ReAnimania, «44 աստիճանի վրա», Funky fun, Synthwave/Retrowave - Mediamax.am

exclusive
1546 դիտում

ReAnimania, «44 աստիճանի վրա», Funky fun, Synthwave/Retrowave


Լուսանկարը` Lofa Arlington


Առաջիկա հանգստյան օրերն, ամենայն հավանականությամբ, անձրեւոտ են լինելու: Իհարկե, կարող եք դրանք անցկացնել տանը՝ տաք թմեյ խմել, գիրք կարդալ կամ կինո նայել: Բայց եթե անձրեւից չեք վախենում, ծանոթացեք շաբաթ եւ կիրակի օրերի մեր ուղեցույցին:

ՇԱԲԱԹ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27

«Սարգիս Մուրադյան» պատկերասրահում բացվել է վրացահայ նկարիչ Թենգիզ Միկոյանցի՝ «Թբիլիսի՝ իմ փոքրիկ Փարիզ» անհատական ցուցահանդեսը:


Շատերի կողմից սիրված եւ յուրահատուկ միջավայրով տարբերվող քաղաքի պատկերներին կարելի է ծանոթանալ ժամը 12:00-ից 18:00-ը:

***

Տիկնիկային թատրոնի բեմում  հայտնվելու են կոշկակար «Աբու Հասանի մաշիկները» եւ մի լավ «պարացնելու» են  իրենց տիրոջը:


Ներկայացման սկիզբը՝ ժամը 12:00-ին, տոմսերի արշեքը՝ 800-1400 դրամ:

***

Ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Խաչատրյանի միջազգային 6-րդ փառատոնի շրջանակներում կհնչեն մեծանուն կոմպոզիտորի Կոնցերտ ռապսոդիաները՝դաշնամուրի եւ թավջութակի համար:


Մենակատարներ՝ Արմեն Բաբախանյան, Արամ Թալալյան:

Տոմսերի արժեքը՝ 2 000-7 000 դրամ:

***

Նույն ժամին Համազգային թատրոնում կսկսվի «44 աստիճանի վրա» մեկ գործողությամբ դրաման՝ ըստ Տիգրան Հայրապետյանի պատմվածքի: Այն պատմում է հայրենադարձ զույգի եւ դատարկվող Հայաստանի մասին:


Տոմսերի արժեքը՝ 1 000-2 000 դրամ:

***

Ժամը 19:00-ին Գ.Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում «Սասնա ծռեռ» ժողովրդական էպոսի բեմադրության պրեմիերան է լինելու՝ հագեցած ժամանակակից լուծումներով:

Տոմսերի արժեքը՝ 1 000-3 000 դրամ:

***

Ժամը 21:30-ին Kami ակումբը հրավիրում է Funky fun երեկոյի՝ Kami Friends Project-ի մասնակցությամբ:


Տոմսերի արժեքը՝ 3 000 դրամ:

***

B4Room ակումբում (Տերյան 105/1) Zhesht Events-ը նախահելոուինյան լուրջ պատրաստություն է տեսնելու:


Synthwave/Retrowave (էլեկտրոնային երաժշտության ուղղվածություն՝ հիմնված 1980-ականների երաժշտության ընդօրինակման եւ այդ տարիների ֆիլմերի եւ վիդեոխաղերի մթնոլորտը վերարտադրության վրա ) հավաքույթին հարկավոր է ներկայանալ  80-ականների չարագործի կամ հերոսի կերպարով, խմիչք ստանալ, ինչպես նաեւ՝ օգտվել անվճար դիմահարդարման ծառայությունից, ստանալ կախարդական նեոնային փայտիկը եւ ինքնամոռաց պարել:

Սկիզբը՝ ժամը 21:00-ին:

Տոմսերի արժեքը՝ 2 000 դրամ+ ֆեյս քոնթրոլ:

ԿԻՐԱԿԻ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28

Կիրակին հագեցած է մանկական միջոցառումներով:

Ժամը 11:30-ին Ilik-ում (Մաշտոցի 25) խաղարկվելու է «Գտնված Երազը»:

3-8 բալիկների օգնությամբ փոքրիկ աղջիկը մտնելու է նկարի մեջ, հանդիպելու է ծերուկին եւ վերադարձնելու է պապիկի քունը: 


Յուրաքանչյուր երեխայի մասնակցության արժեքը կազմում է 1000 դրամ: Նախապես գրանցվելու համար զանգահարեք 098 54 69 66 հեռախոսահամարով:

***

Gastropolis-ում ժամը 13:00-ից 16:00-ը 5+ երեխաները մասնակցելու են խոհարարական դասընթացների եւ սովորելու են իրենց ծնողների համար համեղ տորթ պատրաստել: Ծնողներն էլ կարող են հետեւել գործընթացին եւ պարծենալ:


Գրանցման եւ մանրամասների համար զանգահարեք 011 511 511 հեռախոսահամարով:

***
 
Ժամը 17:00-ին «Երազ» մանկական զարգացման կենտրոնում մամաներն ու բալիկները բատիկայի դաս են ունենալու եւ զարդարելու են թաշկինակներ, շարֆիկներ:


Մայրիկի եւ երեխայի մասնակցության արժեքը՝ 2 000 դրամ:

Գրանցվելու համար զանգահարեք 091 900 903 հեռախոսահամարով:

***

Կիրակի կկայանա «ReAnimania» անիմացիոն ֆիլմերի եւ պատկերապատման կինոփառատոնի բացումը: Այս տարի նշվելու է փառատոնի 10 ամյակը եւ hայկական անիմացիայի 80-ամյակը: Մինչեւ նոյեմբերի 3-ը ցուցադրվելու են բազմաթիվ անիմացիոն ֆիլմեր, որոնք ներառվել են 5 մրցութային ծրագրերում:

Ցուցադրման ժամերի եւ միջոցառումների մասին տեղեկությունները ներկայացված են ասյտեղ:


***

Ժամը 19:00-ին Կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) եւ թավջութակահար Միքայել Նավասարդյանի համերգը՝ բրազիլացի դիրիժոր Դեբորա Վոլդմանի ղեկավարությամբ:


Ծրագրում՝ Վիլա Լոբոս, Բախ, Մալեր, Մոցարտ, Բրուխ:

Տոմսերի արժեքը՝ 2 000-3 000 դրամ:

***

Արշավասերների եւ ակտիվ հանգիստը նախընտրողների  համար նույնպես «գործ կա»:

OneWay Tour-ը կիրակի օրը բոլոր ցանկացողներին տանում է Սյունիք` տեսնելու Սմբատաբերդը, Ցաղաց Քար միջնադարյան վանքային համալիրը եւ Զորաց եկեղեցին:


Մասնակցության արժեքը՝ 6 000 դրամ:

Արշավին վերաբերող մանրամասներին ծանոթացեք այստեղ:

***

ArmLand զբոսաշրջային ակումբը ուղեւորվելու է դեպի Սառցապատ լեռը: Այն Իջեւանին հարող լեռների ամենաբարձր գագաթն է՝ 2532 մետր:


Մասնակցության արժեքը կազմում է 8 000 դրամ, ներառում է ուղեկցորդի,ամենագնաց մեքենաների եւ տրանսպորտի ծառայությունները: Մանրամասներին ծանոթացեք այստեղ:

Աննա Բուբուշյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին