ՇԱԲԱԹ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15
Շաբաթ օրը Կիրովի մանկական այգում սեպտեմբերին համահունչ միջոցառում է սպասվում: Ժամը 11:00-ին այստեղ սկսվի Բերքի տոնը, որը կուղեկցվի կենդանի երաժշտությամբ, երգով ու պարով:
Ցուցադրվելու են Հայաստանի, Վրաստանի եւ Իրանի ֆերմերների կողմից աճեցված, թարմ ու վերամշակված մրգերն ու բանջարեղենները:
Միջոցառումը կտեւի մինչեւ ժամը 17:00-ը:
***
Կեսօրին Էօնում փոքրիկ Մաշան հանդիպելու է երեք արջերին՝ մանկական ինտերակտիվ ներկայացման բերումով:
Ներկայացումը նախատեսված է 3-8 տարեկան երեխաների համար: Նախապես գրանցվելու համար զանգահարեք 098 54 69 66 կամ 095 53 87 66 հեռախոսահամարներով:
Մասնակցության արժեքը՝ 1000 դրամ:
***
Հեքիաթային տարրեր ունեցող մեկ այլ միջոցառում կկայանա Գրականության եւ արվեստի թանգարանում (Արամի 1): Ժամը 15:00-ին Տիկնիկային թատրոնի դերասանուհի Տաթեւ Հովակիմյանը Օսկար Ուայլդի «Եսասեր հսկա» հեքիաթն է ներկայացնելու:
Դրա ավարտից հետո տիկնիկագործի օգնությամբ բոլորը միասին պատրաստելու են հեքիաթի կերպարներից մեկին:
Նախնական գրանցումը պարտադիր է՝զանգահարեք 055 808115 հեռախոսահամարով:
***
Ժամը 17:00-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կկայանա անվանի դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանի եւ «Սպեղանի» երգչախմբի համերգը:
Մուտքն ազատ է:
***
Բալետային մեծ երեկո է սպասվում Օպերայի եւ բալետի թատրոնում: Ժամը 19:00-ին հանդիսատեսին կներկայացվի արդեն հայտնի դարձած «Երազ» բալետ-ներկայացումը՝ բժշկության գիտությունների դոկտոր Էդուարդ Համբարձումյանի երաժշտության հիման վրա եւ թատրոնի մենակատար Ժակլին Սարխոշյանի գլխավոր դերակատարությամբ:
Երկրորդ բաժնում բեմը կվերափոխվի Չայկովսկու «Շչելկունչիկ» կախարդական բալետի երկրորդ գործողության համար:
Տոմսերի արժեքը՝ 2000-8000 դրամ:
***
Ժամը 20:30-ին «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի «Վագրիչն ու սեւ քառակուսին» ֆիլմը՝ նվիրված հայազգի կոլաժիստ եւ նկարիչ Վահրիճ Բախչանյանի 80-ամյակին:
Վահրիճ Բախչանյանի ստեղծագործություններից
Հարգանքի տուրք հանդիսացող այս ֆիլմում վավերագրական կադրերը միահյուսված են լուսանկարների, ժամանակակից նկարահանումների եւ անիմացիայի հետ:
Վահրիճ Բախչանյանի ստեղծագործություններից
ԿԻՐԱԿԻ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16
Կիրակի օրը սարեր նվաճելու հնարավորություն կունենաք:
Ecotour-ը առաջարկում է բարձրանալ Արագածի Արեւելյան եւ Հյուսիսային գագաթները: Քայլարշավը սկսելու է Գեղարոտի կիրճից, որի մոտ ձեզ կտանի բեռնատար մեքենան:
Մասնակցության արժեքը՝ 6000 դրամ:
Արշավի համար անհրաժեշտ պարագաների եւ գրանցվելու պայմաններին ծանոթացեք այստեղ:
***
«Հատիս Տուրը» բոլոր ցանկացողներին Փամբակի կենտրոնական լեռնաշղթայի մաս կազմող Արտավազ լեռն է «բարձրացնելու»: Արշավի մանրամասները ներկայացված են այստեղ:
Մասնակցության արժեքը՝ 7000 դրամ:
***
Ժամը 18:00-ին Օպերայի եւ բալետի թատրոնում տեղի կունենա Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական ու շատ սիրված անսաբլի համերգը:
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ:
***
«Գոյ» թատրոնում ժամը 19:30-ին խաղալու են Արմեն Մազմանյանի հիշատակին նվիրված «Մարատ/Սադ» բեմադրությունը՝ հեղափոխական Ժան Պոլ Մարատի կյանքի մասին, որը պատմել են հոգեբուժարանի դերասանները՝ Մարկիզ դե Սադի ղեկավարությամբ:
***
Mezzo ակումբում ժամը 21:00-ին կկայանա Nemra-ի համերգը: Խումբը կազմավորվել է 2012 թվականին, նվագում է ոչ միայն ալտերնատիվ ռոք, այլեւ հանդես է գալիս հայկական ժողովրդական երգերի սեփական մեկնաբանությամբ:
Տոմսերի արժեքը՝ 3000-5000 դրամ:
Աննա Բուբուշյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: