Արմեն Գրիգորյան. Ապրիլյան պատերազմ. երկրորդ շանս - Mediamax.am

10387 դիտում

Արմեն Գրիգորյան. Ապրիլյան պատերազմ. երկրորդ շանս


Արմեն Գրիգորյանը
Արմեն Գրիգորյանը

Այս օրերին հայկական աշխարհի և հայ ժողովրդի ապագայի մասին մտորելու լավագույն տեղն Արցախն է: Արցախյան օդում խտացած վտանգն ու սեփական ուժերի հանդեպ վստահությունը ապրելու և գործելու նոր հեռանկարներ են բացում հայ ժողովրդի համար։

Ապրիլի սկզբից հայ ժողովրդի հայացքը սևեռվել է դեպի Արցախ, որովհետև այստեղ է կերտվում հայկական պետականության ապագան, ու Արցախյան ճակատի ելքից է կախված նաև հայկական աշխարհի գաղափարախոսությունը:

Մարտական գործողությունների մասին առավել մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը փորձել է բլից-կրիգի միջոցով արագ հաղթանակի հասնել: Առաջին գծում կուտակած զինտեխնիկայի միջոցով փորձ են կատարել ճեղքել մեր ինքնապաշտպանությունը, այնուհետև միջանցքով տանկերի միջոցով ներթափանցել թիկունք և առաջ շարժվել դեպի Արցախի խորքը: Մարտակերտի մասով կարող էին առաջ անցնել ու փակել Մարտակերտ-Ստեփանակերտ ճանապարհը:

Իրականում այս ամենը կասեցվել է անձնուրաց տղերքի շնորհիվ, որոնց մասին դեռ բազմաթիվ հերոսական պատմություններ կլսենք: Նրանք կասեցրել են լայնամաշտաբ պատերազմը, որը սպառնում էր Հայաստանի գոյությանը:  Ապրիլի 2-ին հայկական պետականությունը կանգնել էր լինել-չլինելու հարցի առաջ: Լինել-չլինելու հարցը լուծվել է սահմանին:

«Քառօրյա պատերազմը» ևս մեկ անգամ ցույց տվեց, որ հայ ժողովրդի միակ պաշտպանն ու դաշնակիցը հանդիսանում է հայկական բանակը: Այն նաև ցույց տվեց, որ հայ ժողովորդի ներուժի համատեղման դեպքում հնարավոր է լայնածավալ խնդիրներ լուծել: Միֆը, որ ժողովուրդը կխուսափի ներգրավվել նոր պատերազմում, հօդս ցնդեց։  Նույնիսկ կամավորների շրջանում հումոր էր շրջանառվում, որ միայն կաշառքի միջոցով է հնարավոր առաջին գիծ մեկնել:

Այս ամենը խոսում է այն մասին, որ ահռելի մեծ պոտենցիալ կա հայ ժողովրդին միավորելու և հայկական աշխարհ կառուցելու համար, որի հիմնական կենտրոնը կարող է լինել Հայաստանի Հանրապետությունը: Հենց Հայաստանն է հանդիսանում Արցախն ու Սփյուռքը իրար միավորող գլխավոր օղակը, որի որակական հատկանիշներից էլ կախված է լինելու հայկական աշխարհի ապագան:

Հայաստանի արագընթաց ժողովրդավարացումը հանդիսանում է հայկական աշխարհի ձևավորման և զարգացման հիմնական գրավականը։ Իսկ ժողովրդավարացման առաջին պայմանը հանդիսանում է ազատ և թափանցիկ ընտրությունները։ Հենց ազատ և թափանցիկ ընտրությունները կարևոր պայման կհանդիսանան հանրության աջակցությունն ու վստահությունը վայելող իշխանության ձևավորման գործում, որը թույլ կտա փոխել ներկայիս իրավիճակը։ Հայաստանում վստահության մթնոլորտի փոփոխությունը կբերի նրան, որ Սփյուռքում և Արցախում ևս կբարձրանա վստահությունը Հայաստանի իշխանության նկատմամբ, որը թույլ կտա ավելի խոշոր համահայկական ծրագրեր նախագծել։

Վստահության մթնոլորտը կարևոր է նաև տնտեսության զարգացման համար, որն իր հերթին կազդի Սփյուռքից Հայաստան ներդրումների աճի վրա, իսկ տնտեսական ներդրումները ավելի ուժեղ կապ կհաստատի Սփյուռքի և Հայաստանի միջև: Պետք է երկրորդային պլան մղվի ավանդական Սփյուռք-Հայրենիք կապը, որն ենթադրում է զուտ օգնություն Հայրենիքին։ Հայաստանը նաև բիզնես ծրագրեր իրագործելու համար պետք է դառնա կարևոր կենտրոն։

Բիզնես ծրագրերի իրականացումն ու զարգացումն իր հետևից կբերի նաև մշակութային և այլ ոլորտների կապերի ուժեղացմանը Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միջև։ Հայկական աշխարհի շարժիչ ուժը պետք է դառնա Հայաստանի դինամիկ զարգացող տնտեսությունը։ Նման տնտեսության պայմաններում հայերը ավելի հաճախ հնարավորություն կունենան վայելել «System of a Down» խմբի համերգը Երևանում կամ Ստեփանակերտում, որը նաև հնարավորություն կտա կիսել մեր համատեղ հույզերը և հավաքական կերպարը ուժեղացնել։

Վերջերս Թիֆլիսում էի և որոշել էի օգտվել հայկական ggTaxi-ի հավելվածից, որը նաև գործում է Վրաստանում։ Տաքսին պատվիրելուց հետո կարճ ժամանակ անց ինձ Վայբերով զանգեց հայ վարորդը, ով փորձում էր ճշտել իմ գտնվելու ավելի կոնկրետ վայրը։ Կարճ ժամանակ հետո ժամանեց վարորդը, ում հետ հայկական մտերմիկ կարճ զրույց ունեցանք։ Երևի թե 10 տարի առաջ դժվար կլիներ պատկերացնել, որ տաքսի ծառայությունը կարող է դառնալ միջազգային կազմակերպություն և ներկայացված լինի նաև այլ երկրներում։ Այսօր նույնիսկ տաքսի ծառայությունը կարող է դառնալ տարածաշրջանային կազմակերպություն, որն էլ իր հերթին կարող է հանդիսանալ հայերին իրար կապող կարևոր գործիք։

Ժամանակակից աշխարհում հայկական բիզնեսները կարող են արդյունավետ գործիք հանդիսանալ աշխարհի տարբեր մասերում ապրող հայերին իրար հետ կապելու համար։ Տեխնոլոգիաների վրա հիմնված բիզնեսները իրենց առանձնահատկություններով ավելի մեծ հնարավորություններ են տալիս մարդկանց միջև գոյություն ունեցող տարածությունը կրճատելու և ավելի կայուն կապեր ստեղծելու համար։

Մեկ կարևոր հանգամանք պետք է հաշվի առնել, որ հայկական աշխարհի կենտրոնը պետք է միշտ լինի Հայաստանը, որը ոչ թե Սփյուռքը համալրող գործոն պետք է հանդիսանա, այլ Սփյուռքին դեպի իրեն ձգող ուժ։

«Քառօրյա պատերազմը» ևս մեկ անգամ հաստատեց, որ հայ ժողովուրդը չունի դաշնակից։ Հայաստանի միակ պաշտպանն ու դաշնակիցը հայկական բանակն է և աշխարհասփյուռ հայությունը։ Իսկ առավել ուժեղ լինելու համար պետք է համախմբել հայ ժողովրդին մեկ կենտրոնի շուրջ։

Հայ ժողովրդի ուժերը համատեղելու լավագույն գործիքը ժողովրդավար Հայաստանն է, որի դինամիկ զարգացող տնտեսությունը կկապի աշխարհի տարբեր վայրերում ապրող հայերին ու նաև կհանդիսանա համայն հայության զարգացման և անվտանգության երաշխավորը։




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին