարիզից գեղեցիկ է, հավատա ինձ։ Եթե երբեւէ որոշես այցելել, կընկերակցեմ քեզ, եւ մենք կհանդիպենք նախագահին. նա իմ լավ ընկերն է, նա շատ խելացի է եւ ինձ հիշեցնում է Շեյխ Մոհամեդին»։
Սուլթան Ահմեդ բին Սուլայեմը եւ Ջեֆրի ԷփշտեյնըԼուսանկարը` REUTERS/«Էփշտեյնի ֆայլեր»
Սուլթան Ահմեդ բին Սուլայեմը Դուբայի ամենաազդեցիկ ընտանիքներից մեկի ներկայացուցիչ է։ Նրա հայրը կառավարող դինաստիայի խորհրդականն էր։
Սուլթան բին Սուլայեմը DP World լոգիստիկ ընկերության խորհրդի նախագահն է եւ գլխավոր տնօրենը։ 2010 թվականի դրությամբ DP World-ը համարվում էր աշխարհի երրորդ նավահանգստային ընկերությունը։ Ընկերության կայքում նշվում է, որ DP World-ն ամեն օր իրականացնում է համաշխարհային բեռնահոսքի 10 տոկոսի փոխադրումը։
Սուլթան Ահմեդ բին Սուլայեմը եւ Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-ՇառաանԼուսանկարը` Dubai Media Office
2025 թվականի հուլիսին DP World-ը Սիրիայի կառավարության հետ ստորագրեց Տարտուս նավահանգիստի զարգացման վերաբերյալ 30-ամյա կոնցեսիոն համաձայնագիր: Ընկերությունը կներդնի 800 միլիոն դոլար՝ Տարտուսը «Հարավային Եվրոպան, Մերձավոր Արևելքը և Հյուսիսային Աֆրիկան միմյանց կապող տարածաշրջանային հանգույց դարձնելու նպատակով»:
«Արթնացե՞լ է»
2013 թվականի մարտի 6-ին Ջեֆրի Էփշտեյնը գրում է Նիլի Փրիելին՝ Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Բարաքի տիկնոջը.
«Արթնացե՞լ է»։
Փրիելը պատասխանում է. «Այո, քեզ կզանգահարի մի քանի րոպեից»։
Հաջորդ նամակում Բարաքի կինը գրում է, որ մայիսի 7-ին ամուսինը ելույթ է ունենալու Բաքվում, որից հետո նրանք մեկնելու են Լաս Վեգաս, որտեղ մայիսի 8-ին մեկ այլ ելույթ է նախատեսված։
Էհուդ Բարաքը 2013 թվականին Լուսանկարը` REUTERS
«Կարո՞ղ ես պատկերացնել միմյանցից ավելի հեռու գտնվող երկու վայր, որտեղ հարկավոր է լինել 24 ժամվա ընթացքում»,- գրում է նա։
Թողնելով Իսրայելի վարչապետի պաշտոնը 2001 թվականին՝ Բարաքը տեղափոխվել էր ԱՄՆ եւ ամերիկյան Electronic Data Systems ընկերության ավագ խորհրդականն էր։ Ամենայն հավանականությամբ, նա Բաքու էր մեկնել հենց այդ կարգավիճակով։
«Կոտրելու փորձն իրականացվել է Բաքվում»
2016 թվականի դեկտեմբերին Ջեֆրի Էփշտեյնը նամակագրություն է վարում Hyatt Hotels Corporation-ի գործադիր տնօրեն, միլիարդատեր Թոմ Փրիցկերի հետ եւ գրում է, որ Մալայզիայից փորձել են կոտրել իր սերվերը։
Ի պատասխան Փրիցկերը գրում է.
«Մեր հյուրանոցներից մեկի սերվերը կոտրելու փորձ է եղել նույն աղբյուրից, որից փորձել էին կոտրել Դեմոկրատական կուսակցության սերվերը»։
Նա կարծիք է հայտնում, որ հարձակում իրականացնողներին հետաքրքրել է ֆինանսական տեղեկատվությունը։
Էփշտեյնը պատասխանում է.
«Հնարավոր է՝ ռուսներին պետք են վարկային քարտերի տվյալները։ Քիչ հավանական է, որ Դեմոկրատների սերվերը կոտրել է պետությունը, ամենայն հավանականությամբ՝ դա չինացիներն են»։
Փրիցկերը պատասխանում է. «Մենք հեռացրել ենք վարկային քարտերի մասին տեղեկատվությունը սերվերներից։ Կոտրելու փորձն իրականացվել էր Բաքվում՝ համաժողովներից մեկի ժամանակ»։
«Քեզ հետ գործ ունենալը խելամիտ չէր»
2011 թվականի մարտի 9-ին Դեւիդ Սթերնը գրում է Էփշտեյնին.
«Օրվա շարունակությունն ավելի հանգիստ եւ զուսպ էր։ Թեման, կարծես, հետեւյալն է. PA-ն ուշադրության կենտրոնում է՝ Ադրբեջանի եւ Թուրքմենստանի հետ գործերի համար (որոնք արտոնված էին կառավարության կողմից): Նա վայելում է իր մոր լիակատար աջակցությունը եւ խոստովանել է, որ քեզ հետ գործ ունենալը խելամիտ չէր»։
Դեւիդ ՍթերնըԱմենայն հավանականությամբ, Դեւիդ Սթերնը 2020 թվականին մահացած Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) նախկին հանձնակատարն է։
PA-ն, ամենայն հավանականությամբ, ոչ թե անվանատառեր են, այլ անձնական օգնականի (Personal Assistant - PA)՝ անգլերենում տարածված հապավումը։
«Մենք դա շատ կցանկանայինք»
2013 թվականի հոկտեմբերի 14-ին Էփշտեյնին գրում է նորվեգացի քաղաքական գործիչ Թուրբյորն Յագլանդը, ով այդ ժամանակ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն էր։
Նամակը սկսվում է այսպես. «Ողջու՛յն, Ջեֆրի, կցանկանայի վերադառնալ քո կղզի հնարավոր այցի թեմային։ Մենք դա շատ կցանկանայինք. ժամանել դեկտեմբերի 21-ին կամ 22-ին եւ մեկնել հունվարի 2-ին կամ 3-ին՝ կախված տոմսերի գներից, որոնք կարող են խիստ տարբեր լինել»։
Թուրբյորն Յագլանդը Լուսանկարը` Եվրոպայի խորհուրդ
Նամակն այսպես է ավարտվում.
«Այս շաբաթ կանցկացնեմ Ստրասբուրգում՝ երկարատեւ ճանապարհորդությունից հետո՝ Հայաստան, Վիեննա, Աթենք, Լոնդոն, Բելգրադ եւ Պոդգորիցա»։
«Տերիեն հրավիրել է քեզ Բաքու եւ Աստանա»
Յագլանդը միակ նորվեգացի քաղաքական գործիչը չէր, ում հետ շփվում էր Էփշտեյնը։
2014 թվականի մարտի 2-ին Էփշտեյնին գրում են.
«Տերիեն հրավիրել է քեզ Բաքու եւ Աստանա»։
1993 թվականին Տերիե Ռուդ-Լարսենը նշանակվել էր մերձավորարեւելյան խաղաղության գործընթացի հատուկ բանագնաց եւ խորհրդական։ 2004-ից 2020 թթ. նա ղեկավարել էր Նյու Յորքի Խաղաղության միջազգային ինստիտուտը (IPI) եւ ստիպված էր թողնել իր պաշտոնը Էփշտեյնի հետ բացահայտված կապերի համար: Մասնավորապես, հայտնի էր դարձել, որ Էփշտեյնի կառույցները IPI-ին նվիրաբերել էին 650 հազար դոլար։
2014 թվականի մարտի 2-ին Էփշտեյնը գրում է Տերիե Ռուդ-Լարսենին.
«Տերիե, Բաքու եւ Աստանա կմեկնի Սվետլանան, խնդրում եմ, թող Կամիլան համակարգի»։
«Հանդիպեցի այդ մոդելին եւ հիանալի ժամանակ անցկացրեցի»
2015 թվականի սեպտեմբերի 18-ին Ջիմ Միլերն իր նամակին լուսանկար է կցում եւ գրում Էփշտեյնին.
«Այցով Ադրբեջանում եմ։ Հանդիպեցի այս մոդելին եւ հիանալի ժամանակ անցկացրեցի»։
Ջիմ ՄիլերըԼուսանկարը` NYFA
Հավանաբար, Ջիմ Միլերը Նյու Յորքի կինոակադեմիայի ռազմավարական նախաձեռնությունների գծով փոխնախագահն է։ Համենայն դեպս, ակադեմիայի կայքում առկա է 2015 թվականի հունվարով թվագրված հաղորդագրություն Միլերի՝ Բաքու կատարած այցի եւ Ադրբեջանի կրթության նախարարությունում նրա հանդիպումների մասին։ Չի բացառվում, որ սեպտեմբերյան այցը տարեսկզբին սկսված շփումների շարունակությունն էր։
«Ադրբեջանցի հովանավորները շատ հիասթափված են»
2014 թվականի մայիսի 21-ին Ջո Մերանտեն գրում է Էփշտեյնի եղբորը՝ Մարկին.
«Մենք ծրագրում ենք կոնգրեսականների խումբ տանել Ադրբեջան մայիսի 31-ից հունիսի 4-ը, սակայն պատվիրակության անդամներից մեկն այսօր «դուրս թռավ»։ Ադրբեջանցի հովանավորները շատ հիասթափված են եւ խնդրել են մեզ գործադրել բոլոր ջանքերը՝ նոր թեկնածու առաջարկելու համար՝ մեդիայի, բանկային կամ կրթական ոլորտից։ Թռիչքներն ու կեցությունը՝ առաջին կարգի։ Ծրագիրը ներառում է հանդիպումներ նախագահի, նախարարների հետ։ Ադրբեջանում տնտեսական վերելք է, եւ նրանք փնտրում են գործընկերներ ու ներդրումների համար ոլորտներ, ուստի այցը կարող է լինել միաժամանակ եւ՛ հաճելի, եւ՛ շահավետ»։
Մարկ Էփշտեյնը վերահասցեագրում է նամակը եղբորը եւ գրում. «Եթե գիտես մեկին, ում կցանկանայիր լավություն անել, տեղյակ պահիր»։
«Վրացի տղան»
2010 թվականի մարտի 30-ին Նյու Յորքի The Falconwood Corporation (Henry Jarecki Family Office) ընտանեկան հիմնադրամի նախագահի օգնական Դիանա Վիլաբոնը նամակ է գրում Gresham Investment Management ներդրումային ընկերության ղեկավար Դագլաս Հեփվորթին՝ «Georgian Guy» («Վրացի տղան») թեմայով.
«Դոկտոր Յարեցկին եւ Ջիմ Միլերը հանդիպելու են Վրաստանի Ազատ համալսարանի հիմնադիր Կախա Բենդուկիձեի հետ, եւ ցանկանում են իմանալ՝ չե՞ք ցանկանա արդյոք միանալ»։
Նույն օրը Դիանա Վիլաբոնը գրում է Էփշտեյնին. «Հենրի Յարեցկին կցանկանար իմանալ Ձեր կարծիքը»։
Արա Թադեւոսյան













Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: