Մայիսի 27-ին Դեբետ-Դսեղ համայնքների խաչմերուկում կբացվի «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) ՍՄԱՐԹ կենտրոնը: Այն այլընտրանքային անվճար կրթություն ու զբաղվածություն է առաջարկելու Լոռու մարզի բոլոր բնակիչներին՝ երեխաներին, երիտասարդներին, մեծահասակներին:
Երեխաների համար գործելու է մանկական զարգացման կենտրոն, դպրոցականների ու երիտասարդների համար՝ բազմատեսակ խմբակներ, մեծահասակներին ծանոթացնելու են վերականգնողական էներգետիկայի, օրգանական գյուղատնտեսության, ռեսուրսների զարգացման հնարավորություններին:
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը նոր միջավայր է ձեւավորելու, որը օգնելու է գյուղաբնակ երեխաներին երազանքներ ունենալ եւ իրականացնել դրանք հենց իրենց համայնքում:
Մեդիամաքսի նոր նախագծի հերոսները Լոռու մարզի երեխաներն են, ովքեր պատմում են իրենց նպատակների ու երազանքների մասին: Նրանք անկեղծորեն խոստովանում են, թե ինչ ակնկալիքներ ունեն ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ից, եւ թե ինչ կարող է փոխել այսպիսի մի կենտրոնը գյուղաբնակ երեխաների կյանքում:
Մինչ ելույթի իր հերթը կհասնի, Սաթենի Պետրոսյանը, հեռախոսը միկրոֆոն դարձրած, կրկնում է Էլիս Ուոկերի «To Change the World Enough» բանաստեղծությունը: ԱՄՆ Խաղաղության կորպուսի պոեզիայի եւ ասմունքի ամենամյա մրցույթի հերթական փուլն է. մասնակցում են Լոռու մարզի 7-12-րդ դասարանի աշակերտները:
Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) ՍՄԱՐԹ կենտրոնի արդեն կառուցված, բայց դեռ չկահավորված շենքում սա առաջին միջոցառումն է:
Եթե անգամ մրցույթին չմասնակցեր, Սաթենին, միեւնույն է, ՍՄԱՐԹ-ում էր լինելու: Ընկերուհիների հետ այստեղ անցկացվող որեւէ միջոցառում բաց չեն թողնում, հատկապես եթե անգլերեն խոսելու առիթ կա:
Երբ Լոռիում՝ Դեբետ-Դսեղ համայնքների խաչմերուկում, սկսվեց այս տարածքի համար անսովոր եռաթեւ շինության կառուցումը, Սաթենին ու դասընկերներն առանձնապես չոգեւորվեցին, չհետաքրքրվեցին. իրենց հարեւանությամբ է, բայց իրենց հետ կապ չունի: Շինարարությանը զուգահեռ COAF-ը Դեբետում սկսեց անգլերենի ուսուցման երկամյա «Աքսես» ծրագիրը:
Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան
«Սկզբում ռուսերենի մասնագետ էի ուզում դառնալ, բայց «Աքսես»-ը եկավ, մեկ տարի հետո միտքս փոխեցի, ռուսերենը դարձավ անգլերեն: Մինչ այդ սովորելու առումով անգլերենն ինձ համար անհնարին, շատ դժվար լեզու էր, ապագայի իմ ծրագրերում անգլերենն ընդհանրապես չկար: Հիմա ուզում եմ Ամերիկյան համալսարանում սովորել:
Հստակ կանոն ունենք. անգլերեն գիտես, թե`չէ, միեւնույն է, ուսուցիչն անգլերեն է խոսելու քեզ հետ: Սկզբում ոչինչ չէինք հասկանում, երկու ամիս հետո սկսեցինք ինչ-որ բան հասկանալ, իսկ արդեն երկու տարի հետո ամեն ինչ ենք հասկանում:
«Աքսես»-ն ինքս ինձ բացահայտելու հնարավորություն տվեց, դարձա ինքնավստահ: Ամեն ինչ սկսվեց «Աքսես»-ից, փոխվեց, փոխվեց ու շարունակում է փոխվել»,- պատմում է 11-րդ դասարանի աշակերտ Սաթենին:
Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան
«Հենց ուզում ենք, որ դասարանում մեզ ոչ ոք չհասկանա, անգլերեն ենք խոսում»,-ծիծաղելով ավելացնում է Լուիզան՝ Սաթենիի մտերիմ ընկերուհին: Ասում է՝դպրոցում անգլերենի ուսուցչի խնդիր ունեին, մասնագետները կարճ ժամանակով գալիս-գնում էին:
Աղջիկները հասկացան, որ անգլերենը զարգացնելու համար իրենց շփումներն են պակասում: Ու առաջին անգամ մտածեցին ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի օգտակարության մասին: ՍՄԱՐԹ-ից Դեբետի բնակելի հատված մոտ 10 րոպեի ոտքի ճանապարհ է: Օտարերկրյա հյուրերի հետ անգլերեն խոսելու նպատակով «Աքսես»-ի աշակերտները հաճախ են գնում ՍՄԱՐԹ:
Համաձայն չեն, թե կենտրոնը Դեբետ-Դսեղ խաչմերուկում է: Ասում են՝ փաստերով կարող են ապացուցել, որ ՍՄԱՐԹ-ը իրենց՝ Դեբետի տարածքում է: Սեփականատիրոջ իրավունքով էլ դիմավորում ու ճանապարհում են հյուրերին:
Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան
«Մի անգամ ՍՄԱՐԹ-ում լրագրողների այցելություն էր կազմակերպվել: 14 հարցազրույց եմ տվել: Սկզբում ամաչում էի, բայց վերջում մենք էինք գնում, ասում՝ եկեք, մեզնից հարցազրույց վերցրեք»,- պատմում է Լուիզան:
Սաթենիի ֆեյսբուքի էջում շինարարության տարբեր փուլերում ՍՄԱՐԹ-ի ֆոնին արված բազմաթիվ լուսանկարներ կան: Ֆեյսբուքի գրառումները Սաթենին սովորաբար անգլերեն է անում. «Հավես է, նաեւ ուզում եմ մարդիկ իմանան, որ ես անգլերեն գիտեմ»:
Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան
«I did not know what to do, because I had no choice until I met a person who had an answer to my question. I mean my future!» (Ես չգիտեի՝ ինչ անել, որովհետեւ չունեի ընտրություն, մինչեւ չհանդիպեցի մեկին, ով ուներ իմ հարցերի պատասխանը: Նկատի ունեմ իմ ապագան):
Սաթենիի գրառումը COAF-ի հիմնադիր Գարո Արմենի մասին է: Իր նախաձեռնությամբ երկու հարցազրույց է արել նրա հետ, որ հասկանա, թե ՍՄԱՐԹ կենտրոն կառուցելու համար ինչու են ընտրել Դեբետը, ինչ է տալու այն իրենց:
«Կան բազմաթիվ գյուղեր, որտեղ աշակերտներն իրենց հմտություններն արտահայտելու հնարավորություններ չունեն եւ իրենց ապագան տեսնում են կա´մ արտերկրում, կա´մ Երեւանում: Բայց որտեղ կան այսպիսի հնարավորություններ, թեկուզ՝ խմբակներ, երեխաների գործը հեշտանում է:
Այս կենտրոնում եմ ես պատկերացնում իմ կրթությունն ու աշխատանքը: Ցանկանում եմ անգլերենի մասնագետ դառնալ: Որպես կամավոր՝ էստեղ փոքրերի հետ անգլերեն կպարապեմ, եթե արդյունք տա, կաշխատեմ: Մայիսից, երբ ՍՄԱՐԹ-ը գործի, կարող ենք մեր խմբակը բացել ու սովորեցնել երեխաներին: Շատ եմ ուրախանում, որ ինձնից ինչ-որ բան են սովորում»:
Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան
ՍՄԱՐԹ կենտրոնը երեխաներին առաջարկելու է այլընտրանքային կրթություն: Լեռներով շրջապատված եռաթեւ կառույցը հաստ պատերի փոխարեն ապակեպատ է, որ այցելուներին ու աշակերտներին չկտրի բնությունից, չսահմանափակի: Կենտրոնը պաշտոնապես կբացվի մայիսի վերջին, բայց նոր միջավայրն ու մոտեցումներն արդեն զգալի փոփոխություն են բերել:
COAF-ի ներկայացուցիչն ասում է, թե Դեբետի մասին խոսելիս անպայման նշում են Սաթենիի անունը: Տնեցիները զարմացած իրար են նայում. Սաթենին տանն այդքան ակտիվ չէ:
Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան
«ՍՄԱՐԹ-ի համար խելքը գնում է»,- ասում է հայրը, ու, օգտվելով առիթից, որ տանը COAF-ից հյուր ունեն, սկսում են քննարկել ֆորմալ եւ ոչ ֆորմալ կրթության առավելությունները: Վերջում խոստովանում են, որ, թեեւ աղջիկները ոգեւորված են ու օրվա մեծ մասն անցկացնում են ՍՄԱՐԹ կենտրոնում, իրենք դեռ չեն էլ պատկերացնում, թե ինչ է լինելու այնտեղ:
Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան
Սաթենիի սենյակի պատին COAF-ի միջոցառումների ժամանակացույցն է փակցված: «Աքսես»-ի ու ծրագրին իր մասնակցության մասին գիրք է պատրաստել: 2 տարվա կարեւոր իրադարձությունները նախ հայերեն գրել, հետո թարգմանել է անգլերեն ու արտագրել գրքում, լուսանկարներով ձեւավորել: Գիրքը ներկայացրել է Դիլիջանում՝ «Աքսես»-ի ավարտական երեկոյին, որին ներկա էին ծրագրի շրջանավարտները:
«Ինքը գիրք է գրում, ես էլ՝ ոտանավորներ, ու տալիս եմ, որ դնի իր գրքում, բայց անունս չի նշում»,- ասում է Լուիզան:
«Բայց ես ոչ մեկիս անունն էլ չեմ գրում»,-արդարանում է Սաթենին: Հաջողություններից ոգեւորված՝ հիմա միանգամից երեք գրքի վրա է աշխատում:
Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան
«Մեկը ՍՄԱՐԹ-ի մասին է: Գարո Արմենն ասել է, որ մայիսին՝ կենտրոնի բացմանը, կներկայացնեմ: Կտպագրվի, ու կնվիրեմ իրենց: Երկրորդը «Աքսես»-ի մասին է, ու նվիրելու եմ մեր ուսուցչուհուն՝ միսս Մարինեին: Գարո Արմենի տղան՝ Սեմյուելը, մի նոր ծրագիր է իրականացնում՝ Project Bloom: Գրելու ենք մեր կյանքի պատմությունը, տպագրվելու է եւ տարածվելու եվրոպական երկրներում: Երրորդ գիրքս էլ այդ ծրագրի մասին է լինելու»:
Սաթենին անհամբեր սպասում է կենտրոնի բացմանը, Լուիզան՝ Սաթենիի գրքի շնորհանդեսին: Մայիսի 27-ից ոչ այնքան ակտիվ համայնքում լուրջ փոփոխությունների են սպասում:
Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան
Սաթենին արդեն որոշել է՝ մասնակցելու է անգլերենի, լուսանկարչության խմբակների, ռոբոտաշինության էլ կգնա, թեեւ պատկերացում չունի՝ ինչով են զբաղվում: Ֆրանսերեն սովորելու հնարավորություն լինի, բաց չի թողնի: Ասում է՝ աղջիկները, ովքեր ուզում են լավ ապագա ունենալ, ծրագրերը ՍՄԱՐԹ-ի հետ են կապում: Տղաների «գանք, ի՞նչ սովորենք» հարցին պատասխանում է՝ ամենաքիչը ազատ wi-fi-ից կարող եք օգտվել:
ՍՄԱՐԹ կենտրոնում անգլերեն սովորելու հնարավորություն կունենան Լոռու 13-35 տարեկան բնակիչները: Կենտրոնում գործելու է անգլերենի ուսուցման 4 ծրագիր: COAF-ը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցությամբ իրականացնում է «Աքսես» եւ առցանց անգլերեն ծրագրերը: COAF-ը ձեռք է բերել ու ներդրել «Ռոզետա Սթոուն» ինքնուսույցը, որից կարող է օգտվել ամբողջ համայնքը: «Աքսես»-ի շրջանավարտները կարող են մասնակցել նաեւ «Ծաղկունք»՝ Project Bloom, ստեղծագործական գրի ծրագրին:
Անգլերենի ուսուցման այս ծրագրերը COAF-ն իրականացնում է նաեւ Հայաստանի այլ մարզերում:
Լուսինե Ղարիբյան
Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյանի (հատուկ Մեդիամաքսի համար)
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: