[Շարժում 1988/25]. Էմիլ Աբրահամյան՝ Շարժման սկիզբը դրվեց Հադրութում - Mediamax.am

exclusive
28142 դիտում

[Շարժում 1988/25]. Էմիլ Աբրահամյան՝ Շարժման սկիզբը դրվեց Հադրութում


Հանրահավաք Ստեփանակերտում:
Հանրահավաք Ստեփանակերտում:

Լուսանկարը` ԼՂՀ ԱԳՆ արխիվից:

Էմիլ Աբրահամյանը (ձախից):
Էմիլ Աբրահամյանը (ձախից):

Լուսանկարը` Էմիլ Աբրահամյանի արխիվից:

Լուսանկարը` Էմիլ Աբրահամյանի արխիվից:

Լուսանկարը` Էմիլ Աբրահամյանի արխիվից:

Լուսանկարը` Էմիլ Աբրահամյանի արխիվից:

Լուսանկարը` Էմիլ Աբրահամյանի արխիվից:


Էմիլ Աբրահամյանը Լեռնային Ղարաբաղի Հադրութի ակտիվիստներից է ու այդ շրջանում Շարժման կազմակերպիչներից մեկը: 1988-1991 թթ. Հադրութի շրջանում նրա ղեկավարության ներքո ստեղծվել էր ինքնապաշտպանության շտաբ:

Երբ սկսվեցին «պերեստրոյկա»-ն ու «գլասնոստ»-ը, հասկանալի դարձավ, որ ստեղծվել է լավ հնարավորություն որոշակի քաղաքական նպատակներ հետապնդելու համար:

Ղարաբաղում տարիներ շարունակ լուրջ խնդիրներ էին կուտակվում: Օրինակ, տասնամյակներ շարունակ մենք զրկված էինք հայկական հեռուստատեսություն դիտելու հնարավորությունից: Իհարկե, որոշ տեղեր կային, որտեղ կարելի էր ազդանշանը «որսալ» ու, ասենք, «Արարատի» խաղը դիտել, սակայն КГБ-ն շատ զգոն էր` ֆուտբոլ նայելու համար ձեզ կարող էին 15 օրով ձերբակալել:

Ադրբեջանն Ղարաբաղի նկատմամբ իրականացնում էր ոչ միայն տնտեսական, այլեւ սոցիալական ու կրթական էքսպանսիա: Հայոց լեզվի դասերի ժամերն ավելի քիչ էին, քան ռուսաց լեզվի ժամերը: Նույն իրավիճակը «Հայոց պատմություն» հետ էր:

1986 թվականից սկսած ստորագրահավաքներ էինք նախաձեռնում: Նամակները ուղարկվում էին ե՛ւ մարզային ատյաններ, ե՛ւ Ադրբեջան, ե՛ւ Մոսկվա՝ կենտրոնական ատյաններին: Միայն կրթական խնդիրների վերաբերյալ կազմակերպել էինք երեք ստորագրահավաք: Սակայն մեր բոլոր նամակները անպատասխան մնացին կամ մերժվեցին:

1987 թվականի գարնանը Երեւանում Մանվել Սարգսյանի մոտ նկատեցի մի թռուցիկներ, որտեղ գրված էր. «Մենք` ներքոստորագրյալներս, համաձայն ենք Լեռնային Ղարաբաղի եւ Նախիջեւանի վերամիավորմանը Մայր Հայաստանի հետ»: Հարցրեցի՝ սա ի՞նչ է: Ասաց, որ նախաձեռնության հեղինակն Իգոր Մուրադյանն է, իսկ Ղարաբաղում այդ հարցերը համակարգում է հուշարձանների պաշտպանության գրասենյակի տնօրեն Սլավիկ Սարգսյանը: Ծանոթացա վերջինիս հետ, վերցրեցի մոտ 100 թռուցիկներ` Հադրութի շրջանում տարածելու համար:


Էմիլ Աբրահամյանը (ձախից):
Լուսանկարը` Նախախորհրդարան:

Սկսեցինք ստորագրահավաքը Հադրութի շրջանում: Մեզ միացավ նաեւ Արթուր Մկրտչյանը, ով աշխատանքի էր անցել Հադրութում: Վախի մթնոլորտ չկար` մենք ամեն ինչ անում էին բացեիբաց եւ, կարելի է ասել, իշխանությունների աչքի առաջ:
Իհարկե, լինում էին ճնշումներ` առանձին մարդկանց հրավիրում էին զրույցների, պահանջներ էին ներկայացնում: Հետագայում հորս ազատեցին աշխատանքից:

1987 թվականի ամռանը եւս մի նամակ ուղղեցինք Գորբաչովին` վերամիավորման պահանջով, որի տակ ստորագրեցին 9 հոգի: Այդ «9-ի նամակը» պատասխան չստացավ, սակայն բավականին մեծ աղմուկ հանեց: Հոկտեմբերի կեսերին կազմակերպեցինք առաջին պատվիրակության այցը Մոսկվա: Պատվիրակությունը՝ Իգոր Մուրադյանի ղեկավարությամբ, պատրաստվում էր ներկայացնել համապատասխան ատյաններին արդեն մոտ 40 հազար ստորագրություն հավաքած պահանջը: Պատվիրակության կազմում էին ակտիվիստներ Հադրութից, Մարտակերտից, Ասկերանից ու Մարտունիից:


Լուսանկարը` Էմիլ Աբրահամյանի արխիվից:

Մոսկվայում հանդիպում ունեցանք Ազգային հարաբերությունների կոմիտեի ղեկավար Միխայլովի հետ: Նա լսեց մեզ եւ խոստացավ հաշվի առնել մեր հնչեցված խնդիրները, սակայն հետագայում պարզ դարձավ, որ Մոսկվային ուղղակի ժամանակ էր պետք, որպեսզի կողմնորոշվի, թե ինչպե՞ս փակել հարցի արդարացի լուծման բոլոր ճանապարհները:

Մեր այցը զուգորդվել էր Չարդախլու գյուղում տեղի ունեցած դեպքերի հետ, եւ Մոսկվայում նույն օրերին գտնվում էր մեկ այլ պատվիրակություն Չարդախլուից, որը ներկայացնում էր իրենց խնդիրը: Առաջարկեցինք նրանց միավորվել, որպեսզի մեր պահանջներն ավելի համոզիչ հնչեն, սակայն իրենք մտավախություն ունեին, որ դա էլ ավելի կբարդացնի իրենց իրավիճակը:

Այդպիսով, 1987 թվականի վերջում ժողովուրդը հայտնվել էր սպասողական վիճակում, քանի որ խնդիրը ներկայացվել էր Մոսկվա եւ բոլորը սպասում էին կենտրոնի արձագանքին:

Եկավ 1988թ. փետրվարի 12-ը: Բնականաբար, Ադրբեջանի իշխանությունները փորձում էին մի բան անել, որպեսզի կարողանան մեր դեմն առնել: Փետրվարի 11-ին Բաքվից Ստեփանակերտ ու Հադրութ ժամանեց մի մեծ իշխանական պատվիրակություն: Ստեփանակերտ ժամանեց Ադրբեջանի Կենտկոմի երկրորդ քարտուղար Վասիլի Կոնովալովը եւ շրջխորհրդի առաջին քարտուղար Բորիս Կեւորկովը, իսկ Հադրութ՝ Օսիպովը, որը մարզի 2-րդ դեմքն էր: Օսիպովը եւ Կեւորկովը Ղարաբաղի ժողովրդի գլխավոր թշնամիներն էին, որոնք ղեկավարվում էին Բաքվից:

Իրենց առաքելությունը կայանում էր նրանում, որպեսզի կուսկոմիտեների միջոցով որոշում կայացնեն, որ մեր շարժումը «ազգայնամոլական ու ծայրահեղական է»: Մենք էլ որոշեցինք, որ չպետք է թույլ տանք, որպեսզի իրենց ուզած որոշմամբ արձանագրություն կազմվի ու ստորագրվի: Նիստը պետք է մեկնարկեր առավոտյան 11:00-ին, ու մենք հինգ հոգով գնացինք այնտեղ: Հասկանում էինք, որ փաստորեն գնում ենք «մենամարտի»:


Լուսանկարը` Էմիլ Աբրահամյանի արխիվից:

Խոսք ուզեցինք, որպեսզի ներկայացնենք մեր ասելիքը, սակայն մեզ մերժեցին: Նիստն անցնում էր շատ լարված մթնոլորտում՝ աղմուկի ու ճիչերի ներքո: Ժողովուրդը գիտեր այդ նիստի մասին եւ, լսելով այդ աղմուկը, սկսեց մոտենալ ռայկոմի շենքին, որտեղ տեղի էր ունենում նիստը: Ժողովրդի կուտակումը բավականին մեծ ճնշում գործեց կուսխորհուրդի անդամների վրա: Նրանք տեսան, որ մեր պահանջը իրոք վայելում է ժողովրդի աջակցությունը:

Մեծ հաշվով, սա ապստամբություն էր Բաքվի, Մոսկվայի ու, ի վերջո, կայսրության դեմ: Ո՞վքեր էին Կոնովալովը եւ Օսիպովը: Պոլիտբյուրոյի կողմից նշանակված մարդիկ, ում պարտականությունների մեջ էր մտնում վերահսկել իրավիճակը: Իրենք ներկա էին, որպեսզի ցույց տան, որ Մոսկվան ներկայացված է այդ ժողովում եւ տեղի ունեցողը կենտրոնի կամքով է: Բայց եկավ մի պահ, երբ ժողովուրդը որոշեց, որ այսուհետ ինքն է իր ճակատագրի տերը:

Երեկոյան շրջկոմը շրջապատված էր մարդկանցով՝ մարդիկ գալիս էին շրջաններից եւ հավաքվածների ընդհանուր թիվը հասնում էր երկու հազարի: Տեղի ունեցավ հանրահավաք, որտեղ հայտարարեցինք, որ առանց մեր թույլտվության որեւէ արձանագրություն չեն կազմի: Նույնը տեղի ունեցավ նաեւ Ստեփանակերտում:

Այդպես մեկնարկվեց քաղաքացիական անհանգստության շրջանը: Հաջորդ օրերին բոլոր հիմնարկները ու տնտեսությունները որոշում կայացրեցին խզել բոլոր կապերը Ադրբեջանի համապատասխան ատյանների հետ: Շատ էին դեպքերը, երբ Հադրութ բարձրաստիճան ղեկավարներ էին գալիս, սակայն ժողովուրդը միանգամից հավաքվում էր Շրջկոմի շենքի մոտ ու դուրս էր հրավիրում նրանց:


Լուսանկարը` Էմիլ Աբրահամյանի արխիվից:

Կարծում եմ, որ Շարժման ակունքները իսկապես Հադրութում են: 1988 թվականի փետրվարի 12-ը տեղի ունեցավ երկրաշարժի պես մի բան, որի էպիկենտրոնը գտնվում էր Հադրութում եւ որի ալիքները սփռվեցին ողջ Ղարաբաղով ու Հայաստանով:

Էմիլ Աբրահամյանի հետ զրուցել է Արամ Արարատյանը:
 
[Շարժում 1988/25] նախագծի բոլոր նյութերը հասանելի են այստեղ:

[Շարժում 1988/25] նախագծի գլխավոր գործընկերն է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին