Մեդիամաքսը շարունակում է «Հայաստանի մեռնող գյուղերը» շարքը` այս անգամ այցելել ենք Արմավիրի մարզի Կողբավան համայնք:
Գյուղի մասին
Հեռավորությունը Երեւանից` 74 կմ
Բնակչությունն ըստ մարդահամարի` 121 մարդ
Բնակչությունը 2017 թ. հունվարի դրությամբ` 70 մարդ
Կողբավանը Հայաստանի համեմատաբար երիտասարդ համայնքներից է, բնակավայրի կարգավիճակ է ստացել 1991-ին` 1986-ին հիմնադրված սովխոզի հիմքի վրա: Նախատեսված էր բնակավայրը կառուցել 1 200 բնակչի համար, բայց երկրաշարժն ու ԽՍՀՄ-ի փլուզումը դադարեցրին շինարարությունը: Արդյունքում կառուցվեց միայն 30 քարե տուն` 60 ընտանիքի համար: Այսօր Կողբավանում ապրում է 20 ընտանիք` 70 բնակչով: Բարձրադիր գյուղ գնալու համար հարկավոր է Երեւան-Արմավիր երթուղայինով հասնել Արմավիր քաղաք, այնտեղից էլ կտրել 35 կիլոմետրանոց ճանապարհը մինչեւ Կողբավան:
Չկառուցված գազատարն ու ջրագիծը
Լուսանկարը` Մեդիամաքս
Արմավիրից Կողբավան մեզ ուղեկցեց համայնքի ղեկավար Սերոբ Սերոբյանը: Ճանապարհին պատմում է գյուղի խնդիրների մասին: Առաջին բանը, որ աչքի է զարնում Կողբավանի ճանապարհին` գազի խողովակն է, որ այդպես էլ չի հասնում մինչեւ գյուղ, թեպետ խողովակի կանգնակները տեղադրված են:
Լուսանկարը` Մեդիամաքս
«2000-ականների կեսերին մարզպետարանը որոշեց գազը հասցնել Կողբավան ու հարակից գյուղեր: Գյուղի բյուջեից 30 միլիոն դրամ հատկացրեցինք: Արդյունքում մեզ անհայտ պատճառներով գազը չհասավ Կողբավան, գումարի միայն մի մասը հետ փոխանցեցին գյուղի հաշվեհամարին», - պատմում է Սերոբ Սերոբյանը, ով գյուղում է հիմնադրման օրվանից3
Լուսանկարը` Մեդիամաքս
Մտնում ենք գյուղ, մի քանի տասնյակ տները կառուցված են մի գծի վրա, շատերի դռները փակ են, պատուհանների ապակիները` կոտրված: Համայնքի ղեկավարը պատմում է, որ գյուղի հիմնադրումից ի վեր բնակչության աճ չեն ունեցել, բնական աճն էլ չի օգնել տարեցտարի մեծացող արտագաղթի պատկերը մեղմելուն:
Լուսանկարը` Մեդիամաքս
Գյուղի հիմնական խնդիրը խմելու ջուրն է: 8 կիլոմետր հեռավորության վրա աղբյուր կա, որտեղից ջուրը կարող են հասցնել գյուղ: Մոտավոր հաշվարկներով 27 միլիոն դրամ կպահանջվի ջուրը գյուղ հասցնելու համար, որը մարզպետարանն արդեն 20 տարի չի հատկացնում:
Խմելու ջրի հարցը լուծվում է գյուղապետարանի բյուջեի հաշվին: Շաբաթը մեկ անգամ ջրատար մեքենան ամեն ընտանիքի որոշակի քանակությամբ ջուր է տալիս: Վերջանալուն պես կողբավանցիները հաճախ օգտվում են ոռոգման համար նախատեսված ջրագծից:
Լուսանկարը` Մեդիամաքս
Կողբավանի վեց աշակերտները
Կողբավանում դպրոցականները շատ չեն`վեց աշակերտ: Գյուղում դպրոց չկա, երեխաները հաճախում են հարեւան գյուղի` Վանանդի միջնակարգ դպրոցը: Կողբավանցի Հովհաննեսը ամեն օր իր «Գազ-24»-ով աշակերտներին տանում է դպրոց, սպասում ու դասերն ավարտվելուն պես հետ բերում գյուղ: Համայնքի փոքրիկ բյուջեի հաշվին կարողանում են վառելիք, պահեստամասեր ու անվադող գնել կիսաքանդ մեքենայի համար:
Լուսանկարը` Մեդիամաքս
«Սկզբում երեխաները շատ էին, «Ռաֆ»-ով էինք տանում դպրոց, հետո քչացան, մեքենան էլ շարքից դուրս եկավ: Եղել է, որ «Գազ-24»-ով մինչեւ 9 աշակերտ տանեմ Վանանդի դպրոց: Մեքենան էլ արդեն հին է, ամեն առավոտ տակը կրակ ենք վառում, տաքացնում սառած մասերն ու երեխաներին դպրոց հասցնում»,-պատմում է Հովհաննեսը, ով ապրում է կնոջ, աղջկա ու թոռան հետ:
Լուսանկարը` Մեդիամաքս
6-րդ դասարանցի Գեւորգը գյուղի վեց դպրոցականներից մեկն է, Հովհաննեսի թոռը: Պապն ասում է` խելքը գնում է դաշտերում անասունների հետ պտտվելու համար, զբաղմունքները երեխաների համար շատ չեն Կողբավանում:
Լուսանկարը` Մեդիամաքս
Անմշակ 550 հեկտարը
Կողբավանն ունի 800 հեկտար ոռոգվող վարելահող, որից այսօր միայն 250 հեկտարն է մշակվում: Հող մշակելը եկամտաբեր չի, կատակով նշում են` ինչ էլ աճեցնես, կիլոգրամը 40-50 դրամով են ընդունում գործարաններում` լոլիկից մինչեւ ծիրան: Եթե կարկուտ կամ երաշտ չի լինում, ստացված գումարը հազիվ հերիքում է բանկից վերցրած վարկերը մարելուն: Հիմնականում զբաղվում են անասնապահությամբ ու ոչխարաբուծությամբ:
Լուսանկարը` Մեդիամաքս
Ոչխարաբուծությամբ է զբաղվում նաեւ կողբավանցի Արմանը: Ասում է` միակ եկամուտը ոչխարների վաճառքից ստացված գումարն է, չի ցանկանում վարկ վերցնել ու հողագործությամբ զբաղվել:
Լուսանկարը` Մեդիամաքս
Մեր այցի ժամանակ գյուղում մասնատում էին դեռ Կողբավանի հիմնադրման տարում տնկած թթենին, որ վերջին քամու ժամանակ արմատախիլ էր եղել: Կողբավանցիները սնահավատ չեն, հավանաբար նորը կտնկեն տաքերն ընկնելուն պես:
Լուսանկարը` Մեդիամաքս
Գյուղից հեռանալիս համայնքի ղեկավար Սերոբ Սերոբյանը ցույց է տալիս նախորդ տարի Կողբավանից հեռացած երկու ընտանիքի տունը: Եզդի եղբայրները պատել են տան պատուհանները, վաճառել ոչխարները, ինքնաթիռի 11 տոմս գնել ընտանիքի անդամների ու իրենց համար` հեռանալով Պյատիգորսկ:
Սուրեն Ստեփանյան
Լուսանկարները` Գրիգոր Եփրեմյանի եւ հեղինակի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: