«Աշխատող չկա» խնդիրը լուծում է գործատուն՝ մասնակցելով մասնագետի կրթությանը - Mediamax.am

exclusive
4963 դիտում

«Աշխատող չկա» խնդիրը լուծում է գործատուն՝ մասնակցելով մասնագետի կրթությանը


Լուսանկարը` Մեդիամաքս

Արմեն Բաղդասարյանը
Արմեն Բաղդասարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմեն Բաղդասարյանը
Արմեն Բաղդասարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հովակիմ Սաղաթելյանը
Հովակիմ Սաղաթելյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Սեդրակ Մամուլյանը
Սեդրակ Մամուլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սեդրակ Մամուլյանը
Սեդրակ Մամուլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Բալանսավորված աշխատաշուկա ու որպես արդյունք՝ զարգացած տնտեսություն ունենալու համար կրթության ու գործատուների միջեւ կապը պետք է ամուր լինի: Մասնավոր ընկերությունները պետք է հուշեն՝ ինչ մասնագետի կարիք ունեն ու պատրաստ լինեն մասնակցել նրան կրթելու գործընթացին:

Հենց այս մոտեցումներն ունի դուալ կրթական համակարգը, որը 2017թ.-ից ներդրվում է Հայաստանում՝ միջին մասնագիտական կրթության ոլորտում: Դուալ կրթություն ստացող ուսանողները շաբաթվա մի մասն անցկացնում են ուսումնական հաստատությունում, մյուս մասն՝ աշխատում որեւէ մասնավոր ընկերությունում:

Այսօր շատ գործատուներից կարելի է լսել «աշխատող չկա» արտահայտությունը, որը բավականին տարածված «գործ չկա»-ի հակառակ տեսանկյունն է: Ընկերությունը չի կարողանում գտնել մասնագետի, որն ունի անհրաժեշտ գիտելիքն ու հմտությունները: Լուծումը մեկն է՝ մասնակցել այդ մասնագետի կրթությանը:

Մեդիամաքսի հետ զրույցում դուալ կրթական գործընթացին մասնակից մի քանի մասնավոր ընկերության ղեկավար խոսել է աշխատանքի վրա հիմնված ուսուցման կարեւորության մասին, ներկայացրել իրենց ոլորտում եղած իրավիճակը:


Խոհարարությունը մասնագիտություն է, որի դեպքում աշխատում են բոլոր հինգ զգայարանները

Սեդրակ Մամուլյան, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ նախագահ, խոհարարական ստուդիայի տնօրեն

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ-ն ներառված է բազմաթիվ կրթական ծրագրերում, մասնակցել ենք նաեւ պետական նախնական մասնագիտական կրթության համակարգի չափորոշիչների ձեւավորմանը:

Դուալ կրթական մոդելով սովորող ուսանողները մեր խոհարարական ստուդիայում ստանում են տեսական գիտելիք ու ձեռք են բերում գործնական հմտություններ, որոնք անմիջապես կիրառում են կից գործող «Մեգերյան Կարպետ» ռեստորանում: Բացի այդ, վերապատրաստում ենք նաեւ ուսումնարաններում դասավանդող վարպետներին:

Սեդրակ Մամուլյանը Սեդրակ Մամուլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Աշխատանքի վրա հիմնված ուսուցումը բավականին տարածված էր նաեւ խորհրդային տարիներին, երբ գործարաններին կից կային ուսումնարաններ: Ցավոք, ժամանակի ընթացքում գործատուի ու կրթության միջեւ կապը կտրվել է: Սա լուրջ խնդիր է, քանի որ, եթե կրթությունը չի բավարարում արտադրության պահանջները, պարզապես չկիրառվող երեւույթ է դառնում: Հիմա փորձ է արվում վերականգնել կապն՝ աշխատելով միասին:

Որպես ոլորտի ներկայացուցիչ՝ բազմիցս անդրադարձել եմ «խոհարար» մասնագիտությանը միջին մասնագիտական կրթական համակարգում: Ուսումնական հաստատությունների մեծ մասում այս մասնագիտությունը կոչվում է «տեխնիկ-տեխնոլոգ»: Արդյունքում ուսանողը ստանում է այդ որակավորումը, բայց գործուղվում է խոհանոց, քանի որ շուկային պետք չեն այդ քանակի տեխնիկ-տեխնոլոգներ: Խոհանոցում նա զրոյից սկսում է խոհարարություն սովորել: Խոսքն այստեղ մասնագիտություններից որեւէ մեկն ավելի կարեւոր համարելու մասին չէ, պարզապես պետք է նայել աշխատաշուկայի պահանջարկին ու պատրաստել համապատասխան մասնագետների:
Սեդրակ Մամուլյանը Սեդրակ Մամուլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեկ այլ խնդիր է ավագ խոհարարի մասնագիտացումը: Նրան կրթելու հատուկ ծրագիր չկա ու հաճախ ռեստորաններում ավագ խոհարար են նշանակում իրեն լավ դրսեւորած խոհարարին: Այսպես չի կարելի, քանի որ ավագ խոհարարը փաստացի դառնում է խոհանոցի մենեջեր, նա պետք է ունենա կառավարչական հմտություններ, որոշակի հաշվապահական գիտելիք, լեզուներ իմանա ու ծանոթ լինի բազմաթիվ խոհանոցների:

Պետք է հասկանալ՝ շուկան շատ արագ է փոխվում ու կրթությունը պետք է հետեւի այդ փոփոխություններին, կրթական ծրագիրը չի կարող դոգմա լինել ու տարիներով չվերանայվել:  

Այս ընթացքում մեզ մոտ եկել են բազմաթիվ տաղանդավոր ուսանողներ, հատկապես՝ մարզերից, նախալեռնային շրջաններից: Սա զարմանալի չէ, քանի որ խոհարարության ու բնության կապը շատ ամուր է, իսկ այդ ուսանողներն առավել մոտ են բնությանը: Դուալ կրթական մոդելը շատ լավ հնարավորություն է, որպեսզի նրանցից պատրաստենք հենց այն մասնագետներին, որոնց կարիքն ունի աշխատաշուկան: Հատկապես խոհարարության մեջ տեսական գիտելիքը ոչ մի դեպքում չի կարող բավարար լինել: Սա մասնագիտություն է, որի դեպքում աշխատում են բոլոր հինգ զգայարանները. պետք է շոշափել, զգալ մթերքը, խոհանոցում շփվել գործընկերների հետ ու կազմակերպել համատեղ աշխատանքը:

Կարծրացած մեխանիզմները պետք է փոխել

Հովակիմ Սաղաթելյան, «Տրինիտի» ՍՊԸ համահիմնադիր եւ գործադիր տնօրեն, գինեգործ

Հայաստանում որակյալ կադրերի լուրջ խնդիր կա, հատկապես՝ միջին մասնագիտական կրթության ոլորտում: Քիչ են մարդիկ, որոնք ունեն այս կամ այն նեղ մասնագիտական հմտությունը: Կրթության ու գործատուի միջեւ, ցավոք, մեծ բաց կա ու մեզ համար իսկապես բարդ է որակյալ կադրեր գտնել: Սա է պատճառը, որ իմանալով այս նախաձեռնության մասին, սիրով սկսեցինք աշխատել Վայոց Ձորի տարածաշրջանային պետական քոլեջի հետ: Արդյունքում գինեգործության ու հարակից ոլորտներում կրթություն ստացող ուսանողներն իրենց ուսումնառության գործնական մասն անցկացնում են մեր գինեգործարանում:
Հովակիմ Սաղաթելյանը Հովակիմ Սաղաթելյանը

Լուսանկարը` անձնական արխիվից


Գինեգործությունը սեզոնային աշխատանք է եւ ուսանողներին հիմնականում ընդունում ենք բերքահավաքի ժամանակ: Իհարկե, նրանք ծանոթանում են նաեւ այգու, խաղողի մշակման աշխատանքներին, բայց հիմնական փուլն աշնանն է: Այդ շրջանում նրանք մասնակցում են բերքի նախնական մշակմանը, ընդգրկվում կարեւորագույն գործընթացներում:

Ուսանողների հանդեպ շատ պահանջկոտ ենք, եթե նկատում ենք, որ մեզ մոտ գալիս են պարզապես ժամանակ անցկացնելու, խորհուրդ ենք տալիս այլ բան փորձել: Բայց կան նաեւ երիտասարդներ, որոնք իսկապես հետաքրքրված են գինեգործությամբ: Այս դեպքում պատրաստ ենք կիսվել մեր գիտելիքով, փորձով ու ամեն կերպ աջակցել:
Օրինակ՝ մի տղայի օգնեցինք, որ աշխատի խաղողի յուրահատուկ տեսակի հետ ու գինի պատրաստի: Արդյունքը բավականին լավն էր, գինին փոքր խմբաքանակով արտադրվեց, վաճառվեց ու ստացավ բազմաթիվ դրական արձագանքներ: Այդ երիտասարդի համար սա շատ ոգեւորիչ էր, քանի որ տեսավ իր աշխատանքի արդյունքը: Գիտեմ, որ դուալ կրթական մոդելով մեզ մոտ եկած ուսանողներից շատերը հիմա աշխատում են ոլորտում, այնպես որ, ճիշտ մոտեցման դեպքում հնարավոր է լավ արդյունք ստանալ:

Իհարկե, լավ կլիներ, եթե առավել շատ մասնավոր ընկերություններ ընդգրկվեին այս կրթական համակարգում, ուսումնական ծրագրերը լինեին ճկուն ու կազմվեին ըստ շուկայի պահանջների: Կարծրացած մեխանիզմները պետք է փոխել ու եթե մասնավոր հատվածը պատրաստ է աշխատել պետական կառույցի հետ, վերջինն էլ պետք է բաց լինի փոփոխությունների համար: Կրթական համակարգը պետք է ճկուն լինի, լսի մասնավորին, տեսնի խնդիրներն ու փորձի շտկել դրանք:

Սիրահարվել գործին, որն անում ես

Արմեն Բաղդասարյան, «Ovne» ավտոտեխսպասարկման ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն

Դուալ կրթական մոդելով ուսանողների հետ աշխատում ենք ավելի քան հինգ տարի: Մեզ մոտ պրակտիկայի են գալիս Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի եւ քոլեջի ուսանողները: Կարծում եմ՝ լավ մասնագետ կրթելու միակ տարբերակը տեսական ու գործնական ուսուցման համադրումն է:
Արմեն Բաղդասարյանը Արմեն Բաղդասարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ասեմ ավելին՝ տեխնիկական որեւէ առարկա պետք է դասավանդվի նաեւ դպրոցում, որպեսզի երեխան իր ձեռքով որեւէ բան պատրաստի ու սիրահարվի այս գործին:

Ոլորտում խնդիրները շատ են, բարդ է գտնել որակյալ, երիտասարդ մասնագետ: Լուծումներից մեկն, ըստ իս, առանձին մասնագիտական ուսումնական հաստատությունների՝ տեխնիկական ակադեմիաների ստեղծումն է: Մյուսը՝ ժամանակին ու շուկայի պահանջներին համընթաց քայլելը: Այսօր մեր միջին մասնագիտական կրթական հաստատությունների մեծ մասն ունի շենքային վատ պայմաններ, լսարանները հագեցած չեն անհրաժեշտ գույքով, պատերին փակցված են «ԶԻԼ-131»-ի պաստառներ:

Մենք փաստացի սպասարկում ենք մեքենաշինության ոլորտը, որը հիմա ամբողջ Եվրոպայում տնտեսության շարժիչ ուժն է: Սա շատ լուրջ բնագավառ է ու պետք է փոխվեն ավտոտեխսպասարկման ոլորտում աշխատող մարդու մասին եղած կարծրատիպերը: Այս ուղղությունն ընտրած երեխան չպետք է մտնի լսարան ու հիասթափվի, չպետք է գնա տեխսպասարկման կետ ու լսի ոչ նորմալ լեքսիկոն, տեսնի անկարգապահություն ու անգրագիտություն: Սա իրեն վանելու է, նա մտածելու է՝ «ես այսպիսի՞ ապագա եմ ուզում»: Հաճախ ծնողներն են ստիպում երեխային գալ այս ոլորտ՝ պատճառաբանելով, որ այլ մասնագիտությամբ իր մոտ ոչինչ չի ստացվում: Մարդիկ չեն մտածում, որ ավտոտեխսպասարկման լավ մասնագետ լինելու համար լուրջ գիտելիք է պետք. ինչպե՞ս կարող է երրորդ դասարանի կրթություն ունեցող մարդը, որը դժվարանում է նույնիսկ կարդալ, սպասարկել 21-րդ դարում արտադրված մեքենան:
Արմեն Բաղդասարյանը Արմեն Բաղդասարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Իհարկե, կան լավ ուսանողներ, որոնք ոգեւորված են այս աշխատանքով ու սիրահարված են գործին, որն անում են: Ուսանող ունենք, որ ամեն օր Արարատից դասի է գալիս, իսկ հետո աշխատում մեզ մոտ: Հենց նման մարդկանց գտնելու ու նրանց հնարավորինս աջակցելու հարցում շատ օգտակար է աշխատանքի վրա հիմնված ուսուցումը: Ի վերջո, որքան էլ բժիշկը վիրահատության գործընթացի մասին տեսություն ուսումնասիրի, վիրաբույժ չի դառնա: Մեր մասնագիտության մեջ մենք եւս վիրահատող բժիշկներ ենք, բայց եթե բժիշկն այդ պահին գործ ունի մեկ մարդու կյանքի հետ, ավտոտեխսպասարկման մասնագետի սխալի պատճառով կարող է տուժել 6-7 մարդ: Ամեն օր լսում ենք սարսափելի ավտովթարների ու զոհերի մասին, որեւէ մեկը վերլուծե՞լ է՝ սա միայն վատ վարելու հետեւա՞նք է, թե՞ նաեւ ոչ ճիշտ սպասարկման: Գուցե, մեքենայում սխալ դետալ է տեղադրվել, գուցե, արգելակման համակարգում սխալ հեղուկ են լցրել:

Այսօր Հայաստանում խառատների մեծ մասի միջին տարիքը 55-ից բարձր է, նույնը նաեւ զոդողների ու այլ մասնագետների դեպքում է: Կարծում եմ՝ դուալ կրթական մոդելը ոլորտն առողջացնելու ու երիտասարդացնելու լավ հնարավորություն է: Մեր ընկերությունը սիրով աշխատում է այս համակարգով ու պատրաստ ենք ուսանողներին ընդունել ոչ թե շաբաթը մի քանի անգամ, այլ՝ ամեն օր:

Հայաստանի Հանրապետությունում դուալ կրթական մոդելի ներդրմանն աջակցում են «Մասնավոր հատվածի զարգացում եւ մասնագիտական կրթություն եւ ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) եւ ՄԱՎԵՏԱ ծրագրերը:
 
*«Մասնավոր հատվածի զարգացում եւ մասնագիտական կրթություն եւ ուսուցում
Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության՝ GIZ-ի կողմից՝ ԳԴՀ տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ:
 
*ՄԱՎԵՏԱ ծրագիրը մեկնարկել է 2021 թվականի դեկտեմբերի 3-ին՝ նախապատրաստական փուլով, որը հաջողությամբ ամփոփվել է 2022 թվականի օգոստոսին: Այնուհետեւ մեկնարկել է իրականացման 1-ին հիմնական փուլը, որը կտեւի մինչեւ 2025 թվականի օգոստոսը՝ 8,3 մլն շվեյցարական ֆրանկ ընդհանուր բյուջեով:
Ծրագիրն աշխատում է դուալ կրթության մոտեցումը քաղաքական եւ ինստիտուցիոնալ մակարդակում ամրացնելու ուղղությամբ: ՄԱՎԵՏԱ-ի շրջանակում դուալ կրթությունը ներդրվել է Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում, ՀԱԱՀ-ի Սիսիանի մասնաճյուղում (Սյունիք), Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջում (Լոռի), Բերդի բազմագործառութային պետական քոլեջում (Տավուշ), Էջմիածնի արհեստագործական պետական ուսումնարանում (Արմավիր) եւ ՀԱԱՀ-ի Երեւանի մասնաճյուղում:
 
ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային եւ տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն եւ «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:
 
Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) եւ Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի եւ Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային եւ պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ:
 
Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին