2025թ. հուլիսի 15-ին հայտնի դարձավ, որ ս.թ. սեպտեմբերին Ալեքսանդրա Քոուլը կփոխարինի Ջոն Գալագերին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի պաշտոնում:
1. Քանի՞ տարվա դիվանագիտական փորձ ունի Ալեքսանդրա Քոուլը:
Ալեքսանդրա Քոուլը Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում աշխատում է 1990 թվականից՝ 35 տարվա դիվանագիտական ստաժ ունի:
Նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել Լոնդոնում եւ տարբեր երկրներում Մեծ Բրիտանիայի դիվանագիտական ներկայացուցչություններում:
Նախքան Հայաստանում դեսպան նշանակվելը նա Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության Միջին Արևելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում արտակարգ իրավիճակների պլանավորման բաժնի ղեկավարն էր:
2. Արդյո՞ք նա ծանոթ է տարածաշրջանին:
2018 թվականի ապրիլին Ալեքսանդրա Քոուլը նշանակվել էր Վրաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան:

1996-1999 թվականներին Ալեքսանդրա Քոուլն աշխատել է Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունում՝ դա նրա առաջին դիվանագիտական գործուղումն էր:
3. Ի՞նչ է ասել Քոուլը հակամարտությունների մասին:
2019 թվականի հոկտեմբերին Ալեքսանդրա Քոուլը Թբիլիսիում մասնակցել էր «Հակամարտության միջանցքները. Աբխազիա 1989-1995» ցուցահանդեսի բացմանը, որտեղ խոսել էր «այլոց տեսակետները եւ պատմության վարկածները հասկանալու» կարեւորության մասին:

«Դա չի նշանակում, որ պարտադիր պետք է ընդունեք այդ տեսակետները», - հավելել էր նա:
4. Ի՞նչ կապ ուներ Քոուլը ֆուտբոլի Աշխարհի առաջնության նախապատրաստական աշխատանքների հետ:
2022 թվականին, երբ Կատարը հյուրընկալել էր ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը, Ալեքսանդրա Քոուլը Մեծ Բրիտանիայի փոխդեսպանն էր Դոհայում:
2022թ. փետրվարին նա ասել էր.
«Պանդեմիայի ժամանակ Մեծ Բրիտանիայի սպորտային մշակույթը իսկապես կարևոր էր մեր ազգային հոգեբանության և բարեկեցության համար: Այդ ավանդույթն է, որ մենք բերում ենք Կատար, վստահ լինելով, որ մեր սպորտային մշակույթը և Կատարի մեծ ձգտումները համատեղ հրաշալի արդյունք կապահովեն: Բոլորս անհամբեր ենք սպասում այս տարվա վերջում այստեղ կայանալիք Աշխարհի առաջնությունը»:

Փոխդեսպանը հավելել էր, որ Մեծ Բրիտանիան սերտ համագործակցում է Կատարի հետ Աշխարհի կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցերում:
5. Արդյո՞ք նա գրանցված է սոցցանցերում:
Ալեքսանդրա Քոուլը օգտահաշիվ ունի X (նախկին Twitter) սոցցանցում, սակայն դրանում գրառումներ չկան. https://x.com/ukalexcole
Օգտահաշվի նկարագրության մեջ նշված է, որ օգտատերը «երկարամյա դիվանագետ է եւ թխվածքի սիրահար»:
6. Ի՞նչ գիտենք դեսպանի ընտանիքի մասին:
Նրա պաշտոնական կենսագրության մեջ նշված է, որ Ալեքսանդրա Քոուլի ամուսինը Ջեյսոն Քլարքն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: