Ռեկորդակիրները. Ուսեյն Բոլտի անգերազանցելի 100 մ վազքն ու ցուցանիշները - Mediamax.am

3337 դիտում

Ռեկորդակիրները. Ուսեյն Բոլտի անգերազանցելի 100 մ վազքն ու ցուցանիշները


Լուսանկարը` OLympics

Լուսանկարը` NBC Sport

Լուսանկարը` -LEquipe

Լուսանկարը` New York Times


Արագավազորդ Ուսեյն Բոլտը 100 մ վազքում հաղթել է բազմաթիվ կարեւոր մրցաշարերում ու սահմանել մի շարք համաշխարհային ռեկորդներ: Նա կարողանում էր մարզավիճակի գագաթնակետում լինել որոշիչ մրցումներից առաջ ու ամեն անգամ զարմացնել երկրպագուներին:

Mediamax Sport-ի «Ռեկորդակիրները» շարքի համար հավաքել ենք Աշխարհի 11-ակի եւ Օլիմպիական խաղերի 8-ակի չեմպիոն Բոլտի համաշխարհային ցուցանիշները:

1-ին 100 մետրանոց վազքն ու Պեկինի խաղերը

Բոլտն իր մասին առաջին անգամ խոսելու առիթ է տվել 14 տարեկանում, երբ 2001-ին 200 մ մրցատարածությունում հաղթել է պատանիների Աշխարհի առաջնությունում, մինչեւ 2008 թ. համատեղում էր 200 ու 400 մ վազքը, առաջին անգամ 100 մ վազքում ելույթ է ունեցել Ռետիմնոյի մրցաշարում ու հաղթել 10,03 արդյունքով:

Օլիմպիական տարում սկսեց վազել 100 ու 200 մ եւ, քանի որ արդյունքները տպավորիչ էին, երկուսով էլ շարունակեց զբաղվել: Իր երկրորդ մեկնարկում՝ 2008-ի մարտի 8-ին Ճամայկայում կայացած մրցաշարում կրկնեց 10,03 արդյունքը, իսկ մայիսին Քինգսթոնի մրցաշարում առաջին անգամ մրցատարածությունն անցավ 10 վայրկյանից շուտ: Ընդ որում՝ միանգամից ցույց տվեց պատմության լավագույն 2-րդ արդյունքը՝ 9,76:

Մայիսի 31-ին Նյու Յորքում գերազանցեց Ասաֆա Փաուելի համաշխարհային ռեկորդը՝ վազելով 9,72 վայրկյանում: Ապա հաջորդեցին հաղթանակները Ճամայկայի առաջնությունում ու Սթոքհոլմի մրցումներում, բայց 9,80-ից անցնել չկարողացավ:

Լուսանկարը` -LEquipe


Իսկ ահա Պեկինի «Թռչնաբույն» ստադիոնում առաջին անգամ տեսանք Բոլտին իր ողջ հմայքով՝ նա հաղթեց նոր համաշխարհային ռեկորդով՝ 9,69: Վազորդը ոսկե մեդալ նվաճեց նաեւ 200 մետրում: Դրանով սկսվեց աթլետիկայում Բոլտի դարաշրջանը, իսկ նրա հայտնի ժեստն ամենաճանաչելին դարձավ սպորտում:

2009. Կարիերայի գագաթնակետը

Ինչպես եւ 2008-ին, հաջորդ տարի էլ Բոլտը 100 մ վազեց 14 պաշտոնական մրցումներում: Մրցաշրջանը սկսեց 9,93-ով, ապա հունիսին ցույց տվեց 9,77, դրան հաջորդած մրցումներում՝ 9,79 եւ 9,91 գրանցեց: Շատերը համարում էին, որ Բոլտն այնքան էլ լավ մարզավիճակում չէ ու անգամ կարող է Բեռլինում կայանալիք Աշխարհի առաջնությունում զիջել իր հիմնական մրցակից, ամերիկացի Թայսոն Գեյին ու իր հայրենակից Ասաֆա Փաուելին:

Սակայն եզրափակչում Բոլտը տիեզերական արագություն միացրեց, նույնիսկ հստակ տվյալներ կան, որ 60-80 մ հատվածում 44,72 կմ/ժ է գրանցել, իսկ ամբողջ մրցատարածությունում՝ 37,58 կմ/ժ: Նա Աշխարհի չեմպիոն դարձավ 9,58 վայրկյանում՝ իր իսկ համաշխարհային ռեկորդը գերազանցելով 11 հարյուրերորդական վայրկյանով: Բեռլինի ռեկորդը մինչ այժմ ոչ մեկի շրջանցել չի հաջողվել:

Լուսանկարը` NBC Sport


2012. Լոնդոնի խաղերի ոսկին

Օլիմպիական մրցաշրջանին Բոլտը մոտեցավ շատ հավաքված, մինչ այդ անհաջող մրցելույթներ էր ունեցել եւ դասեր քաղել դրանցից: Խաղերից առաջ 5 մրցաշարերում էր ելույթ ունեցել եւ 9,76 վ արդյունք գրանցել: Ճամայկայի առաջնությունում զիջել էր Յոհան Բլեյքին, սակայն խաղերում ռեւանշի հասավ ու նրան գերազանցեց 12 հարյուրերորդական վայրկյանով: Լոնդոնում մրցատարածությունն անցավ 9,63 վայրկյանում, ինչը պատմության երկրորդ արդյունքն է: Օլիմպիական խաղերում Բոլտը 3 ոսկե մեդալ նվաճեց եւ ինքն էլ իրեն շնորհեց «կենդանի լեգենդի» կարգավիճակ:

Լուսանկարը` New York Times


2013-2015. «Ոսկե անձրեւ» Մոսկվայում եւ Պեկինում

Հաջորդ Օլիմպիական ցիկլում Բոլտը հատկապես հաջող էր հանդես գալիս կարեւոր մրցումներում: Անգամ Մոսկվայում տեղի ունեցած հորդառատ անձրեւը չխանգարեց նրան Լուժնիկիում դառնալ Աշխարհի չեմպիոն՝ ցույց տալով մրցաշրջանում լավագույն արդյունքը՝ 9.77: Իսկ Պեկինում կայացած առաջնությունում դիմահար քամին արգելք չհանդիսացավ, որ գրանցի 9,79 արդյունք: Դա Բոլտի ամենադժվար հաղթանակներից մեկն էր՝ նա արծաթե մեդալակիր Ջասթին Գեթլին ընդամենը 1 հարյուրերորդական վայրկյանով գերազանցեց:

2016. Օլիմպիական հեթ-տրիկը

Ամեն տարի Բոլտն ավելի ու ավելի քիչ էր դուրս մրցասպարեզ դուրս գալիս: Ռիոյի խաղերից առաջ էլ նա բավարարվեց ընդամենը 3 մրցումներով, որոնցում լավագույն արդյունքը 9.88-ն էր: Օլիմպիական խաղերի եզրափակչում ցույց տվեց 9.81՝ Գեթլին գերազանցելով 8 հարյուրերորդականով: Բոլտը դարձավ առաջին մարզիկը, ում հաջողվեց Օլիմպիական խաղերի 100 մ վազքատարածությունում եռակի չեմպիոն դառնալ: Ընդհանուր առմամբ նա ունի Օլիմպիական 8 մեդալ:



«4 տարի մարզվել եմ 100 մետրը 9 վայրկյանում անցնելու համար, իսկ մարդիկ սովորաբար հանձնվում են, հենց 2 ամիս անց չեն տեսնում իրենց աշխատանքի արդյունքը»,- Բոլտի այս հայտնի մտքերով էլ ամփոփենք լեգենդար մարզիկի ռեկորդային ուղին:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին