Այս մեծ կլոր աշխարհում ամեն ինչ փոխվում է և զարգանում: Մարդը վաղուց արդեն հասել է տիեզերք, սկսել հաշվել աստղերը, ուսումնասիրել մոլորակները, բայց կրկին ու կրկին մնում է նույնը իր վայրագ բնազդներով ու շահերով առաջնորդվող՝ ստեղծելով առավել մահաբեր զենքեր, կիրառելով անմեղ մարդկանց վրա: Ժամանակը փոփոխում է ամեն ինչ, նոր սահմաններ են գծվում ու առաջանում, նոր պետություններ: Այդ երկար ու ձիգ դարերի ընթացքում Հայաստան աշխարհն էլ փոխվեց՝ փոքրացավ, իսկ մենք՝ մնացինք նույնը, մեր միամիտ հավատքով , աչքներս հառած դեպի դուրսը, հարևանը, օտար բարեկամը: Մենք շարունակեցինք հավատալ այն մտքին, որ քաղաքակրթությանը զուգահեռ մարդու մեջ խիղճն էլ է աճել, սակայն այդ խիղճը մնացել է աշխարհիս հզորների թղթի կապոցներում և հավերժական շահի ոլորաններում: Իսկ մարդկային գութի և խղճի փոխարեն թագավորևում են՝ ոսկին, զենքը, նավթն ու գազը:
Մենք մեր սեփական ճակատագիրը միշտ փնտրել ու փնտրում ենք օտարի սառը ափերում: Ու մեր ափերի մեջ չենք էլ նայում, հասկանալու համար, որ մենք ունենք ու կունենանք այն, ինչը կտեսնեք մեր ափերում: Այո մեր ձեռքերը դարերի ընթացքում այնքան են խոշտանգվել, այնքան են վնասվել, որ փորձում ենք օտարի ափերում փնտրել մեր ճակատագրի գիծը: Սակայն պետք է հասկանաք, որ այն բռունցք և այն էլ հզոր բռունցք դարձնելու ժամանակն է… Դժվար է ժամանակակից աշխարհում հայ լինելն ու մնալը, քանի որ քարտեզի վրա չի երեևում Հայաստանը, այն ասեղի ծայրի չափ է: Սակայն ժամանակն է, որ այդ ասեղը ծակի և ցույց տա, որ ինքը կա, կարող է շատ հայերի վերքեր կարել ու միաժամանակ ցավ պատճառել օտարներին: Յուրաքանչյուր հայի, աշխարհի որ մի անկյունում էլ, որ ապրի, գերագույն պատքն է լինել այդ մի ափ հողի պահպանողը: Եվ քանի դեռ մենք չենք միաձուլվել ու բռունցքվել չմոռանալով ,որ հայը հայ է, և չշեշտելով սփյուռքահայ, սիրիահայ և այլն, մեր համար դժվար է լինելու: Մենք առաջինը պետք է մեզ միասնական տեսնենք, որպեսզի օտարը հասկանա, որ մենք այլևս ափ չենք, որ գամի խաչին, այլ բռունցք ենք, հզոր բռունցք… Մենք շատ երկար ենք տառապել մեր կորցրածի համար, շատ երկար ենք նայել ուրիշի ճանապարհին և ժամանակն է, որ մոռանանք մեր անձնական շահերը: Մենք չպետք է երկմտենք, չպետք է բաց թողնենք այս շանսը, եթե ոչ մեզ չեն ների մեր գալիք սերունդները …
Այս պահին էլ կանգնած լինելով վճռորոշ կետում, պետք է հասկանանք, որ աշխարհում քո տեղն ունենալու համար, պետք է ուժ ունենաս, իսկը ուժը հայիս համար՝ միասնության, զենքի ու խելքի մեջ է …
Նվիրվում է ՀԱՅ ԶԻՆՎՈՐ ծնող հայ ժողովրդին…
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: