Թվում է, թե ամառը երկար է, սակայն ընդամենը 10 օրից հունիսն արդեն կավարտվի: Ասածներս ինչ է՝ գոնե ամառային շաբաթ-կիրակիները լիարժեք անցկացրեք:
ՇԱԲԱԹ, ՀՈՒՆԻՍԻ 23
Շաբաթ օրը Team Time-ը օգտակար եւ կարեւոր գործ է ձեռնարկելու. ժամը 11:00-ին տեղի կունենա «թղթահավաք»:
Բոլոր ցանկացողները կարող են հանձնել օգտագործված թուղթ, որը կուղարկվի վերամշակման: Կազմակերպիչները խնդրում են սպիտակ թուղթը, ստվարաթուղթը եւ տետրի թուղթը առանձնացնել եւ տեղավորել տարբեր տոպրակների մեջ:
Ժամը 12:00-ին էլ նույն կերպ հավաքվելու են պլաստիկ շշերը`վերամշակման գործարան ուղարկելու նպատակով:
Հասցե՝ Զաքյան 10:
***
Ժամը 13:00-ին Lego-ի երիտասարդ երկրպագուները Mind Center-ում (Վրացական 16) մի ամբողջ նավահանգիստ են կառուցելու՝ բազմաթիվ նավերով, գեղեցիկ ափերով, ծովափնյա տներով:
Մասնակցության արժեքը՝ 3000 դրամ: Տեւողությունը՝ 2 ժամ: Յուրաքանչյուր հավելյալ ժամի համար հարկավոր է վճարել 1500 դրամ:
Գրանցվել կարելի է այս հղումով:
***
Երեխաներին հեքիաթային ցերեկ կնվիրի «Զմրուխտե քաղաքի հրաշագործը»: Ժամը 14:00-ին Պետական կամերային թատրոնի բեմում փոթորիկ է բարձրանալու եւ քշելու է Դորոթիին կախարդական աշխարհ:
Տոմսերի արժեքը՝ 1000, 1500 դրամ, ամրագրելու համար զանգահարեք 010 588813, 096 588813 հեռախոսահամարներով:
Հասցե՝ Պռոշյան 1, փակուղի 1:
***
«Այրուձի» հեծյալ ակումբում ժամը 16:30-ին հավաքվելու են ձիավարելու, Զումբա պարելու, իսկ հետո՝ խարույկի շուրջ զրուցելու մտադրությամբ:
Նախնական գրանցումը պարտադիր է՝ զանգահարեք 093 42 45 70 հեռախոսահամարով:
***
Երեկոյան աստղերին մոտ լինելու հնարավորություն է ընձեռում Team Travel-ը: Ժամը 20:00-ին տիեզերքով տարված մարդիկ ուղեւորվելու են Բյուրականի աստղադիտարան` իրենց ընկնող աստղը «բռնելու»:
Մասնակցության արժեքը՝ 3000 դրամ+ 1000 դրամ աստղադիտարան այցելելու համար:
Անհրաժեշտ պարագաների ցանկին ծանոթանալ եւ գրանցվել կարելի է այստեղ:
***
Երեւանյան ամառային երեկոն կարող եք ավարտել նաեւ Ֆորշի եւ Re Minor Band-ի հետ՝ շատ սիրված երգերի ներքո:
Սկիզբը՝ 21:00-ին: Հասցե՝ Տերյան 55/1: Մուտքավճարը՝ 4000 դրամ:
***
Շաբաթ օրը քաղաքից դուրս գնալու տարբերակներից մեկը՝ Դիլիջանի Էկոկայանում Կարաս գինու համտեսումն է: Առաջարկվում է ծրագրի մի քանի տարբերակ, ինչպես գիշերակացով, այնպես էլ՝ նույն օրը վերադարձով: Բոլոր տարբերակներին եւ գներին կարելի է ծանոթանալ այստեղ:
***
Էքստրիմին կարոտ անձանց «Բութ Մատ» արշավական ակումբը տանելու է Վայոց Ձոր՝ Հորս գյուղի լեռներում շրջելու՝ քարայծերի հետ հնարավոր հանդիպման խոստումով: Նախատեսվում է նաեւ պատմական հուշարձանների այցելություն եւ պարզ գիշեր՝ վրանային ճամբարում:
Մասնակցության արժեքը՝10 000 դրամ: Բոլոր մանրամասները կգտնեք այստեղ:
ԿԻՐԱԿԻ, ՀՈՒՆԻՍԻ 24
Կիրակի օրը Բու-րա-տի-նո հայտնի երկարաքիթ հերոսը սպասելու է երեխաներին Խամաճիկների թատրոնում (Մաշտոցի 43) ժամը 12:30-ին, 14:00-ին եւ 15:30-ին:
Տոմսերի արժեքը՝1000 դրամ:
***
Մեկ այլ, ոչ պակաս հայտնի, արցունք բերող կերպար կլինի-չի լինի Իլիկում. ժամը 12:00-ին Հեքիաթների սնդուկից դուրս կգա Չիպոլինոն եւ իր ընկերները՝ Դդումը, Բալը, Բողկիկը եւ մնացած, ոչ այնքան դրական կերպար ունեցող բանջարեղենները:
Ներկայացումը նախատեսված է 3-8 տարեկան երեխաների համար:
Մեկ անձի մասնակցության արժեքը 1000 դրամ է: Անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ զանգահարելով 098 54 69 66 հեռախոսահամարով:
***
Թումանյանի այգում ժամը 15:00-ից մինչեւ 22:00-ը սպորտային ընտանիքները կմասնակցեն Yerefun ուրախ փառատոնին, որի ընթացքում խաղալու են տարբեր խաղեր, մասնակցելու են էստաֆետների եւ ֆլեշմոբերի, ինչպես նաեւ՝ շրջելու են «համեղ» տաղավարներով:
***
Անգլիական այգում ժամը 17:00-ին ավելի հանգիստ գործով են զբաղվելու՝գործելու են մանդալա եւ երազորսիչ (dream catcher): Բոլոր նյութերը կտրամադրվեն կազմակերպիչների կողմից:
Մասնակցության արժեքը՝2500 դրամ:
Գրանցվել կարող եք այստեղ:
***
«Ես կարող եմ» արվեստանոցը առավոտ կանուխ էլեկտրագնացքով շարժվելու է Գյումրի, որտեղ «Բաց արվեստանոց» նախագծի շրջանակներում կմեկնարկի ամառային ծրագիրը՝ Հայաստանի տեսարժան վայրերի այցելությամբ: Բոլոր նկարիչները եւ պարզապես սիրահարները նկարելու են Գյումրու հին փողոցներն ու շենքերը:
Մեկ անձի մասնակցության արժեքը՝ 4000 դրամ:
Մանրամասների համար զանգահարեք 091 25 54 02, 096 22 88 17 հեռախոսահամարներով:
***
Դե, իսկ եթե չեք կարող գնալ Գյումրի, ապա Գյումրին կգա ձեզ մոտ: Ժամը 19:00-ին The Loft-ում կներկայացվեն գյումրեցի արվեստագետների աշխատանքները, կլինի Գյումրվա ուտեստների հյուրասիրություն, հումոր եւ համերգ՝ հայտնի JAG - Bambir-ի մասնակցությամբ:
Մուտքավճարը`3000 դրամ:
Երեկոյի ամբողջ ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ:
Գրանցվել կարող եք այստեղ:
***
Eco Travel Armenia-ն կազմակերպում է ուխտագնացության դեպի Արա լեռան լանջին գտնվող ժայռափոր մատուռը՝ Ծաղկեվանքը: Ծաղկեվանքի առաստաղից հոսող ջուրը հայտնի է իր բուժիչ հատկություններով:
Մասնակցության արժեքը՝ 3000 դրամ, այն ներառում է տրանսպորտի եւ զբոսավարի ծառայությունները:
Մանրամասները ներկայացված են այստեղ:
***
OneWay Tour-ը առաջարկում է կիրակի օրը շրջել Տառերի պուրակում, այցելել Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին եւ զբոսնել Սաղմոսավանքի տարածքով:
Մասնակցության արժեքը՝ 6000 դրամ:
Գրանցվելու համար զանգահարեք +94 36 21 31, +91 36 21 31 հեռախոսահամարներով:
***
Կիրակնօրյա բլյուզի հետեւից պետք է գնալ Stop Club, որտեղ ժամը 21:00-ից նվագելու է Shoushi Qouchi Man-ը: Տեղեր ամրագրելու համար զանգահարեք 010 56 07 80 հեռախոսահամարով:
Աննա Բուբուշյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: