Ամառը կրկին անցավ մեկ ակնթարթի պես, որպես սփոփանք՝ ջերմացնող հուշեր թողելով:
Արձակուրդները պաշտոնապես ավարտվեցին, հաճելի ծուլությանը փոխարինելու եկավ ամեն ինչ նոր ուժերով սկսելու վճռական պատրաստակամությունը, շաբաթ-կիրակիներին էլ աստիճանաբար վերադառնում է «ամենասպասված օրեր» կարգավիճակը, որի անփոխարինելի մասն են կազմում լավ ու հետաքրքիր միջոցառումները:
ՇԱԲԱԹ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8
Շաբաթ օրը մի լավ քնելուց հետո երեխաները ուրախ կլինեն ժամը 12:00-ին հայտնվել Տիկնիկային թատրոնում եւ դիտել նոր՝ «Անահիտ» ներկայացումը`բեմադրված հայկական ամենահայտնի հեքիաթներից մեկի հիման վրա:
Տոմսերի արժեքը՝ 800-1400 դրամ:
***
Երեւանին կարոտածները երեկոյան կարող են մասնակցել «Երեւանյան պատմություններ» բացօթյա քվեստին եւ բացահայտել Աբովյան փողոցի պատմությունը:
Արկածների սկիզբը՝ ժամը 19:30-ին:
Գրանցվելու եւ մասնակցության արժեքին վերաբերող բոլոր մանրամասները ներկայացված են այստեղ:
***
Ավելի «մռայլ» տրամադրվածներին ժամը 19:00-ին սպասելու են Stop ակումբում՝ Black Metal Meeting-ի, որի ընթացքում ելույթ կունենան համապատասխան երաժշտական ուղղվածության չորս խմբեր:
Տոմսերի արժեքը՝2000 դրամ:
ԿԻՐԱԿԻ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9
Կիրակնօրյա բարության չափաբաժնի ետեւից հարկավոր է գնալ Խամաճիկների պետական թատրոն, որտեղ ժամը 12:30-ին երեխաները կպարզեն, թե ով է ոզնու «Իսկական ընկերը»:
Տոմսերի արժեքը՝ 1000 դրամ:
***
Ժամը 19:00-ին Կամերային երաժշտության տանը կկայանա համերգ-շնորհանդես. Հայաստանի պետական կամերային երգչախումբը ներկայացնելու է «Ալեակ» ֆոլկ եռյակը: Համերգի ծրագրում ժողովրդական երգերի մշակումներ են, որոնցից մի քանիսը կհնչեն առաջին անգամ:
Տոմսերի արժեքը՝1000 դրամ:
***
Մեկ այլ ֆոլկ համերգ կլինի Stop ակումբում: Ժամը 21:00-ին այնտեղ կնվագի Tchamich Music ակուստիկ տրիոն, որը հայկական ժողովրդական երաժշտությունը ներկայացնում է սեփական գործիքավորմամբ եւ մշակումներով:
***
Արշավները շարունակում են արդիական մնալ նաեւ աշնանը:
Վաղ առավոտյան «Գիտարշավ» ակումբի գլխավորությամբ բոլոր ցանկացողները ուղեւորվելու են դեպի Եղվարդ՝ Թղիթ բերդը եւ Նեղուցի վանքը տեսնելու համար: Մանրամասները ներկայացված են այստեղ:
Աննա Բուբուշյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: