[Շարժում 1988/25]. Համբարձում Գալստյան եւ Վանո Սիրադեղյան` տխուր ու դաժան խոսքեր - Mediamax.am

exclusive
34869 դիտում

[Շարժում 1988/25]. Համբարձում Գալստյան եւ Վանո Սիրադեղյան` տխուր ու դաժան խոսքեր


Համբարձում Գալստյանը եւ Վանո Սիրադեղյանը հանրահավաքի ժամանակ:
Համբարձում Գալստյանը եւ Վանո Սիրադեղյանը հանրահավաքի ժամանակ:

Լուսանկարը` Զավեն Խաչիկյանի, Արսեն Գալստյանի արխիվից

«Ղարաբաղ» կոմիտեի անդամները Մատենադարանի  մոտ:
«Ղարաբաղ» կոմիտեի անդամները Մատենադարանի մոտ:

Լուսանկարը` Զավեն Խաչիկյանի, Արսեն Գալստյանի արխիվից

Համբարձում Գալստյանը հանրահավաքի ժամանակ:
Համբարձում Գալստյանը հանրահավաքի ժամանակ:

Լուսանկարը` Արսեն Գալստյանի արխիվից

Համբարձում Գալստյանը հանրահավաքի ժամանակ:
Համբարձում Գալստյանը հանրահավաքի ժամանակ:

Լուսանկարը` Արսեն Գալստյանի արխիվից

Համբարձում Գալստյանը եւ Ռաֆայել Ղազարյանը հանրահավաքի ժամանակ:
Համբարձում Գալստյանը եւ Ռաֆայել Ղազարյանը հանրահավաքի ժամանակ:

Լուսանկարը` Զավեն Խաչիկյանի, Արսեն Գալստյանի արխիվից


1988 թվականի գարնանը «Ղարաբաղ» կոմիտեի անդամներ Համբարձում Գալստյանն ու Վանո Սիրադեղյանը հաճախ էին միասին Մոսկվա մեկնում` ռուսական մտավորականության ներկայացուցիչներին Ղարաբաղյան խնդրի էությունը ներկայացնելու համար: Հետո մեկը դառավ Երեւանի քաղաքապետ, մյուսը` ՆԳ նախարար, այնուհետեւ մեկը դարձավ ընդդիմադիր, մյուսը մնաց իշխանավոր:

1996 թվականի դեկտեմբերին Համբարձում Գալստյանի այրին` Նատալյա Գալստյանը, «Գոլոս Արմենիի» ռուսալեզու թերթում նամակ հրապարակեց, որտեղ գրեց, որ իր ամուսնու սպանության կազմակերպիչները «ունեն մեկ ընդհանուր անվանում՝ «Ղարաբաղ» կոմիտե»: Անգամ այսօր, 17 տարի անց, այդ նամակը չափազանց դժվար է կարդալ…

Դրանից 2.5 տարի անց, 1998 թվականի հունիսին, Վանո Սիրադեղյանը, որն այլեւս ՆԳ նախարար ու Երեւանի քաղաքապետ չէր, «Հայաստանի Հանրապետություն» թերթում հրապարակեց «Համբարձում Գալստյանի, ընկերների եւ օտարների մասին» հոդվածը, որը եւս բավական հուզական է` մանավանդ վերջին պարբերությունը…

Այսօր առաջարկում ենք ձեզ կարդալ այդ նամակը եւ հոդվածը` առանց մեկնաբանությունների:

 

Դուք իրավունք չունեք նրան ընկեր անվանել
Նատալյա Գալստյան
«Գոլոս Արմենիի»
19.12.1996

 

Ես երկար լռում էի` փորձելով հապճեպ դատողություններ չանել: Ես բավականաչափ ժամանակ ունեի հիշելու, խորհելու եւ ենթադրություններ անելու համար: Հասկանում էի, որ յուրաքանչյուր հանցագործության մեջ, բացի անմիջական կատարողներից, կան նաեւ մեղսակիցներ ու կազմակերպիչներ: Ու ես սպասում էի անունների, պատճառների, արդարադատության, հատուցման, ի վերջո:

Ակնհայտ է, որ իմ լռությունը սխալ մեկնաբանվեց, եւ ես իզուր սպասեցի: Իմ փոխարեն բարձր ամբիոններից խոսում էին այլոք՝ ստում էին, սուտը լկտիանում էր, թափ հավաքում, նույնիսկ նմանվում իրականության:

Ես քաղաքական գործիչ չեմ, ոչ էլ հետաքննիչ, դատավոր կամ դատախազ: Ես պարզապես կին էի եւ հետնաբեմում ծավալվող բանսարկությունների ու «գորգի տակի» կռիվների, բաց պայքարի ու գաղտնի դիմադրության ականատեսը: Ինձ դեռեւս հայտնի չեն կատարված ողբերգության բոլոր մանրամասները, բայց այժմ ես գիտեմ գլխավորը՝ ով է մեղավորը: Ես շատ լավ գիտեմ, թե ով է սպանել ամուսնուս, ինչպես նաեւ գիտեմ այն, որ իրական մարդասպաններն երբեք պատիժ չեն կրի: Նրանք չափազանց շատ են (ի նկատի ունեմ ոչ անմիջական կատարողներին. նրանք պարզապես զինվորիկներ են կեղտոտ խաղի մեջ), եւ նրանց անունները գիտեն բոլորը: Նրանք ունեն մեկ ընդհանուր անվանում՝ «Ղարաբաղ» կոմիտե:

Մեղավոր են բոլորը: Նրանք, ովքեր թունավորում էին Համբարձումին՝ անվանելով գող, եւ նրանք, ովքեր փոքրոգի էին կամ հաշվարկված լռում էին; նրանք, ովքեր թաքնվելով նրա մեջքի ետեւում եւ ժամանակին «թռչելով գնացքից»՝ նրան հրում էին անիվների տակ; նրանք, ովքեր իրեն էին դիմում մեկնած ձեռքով, եւ նրանք, ովքեր հրաժարվում էին օգնությունից, քանի որ այն կխանգարեր լցնել սեփական գրպանները: Ի վերջո, նրանք, ովքեր դասական մաֆիոզական օրենքներով սկզբում փորձում էին ընտելացնել, հետո «ընդգրկել իրենց մասնաբաժնում», ապա՝ զրպարտել, ի վերջո՝ ահաբեկել:

«Այդ խաղում խաղադրույքն ավելի մեծ էր, քան կյանքը՝ իր կյանքը, այդ պատճառով եզրափակիչը կանխորոշված էր»

Այդ մարդկանց հետ էր Համբարձումը կապել իր կյանքը 1988 թվականին: Նրանց հետ էր նա անցել կրակի ու ջրի միջով: Բայց ահա եկավ «պղնձե փողերի» ժամանակը, եւ ճանապարհները բաժանվեցին: Ամեն ինչից անկախ՝ նա նրանց մեծ մասին ընկեր էր համարում եւ պատրաստ էր նրանց հետ կիսել պատասխանատվությունը Հայաստանում կատարվող ամեն ինչի համար: Հավանաբար, նա վատ էր ճանաչում մարդկանց եւ չէր նկատում, որ նրանցից յուրաքանչյուրը վաղուց «իր խաղն է խաղում»: Այդ խաղում խաղադրույքն ավելի մեծ էր, քան կյանքը՝ իր կյանքը, այդ պատճառով եզրափակիչը կանխորոշված էր: Նախկին «կոմիտեականները» անցել էին բարիկադի տարբեր կողմերը, բայց, ըստ էության, շատ քիչ էին տարբերվում միմյանցից: Ոմանք ցանկանում էին պահպանել իշխանությունը, մյուսները՝ ձեռք բերել այն, երրորդները՝ պարզապես լինել իշխանության կողքին: Նրանցից յուրաքանչյուրի հետեւում կանգնած էին նաեւ այլ մարդիկ, այլ ուժեր` ոչ թե առասպելական «կլաններ», այլ շատ կոնկրետ անձինք` իրենց հավակնություններով, հետաքրքրություններով, շահերով: Բայց կծիկի սկիզբը նրանց շարքում է, ըստ երեւույթին, վերջը՝ նույնպես:

Համբարձումն անհարմար էր դարձել բոլորի համար, եւ հարվածներ էր ստանում բոլոր կողմերից՝ չկարողանալով կասեցնել դրանք. չէ՞ որ նրանք իր ընկերներն էին…


Համբարձում Գալստյանը հանրահավաքի ժամանակ:
Լուսանկարը` Արսեն Գալստյանի արխիվից

Ո՞րն էր նրանց շարժիչ ուժը: Նախանձն ու ատելությունը: Ոչնչությունների նախանձը անձի նկատմամբ եւ ապաշնորհների նախանձը՝ տաղանդի; գողերի ատելությունը նրա նկատմամբ, ով գումար էր վաստակում սեփական աշխատանքով, ծախու երեսփոխանների ատելությունը նրա նկատմամբ, ով չէր վաճառվում, եւ պարզապես մարդուկների ատելությունը Մարդու նկատմամբ:

Նա երբեք չէր դավաճանում ընկերներին, այդ պատճառով չէր կարող հավատալ դավաճանությանը: Նա կարողանում էր ուրախանալ ուրիշների հաջողություններով, ինչպես սեփականներով, եւ այդ պատճառով չգիտեր, թե ինչ է նախանձը: Հայրենիքն ու հայրենասիրությունը նրա համար դատարկ խոսքեր չէին, ոչ էլ աստիճան կարիերայի համար, այդ պատճառով նա չէր կարող լուռ նայել, թե ինչպես են ցեխը գլորում այն, ինչն իր համար սրբություն էր: Այո, նա նույնպես սխալվել է, այո, սխալվել է ու տանջվել իր ու ուրիշի մեղքով, եւ ամաչել է թե իր, թե նրանց փոխարեն, ում բնորոշ չէ խղճի խայթը. չէ՞ որ կարծես թե «ցանկանում էին ինչպես ավելի լավ է, ստացվեց, ավաղ, ինչպես միշտ»: Համբարձումը չէր ցանկանում ոչ իշխանություն, ոչ պաշտոն, ոչ փառք, ոչ արտոնություններ: Նա պարզապես ցանկանում էր եւ կարող էր աշխատել: Աշխատանքում նրա հիմնական նպատակը մարդկանց օգնելու հնարավորությունն էր եւ իր երկրի համար առավելագույնն անելու ցանկությունը: Եվ քաղաքականության մեջ, եւ բիզնեսում, եւ ընկերության մեջ նա ազնիվ էր, իսկ այդ որակն այժմ հարգի չէ, «բաց խաղը» վտանգավոր խաղ է:
 

«Ղարաբաղ» կոմիտեի անդամները Մատենադարանի  մոտ:
Լուսանկարը` Արսեն Գալստյանի արխիվից

Նա պաշտում էր մեր փոքրիկ դստերը եւ հպարտանում, որ վերջինս շատ է սիրում Երեւանը, ինչպես հայրիկը: Հիմա Մարիամն ատում է այդ քաղաքը եւ ինձանից թաքցնում «Ղարաբաղ» կոմիտեի «վատ մարդկանց» լուսանկարները: Այդ քաղաքն ու այդ մարդիկ սպանել են նրա հորը, իսկ ես չեմ կարող փոքրիկիս բացատրել ՝ ինչու: Նրա համար, որ սիրու՞մ էր, նրա համար, որ չէ՞ր դավաճանում, նրա համար, որ չէ՞ր գողանում, նրա համար, որ իր փոքրիկի ու մյուսների համար ցանկանում էր լավագույն կյա՞նքը, եւ ոչ թե «այնտեղ», այլ այստեղ՝ Հայրենիքում: Հայրիկի փոքրիկ պատճենը նայում է ինձ ոչ մանկական աչքերով ու հարցնում. «Մայրիկ, ի՞նչ է նշանակում` սպանել են: Ի՞նչ է նշանակում` «երբեք չի գալու»: Մի՞թե նա ունակ է հասկանալ, թե ինչ է ստորությունն ու դավաճանությունը, փոքրոգությունն ու ուխտադրժությունը, եւ թե ինչպես է մարդկանց ստրուկ դարձնում անպատժելիության իշխանությունն ու իշխանության անպատժելիությունը:

Բայց ես գիտեմ, որ իմ երեխան կարող է հպարտանալ իր հայրիկով: Իսկ դուք ի՞նչ եք թողնելու ձեր հետնորդներին: Հավանաբար, ամեն ինչ, բացի բարի անունից:

«Ձեզանից ոչ ոք՝ Լեւո՛ն, Բաբկե՛ն, Վանո՛, Վազգե՛ն, Ալեքսա՛ն, Դավի՛թ եւ այլոք, ոչ ոք իրավունք չունի այդպես խոսել: Քանի որ ոչ ոք չի մաքրվի Հուդայի խարանից ու Կայենի անեծքից»

Ձեր հետաքննությունը ոչ մի արդյունք չտվեց: Եվ ոչ թե այն պատճառով, որ մենք հրաժարվեցինք համագործակցությունից: Տեղեկատվությունն ավելի քան բավարար էր: Իսկ եթե այն բավականացրեց ամբողջ քաղաքական կուսակցությունն արգելելու համար, մի՞թե պետական ուժային կառույցների ամբողջ հզորությունը քիչ էր մարդասպաններին դիմակազերծելու համար: Իսկ միգուցե սխա՞լ վայրում էին փնտրում: Եթե հարցաքննեին իրենց մերձավոր շրջապատին, հարազատներին ու բարեկամներին, հաստատ կգտնվեին ջրում ոչ հմտորեն թաքցված ծայրերը:

Ինձ համար տհաճ է թվարկել այն ստորացումները, որոնցով ուղեկցվում էր դատը մեզանից ապօրինի խլված բնակարանի վերաբերյալ: Մի՞թե դրանք եւս դաշնակների դավերն էին: Ոչ, դա իշխանություն ունեցողների անսահման ցինիզմն ու սրբապղծությունն էր, ովքեր համարձակվում էին Համբարձումին իրենց ընկերն անվանել:

Ձեզանից ոչ ոք՝ Լեւո՛ն, Բաբկե՛ն, Վանո՛, Վազգե՛ն, Ալեքսա՛ն, Դավի՛թ եւ այլոք, ոչ ոք իրավունք չունի այդպես խոսել: Քանի որ ոչ ոք չի մաքրվի Հուդայի խարանից ու Կայենի անեծքից: Դավաճանությունն ամենաահավորն է մահացու մեղքերից, թող այդ մասին հիշեն տաճարներում մոմեր վառող ինքնակոչներն ու նրանց շքախմբերը:

Ինձ ձեզանից ոչինչ հարկավոր չէ: Ոչ կեղծ խոսքեր, ոչ կոկորդիլոսի արցունքներ, ոչ խղճուկ ողորմություն: Ես շնորհակալ եմ այն սակավաթիվ մարդկանց, ովքեր իրենց մեջ արիություն գտան ասել ճշմարտությունը Համբարձումի ու ձեր մասին: Պատմությունը լավագույն դատավորն է եւ, հուսով եմ, այն ի կատար կածի իմ կողմից կայացրած դատավճիռը՝ բոլորին հատուցելով ըստ արժանվույն:


Համբարձում Գալստյանը հանրահավաքի ժամանակ:
Լուսանկարը` Արսեն Գալստյանի արխիվից

 

Համբարձում Գալստյանի, ընկերների եւ օտարների մասին
Վանո Սիրադեղյան
«Հայաստանի Հանրապետություն»
04.06.1998թ.

 

Չլիներ տապանագիրը, էլի կլռեի: Բայց մեր երեխաները մեծանում են մեր տխմարության դաշտում եւ չեմ կարող ասել, որ շիրմաքարին անեծք չեն գրում: Համենայն դեպս, քրիստոնյա աշխարհում ինձ հայտնի չէ դեպք, որ կյանքի ու մահվան սահմանին լուտանք դաջվի: «Հեղափոխությունները նախապատրաստում են ռոմանտիկները, կատարում են ֆանատիկները, իսկ արդյունքից օգտվում են սրիկաները». Կարդալով` առաջին միտքս էր, որ սա հարազատի մտահղացում չէ: Օտարի ձեռք է: Շիրիմին` օտար, սրտով` օտար, հավատալով` օտար:

«Մանուչարյանը երեխայի ու զինվորի նման իրեն լսող ընկերոջը փորձանքից փորձանք էր նետում, սկսած 88-ին միլիցիայի եւ զինվորների շարքերի դեմ կամերայով կռիվ սարքելուց»

«Տիեզերք»-ի (Համբարձում Գալստյանի ընկերությունը-Մեդիամաքս) միջնորդ-առեւտրական գործունեության ստուգումները հանձնված էր դատախազության, ու գործը գնում էր կարճման: Կրքերը հանդարտվել են: Երկու ամիս է` Համբարձում Գալստյանը ապրում-աշխատում է Մոսկվայում: Ու հանկարծ դեկտեմբերի 11-ին ժամանում է Երեւան, ամսի 16-ին հարցազրույց է տալիս Վահան Իշխանյանին, որում խոսում է հանգուցյալ Յուզբաշյանի` նոր իշխանություններին ծառայություններ մատուցելու եւ նրա «շատ բան իմանալու» մասին: 19-ին Համբարձումին սպանում են: Սպանում են Արա Սահակյանի ծննդյան օրը, այն ժամին, երբ նրա տանն է գրեթե ողջ իշխանությունը` նախագահից սկսած (ես նախագահին հեռախոսով գտնում եմ այնտեղ), եւ ակնհայտ է, որ այնտեղ չի լինի Մանուչարյանի պատճառով Արա Սահակյանի հետ գժտված Սիրադեղյանը: Եվ «իշխանությունների արածն է» վարկածի առաջին հեղինակն է լինում Մանուչարյանը (որը երեխայի ու զինվորի նման իրեն լսող ընկերոջը փորձանքից փորձանք էր նետում, սկսած 88-ին միլիցիայի եւ զինվորների շարքերի դեմ կամերայով կռիվ սարքելուց, վերջացրած իշխանության եւ «Դաշինքի» առճակատման հորձանուտը մղելով) «Ազգային դաշինքի» հետ միասին, հավանաբար ակնարկելով, որ իշխանությունից մեկը  խնջույքում լինելու նման հզոր ալիբի չունի: Այդպիսի առիթ այլեւս չի լինի, եւ այդ օրերը դառնում են նախաապստամբական: Դավիթ Շահնազարյանի վճռական գործողություններով դրությունը փրկվում է: Բայց այսքա՞ն զուգադիպություններ: Նաեւ պարզվում է, որ ՆԳ նախարարի կողմից պարգեւ տրված, տեքստը մետաղին փորագրված` ակնթարթորեն գործի դնելու ունակ «Նագան» տիպի զենքը ոչ հանգուցյալի վրա է, ոչ մեքենայում, ոչ եղբոր մոտ: Նաեւ, աչքի անցկացրեք այդ օրերին օդերեւութաբանների գրառումը` Երեւանում տեսանելիությունը 5 մետրից ավելի չէ:

«Տարբերություն չեմ տեսնում մարդասպանի ու «տարեգրի» միջու: Ավելի ճիշտ, մեկը մյուսի գործը շարունակել է: Մեկը մեր այս հերոսական տասնամյակի մեջ դրել է այս շիրիմը, մյուսը մեր ապստամբ ընկերության ճակատին փորագրել է այս նզովքը, որպեսզի քանի ապրում ենք` կասկածենք իրար»

Երբ ասում եմ` կան բացահայտման տեսակետից անհուսալի գործեր, ես նկատի ունեմ ոչ միայն մարդասպանների վարպետությունը, այլեւ այն մթնոլորտի առկայությունը, որում աշխատում են իրավապահ մարմինները: «Քաղաքական սպանություն», «իշխանության ձեռքը» ու նման կարգի մարտակոչերը կաթվածահար են անում իրավապահ մարմիններին եւ թարմ հետքերով գնալու բացառիկ արդյունավետ օրերը անդառնալիորեն կորսված են լինում: Այս սպանության պարագային` ինչ գերմարդկային ճիգեր էլ գործադրեին պետական անվտանգության եւ դատախազության մարմինները, գործը դատապարտված էր չբացահայտվելու:

Գործին խառնվել էր քաղաքականությունը` ընկերոջ մահվան բացառիկ առիթով:

Իրավապահ մարմիններին ու պետական կառույցներին թողնենք մի կողմ, ես ուզում եմ մարդկանց ու կուսակցությունների (ովքեր հավակնում են իշխանության) ուշադրությունը հրավիրել սպանությունների հետեւյալ շարքի վրա` Յուզբաշյան- Աշոտ Սարգսյան-Վարդգես Պետրոսյան-Համբարձում Գալստյան: Այս մարդկանց կյանքն ու գործը վերջին 20 տարիներին բազմիցս հատվել են: Այս առիթով ուշադրություն դարձրեք նաեւ հետեւյալի վրա. Փորձեք մի սուտ տարածել բանավոր ճանապարհով, նույնիսկ թերթերում գրեք եւ կտեսնեք, որ ամսից ավելի կյանք չունի, որոշակի ժամանակ անց մտնում է փակուղի: Բայց ինչի՞ց էր, որ շրջող լուրերի մի քանակ ամիսներով, տարիներով մնում է շրջանառության մեջ, մնում է մթնոլորտում: Որովհետեւ արվում է տասնամյակներով կարգավորված մեքենայի միջոցով: Այդ մեքենան օտարի մեքենա է, բայց աշխատում է մեր մեջ ու մեր միջոցով:

Իսկ կուսակցություններին դիմում եմ, որովհետեւ սա արդեն ազգային անվտանգության հարց է:


Համբարձում Գալստյանը եւ Ռաֆայել Ղազարյանը հանրահավաքի ժամանակ:
Լուսանկարը` Արսեն Գալստյանի արխիվից

Դառնամ Համբարձում Գալստյանի շիրմաքարին` ասելու համար, ես տարբերություն չեմ տեսնում մարդասպանի ու «տարեգրի» միջու: Ավելի ճիշտ, մեկը մյուսի գործը շարունակել է: Մեկը մեր այս, վերջին հաշվով, հերոսական տասնամյակի մեջ դրել է այս շիրիմը, մյուսը (հիմարաբար` գուցե) մեր ապստամբ ընկերության ճակատին փորագրել է այս նզովքը, որպեսզի քանի ապրում ենք` կասկածենք իրար, եւ հուր-հավիտյան զղջանք մեր բռնած մեծ գործի եւ, գուցե, մեր վերջին միաբանության համար:

Շնորհակալություն ենք հայտնում Արսեն Գալստյանին` լուսանկարներ տրամադրելու համար:

[Շարժում 1988/25] նախագծի բոլոր նյութերը հասանելի են այստեղ:

[Շարժում 1988/25] նախագծի գլխավոր գործընկերն է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին