Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը 2026թ. փետրվարի 10-ին Բաքվում ստորագրել են Ադրբեջանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ ռազմավարական գործընկերության մասին խարտիան:
Մեդիամաքսը ծանոթացել է փաստաթղթին:
1․ Արդյո՞ք փաստաթղթում հիշատակվում է TRIPP նախագիծը:
Այո՛, հիշատակվում է:
Խարտիայում ասվում է.
«Ադրբեջանի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ն մտադիր են համատեղ աշխատել տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման ուղղությամբ՝ շեշտադրում կատարելով Անդրկասպյան տրանսպորտային միջանցքի (Միջին միջանցք) վրա՝ ցամաքային, ծովային եւ օդային տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկ եւ տեղեկատվական փոխկապակցվածության, առեւտրի եւ տարանցման խթանման, մաքսային հսկողության եւսահմանհատումների, միջազգային մուլտիմոդալ լոգիստիկայի եւ հարակից այլ ոլորտներում համագործակցության միջոցով:
Նրանք ընդունում են «Թրամփի երթուղին՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարօրության» (TRIPP) նախագծի կարեւորությունը՝ որպես մուլտիմոդալ փոխկապակցվածության ծրագրի, որը կապահովի անխափան հաղորդակցություն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ՝ ներգրավված երկրների միջազգային եւ ներպետական կապերի փոխադարձ օգուտներով, ինչպես նաեւ կբացահայտի տարածաշրջանի ներուժը միջազգային առեւտրի եւ տարանցման համար՝ 2025 թվականի օգոստոսի 8-ի Խաղաղության վաշինգտոնյան գագաթնաժողովի հռչակագրի համաձայն»:
2․ Կողմերը գործակցելո՞ւ են ատոմային էներգետիկայի հարցերում:
Փաստաթղթում այս ուղղությանը հատկացված է ընդամենը մեկ նախադասություն.
«Ադրբեջանի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ն մտադիր են խորացնել համագործակցությունը քաղաքացիական միջուկային էներգետիկայի բնագավառում»։
3․ Ի՞նչ է ասվում փաստաթղթում արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում համագործակցության մասին:
Խարտիայում նշվում է.
«Ադրբեջանի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ն մտադիր են ընդլայնել համագործակցությունը ԱԲ ոլորտում գործընկերությունների զարգացման ուղղությամբ եւ, անհրաժեշտության դեպքում, խթանել համագործակցությունը տիեզերական արդյունաբերության մեջ ու ներդրումները թվային ենթակառուցվածքներում, ներառյալ՝ մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ Ադրբեջանի Հանրապետությունում ԱԲ տվյալների
մշակման կենտրոնների զարգացումը:
Լուսանկարը` REUTERS
Հիմնվելով առաջավոր միջազգային փորձի վրա՝ Ադրբեջանի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ն մտադիր են դիտարկել մասնագիտացված մեխանիզմների ստեղծման հարցը, ինչպիսիք են՝ համատեղ գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքների աջակցության գործիքները, նորարարական «կամուրջ-հարթակները» եւ կիբեռանվտանգության ու արհեստական բանականության ոլորտային նախաձեռնությունները, որոնք նախատեսված են մասնավոր վենչուրային կապիտալի խրախուսման, տեխնոլոգիաների մշակման վաղ փուլերում ռիսկերի նվազեցման եւ առեւտրայնացման արագացման համար»։
4․ Ի՞նչ տեղ է հատկացված փաստաթղթում անվտանգության ոլորտում համագործակցությանը:
Այդ հատվածը, թերեւս, ամենակարեւորն է Խարտիայում.
«Ամերիկայի Միացյալ Նահանգները խորապես գնահատում են Ադրբեջանի ներդրումը միջազգային խաղաղապահ ջանքերում, որոնց շրջանակներում ադրբեջանական ուժերը ծառայել են Միացյալ Նահանգների եւ կոալիցիոն գործընկերների հետ միասին՝ հանուն միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման:
1. Ադրբեջանի Հանրապետությունը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները մտադիր են ընդլայնել պաշտպանական համագործակցության եւ անվտանգության ոլորտում փոխգործակցության շրջանակները, ներառյալ՝ պաշտպանական նշանակության արտադրանքի վաճառքը.
2. Ադրբեջանի Հանրապետությունը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները, հաշվի առնելով ահաբեկչության սպառնալիքի դեմ պայքարի ընդհանուր հանձնառությունը, մտադիր են ընդլայնել հակաահաբեկչության ոլորտում առկա համագործակցությունը.
Լուսանկարը` REUTERS
3. Ադրբեջանի Հանրապետությունը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները մտադիր են համագործակցել կիբեռանվտանգության եւ կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության ոլորտներում կարողությունների հզորացման նպատակով.
4. Հաշվի առնելով լուրջ մարտահրավերները, որոնց բախվում է Ադրբեջանի Հանրապետությունը՝ պայմանավորված ականների եւ այլ պայթուցիկ նյութերի առկայությամբ, Ադրբեջանի Հանրապետությունը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները մտադիր են համագործակցել հումանիտար ականազերծման կարողությունների զարգացման ուղղությամբ՝ ֆինանսական աջակցության եւ տեխնոլոգիաների փոխանցման միջոցով»:












Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: