Էսթեր Զաքարյան. Երկրորդ շանս կամ ո՞ւմ է պատկանում Հայկական աշխարհը - Mediamax.am

2648 դիտում

Էսթեր Զաքարյան. Երկրորդ շանս կամ ո՞ւմ է պատկանում Հայկական աշխարհը


Էսթեր Զաքարյանը
Էսթեր Զաքարյանը

Ասում են կյանքում յուրաքանչյուրին տրվում է միայն մեկ հնարավորություն` որոշում կայացնելու և ճանապարհ ընտրելու համար: Բայց հաճելի է զգալ, որ մեր ազգը ընտրյալ է, մեզ տրվել է ևս մի հնարավորություն` նորովի ապրելու, նորը ստեղծելու, շենացնելու և նոր բարձունքների հասնելու համար:

Անցնելով պատմության քառուղիներով բախվում ենք բազում հարվածների, բազում նեղություների ու դժվարությունների, բայց միևնույն ժամանակ հաղթանակների ու ոգու կերտման ճանապարհների: Անցել ենք այդ ամենով միայն մեկ նպատակով, որն էր` երկիրը պահելը և շենացնելը:

Մեր երկիրը արյան գին ունի, հայի համառության, նպատակասլացության ու կամքի գին ունի:

Մենք անկախ ենք դարերով, ես չեմ սահմանափակում Հայաստանի Հանրապետության անկախությունը այս 25 տարիների մեջ, սա պարզապես փաստացի է, իսկ մեր անկախությունը սահմանված է եղել դեռ վաղուց: Մենք եղել ենք, կանք ու կլինենք, ահա թե որն է հայի տեսակը, ահա թե որն է հայի բնավորությունը:

Որքան ուժեղ է հայը, որ անցնելով քարքարոտ ճանապարհներով, թեև վերքերով, թեև ցավերով, բայց հոգու արիությամբ պահել է իր երկիրը: Հայի ուժը անբեկանելի է, քանի որ հայի արմատները սահմանված են ի վերուստ:

Պատմությունը ստիպում է հիշել դեպքեր ու դեմքեր, հիշել հաղթանակներ, բայց և պարտություններ, բայց այն մեզ թևեր է տալիս հպարտանալու: Միգուցե կմտածեք թե չափազանցնում եմ, բայց իրականությունը սա է, մենք մեծ հաղթանակ ունենք, քանի որ ազատ ու անկախ ենք` թանկ գնով գնված: Այո՛, հաղթանակը տեսնել ու գիտակցել է պետք, պետք չէ հիմնվել անցյալի վրա ու ապրել անցյալում ունեցածի մտքերով, այլ պետք է գնահատել ներկան, ու հենց այս ներկայում էլ անել լավագույնը` շենացնել ու տոնել հաղթանակը:

Մեզ շատ են խանգարել, շատ են խանգարում, բայց մենք ամուր ենք մեր լեռների պես:

Մենք երբեք էլ չենք կորցրել հայոց աշխարհը, քանի որ հայրենիքը յուրաքանչյուրիս սրտում է, պարզապես շատերը այն գիտակցում են, իսկ շատերն էլ` չեն էլ փորձում գնահատել: Մենք ենք տնօրինում մեր ճակատագիրը, չկա գծված որևէ բան, այլ ամեն բան որոշողը մենք ենք: Մենք ենք որոշում սիրել ու գնահատել մեր հայրենիքը, թե ատել ու փնովել, մենք ենք որոշում ստեղծել ու զարգացնել, թե թողնել ու հեռանալ, մենք ենք որոշում հաղթահարել ու անցնել, թե հիասթափվել ու կորցնել: Այո՛, հենց մենք ենք մեր երկրի տերը, մենք ենք մեր պատմությունը կերտողը և մենք ենք մեր սերունդներին հայրենիք պարգևողը:

Աշխարհի 5000 ազգություններից միայն 250-ը ունեն երկիր, և որից մեկը մերն է, մի՞ թե սա հաղթանակ չէ, մի՞ թե սա առիթ չէ երկիրը սիրելու ու գնահատելու, մի՞ թե սա առիր չէ հայ լինելու պատիվը զգալու:

Մենք անցել ենք ամենի միջով մեր հավատքի ու կամքի շնորհիվ, մեր արժեհամակարգի ու նպատակների շնորհիվ, մեր հույսի ու ճիշտ ապավինության շնորհիվ և ամենակարևորը մեր միասնության շնորհիվ, հենց սա է մեր հաղթանակի գրավականը և հենց սա է մեզ ներկայում ու ապագայում կապող  բանալին: 




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին