2008թ. օգոստոս. Սարկոզին, Պուտինի ատամնացավը եւ Բուշի ստվերը - Mediamax.am

23785 դիտում

2008թ. օգոստոս. Սարկոզին, Պուտինի ատամնացավը եւ Բուշի ստվերը


Նիկոլա Սարկոզին, նրա որդի Լուին եւ Վլադիմիր Պուտինը Պեկինի Օլիմպիական մարզադաշտում
Նիկոլա Սարկոզին, նրա որդի Լուին եւ Վլադիմիր Պուտինը Պեկինի Օլիմպիական մարզադաշտում

Լուսանկարը` REUTERS

Նիկոլա Սարկոզին եւ Դմիտրի Մեդվեդեւը
Նիկոլա Սարկոզին եւ Դմիտրի Մեդվեդեւը

Լուսանկարը` REUTERS

Նիկոլա Սարկոզին եւ Դմիտրի Մեդվեդեւի ստվերը
Նիկոլա Սարկոզին եւ Դմիտրի Մեդվեդեւի ստվերը

Լուսանկարը` REUTERS

Նիկոլա Սարկոզի եւ Դմիտրի Մեդվեդեւը
Նիկոլա Սարկոզի եւ Դմիտրի Մեդվեդեւը

Լուսանկարը` REUTERS

Նիկոլա Սարկոզին եւ Միխայիլ Սաակաշվիլիին
Նիկոլա Սարկոզին եւ Միխայիլ Սաակաշվիլիին

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Նիկոլա Սարկոզին, Միխայիլ Սաակաշվիլիին, Խավյեր Սոլանան եւ Ժոզե Մանուէլ Բարոզուն
Նիկոլա Սարկոզին, Միխայիլ Սաակաշվիլիին, Խավյեր Սոլանան եւ Ժոզե Մանուէլ Բարոզուն

Լուսանկարը` REUTERS


2020 թվականի հուլիսին լույս տեսավ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի «Փոթորիկների ժամանակը» (Le Temps des Tempêtes) հուշերի գիրքը, որում նա, մասնավորապես, պատմել է 2008 թվականի օգոստոսի 8-ին Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ սկսված զինված հակամարտության կարգավորման գործում իր միջնորդական դերի մասին: «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը հրապարակել է գրքի այդ մասը, որից որոշ հատվածներ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Ֆրանսիայի նախագահը գրում է, որ պատերազմի մասին իմացել էր 2008 թվականի օգոստոսի 8-ին՝ Պեկինի Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ:

«Ես նոր էի տեղավորվել մարզադաշտում, երբ ինձ մոտեցավ գունատ ու նյարդայնացած Ժան-Դավիդ Լեւիթը՝ իմ գլխավոր դիվանագիտական խորհրդականը.

«Ես հենց նոր շատ վատ լուր իմացա: Ռուսական բանակը հատում է վրացական սահմանը: Կարծես թե նրանք պատրաստվում են երկիր ներխուժել»: Վլադիմիր Պուտինը նստած էր ինձանից քսան մետր այն կողմ: Ես իսկույն մոտեցա նրան, հասկանալու համար, թե ի՞նչ է կատարվում: Խնդրեցի գոնե 48 ժամ տալ, որպեսզի իրավիճակը հանգստանա, սակայն սառը մերժում ստացա. «Ո՛չ, ո՛չ եւ ո՛չ»: Վայրը, որտեղ մենք գտնվում էինք, բոլորովին հարմար չէր նման զրույցի համար: Բացի այդ, չէի ցանկանում հրապարակային սկանդալ սարքել»:

Սարկոզին գրում է, որ Չինաստանից Ֆրանսիա վերադառնալուց հետո նա իմացավ, որ վիճակն «ավելի ու ավելի է վատանում»:

«Ռուսական բանակը գտնվում էր Վրաստանի տարածքում, իսկ որ ամենավատն է՝ շարժվում էր Թբիլիսիի ուղղությամբ: Բոլորը շոկի մեջ էին: Ես որոշեցի զանգահարել նախագահ Դմիտրի Մեդվեդեւին»:

Այդ որոշումը տարաձայնություններ առաջացրեց Սարկոզիի խորհրդականների մոտ:

«Նրանց մի մասը գտնում էր, որ ես պետք է խոսեմ վարչապետ Պուտինի հետ, մարդու, ով իրական որոշում կայացնողն է, մյուսները համարում էին, որ պետք է պահպանել արարողակարգը եւ զանգահարել նախագահին: Ես նույնպես կարծում էի, որ Մեդվեդեւին անտեսելը ծիծաղելի վիճակի մեջ կդնի նրան: Գիտեի նաեւ, որ եթե Պուտինը ցանկանա, նա միշտ կարող է միանալ բանակցություններին:

Նիկոլա Սարկոզին եւ Դմիտրի Մեդվեդեւը Նիկոլա Սարկոզին եւ Դմիտրի Մեդվեդեւը

Լուսանկարը` REUTERS


Մինչեւ Մեդվեդեւի հետ խոսելը, մշակեցի 3 կետից բաղկացած ծրագիր, որն ուղղված էր մինչեւ օգոստոսի 8-ը տիրող ստատուս-քվոյի վերականգնմանը: Մեդվեդեւն իրեն բնորոշ ջերմությամբ լսեց ինձ, թեեւ որեւէ պարտավորություն չստանձնեց: Այդ ժամանակ ռուսական զորքերը շարունակում էին իրենց առաջխաղացումը Վրաստանի տարածքով: Օգոստոսի 11-ին նրանք արդեն Թբիլիսիից 25 կմ հեռավորության վրա էին: Ես արդեն պատկերացնում էի ամենասարսափելի սցենարը. Սաակաշվիլիի տապալումը եւ նրա փոխարինումը Կրեմլի կողմից նշանակված ռուսամետ կառավարությամբ: Ինձ զանգահարեց Ջորջ Բուշը եւ ասաց, որ սատարում է իմ պլանին, սակայն պահանջում է նաեւ, որ ռուսները պատժվեն: Այդ պատիժը (բարեբախտաբար) ռազմական ինտերվենցիա չէր ենթադրում: Ես հայտնվեցի երկու քարի արանքում. ռուսները համարում էին, որ ես բռնել եմ վրացիների կողմը, իսկ ամերիկացիները եւ որոշ եվրոպացիներ կարծում էին, որ ես չափազանց հանդուրժողական եմ տրամադրված ռուսների հանդեպ: Իրականում, ես հավասարակշռված դիրքորոշում ունեի»:

Դրանից հետո Սարկոզին եւս երկու անգամ խոսեց Դմիտրի Մեդվեդեւի հետ:

«Ես գիտեի, որ նա այն մարդը չէ, ով որոշումներ է կայացնում Կրեմլում: Սակայն նաեւ գիտեի, որ նա վստահում է Պուտինին: Կարճ ասած, որոշեցի օգտվել նրա տատանումներից եւ գնացի վա-բանկ. ասացի, որ պատրաստ եմ գալ Մոսկվա՝ ավելի խորը բանակցությունների համար: Մեկնելուց առաջ մեկ պայման դրեցի. «Ես կգամ, բայց երբ իմ ինքնաթիռը վայրէջք կկատարի Մոսկվայում, ես սպասելու եմ պաշտոնական հաղորդագրության այն մասին, որ ռուսական զորքերը կանգ են առել: Հակառակ դեպքում ես կվերադառնամ, եւ ոչ մի քայլ չեմ անի Մոսկվայում»: Ինձ պետք էր այդ երաշխիքը, որովհետեւ իմ թիմի մի մասը մտավախություն ուներ, որ մենք կարող ենք հայտնվել Մոսկվայի պատրաստած ծուղակում»:

Պեկինից վերադառնալուց 3 օր անց Սարկոզին մեկնեց Մոսկվա:

«Վայրէջքից տասը րոպե առաջ ես պաշտոնական հաղորդագրություն ստացա, որ Մոսկվան կարգադրել է իր տանկերին կանգ առնել: Ես հանգիստ շունչ քաշեցի. այցը լավ էր սկսվում: Սակայն տանկերը կանգնեցնելը բավական չէր. հիմա պետք էր այնպես անել, որպեսզի նրանք ետ քաշվեն: Նախագահ Մեդվեդեւը եւ արտաքին գործերի «հավերժ» նախարար Լավրովը սպասում էին մեզ»:

Լուսանկարը` REUTERS


Հանդիպումից անմիջապես հետո Մեդվեդեւը մի կողմ տարավ Սարկոզիին եւ հարցրեց. արդյո՞ք նա դեմ կլինի, եթե ընթրիքին իրենց միանա Պուտինը:

«Հակառակը, ես ուրախ կլինեմ, եթե տեսնեմ նրան հենց սկզբից»: Ես նույնիսկ մտածեցի, որ Պուտինի մասնակցությունը կհեշտացնի գործը. ես որեւէ հույս չունեի, որ ռուս գեներալները կենթարկվեն նախագահ Մեդվեդեւի հրամաններին, ինչը չես ասի Ռուսաստանի վարչապետի մասին:

Եվ ահա հայտնվեց Վլադիմիր Պուտինը՝ մի փոքր այտուցված այտով: «Ատամս անտանելի ցավում է, նոր եմ գալիս ատամնաբուժից: Ես շատ վատ տրամադրություն ունեմ», - ասաց նա: Լսելով այդ խոսքերը, հասկացա, որ լավ բանի սպասել պետք չէ: Մենք նստեցինք փոքրիկ սեղանի շուրջ: Չորս հոգով էինք՝ Ժան-Դավիդ Լեւիթը, ես եւ ռուսաստանցի երկու առաջնորդները:

Կողքի սենյակում ընթրում էին Սերգեյ Լավրովը, Բերնար Կուշները (2007-2010թթ. Ֆրանսիայի արտգործնախարարը), Մեդվեդեւի աջ ձեռքը՝ Սերգեյ Պրիխոդկոն եւ իմ խորհրդական Դեմիեն Լորասը:

Ընթրիքը աներեւակայելի վատ մեկնարկեց: Պուտինը երկար մենախոսություն սկսեց: Առնվազն 15 րոպե նա ոչ մեկին չթողեց մի բառ ասել: Դա մեղադրական ճառ էր Սաակաշվիլիի քաղաքականության, նրա մեթոդների, նրա անձի հասցեին: Նա այնքան զայրացած էր, որ մի քանի անգամ խաչակնքվեց, երբ հիշատակում էր Վրաստանի նախագահի անունը»:

Այդ մենախոսությունը եւ Պուտինի ժեստերը մեծ տպավորություն գործեցին Սարկոզիի վրա:

«Վերջում նա, ոչ ավել, ոչ պակաս, ինձ ասաց. «Սաակաշվիլիի հանցագործությունն այնքան մեծ է, որ նա չի կարող շարունակել մնալ այն տեղում, որտեղ հիմա է»:

Ես առանց այդ էլ հանգիստ բնավորություն չունեմ, բայց այս ամենի հետեւանքով կորցրեցի համբերությունս: Ես դժվարությամբ ընդհատեցի նրան եւ հունից դուրս գալով, ասացի. «Ես չեմ եկել Ֆրանսիայից, որ լսեմ քո հայհոյանքները ՄԱԿ-ի անդամ հանդիսացող երկրի ղեկավարի հասցեին: Այստեղ ինձ բերել է իմ բարի կամքը, որ օգնեմ ձեզ, որ ելք գտնենք այս դժվար իրավիճակից: Իրավիճակից, որից բոլորը պարտված դուրս կգան, եւ առաջին հերթին՝ դու: Չե՞ս ուզում դա հասկանալ: Շատ լավ, ուրեմն ես վերադառնում եմ»: 

Սարկոզին հիշում է, որ տաքանալով, վեր թռավ տեղից, վերցրեց աթոռից կախված բաճկոնը, եւ շարժվեց դեպի դուռը:

«Բայց ու՞ր ես դու գնում», - լսեցի Պուտինի մտահոգված ձայնը: «Ես այստեղ անելիք չունեմ: Ես չեմ կարող մի բառ ասել, դու չես ուզում ոչինչ լսել: Այնպես որ ես կհայտնեմ մամուլին, որ իմ առաքելությունն ամբողջովին ձախողվեց», - պատասխանեցի ես: Պուտինը վեր կացավ եւ այս անգամ ավելի քաղաքավարի տոնով խնդրեց ինձ մնալ բանակցությունները շարունակելու համար, ես էլ նկատեցի, որ բանակցությունները չեն էլ սկսվել: Սակայն այդ ամենն արդեն հուսադրող էր:
Նիկոլա Սարկոզին եւ Դմիտրի Մեդվեդեւի ստվերը Նիկոլա Սարկոզին եւ Դմիտրի Մեդվեդեւի ստվերը

Լուսանկարը` REUTERS


Պուտինը շարունակեց.

«Ես մեկ հարց ունեմ քեզ. երբ քո ընկեր Բուշը կախաղան հանեց Սադամ Հուսեյնին, դու մատը մատիդ չխփեցիր: Իսկ երբ ես քեզ ասում եմ, որ Սաակաշվիլիին պետք է հեռացնել, դու պատրաստ ես վեր կենալ ու գնալ: Ինչո՞վ է պայմանավորված այդ երկակի ստանդարտը»: «Ահա, պարզվում է, որ դու երազում ես ավարտել ինչպես Բուշը, որին ատում է աշխարհի երկու երրորդը», - պատասխանեցի ես: «Չգիտեի, որ դա է քո կյանքի նպատակը»:

Այդ բառերի վրա, գրում է Սարկոզին, Պուտինը ծիծաղեց եւ բացականչեց. «Ընդունեցի»: Դրանից հետո սկսվեց հանգիստ խոսակցությունը:

«Նրա ատամնացավը գրեթե անցել էր, համենայնդեպս, այն այլեւս նրան չէր անհանգստացնում: Վերջապես տեսա հանգիստ եւ գործնական մարդու: Ես փորձեցի նրան բացատրել, որ այս կոնֆլիկտը միայն աղետ կբերի իր հետ: Ի՞նչ հեղինակություն ձեռք կբերի Ռուսաստանը, ավիրելով չորսմիլիոնանոց երկիրը: Մեր զրույցը տեւեց չորս ժամ՝ շատ հանգիստ մթնոլորտում: Սակայն, մենք որեւէ ելք չգտանք»:
Նիկոլա Սարկոզի եւ Դմիտրի Մեդվեդեւը Նիկոլա Սարկոզի եւ Դմիտրի Մեդվեդեւը

Լուսանկարը` REUTERS


Այնուհետեւ Սարկոզին առանձնացավ իր թիմի հետ եւ կազմեց խաղաղ համաձայնության ծրագիր`բաղկացած վեց կետից:

«Այդ ծրագրի համաձայն, ռուսաստանյան զինված ուժերը պետք է լքեին Վրաստանի տարածքը: Ռուսական բանակը մնում էր միայն Հարավային Օսիայի եւ Աբխազիայի տարածքում: Դա իդեալական ելք չէր, սակայն շատ ավելի լավ էր, քան ամբողջ երկրի օկուպացիան: Պուտինը նաեւ համաձայնեց, որ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ապագա կարգավիճակը պետք է որոշվի ռուս-վրացական բանակցությունների ձեւաչափով`Ժնեւում: Այսպիսով, մենք կարողացանք խուսափել աղետալի սցենարից»:

Հիմա Ֆրանսիայի նախագահին պետք էր արդեն համոզել վրացիներին: Սարկոզիի ինքնաթիռը Թբիլիսի ժամանեց երեկոյան ժամը 10-ին: Նրա խոսքերով, Վրաստանի մայրաքաղաքը ամբողջությամբ մթության մեջ էր:

«Երկրում պատերազմ էր, զավթիչների տանկերը կանգնած էին օդանավակայանից 25 կմ հեռավորության վրա: Մինչ այդ ես երբեք այդքան մոտ չէի եղել ռազմաճակատի առաջնագծին: Քաղաքում կյանքի որեւէ նշույլ չկար, ամենուրեք քար լռություն էր: Բացառություն էին կազմում միայն խորհրդարանի շենքն ու նախագահական պալատը: Պալատը կանգնած է բարձունքի վրա եւ շատ ագրեսիվորեն լուսավորված էր՝ տարօրինակ հակադրություն մեջ մտնելով մթության մեջ կորած քաղաքի մյուս մասերի հետ»:

Նախագահ Սարկոզին եւ նրա պատվիրակությունը մտնում են Վրաստանի նախագահի աշխատասենյակը:

«Այնտեղ ինձ շատ անկեղծ եւ զգացմունքային ընդունելություն էր սպասում: Այնտեղ էին նաեւ Լիտվայի, Լեհաստանի եւ Ուկրաինայի նախագահները, որոնք իրենց ներկայությամբ աջակցություն էին հայտնում Վրաստանին: Անկյունում առանձին կանգնած երկու մարդ նկատեցի: Երեւում էր, որ նրանք վրացի չեն: Ես հարցրեցի, ո՞վ են նրանք եւ ի՞նչ են այստեղ անում: Ինձ բացատրեցին, որն դրանք Սաակաշվիլիի ամերիկացի խորհրդականներն են: Ես պահանջեցի, որ նրանք անմիջապես լքեն սենյակը: Ես ուզում էի խոսել վրացի առաջնորդների հետ դեմ առ դեմ, առանց կողմնակի վկաների»:
Նիկոլա Սարկոզին եւ Միխայիլ Սաակաշվիլիին Նիկոլա Սարկոզին եւ Միխայիլ Սաակաշվիլիին

Լուսանկարը` REUTERS


Սարկոզին նշում է, որ Թբիլիսիում իր խոսակցությունները, հնարավոր է, գաղտնալսվում էին:

«Ես մեկ րոպե անգամ չէի կասկածում, որ ռուսներն ունեն բավարար տեխնոլոգիական կամ մարդկային ռեսուրս, որպեսզի հստակ իմանան, թե ինչ է կատարվում Թբիլիսիում: Արդեն կեսգիշեր էր, երբ մենք սկսեցինք առարկայական զրույցը: Ես փորձեցի բացատրել. կամ Վրաստանը կընդունի իմ պլանը, կամ Թբիլիսին կհայտնվի ռուսների ձեռքում, ինչը կնշանակի անկախ Վրաստանի վախճանը»:
Նիկոլա Սարկոզին, Միխայիլ Սաակաշվիլիին, Խավյեր Սոլանան եւ Ժոզե Մանուէլ Բարոզուն Նիկոլա Սարկոզին, Միխայիլ Սաակաշվիլիին, Խավյեր Սոլանան եւ Ժոզե Մանուէլ Բարոզուն

Լուսանկարը` REUTERS


Սարկոզին հիշում է, որ Սաակաշվիլիի համար անընդունելի էր համաձայնության այն կետը, որի համաձայն Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ապագա կարգավիճակը պետք է քննարկման առարկա դառնար բանակցությունների ժամանակ:

«Գիշերը ժամը մեկին ես զանգահարեցի Մեդվեդեւին եւ խնդրեցի նրան հանել այդ կետը: Նրանց համար դա ավելի հեշտ էր, առավել եւս, որ ռուսական բանակը մնում էր այդ տարածքում: Ի պատասխան, Մեդվեդեւը շնորհակալություն հայտնեց ինձ կատարված աշխատանքի համար: Ակնհայտորեն նա ամեն ինչից տեղյակ էր: Վրացական համակարգը շատ ավելի թափանցիկ էր Կրեմլի ականջների համար, քան դա պատկերացնում էին Թբիլիսիում ինձ ընդունող մարդիկ»:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին