Հուլիսի հենց առաջին օրերից վրա հասած տապը «սպանում» է որեւէ ակտիվ գործունեություն ծավալելու ձգտումները, սակայն նույնիսկ այս անմարդկային պայմաններում կարելի է գտնել որոշ հետաքրքիր շաբաթօրյա միջոցառումներ, կիրակի օրն էլ մի լավ զովանալ՝ Վարդավառի շնորհիվ:
ՇԱԲԱԹ, ՀՈՒԼԻՍԻ 7
Գորիսից 4 կմ հեռավորության վրա գտնվող Քարահունջ գյուղում թթի փառատոն է լինելու: Ձեզ սպասում են թութ թափ տալու մրցութային արարողություն, օղի թորելու, դոշաբ պատրաստելու վարպետության դասեր, չրի, մուրաբայի եւ Սյունիքի ավանդական ուտեստների ցուցահանդես-վաճառք եւ ժողովրդական երգի ու պարի ներկայացում:
Տուրիստական գործակալությունների առաջարկներին եւ սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ:
***
Վստահ ենք, որ բիթլոմանները իրենց սիրելի երաժիշտների համար պատրաստ կլինեն շաբաթ օրը ցերեկը տանից դուրս գալ՝ ամենատարեց Բիթլի՝ Ռինգո Սթարի 78 ամյակը շնորհավորելու նպատակով:
Լուսանկարը` Getty Images
Կեսօրին The Beatles Pub-ում (Պուշկինի 60) շնորհավորական ուղերձը կհնչի լայվ հոլովակի միջոցով, որը կտարածվի Ռինգոյի պաշտոնական էջի, այնուհետեւ՝ Բիթլզի ֆեյսբուքյան էջի կողմից:
***
Ժան Պոլ Էքզիստենցիալ սրճարանում ժամը 18:00-ից վերսկսվելու են կուկուռուզ ուտելու օրերը: Հյուրասիրող կողմը խոստանում է մեծ քանակությամբ եգիպտացորեն եփել, մնում է հասնել սրճարան եւ մասնակցել համեղ գործընթացին:
***
Ժամը 19:00-ին «Գուրու» նորաբաց սրճարան-ռեստորանի բակում կկայանա «Այբ» ավագ դպրոցի «Արվեստանոց» ակումբի աշակերտների «Մի կտոր Երեւան» ճեպանկարների ցուցահանդեսը: Միջոցառման ընթացքում կխոսվի նաեւ քաղաքի հին շինությունների եւ նրանց պահպանման մասին եւ կցուցադրվի աշակերտների ճեպանկարների հիման վրա ստեղծված «Մի կտոր Երեւանցի» մարդուկի անիմացիոն պատմությունը:
Միջոցառմանը մասնակցելու համար գրանցվեք այս հղումով:
ԿԻՐԱԿԻ, ՀՈՒԼԻՍԻ 8
Վարդավառի տոնը շատերի մոտ հակասական զգացմունքներ է առաջացնում, որոնք հիմնականում կապված են կամքին հակառակ փողոցում ջրված լինելու մեծ հավանականության հետ: Չնայած դրան, Վարդավառը շարունակում է մնալ երեխաների սիրված տոներից մեկը, մեծերի մոտ էլ մանկության հուշեր է արթնացնում՝ ջրվելու համար անհրաժեշտ «պզիկների», առաջին հարկի հարեւաններից ջուր խնդրելու, «աղջիկներն ընդդեմ տղաների» թեժ ջրային պայքարի, բակում չորացող բուրդը չփչացնելու եւ հարազատների՝ տուն կանչելու ապարդյուն փորձերի մասին:
Վերջին տարիներին Վարդավառի ձեւաչափը ընդլայնվել է, այդ օրը քաղաքի գրեթե բոլոր վարչական շրջանների ջրավազանների մոտ կազմակերպվում են ուրախ միջոցառումներ, որոնցից ամենահայտնին տեղի է ունենում Կարապի լճի տարածքում՝ ջրցան մեքենաների ներգրավվմամբ:
Այս տարի Կարապի լճում հանգիստ խղճով լողանալ կարելի է ժամը 11:00-ից:
***
Թեժ ջրոցի են խոստանում նաեւ Երազի այգում: Ժամը 10:00-ից հնարավոր կլինի մասնակցել ջրախաղերին, իսկ անհրաժեշտ ջրային ատրճանակները եւ տարբեր տարաները կարող եք ձեռք բերել հենց տեղում:
***
ArmGuest տուրիստական գործակալությունը առաջարկում է այդ օրը գնալ Սեւան եւ նշել Վարդավառը նավի վրա:
Մանրամասները պարզելու համար զանգահարեք՝ 044 35 73 57 հեռախոսահամարով:
***
Առավել լուրջ կերպով Վարդավառը տոնելու են Գառնիում եւ Գեղարդում, որտեղ արդեն հինգերորդ անգամ բոլոր ծիսակատարություններով կիրականացվի Վարդավառի փառատոն: Օրվա ծրագրին կարելի է ծանոթանալ այստեղ:
***
Cityzen-ի բացօթյա տարածքում ջրվելու են ժամը 12:00-ից: Հրավիրում են ինչպես փոքրերին, այնպես էլ՝ ուրախ մեծերին: Կլինեն նաեւ մրցույթներ եւ ջրային խաղեր, իսկ երեկոյան սպասվում է DJ party:
Մասնագիտությունների քաղաքի բացօթյա տարածքի մուտքն ազատ է:
***
Մի լավ ջրվելուց հետո կիրակի երեկոյան կարող եք գնալ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն, որտեղ ժամը 19:00-ին Հայկ Պետրոսյանը կներկայացնի «Ամեն ինչ լայվ ա լինելու կամ հեղափոխության 55 երանգները» նոր, դուխով բեմադրությունը:
Տոմսերի արժեքը՝ 3000-6000 դրամ:
Աննա Բուբուշյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: