[Շարժում 1988/25]. Բնապահպանական սկիզբը - Mediamax.am

exclusive
29670 դիտում

[Շարժում 1988/25]. Բնապահպանական սկիզբը


Հանրահավաք Երեւանում
Հանրահավաք Երեւանում

Լուսանկարը` Զ. Տոնապետյանի արխիվից:

Հակոբ Սանասարյանը
Հակոբ Սանասարյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր:

Կարինե Դանիելյանը
Կարինե Դանիելյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր:

Զորի Բալայանը` Մոսկվայում հայտարարված հացադուլի ժամանակ
Զորի Բալայանը` Մոսկվայում հայտարարված հացադուլի ժամանակ

Լուսանկարը` Ֆոտոլուր:


Մինչեւ Ղարաբաղյան շարժման ծավալվելը Երեւանում տեղի ունեցան մի քանի բնապահպանական ցույցեր ու հանրահավաքներ: Ըստ էության, մարդիկ առաջին անգամ համակարգի դեմ դուրս գնացին` գնալով հենց այդ ցույցերին:

Բնապահպանների առաջին փակ հանդիպումները կազմակերպվել էին Ճարտարապետների միության, Գրողների միության դահլիճներում: Բարձրաձայնվող խնդիրները հիմնականում կապված էին «Նաիրիտ» գործարանի, Մեծամորի ատոմակայանի հետ: Լուրեր կային նաեւ այս մասին, որ Խորհրդային Միությունը մտադիր է Արարատյան դաշտավայրում կառուցել ռադիոակտիվ թափոնների գերեզմանոց:
 
Բնապահպանական շարժման արմատներում կանգնած էին Հայաստանի Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը եւ «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը:

Հակոբ Սանասարյանը պատմում է, որ խորհրդային տարիներին «էկոլոգիա» բառը ընդունելի չէր, «այլախոհ» բառ էր: Այն տարիներին, երբ շարժումը նոր էր սկիզբ առնում, Հակոբ Սանասարյանը աշխատում էր Գիտությունների ազգային ակադեմիայի կենսաքիմիայի ինստիտուտում:

Բնապահպանական խնդիրներն առաջիններից մեկը բարձրաձայնեց ակադեմիկոս Արաքսի Բաբայանը, ով 1970-ականներին «Նաիրիտի» մասին հոդված հրապարակեց «Կոմունիստ» թերթում: Ակադեմիկոսը գրում էր, որ գործարանի առկայությունն անհամատեղելի է քաղաքի կյանքի հետ:  

«Չնայած Խորհրդային Միությունը հզոր մասնագիտական կարողություններ ուներ, հաշվարկները ցույց էին տվել, որ կիրառվող տնտեսվարման ճանապարհով ԽՍՀՄ երկրներն այլեւս չեն կարող գնալ՝ փոփոխություններ են անհրաժեշտ: Ուսումնասիրություններ անցկացնելուց հետո եկել էին եզրակացության, որ բնապահպանական խնդիրների առկայությունը խոչընդոտ է զարգացման համար: Շատերս հավատացինք այդ կեղծ ազատությանը՝ մտածելով, որ բազմաթիվ հարցեր իրենց լուծումը կգտնեն»,- պատմում է Սանասարյանը:


Կարինե Դանիելյանը:
Լուսանկարը` Ֆոտոլուր:

Կարինե Դանիելյանն ասում է, որ Գիտությունների ակադեմիայի տարբեր ինստիտուտներում մշակութային խմբեր էին գործում: Առաջին փակ հավաքներին ու քննարկումներին մասնակցում էին հիմնականում այդ խմբերի անդամները: Առաջին հանդիպումներն անցկացվում էին Ճարտարապետների եւ Գրողների միություններում:

Հակոբ Սանասարյանը նշում է, որ հիմնական նախապայմանն այն էր, որ այդ հանդիպումների ընթացքում խոսվի միայն բնապահպանական խնդիրների մասին` առանց քաղաքականության:  Մասնավորապես, առաջին հանդիպումների ժամանակ խոսվում էր Երեւանի օդի աղտոտվածության մասին:

1985թ. վերջում ստեղծվեց «Գոյապահպանություն» կազմակերպությունը, հետագայում մամուլն այն անվանեց «Կանաչների միություն»:

«Չորս հոգով էինք՝ Կարինե Դանիելյանը, Խաչիկ Ստամբոլցյանը, Կարեն Սիմոնյանը եւ ես»,- պատմում է Հակոբ Սանասարյանը: «Այդ հանդիպումների ժամանակ մարդիկ սովորեցին բարձրաձայնել խնդիրները, հանդես գալ հանրության առջեւ, դա շատ կարեւոր էր շարժման հետագա զարգացման համար»,- ասում է Կարինե Դանիելյանը:

Շարժման ակտիվիստները նամակներ էին ուղարկում ոչ միայն ՀԽՍՀ ղեկավարությանը, այլեւ Մոսկվա՝ պահանջելով պահպանել օրենքները, նորմատիվները, բարելավել էկոլոգիական վիճակը: Բնապահպանական շարժման ակտիվիստներից էր նաեւ Զորի Բալայանը, ով 1987 թ-ին «Литературная газета» թերթում «Երեւանը աղետի մեջ է» հոդված հրապարակեց: Երկու օր անց Մոսկվայից կառավարական հանձնաժողով եկավ՝ ուսումնասիրելու հոդվածում բարձրացված հարցերը:

«Մեր կազմակերպած առաջին ցույցը տեղի ունեցավ 1987թ. սեպտեմբերի 1-ին: Մոտ 300 հոգով հավաքվել էինք «Նաիրիտի» առջեւ: 10 հոգու ներս հրավիրեցին, զրուցեցինք գործարանի տնօրենի հետ: Կարծես թե ընդհանուր հայտարարի եկանք, հաջորդ օրը քննարկումները պետք է շարունակվեին, սակայն հանդիպումը տեղի չունեցավ, մեզ խաբեցին: Հետագայում ստորագրահավաք կազմակերպեցինք՝ պահանջելով «Նաիրիտի» փակումը: Շուրջ 3 հազար ստորագրություն էինք հավաքել, սակայն որոշ մարդիկ միտումնավոր «կորցրեցին» այդ թղթերը», - պատմում է Հակոբ Սանասարյանը:

Նա հիշում է, որ Զորի Բալայանը խորհուրդ էր տալիս. «Ցույց չանեք, եթե երկու հազարից պակաս մարդ հավաքեք»: 1987 թվականին «Երեւանին` մաքուր օդ» կարգախոսով քայլերթ կազմակերպվեց, որը մեկնարկեց Մանկավարժական ինստիտուտից:


Զորի Բալայանը` Մոսկվայում հայտարարված հացադուլի ժամանակ:
Լուսանկարը` Ֆոտոլուր:
 
«Հավաքվեցինք Ազատության հրապարակում: Ելույթ ունեցան ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը, Սիլվա Կապուտիկյանը, քաղաքական ոչ մի բառ չհնչեց: Խոսվեց «Նաիրիտի» մասին, ԱԷԿ-ի, օդի աղտոտվածության մասին: Մինչ այդ Սիլվա Կապուտիկյանը հանդիպել էր ներքին գործերի նախարար Շահինյանի հետ եւ պայմանավորվել, որ մեր հանդեպ մեղմ լինեն: Այդ օրը ձերբակալություններ չեղան»,- պատմում է բնապահպանը:

Կարինե Դանիելյանը հիշում է, որ 1988թ. փետրվարին աբովյանցիները ոտքով եկան Երեւան` բողոքում էին Աբովյանում ամինաթթուների արտադրության գործարանի կառուցման դեմ: Այդ օրերին Հակոբ Սանասարյանը հանդիպեց Մանվել Սարգսյանի հետ, ով տեղեկացրեց, որ փետրվարի 18-ին միջոցառում է նախատեսվում կազմակերպել Թատերական հրապարակում, որի ընթացքում կներկայացվի Չարդախլու գյուղում տիրող իրավիճակը: Մանվել Սարգսյանն առաջարկեց Սանասարյանին միասնական ցույց կազմակերպել՝ բնապահպանական եւ քաղաքական թեմաներով:

«Օպերայի շենքից զանգահարեցի մերոնց, ներկայացրեցի այս առաջարկը եւ հավանություն ստացա: Կարելի է ասել, որ այդ օրվանից քաղաքական թեմաները կլանեցին բնապահպանական հարցերը», - ասում է Հակոբ Սանասարյանը:


Հակոբ Սանասարյանը:
Լուսանկարը` Ֆոտոլուր:

Նա կարծում է, որ 1980-ականներին ծավալված բնապահպանական շարժման արդյունքները տեսանելի են: «Մարդիկ առաջին անգամ տեղեկություն ստացան այն մասին, թե ինչ միջավայրում են ապրում: Մենք նաեւ կարողացանք կասեցնել Արարատյան դաշտավայրում ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցի կառուցումը», - նշում է բնապահպանը: 

Հակոբ Սանասարյանի եւ Կարինե Դանիելյանի հետ զրուցել է Էլեոնորա Արարատյանը:
 
[Շարժում 1988/25] նախագծի բոլոր նյութերը հասանելի են այստեղ:

[Շարժում 1988/25] նախագծի գլխավոր գործընկերն է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին