«Միայն գրքերում կանոններ կարդալով՝ հնարավոր չէ լավ գինեգործ դառնալ: Այս ոլորտի մասնագետը պետք է զգա գինու բույրը, մասնակցի դրա ստեղծման բոլոր փուլերին՝ խաղողի մշակումից՝ առաջին համտես», - ասում է 17-ամյա Մանվել Ղազարյանն, ով Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջում գինեգործություն է սովորում:
Մանվելը նույն մարզի Ազատեկ համայնքից է: Չնայած՝ հարազատ գյուղում գինեգործությամբ զբաղվողներն այնքան էլ շատ չեն, գինու ստեղծման ընթացքը նրան հետաքրքրել է.
«Շատ եմ սիրում ու գնահատում որակյալ գինին: Ժամանակի ընթացքում հասկացա, որ ցանկանում եմ ինքս էլ գինի ստեղծել: 9-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվեցի քոլեջի Գինեգործության եւ հյութերի արտադրության բաժին, այժմ արդեն երկրորդ կուրսում եմ»:
Լուսանկարը` Մեդիամաքս
2018թ.-ից Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջում ներդրված է ուսուցման դուալ համակարգը: Այսինքն՝ ուսանողը կրթություն է ստանում միանգամից երկու միջավայրում՝ ուսումնական հաստատությունում եւ ոլորտի մասնավոր ընկերությունում՝ զուգահեռ ձեռք բերելով աշխատանքային փորձ:
Առ այսօր գինեգործի մասնագիտությամբ Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջում կրթություն է ստացել 3 սերունդ՝ մոտ 40 շրջանավարտ:
Մանվելն ու համակուրսեցիներն, օրինակ, ուսման երկու տարվա ընթացքում երկու անգամ ներգրավվել են մարզի գինեգործարանների աշխատանքներում:
«Առաջին կուրսում տեսական գիտելիքներ ստանալուց հետո գնացել ենք գինեգործարան՝ պրակտիկայի: Երկու ամսից ավելի ես անցկացրել եմ Գետափի գինու գործարանում, որտեղ մասնակցել եմ գինու ստեղծման բոլոր փուլերին, նույնիսկ՝ խաղողի մթերմանը: Սա լավ գինի ստանալու կարեւորագույն փուլ է, քանի որ վնասված կամ վատ համային հատկանիշներ ունեցող խաղողը ոչ մի դեպքում չպետք է գինու մաս դառնա: Հետագայում դուալ կրթական համակարգով աշխատել եմ նաեւ մարզի մեկ այլ գինեգործարանում», - ասում է Մանվել Ղազարյանը:
Մասնավոր հատվածի հետ համագործակցությունից բացի, դուալ կրթական համակարգով նախատեսված է, որ ուսումնական հաստատություններում եւս պետք է գործեն համապատասխան լաբորատորիաներ կամ արտադրամասեր, որոնցում ուսանողները կկարողանան գործնականում կիրառել տեսական գիտելիքները:
Լուսանկարը` Մեդիամաքս
Մանվելն ասում է, որ իրենց քոլեջի լաբորատորիայում արդեն հասցրել են բավականին որակյալ գինի ստանալ.
«Այստեղ կան անհրաժեշտ պայմանները, որպեսզի գինին անցնի պատրաստման բոլոր փուլերը՝ խմորում, հնացում եւ այլն: Ինչպես խմորման, այնպես էլ՝ հնացման փուլում պարբերաբար փորձարկում ենք տարաների եւ տակառների պարունակությունը, որպեսզի ստանանք հենց այն համի գինին, որ ցանկանում ենք: Նույնը նաեւ գործարաններում էր: Կարելի է ասել՝ աշխատանքային օրվա կատարյալ սկիզբ՝ փորձարկել գինին, որի ստեղծմանը մասնակցել ես», - ժպտում է Մանվելը:
Վստահ է՝ հետագայում չի թողնելու ստացած մասնագիտությունն, ավելին՝ մտածում է զինվորական ծառայությունից հետո գինեգործություն սովորել արդեն բուհում.
«Արդեն իսկ աշխատանքային փորձ ունենալով՝ կկարողանամ աշխատել տարբեր գինեգործարաններում, հմտանալ, իսկ հետագայում, գուցե, ստեղծել սեփական փոքրիկ արտադրություն»:
Լուսանկարը` Մեդիամաքս
Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի վարպետ-դասախոս, Գետափի գինու գործարանի գլխավոր գինեգործ Անուշավան Մովսիսյանն ասում է՝ թե՛ իրենց գործարանը, թե՛ ոլորտն առհասարակ, երիտասարդացման կարիք ունեն:
«Այս առումով դուալ կրթական համակարգը շատ օգտակար է: Մենք հնարավորություն ենք ստանում գինեգործություն սովորող երիտասարդներին ոչ միայն տեսական, այլեւ՝ գործնական գիտելիք փոխանցել: Տեղում հետեւել նրանց աշխատանքին, ծանոթացնել գինու ստեղծման բոլոր փուլերին ու մասնակից դարձնել: Արդյունքում լինում են ուսանողներ, որոնք դուալ համակարգով պրակտիկայի գալով գինեգործարան՝ մնում են այստեղ որպես հիմնական աշխատող», - ասում է Անուշավան Մովսիսյանը:
Նրա խոսքով՝ Գետափի գինու գործարանը մարզում ամենահինն է, կառուցվել է 1938թ.-ին, իսկ 1940-41թթ.-ին այստեղ արտադրվել է առաջին գինին՝ հայտնի «Արենի»-ն:
Լուսանկարը` Մեդիամաքս
«Առհասարակ, մեր մարզում գինեգործությունը հազարամյակների պատմություն ունի, բայց գինու գործարանային արտադրությունը Գետափի գործարանից է սկսվել: 1950-ականներին այստեղ արտադրվում էր «Արենի»-ից ոչ պակաս հայտնի, կիսաքաղցր «Վերնաշեն»-ը: Հիմա կիսաքաղցր «Վերնաշեն» շատերն են արտադրում, իսկ մեր գործարանինը կոչվում է «Գետափ Վերնաշեն»: Այսօր գործարանում նորից բացի, ունենք խորհրդային տարիների հին սարքավորումներ եւս, որոնք պահում ենք որպես թանգարանային նմուշ, ինչպես նաեւ ցույց ենք տալիս ուսանողներին», - պատմում է Անուշավան Մովսիսյանը:
Նրա խոսքով՝ ուսանողների հետ կարելի է անվերջ խոսել, օրինակ, գինենյութը նստվածքից ազատելու գործընթացի մասին, բայց մի բան է լսել այդ մասին, մեկ այլ բան՝ մասնակցել դրան անձամբ.
Լուսանկարը` Մեդիամաքս
«Ուսանողը կարող է անգիր ասել գրքում գրված այս կամ այն կանոնը, բայց մասնագիտական իրական գիտելիք հնարավոր է ստանալ միայն տեսական ու գործնական մոտեցումները համադրելով: Մեր գործարանում այս տարիներին հարյուրավոր ուսանողներ են եղել, հիմնականում՝ տղաներ: Բայց պետք է ասեմ, որ աղջիկների մոտ էլ է գինեգործությունը լավ ստացվում: Ավելին՝ եղել են նաեւ ռոմանտիկ պատմություններ, երբ տղաները գինի են ստեղծել ու անվանակոչել կուրսի աղջիկներից մեկի անունով՝ այդ կերպ խոստովանելով իրենց զգացմունքները»:
Անուշավան Մովսիսյանի խոսքով՝ մթերման ժամանակ գործարանը լրացուցիչ աշխատակիցների կարիք է ունենում եւ վերջին տարիներին իրենք փորձում են այս փուլում ներգրավվել ուսանողներին.
«Շատ կարեւոր է, որ դուալ համակարգն իրական գիտելիքից բացի, ուսանողին տալիս է նաեւ աշխատանքային փորձ: Սա շատ է օգնում մասնագիտական կայացման ճանապարհին»:
Հայաստանում դուալ կրթական համակարգի փորձնական ներդրումը սկսվել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում եւ մասնագիտական կրթություն եւ ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության համագործակցությամբ:
Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերը Մեդիամաքսի հետ զրույցում ընդգծում է՝ գրասենյակի կարեւորագույն նպատակն է երկխոսություն ստեղծել մասնավոր հատվածի եւ պետական կառույցների միջեւ, որպեսզի կրթական հաստատությունները պատրաստեն մասնագետների, որոնց կարիքը շուկան իսկապես ունի:
Լուսանկարը` GIZ
«Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության (BMZ) պատվիրակմամբ՝ 2017 թվականից աջակցում ենք Հայաստանում դուալ կրթության ներդրմանը: Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունն (ԳՄՀԸ/GIZ) աջակցում է մասնավոր հատվածի եւ պետական հաստատությունների միջեւ երկխոսությանը, ՄԿՈՒ օրենսդրության մշակմանն, ինչպես նաեւ ապահովում է ՄԿՈՒ որակի չափանիշներ, ստեղծում համապատասխան ինստիտուցիոնալ պայմաններ: Մեր գործընկերների հետ նպատակ ունենք ընդլայնել դուալ կրթական համակարգի աշխարհագրությունն՝ ընդգրկելով նոր քոլեջներ ու մասնավոր ընկերություններ: Սերտ համագործակցում ենք թե՛պետական մարմինների, թե՛ մասնավոր գործընկերների հետ՝ զարգացնելու ՄԿՈՒ ոլորտը Հայաստանում: Այսպիսով, ցանկանում ենք նպաստել կայուն տնտեսական զարգացմանը, զբաղվածության խթանմանն ու Հայաստանում կյանքի համար առավել բարեկեցիկ պայմանների ստեղծմանը»:
Հայաստանի Հանրապետությունում դուալ կրթական մոդելի ներդրմանն աջակցում են «Մասնավոր հատվածի զարգացում եւ մասնագիտական կրթություն եւ ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) եւ ՄԱՎԵՏԱ ծրագրերը:
*«Մասնավոր հատվածի զարգացում եւ մասնագիտական կրթություն եւ ուսուցում
Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագիրն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության (BMZ) պատվիրակմամբ:
*ՄԱՎԵՏԱ ծրագիրը մեկնարկել է 2021 թվականի դեկտեմբերի 3-ին՝ նախապատրաստական փուլով, որը հաջողությամբ ամփոփվել է 2022 թվականի օգոստոսին: Այնուհետեւ մեկնարկել է իրականացման 1-ին հիմնական փուլը, որը կտեւի մինչեւ 2025 թվականի օգոստոսը՝ 8,3 մլն շվեյցարական ֆրանկ ընդհանուր բյուջեով:
ՄԱՎԵՏԱ ծրագիրն աշխատում է դուալ կրթության մոտեցումը քաղաքական եւ ինստիտուցիոնալ մակարդակում ամրացնելու ուղղությամբ: Ծրագրի շրջանակում դուալ կրթությունը ներդրվել է Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում, ՀԱԱՀ-ի Սիսիանի մասնաճյուղում (Սյունիք), Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջում (Լոռի), Բերդի բազմագործառութային պետական քոլեջում (Տավուշ), Էջմիածնի արհեստագործական պետական ուսումնարանում (Արմավիր) եւ ՀԱԱՀ-ի Երեւանի մասնաճյուղում:
ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային եւ տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ՝ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն եւ «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:
Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ/GIZ) եւ Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի եւ Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային եւ պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ:
Յանա Շախրամանյան
Լուսանկարներն՝ Ագապե Գրիգորյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: