Թավշյա շաբաթ-կիրակիներն ավարտվեցին, վերադառնում է հանգստյան օրերին բնորոշ մշակութա-ճանաչողական երանգը, որի խտությունն այս անգամ կրկնակի է լինելու՝ Թանգարանների միջազգային օրվա եւ «Թանգարանային գիշեր» ծրագրի շնորհիվ:
Այս տարի «Թանգարանների գիշեր» ծրագրին Հայաստանում եւ Արցախում միացել է 116 թանգարան, որոնք մայիսի 19-ին, ժամը 18:00-24:00-ը անվճար բացելու են դռները: Մշակույթի նախարարության կայքում ներկայացված ամբողջական ցանկից առանձնացրել ենք երեւանյան թանգարաններից մի քանիսը:
ՇԱԲԱԹ, ՄԱՅԻՍԻ 19
«Ավազե Ամրոցում» (Արամի 80) երեխաները կնշեն Թանգարանների միջազգային օրը «Սարյանը փոքրիկների աչքերով» միջոցառման ներքո՝ խորասուզվելով սարյանական գույների մեջ եւ ծանոթանալով մեծ նկարչի կտավներին՝ ավազե մեկնաբանությամբ:
Սկիզբը՝ 12:00-ին:
Միջոցառմանը կարող եք մասնակցել նաեւ մայիսի 20-ին, մինչեւ ժամը 17:00-ը:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու եւ տեղեր ամրագրելու համար զանգահարեք 077 11 87 87 հեռախոսահամարով:
***
Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Տրդատ» սրահում գործելու է «Երեւանի մշակութային ժառանգությունը եւ կայուն զբոսաշրջությունը. Էրեբունի, Կարմիր բլուր, Շենգավիթ» ցուցահանդեսը, իսկ «Թամանյան» սրահը «Թափառող պատերինն» է լինելու՝ գոբելենի եւ կարպետների ցուցադրությամբ եւ համապատասխան վարպետության դասերով:
Թանգարանի անվճար այցելության ժամերն են՝ 18:00-24:00-ը:
***
Գրականության եւ արվեստի թանգարանում ժամը 18:00-ին տեղի կունենա Արմեն Տեր-Մկրտչյանի «Քաղաք» լուսանկարչական ցուցահանդեսի բացումը, որին զուգահեռ կկայանա հանդիպում թատերական կերպարների հետ:
Ժամը 19:00-ին երեխաների համար սկսելու է «Թղթե հեքիաթ»-ը:
Ժամը 21:00-ից երեկոն նվիրված կլինի Աշուղ Շերամի երգերին:
***
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը այցելուներին դիմավորելու է հագեցած համերգային ծրագրով, իսկ օրվա վերջ կցուցադրվի Սարյանին նվիրված «Լուսավորը» վավերագրական ֆիլմը:
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
***
Մի ամբողջ երեկո կարելի է անցկացնել Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, մասնակցելով իրար հաջորդող համերգներին, թեմատիկ նկարազարդմանը, պարերի դասընթացին: Միջոցառումների ողջ ցանկը ներկայացված է այստեղ:
***
Մինչեւ ուշ երեկո կարելի է մնալ նաեւ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Ժամը 18:00-ին 6-9 տարեկան երեխաները կմասնակցեն «Խաղ ասեմ խաղի գլխին» կրթական ծրագրին:
Ժամը 20:00-ին կցուցադրվի Հայկ Սայադյանի՝աշուղ Մահուբի Գեւորգի երգի հիման վրա նկարահանված անիմացիոն պատմվածքը:
Ժամը 21:00-ին էլ «Կայթ» արվեստի զարգացման կենտրոնը կանցկացնի հայ ավանդական պարերի բաց դաս:
***
Երեւանասերներն անպայման կայցելեն նաեւ մեր քաղաքի պատմության թանգարանը, որտեղ ժամը 20:00-ից կբացվի «Երեւանը երեք հանրապետությունների մայրաքաղաք» ֆոտոցուցահանդեսը:
***
Եթե թանգարանային գիշերը ձեզ չգայթակղեց, այլընտրանքային տարբերակ կարող է լինել ժամը 19:00-ին Էօնում կայանալիք անգլիացի երաժիշտ Դեվիդ Ֆիշերի համերգը:
Ֆիշերը վերջերս է տեղափոխվել Երեւան եւ ելույթ է ունենում նաեւ The Windrose խմբի հետ:
Մուտքի արժեքը՝1500 դրամ:
Սեղան ամրագրել կարելի է այս հղումով:
ԿԻՐԱԿԻ, ՄԱՅԻՍԻ 20
Հնաբերդ գյուղում հայկական ամենահամեղ տոլմայի փառատոնն է լինելու: Այդ կապակցությամբ տուրիստական գործակալություններն առաջարկում են տարբեր փաթեթներ, որոնք ներառում են ոչ միայն տոլման համտեսելու հնարավորություն, այլեւ էքսկուրսիաներ՝ հետաքրքիր եւ պատմական վայրերով: Փառատոնին վերաբերող առաջարկներին կարող եք ծանոթանալ այստեղ:
***
Ժամը 19:30-ին քաղաքի ինտելեկտուալները հավաքվելու են էօնում՝ «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» խաղալու:
Մուտքավճարը՝1500 դրամ:
***
Դասական երաժշտություն սիրահարները եւս «անգործ» չեն մնա. ժամը 19:00-ին
Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ կունենան շվեյցարաբնակ ջութակահարուհի Մարիա Սոլոզոբովան եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը: Ծրագրում՝ Մոցարտ, Շուբերտ:
***
Գոյ թատրոնի բեմում ժամը 19:00-ին կհայտնվեն մեկ բազմոց, չորս տղամարդ եւ մեկ կին՝ Աղասի Այվազյանի «Դեկորներին» համապատասխան:
Բեմադրիչ Սամսոն Ստեփանյանն ասում է, որ այս ներկայացումը մարդու մասին է, որն իր ներսի դատարկությունն ամեն կերպ փորձում է լցնել տարբեր իրերով, իսկ պահանջների անվերջ շարքը նրան զրկում է չափի զգացողությունից:
Տոմսերի արժեքը՝ 1500-2000 դրամ:
***
Տիկնիկային թատրոնի ետնաբեմում ժամը 20:00-ին կլինի «Комментарии непристойного Тома» ներկայացումը` բեմադրված Ռաֆայել Հակոբջանյանի պիեսի հիման վրա: Դերերում՝ Տաթեւիկ Մելքոնյան, Արամ Կարախանյան:
Տոմսերը կարող եք ձեռք բերել այստեղ:
Արժեքը՝1500 դրամ:
Աննա Բուբուշյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: